Տրիպոլին խնդրում է ԱՄՆ-ին ռազմաբազա բացել Լիբիայում

Տրիպոլին խնդրում է ԱՄՆ-ին ռազմաբազա բացել Լիբիայում
25.02.2020 | 13:15

Լիբիայի ուժային կառույցների ղեկավարը կոչ է արել ԱՄՆ-ին ռազմաբազա ստեղծել հյուսիսաֆրիկյան երկրում՝ զսպելու Ռուսաստանի ազդեցության տարածումը Աֆրիկայում: Տրիպոլիի ազգային համաձայնության կառավարության ներքին գործերի նախարար Ֆաթհի Բաշագան հայտարարել է, որ իր կառավարությունը առաջարկել է նման ռազմաբազա ստեղծել, երբ ԱՄՆ ՊՆ նախարար Մարկ Էսպերը շարադրել է այդ մայրցամաքում ամերիկյան ներկայության տարածման, նաև զինված ուժերի վերակողմնորոշման ծրագրերը Ռուսաստանին ու Չինաստանին դիմակայելու համար: Բաշագայի կառավարությունը երկար ամիսներ պայքար է մղում մարշալ Խալիֆա Խաֆթարի գլխավորած ուժերի դեմ, որ փորձում են գրավել մայրաքաղաքը՝ ռուս վարձկանների աջակցությամբ: «Մենք դեռ չգիտենք՝ որն է վերախմբավորման իմաստը,-ասել է Բաշագան Bloomberg-ին: -Բայց մենք հույս ունենք, որ ուժերի վերախմբավորումից հետո Լիբիայում տարածք չի մնա, որից կարող է օգտվել Ռուսաստանը»: Վերջին մեկ տարում նավթով հարուստ Լիբիան, որ Միջերկրական ծովի Եվրոպայի հանդիպակաց ափին է, Ռուսաստանի համար հիմնական ասպարեզներից էր իր ազդեցության ընդլայնման համար: Հազարից ավելի վարձկաններ, որ Լիբիա է ուղարկել նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձը, աջակցում էին Խաֆթարի հարձակողական գործողություններին, որոնց նպատակը մայրաքաղաքի գրավումն էր միջազգայնորեն ընդունված կառավարությունից: Բաշագան նախազգուշացրել է, որ Խաֆթարին ցուցաբերած Ռուսաստանի աջակցությունը իր ազդեցության մեծացման առավել մասշտաբային ռազմավարության մի մասն է: «Ռուսները Լիբիայում են ոչ միայն Խաֆթարի պատճառով,-ասել է Բաշագան:-Նրանք ռազմավարական մեծ ծրագրեր ունեն Լիբիայում ու Աֆրիկայում»:

Ամերիկյան զինուժի՝ Աֆրիկայից դուրս բերելու Էսպերի ծրագիրը ԱՄՆ Կոնգրեսի քննադատությանն է արժանացել: Հունվարին 11-ին կոնգրեսմեններ՝՝Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Էնտոնի Բրաունի գլխավորությամբ, նամակ են գրել՝ նշելով, որ Ռուսաստանն ու Չինաստանը այդ մայրցամաքում գումարներ են ներդնում՝ իրենց ազդեցությունն ամրապնդելու համար: Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր դաշնակիցներից մեկը, անդամակցել է երկու կուսակցություններից կազմված խմբին, որի անդամները դեմ են Էսպերի ծրագրին և Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարեցին, որ չեն աջակցի նրա ծրագրին: Հունվարի վերջին Էսպերը հայտարարեց, որ ԱՄՆ-ը իր զինվորականներին Աֆրիկայից չի հանի, բայց ընդունեց, որ հիմա մշակվում է նոր ռազմավարություն, որը գերակայություն է տալիս Ռուսատանին ու Չինաստանին դիմակայությանը: Հիմա Աֆրիկայում 6000 ԱՄՆ զինվորականներ կան, այդ թվում՝ դիվանագիտական օբյեկտները պահպանողները: «Լիբիան կարևոր դեր է խաղում Միջերկրածովյան շրջանում՝ երկիրը նավթ ունի, 1,9 հազար կիլոմետր ծովեզերք և նավահանգիստներ, որ հիմք են տալիս Ռուսաստանին Լիբիան համարել Աֆրիկայի դարպասներ,-ասել է Բաշագան: - Եթե ԱՄՆ-ը բազա խնդրի, կառավարությունը չի առարկի, որովհետև այդ բազան կլինի ահաբեկչության, կազմակերպված հանցագործության դեմ պայքարի և այլ երկրների հեռահար միջամտությունները զսպելու համար: Ամերիկյան բազան կայունություն կբերի»:


ԱՄՆ իր զինվորականներին դուրս է բերել Լիբիայից 2019-ի ապրիլին, երբ Հաֆթարի ուժերը շարժվեցին դեպի մայրաքաղաք: Պատերազմը Լիբիայում շարունակվում է 2011-ից, երբ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի աջակցությունը ունեցող հեղաշրջման հետևանքով գահընկեց արվեց Մուամար Կադաֆին: Մեկ տարի անց ջիհադականների գլխավորությամբ ամբոխը գրոհեց ամերիկյան հյուպատոսարանը Բենգազիում՝ Լիբիայի արևելքում, սպանվեց ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Ստիվենսը: 2016-ին Fox News-ին հարցազրույցում նախագահ Բարաք Օբաման ընդունեց, որ Կաֆադիի գահընկեց արվելու դեպքում ծրագիր մշակելու անկարողությունն իր նախագահության ամենասարսափելի սխալն էր:

«Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ը կարող է անցյալում թողնել տխուր միջադեպը,-ասել է Բաշագան՝ դեսպանատան վրա հարձակման մասին: -Բոլոր լիբիացիները ափսոսում են: Այդ հարձակումը գործել է հանցագործների ամբոխը, ոչ թե լիբիացի ժողովուրդը»: Ապրիլից Լիբիայի տարածքի մի մասը Խալիֆա Խաֆթարի ուժերի վերահսկողության տակ է, նրան աջակցում են Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, իսկ մնացած տարածքները ՄԱԿ-ի ճանաչած կառավարության վերահսկողության տակ են և ռազմական օգնություն են ստանում Թուրքիայից: Այս պատերազմը ստիպել է ԱՄՆ-ին Տրիպոլիից դուրս բերել իր հակաահաբեկչական ստորաբաժանումը, որ օգնում էր Աֆրիկայում ԻՊ-ի դեմ պայքարում: Բաշագան նախազգուշացնում է, որ չնայած ՄԱԿ-ի էմբարգոյին՝ Լիբիա մտնող մեծաքանակ զենքը կարող է հայտնվել Եգիպտոսում, որտեղ Լիբիայից անլեգալ դուրս բերված զենքը հայտնվում է Սինայի թերակղզու և Գազայի հատվածի ԻՊ-ի զինյալների ձեռքում:
Սամեր ալ Ատրուշ, Bloomberg (ԱՄՆ)


Հ.Գ. Փաստորեն՝ Թուրքիան Լիբիայի կառավարության միջոցով է փորձում դիմել ԱՄՆ-ին, Լիբիայում ռազմաբազա ստեղծելու խնդրով, որից հույս ունի օգտվել և ինքը՝ Ռուսաստանի դեմ: Սա պատասխանն է՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից դուրս բերելու Պուտինի պատրանքի: Որքան ավելի մեծ է տարածաշրջանային ընդգրկումը, այնքան ռուս-թուրքական շահերը դառնում են հակադիր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2102

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ