«Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հուն­վա­րի 31-ին:               
 

ԱՄՆ Սենատը հետևեց Ներկայացուցիչների պալատին

ԱՄՆ Սենատը հետևեց Ներկայացուցիչների պալատին
13.12.2019 | 11:51

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Օսմանյան կայսրությունում 1915-ին հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: «Սա ճշմարտության պահ է, որ չափազանց երկար ժամանակ էր հետաձգվել»՝ հայտարարեց հանրապետական սենատոր Թեդ Կրուզը: Դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը բազմիցս ներկայացրել էր բանաձևը, որ այլ սենատորներ արգելափակել էին: Նոյեմբերին՝ հանրապետական Լինդսի Գրեմը, հետո՝ հանրապետական Դևիդ Պերդյուն: Հինգշաբթի ոչ մի սենատոր վետոյի իրավունքից չօգտվեց: Հոկտեմբերին հայերի ցեղասպանության ճանաչման բանաձև ընդունեց Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը՝ ձայների մեծամասնությամբ: Թուրքիայի իշխանությունները ստորին պալատի որոշումն անվանեցին անօգուտ ու չափազանց վիրավորական թուրք ժողովրդի համար: Թուրքիան հետևողականորեն խոչընդոտում է 100-ամյա վաղեմության ողբերգական դեպքերը ցեղասպանություն ճանաչելու բոլոր փորձերին: Բանաձևը կոչ է անում, որ ԱՄՆ-ը հարգի հայերի ցեղասպանությունը պաշտոնական ճանաչումով ու հիշատակումով: Որպեսզի հայերի ցեղասպանության ճանաչումը դառնա ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը, բանաձևը պետք է հավանություն ստանա Կոնգրեսի երկու պալատներում ու ստորագրի նախագահը:
BBC


Հ.Գ. Մնաց Դոնալդ Թրա՞մփը: Կամ՝ Մայք Պոմպեո՞ն, որ Ներկայացուցիչների պալատում բանաձևի ընդունումից հետո հայտարարել էր, որ դա կառավարության դիրքորոշումը չէ: ԱՄՆ լրատվամիջոցները փաստում են, որ բանաձևն ընդունվել է միաձայն, բայց` չորրորդ փորձից հետո: Շաբաթներ շարունակ Ռոբերտ Մենենդեսը դնում էր քվեարկության, սակայն հանրապետական սենատորներն արգելափակում էին` պնդելով, թե լուրջ հարված կհասցվի թուրք-ամերիկյան դաշնակցային հարաբերություններին:


Հոկտեմբերին Ներկայացուցիչների պալատը հայոց ցեղասպանությունը ճանաչեց 405 կողմ, 11 դեմ ձայներով: Հանրապետական մեծամասնությամբ Սենատում բանաձևի ընդունումը վկայում է, որ ԱՄՆ քաղաքականության մեջ իսկապես շրջադարձ է կատարվում Թուրքիայի նկատմամբ: Եթե հավելենք, որ ԱՄՆ-ը հրաժարվել է նաև Անկարային փոխանցել ԱՄՆ Ֆ-35 կործանիչները և հեռացրել Թուրքիային ծրագրից, պատկերը կամբողջանա: Բնականաբար՝ կհաջորդի Անկարայի դատապարտումն ու ընդվզումը, բայց դա արդեն Կոնգրեսում իրավիճակ չի փոխի՝ և Ներկայացուցիչների պալատը, և Սենատը արել են իրենց ընտրությունը: Մնաց նախագահը:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «պատմական իրադարձություն» է որակել ԱՄՆ Սենատում բանաձևի ընդունումը: «ԱՄՆ Սենատը հենց նոր միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Հիրավի՝ պատմական իրադարձություն», - գրել է նա Ֆեյսբուքում: «ԱՄՆ Սենատի կողմից 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը: Շնորհակալություն ենք հայտնում սենատորներ Ռոբերտ Մենենդեսին, Թեդ Քրուզին և ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին», -ասել է ԱԳ նախարար Մնացականյանը:
…Ու ոչ ոք չի ուզում շնորհակալություն հայտնել Պուտին-Էրդողան զույգին, Պուտինը Էրդողանին Ս-400-ները չվաճառեր, չէր սկսվի ճանաչման գործընթաց աշնան-ձմռանը, երբ արդեն անցել էր ապրիլը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1582

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao