Ներկայացում, որը դեռ երկար կհիշվի

Ներկայացում, որը դեռ երկար կհիշվի
01.07.2008 | 00:00

ԻՍՊԱՆԱԿԱՆ ՎԵՐՋԱԲԱՆ
Ահա և ավարտվեց Ավստրիայում և Շվեյցարիայում անցկացված Եվրոպայի 13-րդ առաջնությունը։ Ավելի քան երեք շաբաթ տևած չորս գործողության անկրկնելի ներկայացումը դարձավ պատմություն։ Հունիսի 29-ին Վիեննայի «Էռնեստ Հապել» ստադիոնում կայացավ վերջին՝ գլխավոր խաղը։ Գերմանիայի և Իսպանիայի հավաքականները հերթական՝ անմոռանալի 90 րոպեները պարգևեցին կաշվե գնդակի միլիոնավոր երկրպագուներին։
Իսպանիայի հավաքականը նախնական խաղերում 2։1 հաշվով պարտության էր մատնել Եվրոպայի նախկին չեմպիոն Հունաստանի հավաքականին, 2։1 հաշվով՝ շվեդներին և 4։1 հաշվով՝ ռուսներին։ Քառորդ եզրափակիչում նրանց արժանի մրցակցություն ցույց տվեցին իտալացիները։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0, անարդյունավետ եղավ նաև 30-րոպեանոց լրացուցիչ ժամանակը, իսկ 11 մետրանոց հարվածներն ավելի դիպուկ իրացրին Լուիս Արագոնեսի սաները (4։3)։ Կիսաեզրափակիչում իսպանացիները երկրորդ անգամ ուժերը չափեցին այս առաջնության հայտնություններից Ռուսաստանի հավաքականի հետ և կրկին ցուցադրեցին իրենց բացահայտ առավելությունը՝ 3։0։
Գերմանացիներն իրենց հերթին նախնական հանդիպումներում 2։0 հաշվով հաղթեցին լեհերին, 2։1 հաշվով՝ պորտուգալացիներին և 1։0 հաշվով` խորվաթներին։ Քառորդ եզրափակիչում, չափազանց լարված պայքարում 3։2 հաշվով հաղթանակը կորզեցին պորտուգալացիներից, իսկ կիսաեզրափակիչում էլ՝ թուրքերից։ Ի դեպ, այս խաղում գերմանացիները փրկեցին 1111... ոչխարի կյանք։ Երկրի ղեկավարությունը խոստացել էր ի պատիվ նրանց հաղթանակի մորթել այդքան ոչխար, որոնք խաղավարտից մի քանի վայրկյան առաջ փրկվեցին, թեև բրոնզե մեդալներն էլ նման խոշոր մրցաշարում նվաճելը չափազանց լուրջ ձեռքբերում է։ Նույնը կարելի է ասել Ռուսաստանի հավաքականի մասին, որն այդպես էլ չկարողացավ իսպանացիների հետ երկու խաղերում գտնել հաղթանակի տանող բանալին։ Այս հանդիպումից հետո Գուս Հիդինգը՝ ռուսական ֆուտբոլի գլխավոր հերոսը, ասել էր.
-Իսպանիայի հավաքականը կարողանում էր հիանալի խաղ ցուցադրել մեկ հպումով։ Այդ թիմը գիտեր, թե ինչպես կարելի է չեզոքացնել մեր ուժեղ կողմերը։ Ավարտեցինք մրցույթը, և մեր սրտում ափսոսանք կա։ Սակայն երբ հույզերը տեղի տան, կհպարտանանք ոչ միայն ցույց տված արդյունքով, այլև այն խաղով, որը ցույց տվեցինք այս առաջնությունում։ Զարմանալի զուգադիպութամբ իսպանացիների հետ երկու խաղն էլ ընթացավ հորդառատ անձրևի ուղեկցությամբ, ինչը, հավանաբար, իր ազդեցությունը թողեց հանդիպման վրա, թեև հանուն արդարության պետք է ասել, որ երկու թիմերն էլ հանդես էին գալիս նույն պայմաններում։ Իհարկե, ցավալի է, որ պարտվեցինք, սակայն բրոնզե մեդալն էլ լուրջ նվաճում է։ Անգամ ամենանշանավոր պայծառատեսները մինչև առաջնության մեկնարկը չէին կարող գուշակել ռուսների նման հրաշալի կերպարանափոխությունը։
Եվ այսպես, ավարտվեց ռուսական հեքիաթը, և սկսվեց մեկ այլ, ոչ պակաս անկրկնելի հեքիաթ։
Եզրափակիչ հանդիպումից առաջ երկու հավաքականների հնարավորություններն էլ հավասար էին։ Գերմանացիները, ինչպես միշտ, գործի դրեցին իրենց «մեքենան», սակայն նրանց մարտական ոգին բախվեց իսպանացիների անկրկնելի պոռթկմանը։ Իսպանացիներն այս անգամ շատ ավելի հզոր գտնվեցին։ Առաջին իսկ վայրկյանից տիրելով նախաձեռնությանը Լուիս Արագոնեսի սաներն այդպես էլ մինչև վերջին ակնթարթն այն չզիջեցին մրցակցին, թույլ չտվին նրան՝ թելադրել իր կամքը։ Մինչ այդ ստեղծված այն կարծիքը, որ իսպանացիները շատ լավ հարձակվում են, բայց վատ են պաշտպանվում, ի չիք դարձան։ Վերջին խաղերում վերջինները ցույց տվեցին, որ կարող են հավասար խաղալ։ 33-րդ րոպեին Ֆերնանդո Տորեսի խփած գնդակը դարձավ ոսկե, իսկ Տորեսը ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Իսպանիայի հավաքականը 24 տարի անց վերջապես կրկին հռչակվեց Եվրոպայի առաջին թիմ։ Հաղթանակի կապակցությամբ ֆուտբոլիստներին շնորհավորեցին Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը և վարչապետ Խոսե Լուիս Սապարետը։
Սովորաբար նման մեծ հաղթանակներից հետո առաջին հարցը լինում է, թե ինչո՞ւմն է հաջողության գաղտնիքը։ Իսպանացիների ներկա հավաքականը, մասնագետների կարծիքով, նախորդներից տարբերվում է իր կատարած աշխատանքով։ Վերջին տարիներին այստեղ չափազանց լուրջ աշխատանք է տարվել հերթափոխի հետ։ Հավաքականի ներկայիս խաղացողներից շատերը կրում են երիտասարդների Եվրոպայի և աշխարհի չեմպիոնի տիտղոսը, աշխարհի վերջին՝ երիտասարդական խաղերից էլ տուն վերադարձան արծաթե պարգևներով։ Բացի այդ, հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Արագոնեսը երիտասարդական տարիներին խաղացել է Մադրիդի «Ռեալում»։ Եվրոպայի առաջնության ամենաավագ մարզիչը (այս տարի կլրանա նրա 69-ամյակը) իր վերջին խաղն անցկացրեց Իսպանիայի հավաքականի ղեկին։ Չնայած պատկառելի տարիքին՝ Արագոնեսը դարձավ Եվրոպայի ամենաժամանակակից մարզիչը։
Վճռական խաղի նախօրյակին «Ռեալի» 21-ամյա պաշտպան Սերխիո Ռամոսը լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ մասնավորապես ասել էր.
-Իսպանիայի հավաքականը շատ մոտ է վետերանների ու երիտասարդների իդեալական համադրման։ Այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Տորեսը, Ֆաբրեգասը, Խաբի Ալոնսոնս Չավին, իրենց ակումբներում՝ «Լիվերպուլում», «Արսենալում», «Ռեալում» և «Բարսելոնում», առանձնակի դեր են խաղում, և դա մեզ շատ օգնեց։ Իմ կարծիքով՝ մեզ հաջողվեց, ի տարբերություն նախորդ տարիների, հիանալի կոլեկտիվ ստեղծել։ Այս անգամ մեզ բավականացրեց նաև մրցակցական փորձը։ Եկել էր հաղթելու ժամանակը, և մենք հաղթեցինք։ Ինձ գերում է գեղեցիկ, մեկ հպումով խաղը, որից ինքդ էլ հաճույք ես ստանում։ Սա, անշուշտ, նաև Արագոնեսի հաղթանակն էր։ Մենք միասնական կոլեկտիվ ունենք, որը մինչև վերջ աջակցեց մարզչին։ Արագոնեսը սարի պես կանգնած էր մեր թիկունքին, նրա նկատմամբ այդպես վարվեցինք նաև մենք։ Լուիսը հիանալի ֆուտբոլիստ է եղել և գիտի, թե մեզ ինչ է պետք։ Լուիսը մեզ համար և հայր է, որը շատ բան է սովորեցնում, և բոլոր հարցերում` փորձառու պապիկ։
-Լրագրողների այն հարցին՝ արդյոք երջանի՞կ է, նա պատասխանել է.
-Ես շատ, շատ երջանիկ եմ և երբ ձեռքս վերցրի գավաթը, ինչ-որ խելագար զգացողություն ունեցա։ Սա հրաշալի էր ֆուտբոլի, Իսանիայի և, իհարկե, մեզ համար...
Անշուշտ, պետք է արժանին մատուցել նաև գերմանացիներին։ Նրանց հզոր մեքենան ինչպես միշտ այս առաջնությունում ևս վատ չէր։ Արդյունքից պետք է գոհ լինի նաև հավաքականի գլխավոր մարզիչ Իոահիմ Լևը, որը, անկասկած, իր նախորդ Յորգեն Քլինսմանից ավելի հաջողակ եղավ։ Վերջինս նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե պարգևները, իսկ ահա Լևը հավաքականի ղեկին իր աշխատանքի առաջին իսկ փուլում՝ արծաթ։ Խոսելով եզրափակիչ խաղի մասին՝ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչն ասել էր.
-Կարծում եմ, իսպանացիներն այս խաղում ավելի լավ էին։ Նրանք հրաշալի խաղացին, սակայն պետք է իմ տղաներին էլ մեծ հաճոյախոսություն անեմ։ Ամբողջ վեց ամիս նրանք արեցին ամեն ինչ, որպեսզի հասնեն եզրափակիչ, և դա արդեն ինչ-որ արտակարգ բան է։
Գերմանացիներից թերևս ամենադժգոհը թիմի ավագ Միխայել Բալակն էր.
-Ես դժվարանում եմ բառերով արտահայտել իմ հուսախաբությունը։ Մենք հասանք այդքան վեր և խաղացինք այդքան վատ։ Եզրափակիչ խաղում չափից ավելի սխալներ թույլ տվեցինք, այնպես որ հաղթանակի մասին խոսելը տեղին չէ։ Իսպանացիներն արժանիորեն հաղթեցին, իսկ մենք, կարծում եմ, ստիպված կլինենք համակերպվել իրողությանը և կհավաքվենք նշելու առաջնության ավարտը։ Որքան չլինի՝ վեց շաբաթ միասին աշխատել ենք, և անհրաժեշտ է մարդավարի հրաժեշտ տալ միմյանց,- ասել է Բալակը։
Եվ այսպես, Եվրոպայի առաջնությունը դարձավ պատմություն, խաղարկված մեդալները գտան իրենց հասցեատերերին, իսկ առջևում արդեն նոր մարաթոն է։ Սեպտեմբերից կսկսվի պայքարը 2010 թվականի աշխարհի առաջնության ուղեգրերի համար։ Այս անգամ հանդիսականից արդեն գործող անձանց կվերածվեն նաև մեր ֆուտբոլիստները, ովքեր հերթական վարպետության և մրցակցական փորձի ձեռքբերման հիանալի դպրոց կանցնեն, առանց որի երբեք հաղթանակներ չեն լինում։

Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1459

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao