ReAnimania 2019
 

Եվրոպական տերություն դեռ չկա, բայց...

Եվրոպական տերություն դեռ չկա, բայց...
14.09.2019 | 13:03

Եվրոպացի հանձնակատարների նոր թիմի համար սեպտեմբերի 10-ին Բրյուսելում Եվրահանձնաժողովի ապագա նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ընդգծել է «միջազգային ասպարեզում առավել ուժեղ Եվրոպայի» անհրաժեշտությունը: Ավելի ուժե՞ղ: Ինչ-որ պաշար, իհարկե, կա, բայց ավելի դժվար էր նշաձողը դրանից ցածր դնել: Եվրահնաձնաժողովի նոր նախագահին չես մեղադրի պարծենկոտության մեջ, մեղմ ասած՝ նա Թրամփի հակապատկերն է: Եվրախորհրդի ապագա նախագահ Շառլ Միշելը ավելի մանրամասն է այդ թեման բարձրացրել սեպտեմբերի սկզբին դիվանագետների հետ քննարկման ժամանակ:

Միշելի խոսքով՝ Եվրոպան պետք է գործի «համարձակ ու վստահ», որպեսզի պաշտպանի «իր շահերն ու արժեքները»: «ԵՄ-ն պետք է իր ղեկավար դերն ունենա միջազգային ասպարեզում: Եթե դա չանի ինքը, կանեն ուրիշները՝ ղեկավարվելով իրենց, ոչ թե մեր շահերով»: Գուցե Եվրոպայի գործադիր իշխանության երկու ղեկավարները, որ պաշտոնը ստանձնում են նոյեմբերի 1-ից, նույն հայացքներն ունեն աշխարհում Եվրոպայի դերի վերաբերյալ: Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, անկասկած, մարմնավորում է գերմանական նշանավոր զսպվածությունը և ՊՆ նախարարի ռեալիզմը: Նրա նամակը եվրոպական դիվանագիտության ապագա ղեկավար Ջոզեպ Բորելի նշանակման մասին ավելի հեռուն է գնում՝ նրան պետք է «աշխարհաքաղաքական հանձնաժողով», որ ԵՄ-ն կարողանա գործել առավել ռազմավարական: Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հանձնարարել է Բորելին ձևավորել աշխատանքային խումբ «աշխարհում ավելի ուժեղ Եվրոպայի» հարցով, որի անդամը պիտի լինեն բոլոր հանձնակատարները, ում իրավասությունները վերաբերում են ԵՄ արտաքին քաղաքականությանը: Նա հիշատակում է իրական «պաշտպանական միություն» և պահանջում է, որ ԵՄ «արտաքին ֆինանսական գործիքները՚ ռազմավարական կիրառում ունենան «ավելի լայն քաղաքական նպատակներին աջակցության համար»:


Առայժմ սա եվրոպական տերության ձևավորման հեղափոխություն չէ և նույնիսկ Մակրոնի լիրիկական պոռթկումները չեն, բայց եվրոպացիների գլխում մտքեր են ծնվում: Միջազգային հարաբերությունների վերաբերյալ Եվրախորհրդի պատվերով կատարված ուսումնասիրությունը վկայում է, որ հայացքներն էականորեն փոխվել են. 14 երկրներից 60 000 մարդկանց պատասխանները խոսում են վերջին տարիների աշխարհաքաղաքական փոփոխությունների բացահայտ գիտակցման և իրենց ճակատագիրը ավելի շատ վերահսկելու անհրաժեշտության մասին: ԵՄ քաղաքացիների մեծ մասն այլևս չի վստահում ԱՄՆ-ին՝ իբրև անվտանգության երաշխավորի և հասկանում է, որ կլիմայի ջերմացման և միգրացիայի խնդիրները պահանջում են համաեվրոպական լուծումներ: Եվրոպացիներին պետք է առավել լուրջ արտաքին քաղաքականություն: «Ավելի ուժեղ»՝ ինչպես կասեր Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Բայց ի՞նչ է «ուժը» այս պայմաններում: Այս փուլում որոշակի է, որ խոսքը ռազմական հզորության մասին չէ: ԵՄ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան, Բրյուսելի հրաշալի գիտակ Պիեռ Սելալը Եվրոպան չի տեսնում «համաշխարհային խաղացող իր ներքին քաղաքականության պատճառով: Եվրոպան իր մասին առաջին հերթին կաոող է բարձրաձայնել առևտրի, մրցակցության, թվային արդյունաբերության ասպարեզներում, հասնելով նրան, որ իրեն դադարեն երկրորդական համարել»: Այս դիրքորոշումը հաստատում է նոր իրավասությունների տրամադրումը, որ շատերին վախեցնում է (ԱՄՆ-ում) Մարգարետ Վեստագերին, որ հիմա Եվրահանձնաժողովի փոխնախագահն է և զբաղվելու է ոչ միայն մրցակցությամբ, այլև թվային ոլորտում աշխատանքների համակարգմամբ: Այս ուղղությամբ Բրյուսելում անսպասելիորեն ձևավորվում է պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչություն, որը ներքին շուկայի նոր համձնակատար Սիլվի Գուլարի պատասխանատվության շրջանակներում է: Որոշ փորձագետների կարծիքով՝ ֆրանսուհու նշանակումը այս պաշտոնում Փարիզին ցույց է տալիս իր դիրքորոշման հակասականությունը՝ Փարիզն անփոփոխ խուսափում էր ներքին շուկայի կանոնների կիրառումից իր պաշտպանական արդյունաբերության մեջ, որպեսզի նրան պաշտպանի: Հիմա ստիպված է լինելու կասկածները հաղթահարել: Դա նշանակում է նաև, որ Բրյուսելի նոր վարչությունը ղեկավարելու է վերջերս Ֆրանսիայի ու Գերմանիայի նախաձեռնությամբ ձևավորված՝ Եվրոպական պաշտպանության հիմնադրամը՝ նոր ընդհանուր պաշտպանական համակարգերի ֆինանսավորման համար: Այս բոլոր քայլերը մեկ ուղղությամբ են:


Էմանուել Մակրոնը ինքն է չափավորում եվրոպական տերության և ռազմավարական ինքնիշխանության կոչերը, որ երկու տարի առաջ հարուցեցին ԵՄ որոշ պետությունների նյարդայնությունը Սորբոնում նրա բոցաշունչ ելույթից հետո: Մասերի բաժանվող աշխարհում եվրոպական ինքնիշխանության անհրաժեշտության նրա համոզվածությունը նույնքան ուժեղ է, բայց իրականությունը նրան հիշեցնում է դաժան իրողություններ, մասնավորապես Մերձավոր Արևելքում, ֆրանսիական դիվանագիտությունը շատ անելիք չունի Իրանի ու ԱՄՆ-ի ետ, եթե չամրապնդի իր ռազմական կամ ֆինանսական հզորությունը: ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելով՝ Իրանին օգնելու համար եվրոպացիների ստեղծած Instex ֆինանսական մեխանիզմը առայժմ ծիծաղելի տեսք ունի դոլարի ուժի համեմատ: Օրմուզի նեղուցում իր լցանավերին Իրանի սպառնալիքից պաշտպանելու համար Մեծ Բրիտանիան ամռանը կոչ արեց ձևավորել եվրոպական պաշտպանական ուժեր, որ Եվրոպան չի կարող նրան տրամադրել: Ամերիկացիները ձեռքի տակ ունեին անհրաժեշտ ռազմածովային ուժերը և հաճույքով ստանձնեցին բրիտանական առևտրական նավատորմի անվտանգության պաշտպանությունը:
Սիլվի Կաուֆման, Le Monde


Հ.Գ. Նոյեմբերի 1-ից Եվրամիությունում սկսում է գործել նոր իշխանություն, արդեն փոխվել են բոլոր ղեկավարները և մինչև նոյեմբեր ձևավորում են իրենց աշխատակազմերը: Բացի անձերի փոփոխությունից՝ կարևոր է հասկանալ, թե ինչ է փոխվում քաղաքականության մեջ: Եվ ինչպես պետք է այդ փոփոխությունները օգտագործենք մեր խնդիրների լուծման համար: Եթե, իհարկե, վերջապես դուրս գանք այն մտայնությունից, որ ԱՄՆ-ը, ԵՄ-ն ընդամենը փողի տոպրակներ են, որ մեզ համար պիտի բացվեն առաջին իսկ պահանջով: Հայաստանը պետք է ԵՄ-ի հետ համագործակցության հստակ ծրագրեր ունենա ու հստակ առաջարկներ անի Բրյուսելին՝ ելնելով փոխադարձ շահավետության սկզբունքից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 951

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao