Ռուսական քաղաքականությունը՝ փոփոխությունների շեմին

Ռուսական քաղաքականությունը՝ փոփոխությունների շեմին
22.01.2020 | 19:25

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշանակեց նոր կառավարություն, բայց պաշտոններում թողեց առանցքային նախարարներին, իսկ անցյալ շաբաթ առաջարկեց ընդարձակ փոփոխություններ Սահմանադրությունում, որի շնորհիվ կպահպանի քաղաքական իշխանությունը՝ նախագահական ժամկետի ավարտից հետո: Նրա ծրագրերը նախատեսում են ընդարձակ փոփոխություններ Ռուսաստանի իշխանության հավասարակշռության մեջ, և շատերը 2018-ին չորրորդ անգամ վերընտրված Պուտինի այդ քայլերը գնահատեցին իբրև վերահսկողությունն ամրապնդելու փորձ: Երբ հնչեցին առաջրկները, հրաժարական տվեց կառավարությունը՝ Պուտինի հավատարիմ օգնական Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ: Նոր կառավարությունը գլխավորեց հարկային տեսչության նախկին պետ Միխայիլ Միշուստինը: Որոշ առանցքային նախարարներ պահպանեցին պորտֆելները՝ ներառյալ ֆինանսների, ԱԳ և ՊՆ նախարարները: Պուտինն առաջին փոխվարչապետ նշանակեց Անդրեյ Բելոուսովին, որ հանդես է գալիս հօգուտ պետական ծախսերի և տնտեսության մեջ պետության դերի մեծացման: Նա փոխեց նաև էկոնոմիկայի նախարարին: Անցյալ շաբաթվա իրադարձությունն անակնկալ էր մեկնաբանների ու նույնիսկ կառավարության շատ անդամների համար: Նրանք սկիզբ դրեցին իշխանության փոխանցման երկարատև ու բարդ գործընթացին 2024 -ի նախօրեին, երբ Պուտինը օրենքով պետք է հեռանա: Մինչդեռ ռուսական տնտեսությունը շարունակում է տուժել միջազգային բազմաթիվ պատժամիջոցներից, իսկ Մոսկվայի ու Արևմուտքի հարաբերություններում դրական փոփոխությունների նշանները շատ քիչ են: Պուտինի առաջարկները այս շաբաթ քննարկելու է Պետդուման: Ի թիվս այլ փոփոխությունների՝ նա առաջարկում է սահմանափակել իր հնարավոր իրավահաջորդի լիազորությունները: նախագահը նաև առաջարկել է ուժեղացնել Պետական խորհրդի դերը, որ արդեն ինքը ղեկավարում է, և դա ենթադրել տվեց,որ գտնվելով այդ պաշտոնում՝ Պուտինը կպահպանի իշխանության լծակները և կղեկավարի քաղաքականությունը:


Մեդվեդևի հրաժարականից հետո Պուտինը վարչապետ նշանակեց շատ քչերին հայտնի տեխնոկրատ Միշուստինին, որ 2010-ից ղեկավարում էր հարկային ծառայությունը: ՙՄենք բոլորս լավ գիտակցում ենք, որ մեր խնդիրները բարդ են ու բոլոր ջանքերը կներդնենք լուծելու համար՚՝ ասաց Միշուստինը երեքշաբթի Պուտինի հետ հանդիպումից հետո: Պուտինը նահանգապետ, տեխնոկրատ Մաքսիմ Ռեշետնիկովին նշանակեց տնտեսական զարգացման նախարար՝ Մաքսիմ Օրեշկինի փոխարեն: Պորտֆելը պահպանեց ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը: Կառավարությունում մնացին ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու վերջին հարցումներով՝ ամենաբաձր վարկանիշներից մեն ունեցող ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն, որ պաշտոնավարում է 2012-ից: Մնաց և էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, որ նավթի հանույթի հարցով ՌԴ-ՕՊԵԿ համաձայնագրի հեղինակներից է: Կրեմլը բացատրեց այն շտապողականությունը, որով Պուտինը առաջարկները մտան խորհրդարան: ՙԴա իրականությունն է, որում ապրում ենք, ու դա բացարձակ հասկանալի ու պարզ իրականություն է,-ասաց ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:-Անկասկած դա ուղեկցվելու է առաջարկվող փոփոխությունների զանգվածային քննարկումներով՚:
Գեորգի Կանչև, The Wall Street Journal (ԱՄՆ)


Հ.Գ. Երեկ երեկոյան ՌԴ վարչապետ Միծայիլ Միշուստինը կառավարության նոր կազմը ներկայացրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Վարչապետ՝ Միխայիլ Միշուստին
Առաջին փոխվարչապետ՝ Անդրեյ Բելոուսով
Փոխվարչապետեր՝ Դմիտրի Գրիգորենկո (կառավարության աշխատակազմի ղեկավար), Վիկտորիա Աբրամչենկո, Յուրի Տրուտնև, Յուրի Բորիսով, Տատյանա Գոլիկովա, Ալեքսեյ Օվերչուկ, Դմիտրի Չեռնիշենկո:


Նախարարներ՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության՝ Անտոն Կոտյակով. լուսավորության՝ Սերգեյ Կրավցով, գյուղատնտեսության՝ Դմիտրի Պատրուշև, տրանսպորտի՝ Եվգենի Դիտրիխ, արդարադատության՝ Կոնստանտին Չույչենկո, առողջապահության՝ Միխայիլ Մուրաշկո, արտաքին գործերի՝ Սերգեյ Լավրով, պաշտպանության՝ Սերգեյ Շոյգու, տնտեսական զարգացման՝ Մաքսիմ Ռեշետնիկով, ֆինանսների՝ Անտոն Սիլուանով, մշակույթի՝ Օլգա Լյուբիմովա, արդյունաբերության և առևտրի՝ Դենիս Մանտուրով, ներքին գործերի՝ Վլադիմիր Կոլոկոլցև, գիտության և բարձրագույն կրթության՝ Վալերի Ֆալկով, էներգետիկայի՝ Ալեքսանդր Նովակ, սպորտի՝ Օլեգ Մատիցին, թվային զարգացման, կապի ու զանգվածային հաղորդակցության՝ Մաքսուդ Շադաև, ԱԻՆ՝ Եվգենի Զինչև, Հեռավոր Արևելքի ու Արկտիկայի զարգացման՝ Ալեքսանդր Կոզլով, բնական պաշարների ու բնապահպանության՝ Դմիտրի Կոբիլկին, շինարարության և ԲԿՏ՝ Վլադիմիր Յակուշև:


Պորտֆելները կորցրին 7 փոխվարչապետեր՝ Վիտալի Մուտկոն, Անտոն Սիլուանովը, Կոնստանտին Չույչենկոն, Մաքսիմ Ակիմովը, Օլգա Գոլոդեցը, Ալեքսեյ Գորդեևը, Դմիտրի Կոզակը: Միշուստինի կառավարությունում կլինի 9 փոխվարչապետ: Կառավարությունից հեռացան մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, լուսավորության նախարար Օլգա Վասիլևան: Վերլուծաբանների կարծիքով՝ Լավրովի և Շոյգուի վերանշանակումը վկայում է, որ Պուտինը չի ուզում փոխել արտաքին քաղաքականությունը, իսկ երկու նախարարները, ըստ նույն վերլուծաբանների, Արևմուտքի հետ հակամարտության խորհրդանիշներն են։


Միշուստինի կառավարությունում չկան այն անձինք, որ ամենից շատ էին զայրացնում ռուսաստանյան հասարակությանը, և վերլուծաբանները սա հասարակության փոքր հաղթանակն են համարում։ ՌԴ կառավարության կազմում փոփոխություններին է անդրադարձել «Կոմերսանտը»՝ նոր կառավարություն կարող էր նշանակվել անգամ մեկուկես տարի առաջ, բայց Վլադիմիր Պուտինը միայն այժմ հրաժարվեց 2018-ի մայիսին կառավարության ոչ ուժային բլոկում կատարելիք փոխզիջումներից: Վարչապետ Միխայիլ Միշուստինը հունվարի 21-ին փաստացի հաստատել է կառավարության առաջիկա խնդիրները, որոնք բխում են կառավարության նոր կառուցվածքից և կազմից. առողջապահություն, սոցիալական ոլորտ, թվայնացում, էլեկտրոնային բյուջե, շինարարություն:


Հարցը, թե ինչպե՞ս է նոր կառավարությունը պայքարելու ներդրողների կողմից վստահության ճգնաժամի դեմ, բաց է մնում: Ռուսաստանի կառավարությունը հունվարի 21-ին իր առաջին նիստն անցկացրեց: Կառավարության նոր կազմի ձևավորման ռեկորդային կարճ ժամանակ պահանջվեց. դեռևս 6 օր առաջ Դմիտրի Մեդվեդևի կառավարությունը չէր պատրաստվում հեռանալ, իսկ հունվարի 21-ին նշանակվեց Միխայիլ Միշուստինի կառավարությունը: Այդ նշանակումները քննարկվում էին 2018-ի մայիսից: Նոր կառավարությունը հրաժարվել է «փոխվարչապետ-նախարար» մակարդակի համակարգից:


Ինչպես քննարկվում էր մեկուկես տարի առաջ, առաջին փոխվարչապետ է նշանակվել նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովը: Անտոն Սիլուանովը պահպանել է ֆինանսների նախարարի պաշտոնը, իսկ նախարարությունը, ամենայն հավանականությամբ, կամրապնդի իր դիրքերը նոր կառավարությունում:
ՀՆԱ-ի աճի խնդիրը կառավարության նոր կազմով պետք է ավելի լավ լուծվի: Կառավարությունը դարձել է ավելի տեխնոկրատ և երիտասարդ, նրա աշխատանքի վրա ավելի քիչ կազդի վերջին տարիներին կառավարության անդամների միջև փոխհարաբերությունների բեռը: Ակնհայտ է, թե ինչով է զբաղվելու Միշուստինի կառավարությունն առաջիկա ամիսներին. սոցիալական քաղաքականության հարցեր և թվայնացում: Սակայն ավելի արդյունավետ կառավարությունը ներդրողների համար դեռևս վստահության առիթ չէ, այդ վստահությունը համեմատաբար դանդաղ է առաջանում: Միխայիլ Միշուստինը հունվարի 21-ին է հայտարարել ներդրումային «կլիմայի» արագ փոփոխման անհրաժեշտության մասին: Դրա մաս կարող են դառնալ վերահսկողական գործունեության բարեփոխումն ու կապիտալի ներդրման պաշտպանությունը, կքննարկվեն նաև այլ գաղափարներ, կառավարությանն արագ հաջողություններ են պետք, առանց որոնց հնարավոր չէ լինել ավելի լավ կառավարություն, քան նախորդն էր:
Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը չի բացառել, որ Պետդուման սահմանադրական փոփոխություններն առաջին ընթերցմամբ կընդունի հունվարի 23-ին: Շտապողականությունը, որով Վլադիմիր Պուտինը փորձում է փոխել Սահմանադրությունը, ոչ միայն տարակուսանք է առաջացնում, այլև տագնապ: Այս շտապողականությունը ենթադրում է, որ Պետդուման սահմանադրական փոփոխություններն ընդունելուց հետո կցրվի: Այդ փաստարկի օգտին է նաև խորհրդարանին ուղղված ուղերձում սոցիալական ծախսերի մեծ մասնաբաժինը՝ Ռուսաստանում մեծ փողերը բաժանում են մեծ ընտրություններից առաջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1323

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ