Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է

Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
06.02.2021 | 16:10

«Ծիծեռնակը բույն է շինում… Ամեն մի շյուղ կպցելիս, առաջվա բույնն է հիշում»,- «Հայոց լեզվի և գրականության» ուսուցչուհի տիկին Եվգենյան սփոփում է Շուշիում տունը կորցրած դստրերին:

Մեր պատմությունն է այդպիսին, ասում է, մենք արարող, ստեղծող, ավերակի վրա նոր քար դնող ժողովուրդ ենք, բայց ինչքան էլ հինը նորոգես կամ նորը կառուցես, միևնույնն է, հին բույնդ ես ուզում: Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղ «Հայոց լեզվի» ուզուցչուհին Ստեփանակերտից է հարս գնացել, տասնամյակների ընթացքում մի քանի սերունդ կրթել ու պատգամել՝ արյունարբու վայ-հարևանի պարագայում մահակը ձեռքիցդ չպետք է վայր գցես: Հայրենի հողը տիկին Եվգենյան 44-օրյա պատերազմի միայն վերջին 10 օրն է լքել: Շուշիում կանանցից միայն ինքն էր մնացել, աղջիկներն են ստիպել, որ դուրս գա այնտեղից: Երկու դուստրերն էլ Շուշիում էին բնակվում, տուն ու տեղ ունեին: Դուստրերից մեկը՝ իմ ուսուցիչ Զարինե Խաչատրյանը, ադրբեջանցիների տարածած տեսանյութը, որտեղ իրենց շենքն ու իր տան լուսամուտներն են երևում, ամեն րոպե է աչքի տակ առնում: «Իմ տուն չեն մտել, Սևակ ջան: Տեսանյութում երևում է, որ առաջին հարկի հարևանների տուն են մտում, բայց երրորդ հարկ չեն բարձրանում: Եթե տեսնեի՝ ոնց եմ նաև իմ տուն մտնում, երևի ինֆարկտ ստանայի»,- ասում է Կանաչ ժամի զանգերի հետ օրը սկսող ուսուցչուհիս:


«Դադիվանքը որտե՞ղ է գտնվում, իսկ Գանձասա՞րը»,- հարցրեցի առաջին անգամ մեր դպրոց ու հենց մեր դասարան ոտք դրած «Հայոց Պատմություն» առարկա դասավանդող ընկեր Խաչատրյանին: Հարցերս իզուր չէ, որ Արցախին էին վերաբերում, ընկեր Խաչատրյանը Ախթալա Արցախից էր եկել: Թարթառի կարկաչի ամեն մի շաչյունն էր ցանկանում փոխանցել, Դադիվանքի հավատի ու զորության մասին պատմում էր աղոթքի պես: Բայց չդիմացավ, մի օր ճամպրուկը կապեց, ու թե՝ ես ու իմ զմրուխտ Արցախը, իմ Կանաչ ժամն ու Սպիտակավորը: Արցախում էինք հանդիպում, ու ոչ թե որպես ուսուցիչ- աշակերտ, այլ՝ Արցախի կարոտով ապրողեր: Եվ կապ չուներ, որ Խաչատրյանն արդեն Շուշիում էր բնակվում, Արցախի հանդեպ կարոտը երբեք չի մարում: Եվ դեռ երկար չի մարի թե՛ ինձ, թե՛ ընկեր Խաչատրյանի, նրա քրոջ, մոր և մյուսների համար:


Դժբախտ ու դժգույն քաղք չէ Շուշին, արտասվաթոր աչքերը սրբելով, մրմնջում է ընկեր Խաչատրյանը, ես այնտեղ ինձ եմ թողել: «Պատերազմի օրերին երբ ասացին, որ արագ-արագ հավաքվեք, լքում ենք քաղաքը, ընդամենը 15 րոպե ունեի իրեր հավաքելու համար,- պատմում է նա,- Անգամ չեմ հիշում՝ ինչ եմ վերցրել հետս: Երեխաների ու իմ փաստաթղթերն էին, տան սեփակայության վկայականն ու մի սավան: Երևի մտածել եմ՝ ով իմանա, թե որտե՞ղ կգիշերենք, ի՞նչ պայամաններ կլինեն, անկողին կլինի՞, թե՞ ոչ, ու այդպես դրել եմ պայուսակիս մեջ: Երբ նոյեմբերի 10-ից հետո Ստեփանակերտ տեղափոխվեցինք, պայուսակը բացեցի ու աչքս պատահական սավանին ընկավ, որ ոչ մի տեղ, ոչ մի օր չէի օգտագործել: Ամուր գրկեցի, փաթաթվեցի նրան ու ասում եմ. «Ա՛յ սավան, ես հիմա քեզ ի՞նչ անեմ, որտե՞ղ դնեմ, որ հա՛մ տեսնեմ, հա՛մ չտեսնեմ քեզ»: Ծալել-դրել եմ մի անկյունում՝ որպես կորցրածս տան միակ սփոփանք»:


Ընկեր Խաչատրյանի մայրը՝ տիկին Եվգենյան, հեռախոսի լուսանկարները թերթելով, իր տան, այգու, մյուս դստեր տան լուսանկարներն է ցույց տալիս: Մի նկարի վրա երկա՜ր կանգ է առնում. «Մահացած աղջիկս է, իր շիրիմն էլ է մնացել Շուշիում: Տան կորուստներն ինձ այնքան չեն պատճառում այնքան, ինչքան դստերս շիրիմը, որին այցելել, լացել, խունկ ծխել էլ չեմ կարողանալու: Նյութական կորուստը վերականգնել հնարավոր է, իսկ հոգու կսկիծի հե՞տ ինչ անես»:

Լուսանկարում՝ Եվգենյա և Զարինե Խաչատրյաններ

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ



Դիտվել է՝ 43779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ