«Հեղափոխական խանդաղատանքի իներցիան՝ կռապաշտական երանգներով, երկար տևել չի կարող»

«Հեղափոխական խանդաղատանքի իներցիան՝ կռապաշտական երանգներով, երկար տևել չի կարող»
05.10.2018 | 00:56

Հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ զրուցում ենք հետհեղափոխական Հայաստանում հանրության շրջանում տեղի ունեցած հոգեբանական փոփոխությունների, տիրող մթնոլորտի թեմաներով։

-Տիկին Նալչաջյան, արդեն մի քանի ամիս անցել է հեղափոխությունից, ի՞նչ փոփոխություններ են նկատվում հանրության տրամադրություններում։
-Այո, գրեթե կես տարի է, ինչ ապրում ենք իշխանափոխված Հայաստանում։ Ժողովրդի տրամադրությունների մասին խոսելիս հաճախ է հիշատակվում «էյֆորիա» բառը։ ՈՒզում եմ փոքրիկ ճշտում մտցնել. հեղափոխական էյֆորիան հուզականության այն բարձր աստիճանն է, երբ զանգվածային գործողությունների մասնակիցները, գտնվելով հեղափոխական թոհուբոհի մեջ, ոգեշնչված են, տարված իրենց համակած հզոր հույզով, երբ իրենց կողքին կան նույն հույզերով համակված մարդիկ, երբ իրենց խոսք է ուղղում իրենց վստահությունը վայելող առաջնորդը: Իսկ երբ այդ ամենն ուղեկցվում է նաև ռիթմիկ երաժշտությամբ, թմբուկի զարկերով, կոչնակներով, կրկնվող ժեստերով, հնչյունների արտաբերմամբ, ահա այդ ժամանակ էյֆորիան մտնում է իր իրավունքների մեջ, և մարդկանց մտքի ուղղվածությունը, խմբային վարքը կախված են դառնում մեկ մարդու՝ վստահություն վայելող առաջնորդի մեկ խոսքից։ Հասկանալի է այն ահռելի պատասխանատվությունը, որ տվյալ պարագայում ընկած է առաջնորդի ուսերին, քանի որ էյֆորիկ վիճակում գտնվող, հոգեբանական մեկ ամբողջություն դարձած մարդկային բազմությունը առաջնորդի թելադրանքով պատրաստ է գնալու ցանկացած քայլի՝ ինքնազոհաբերումից ու հերոսացումից մինչև բռնություն ու ոչնչացում։
Ահա այս կարճ նկարագրությունից պարզ է, որ մեր հասարակությունն ամիսներ շարունակ այս հոգեվիճակում չի գտնվում, թեև պետք է հաշվի առնել մեկ այլ հանգամանք ևս. հուզական վիճակներն իներցիայի օրենքին են ենթարկվում. էյֆորիա հարուցող իրադրությունն ավարտված է, սակայն ուժգին հույզը աստիճանաբար է թուլանում և ցանկացած պատեհ պահի կարող է կրկին բորբոքվել։ Հրապարակից ու էյֆորիայից հետո որպես հետևանք մարդու հոգեկանում տեղի է ունենում հետևյալը. ձևավորվում են կայունության բարձր աստիճան ունեցող դիրքորոշումներ՝ մարդու համար աներկբա ճշմարտություններ, համոզմունքներ, որոնք ուժեղ մոտիվացնող ներուժ ունեն, կարող են բթացնել անվտանգության զգացումը և տևական ժամանակ ուղղվածություն են հաղորդում նրա վարքին ու գործողություններին։ Չնայած դրան` առօրյա կյանքն իր նոր տպավորություններով կարող է որոշակի փոփոխություններ մտցնել այդ դիրքորոշումներում, օրինակ, թուլացնել դրանք կասկածի տեղիք տվող հանգամանքների ազդեցության տակ։ Չերկարացնելով հարցի մասնագիտական կողմի ներկայացումը՝ ասեմ, որ հրապարակային գործողությունների արանքում ընկած ժամանակահատվածում ճիշտ չէ էյֆորիայի մասին խոսելը։
-Անընդհատ խոսվում է սիրո և համերաշխության հեղափոխության մասին, միևնույն ժամանակ, սակայն, նկատվում է ագրեսիվ կեցվածք այլակարծության նկատմամբ։ Ինչո՞վ կպայմանավորեք այդ ագրեսիվությունը, և ինչի՞ կհանգեցնի այն։
-Չմոռանանք, թե ինչն էր մարդկանց հանել հրապարակ ու իր գործին կատարելապես տիրապետող հեղափոխական առաջնորդի գլխավորությամբ իրականացրել իշխանափոխություն-հեղափոխությունը։ Դա կուտակված ատելությունն էր նախկին իշխանությունների նկատմամբ, որը սնուցեց նկարագրածս էյֆորիան։ Իշխանություն, որը կորցրել էր կապն իր ժողովրդի հետ և չէր զգում երկրի ներքին կյանքի ամենացցուն դրսևորումներն անգամ։ Առհասարակ, հեղափոխություններից հետո ժողովրդի հուզականությունն իջնում է, և մարդիկ սկսում են հետևել նոր իշխանությունների վարքագծին, գործերին, ու սկսվում է նորերին գնահատականներ տալու փուլը։ Մեզ մոտ նույնպես դա տեղի է ունենում, բայց կա մի հանգամանք, որը յուրահատուկ է դարձնում վիճակը. դա ԱԺ-ում «հների» ներկայությունն է, որը հեղափոխական տրամադրությունները սնուցող լուրջ գործոն է։ Հեղափոխությունն իրականացրած մարդիկ այժմ ինքնահաստատված են, տեսել են, որ իրենց ջանքերով հնարավոր եղավ իրականացնել անհնարին թվացողը՝ ատելի իշխանության հեռացումը։ Մարդիկ իրենց սուբյեկտ են զգում, և սա շատ կարևոր հանգամանք է։ Այս պահի հոգեբանական յուրահատկությունն այն է, որ նախկինների նկատմամբ ատելությանը գումարվել է վախը՝ որ նրանք հանկարծ կրկին կվերադառնան, և ԱԺ-ում նրանց ազդեցիկ ներկայությունը սնուցում է այդ վախը։ Փաստորեն, հասարակական տրամադրություններում (մասնավորապես, հեղափոխություն իրականացրած հատվածի շրջանում) տիրապետում է երկու հույզ՝ ատելություն+վախ։ Սա հզոր դեստրուկտիվ ներուժ ունեցող հուզական համադրություն է և ամեն պահի, մանավանդ գրագետ հեղափոխական առաջնորդության պայմաններում, կարող է պոռթկալ, ինչը մենք տեսանք երկու օր առաջ։ Ստացվում է պարադոքսալ վիճակ՝ հեղափոխական տրամադրությունները սնուցող ամենաուժեղ գործոնն առայսօր մնում են «հները», պատկերավոր ասած՝ «նորերի» ամենաարդյունավետ «դաշնակիցներն» ու «պահապանները», դիրքերն ամրապնդողները նրանք են՝ իրենց շարունակվող գոյությամբ, էկրաններին ժամանակ առ ժամանակ երևացող դեմքերով: Մտածում ես՝ եթե նրանց գործոնը չլինի, նորերի նկատմամբ հասարակության պահանջատիրական մոտեցումը ավելի արագ կձևավորվի. մի բան, ինչն այսօր կրիայի քայլերով է առաջ գնում կամ ընդհանրապես դոփում է տեղում։
-Մարդկանց բռնել-բաց թողնելը, ասֆալտին փռելու կոչերը ի՞նչ մթնոլորտ են ստեղծում երկրում։
-«Սև», «սպիտակ», «հակահեղափոխական» պիտակները, «ասֆալտին փռելը», պատերին ծեփելը մարդկանց հուզականության ատելություն+վախ զուգորդությունը պահպանող հարմար ձևակերպումներ են։ Իսկ սա այսօր հեղափոխություն իրականացրած ուժերին շատ է հարկավոր։ Սակայն չի կարելի չտեսնել, որ այս ամենին զուգահեռ կա հասարակության մի զգալի շերտ, որի վերլուծական մտքի թիրախում նոր իշխանությունների այն գործողություններն են, նախապատվությունները, որոնք արդեն իսկ բավականին հստակորեն ուրվագծված են և մարդկանց լուրջ խորհելու տեղիք են տալիս։ Հեղափոխությանը հավատարիմ մնալու, իրենց առաջնորդի կողքին կանգնելու, երիտասարդ պաշտոնյաների «չարաճճիությունների» հանդեպ «ներողամիտ-քնքուշ» վերաբերմունքը, թերևս, մարդկայնորեն կարելի է հասկանալ։ Դեռ երեկ իշխանափոխություն իրականացրած մարդկանց անձի հանդեպ «բարի, հանդուրժող, համբերատար» լինելը ինքնագնահատականը շոյող բան է։ Բայց այն իրականությունը, որի մեջ գտնվում է մեր երկիրը, դաժան է, լրջագույն մոտեցումներ պահանջող, իսկ հեղափոխական խանդաղատանքի իներցիան՝ կռապաշտական երանգներով, հասկանալի է, որ երկար տևել չի կարող։ Նոր կառավարության «զրո պրոֆեսիոնալիզմ» դիմագիծը ընկալված է հասարակության կողմից, հասարակության կողմից ընկալված է նաև իր համար թանկ ավանդական արժեքների հանդեպ քամահրանքը և այլն, և այլն։ Ամփոփելով ասեմ, որ հասարակական տրամադրությունների ընդերքում ձևավորվում է Հայաստանի ներքին և արտաքին բազմաբարդ խնդիրների լուծմանն ուղղված լրջագույն մոտեցումների պահանջ, որն օրեցօր ավելի շոշափելի է դառնում, և նոր իշխանությունները պարտավոր են սա հաշվի առնել։

Զրուցեց
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3216

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao