Parker quartet
«Իրատես» թերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 31-ին:               
 

Հեղափոխությունն սկսեց «խժռե՞լ»

Հեղափոխությունն սկսեց «խժռե՞լ»
19.04.2019 | 01:10

Զարգացումների արագությունն ուղղակի սպանիչ է: Թե՛ Ղարաբաղյան, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ասպեկտներում:
Ինչպես և սպասում էինք` Ղարաբաղյան խնդրով արտահոսքը եղավ, որքան էլ արտասովոր, բավականին պաշտոնական «ֆորմատով»: Նախ` Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը մանրակրկիտ ներկայացրեց իր և Մնացականյանի հանդիպման իրական մատրիցան: Նրան երկրորդեց ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը` խիստ սեղմ, սակայն բովանդակային առումով խոսուն հաստատմամբ: Այն է` մոսկովյան եռակողմ (Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան) հանդիպման ժամանակ իսկապես քննարկվել է 2016-ի առաջարկների փաթեթը. «Եվ ես Ադրբեջանի նախարարի ասածին այլ բան չունեմ ավելացնելու», արձանագրեց Լավրովը: Հիշեք` այդ փաթեթն այլ կերպ հենց «Լավրովյան» է կոչվում, որի դետալները «կոնֆիդենցիալ» են, ինչպես հարկ համարեց շեշտել նույն Լավրովը, որը, ըստ էության, համապատասխանում է այն մոդիֆիկացիային, որի մասին Նիկոլ Փաշինյանի իշխանավարումից հետո հայտարարվում է առաջին հերթին ամերիկյան համանախագահության կողմից. այն է` խաղաղություն` տարածքների դիմաց:


«Լավրովյան պլանը», հիշենք, Մադրիդյան սկզբունքների նոր ընթերցումն է` երեք հիմնարար սկզբունքների պահպանմամբ, վեց տարրերի տարընթերցմամբ, որի մասին նախորդ հոդվածում արդեն մատնանշել ենք: Այս ողջ «թնջուկի» մեջ հետաքրքիրը երեք «ֆրագմենտներն» են. ինչու՞ է այդպես քարի նման լուռ հայկական կողմը. ի՞նչ է «անում» պարոն Մնացականյանը համանախագահ երկիր Ֆրանսիայում` այդ երկրի ԱԳ նախարարի հետ. ե՞րբ տեղի կունենա հաջորդ հանդիպումը Փաշինյանի և Ալիևի միջև, ինչի մասին ասել է նույն Մամեդյարովը: Փաստելու, թե ինչ մեծ արագության մեջ է հայտնվել Ղարաբաղյան խնդիրը: Հասկանալու, որ կրկին լուրջ պրեսինգի տակ է հայտնվել Հայաստանը: Ամրագրելու, որ հումանիտար հարցերը, որոնց շուրջ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել` գյուղատնտեսական աշխատանքների, ԶԼՄ-ների փոխադարձ այցերի և գերիներին` հարազատների այցերի մասով, արդեն իսկ խոսում են, որ «հերթը» հասել է կոնկրետ քայլերին` խաղաղությանը:


Այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ լայվ կմտնի, հուսանք` կպատասխանի այս հարցերին։
Տնտեսական «հեղափոխության» մասով ևս շատ բան չկա ասելու: Իշխանությունները փորձում են գերակա ճյուղերում նոր խաղացողներ մտցնել` մենաշնորհները ջարդելու լոզունգի տակ: Ըստ ամենայնի, ցեմենտի հարցում կհաջողեն, մթերումերի` «Սպայկայի» հարցում կասկածում ենք: Իշխանությունները հույս ունեն, որ «Սպայկան» հա՛մ «կմուծվի», համ կշարունակի աշխատել, որովհետև «խելքը հացի հետ չի կերել»: Այնուհանդերձ, գործընթացը «ջարդվեց», և եթե Աստված մի արասցե` «Սպայկան» որոշի, որ չի աշխատում կամ ամբողջական թողունակությամբ չաշխատի, իսկ նոր խաղացողի համար ժամանակ է պետք ադապտացվելու համար, ապա իշխանություններին «կհաջողվի» խիստ բարեհաջող, ինչպես մնացյալ ոլորտների հետ եղավ, գյուղատնտեսության ոլորտը ևս քանդել, քայքայել, ոչնչացնել` գյուղացուն էլ հետը: Ի դեպ. հիսուն հազար աշխատատեղեր ստեղծելու և 1000 դրամների ֆոնդին վերաբերող հարցին տրված Փաշինյանի պատասխանը եթե չհամարենք զավեշտալի, ապա հաստատապես այն խիստ դիլետանտ, լղոզված ու աբսուրդային էր: Վերջին օրերի քաղաքական զարգացումների մասն էլ կարծես ամբողջովին կապ ունի տնտեսության, այն է` կոռուպցիոն «ավետիսների» հետ: Խոսքը նոր Հայաստանի ամենահետաքրքիր դրսևորմանն էր վերաբերում. լուրին, որ Դավիթ Սանասարյանն անցնում է հոմոդիալիզի գործով որպես կասկածյալ: Լուրն ալեկոծել է «թալանչիներ» որոնող նոր Հայաստանի բոլոր ծալքերը, սակայն էլ առավել` իշխանական թիմի` «Մերժիր Սերժին» և «սորոսական» հատվածին:


Թնջուկը նոր թնջուկ է առաջացրել, եթե շատ բարձր չհնչի, գրեթե աշխարհաքաղաքական նշանակության` «ռուսամետներն» ընդդեմ «սորոսականների» բանահյուսությամբ: Այն է` բաց հասարակության ներկայացուցիչները ուղիղ գծով հարձակում են սկսել ԱԱԾ-ի, նրա պետի նկատմամբ, որը «կասկածել» է Սանասարյանին: «Իմ քայլը» խմբակցությունը նույնպես հետ չի մնում այդ գործընթացից. այնտեղ սկսել են ավելի ագրեսիվ, մասամբ զգուշավոր լինել իրենց պահվածքում, որովհետև «վտանգը» մոտենում է իրենց դռներին, զի հեղափոխությունն սկսում է կիրառել իր ամենադասական, ամենաարդար սկզբունքը`զավակներին խժռելու գործիքակազմը: Ի՞նչ կլինի: Սպասենք։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1542

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao