ReAnimania 2019
 

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
26.04.2019 | 02:45

(Նախորդ մասը)

1981 թվականին Արտաշատում բացվեց Լենինգրադի «Էլեկտրոնստանդարտ» համամիութենական ԳՀԻ-ի գիտական բաժինը, որը մտնում էր Վալենտին Պրոլեյկոյի ղեկավարած գիտատեխնիկական վարչության կազմի մեջ, նա իմ անմիջական ղեկավարն էր:
-Այդ առիթը պետք նշել, բեր նրան, Մոսկվա թռիչքից առաջ մի լավ պատիվ տանք,- առաջարկեց Աբովյանի «Պոզիստոր» ԳԱՄ-ի գլխավոր տնօրեն, Պրոլեյկոյի վաղեմի ընկեր Էդիկ Պետրոսյանը:
-Շատ լավ, կարող ենք հանդիպել Գեղանիստում՝ ծնողներիս տանը, օդանավակայանն էլ հեռու չէ:
Հաջորդ օրը, առավոտյան ժամը 9-ին Պրոլեյկոն իմ հյուրն էր, հյուրերի մեջ էին Պետրոսյանը, «Պոզիստորի» գլխավոր ինժեներ Յուրի Մանվելյանը և սահմանապահ զորքերի մի ռուս գնդապետ:
-Խորովածը պատրա՞ստ է,- մեքենայից իջնելուն պես հարցրեց Պետրոսյանը:
-Ոչ, կրակը դեռ չենք վառել, ուզում էինք, որ խորովածը տաք լինի:
-Լավ չէ, չենք հասցնի, Մոսկվայի ռեյսին ընդամենը կես ժամ է մնացել: Լավ,- դարձավ ռուս գնդապետին,- դու գնա օդանավակայան, տոմսի հարցը լուծիր, մինչև սեղանը գցեն:
Որոշ ժամանակ անց գնդապետը վերադարձավ:
-Կարող եք չշտապել, ինքնաթիռը կսպասի, որքան որ պետք է:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ՏՈՒ-154-ի ուղևորները ստիպված էին սպասել, մինչև մեր խորովածի գործն ավարտվի՝ չիմանալով ուշացման իրական պատճառները, որ իրենց ուղեկիցներից մեկի հետ մենք խորովածի էինք նստել:


Տարիներ անց այդ ռեյսի ուղևորներից պետք է ներողություն խնդրեմ՝ մեր անշնորհքության համար: Պրոլեյկոյին, հավանաբար, դուր էր եկել, որ հարյուրից ավելի ուղևորները, օդանավի մեջ նստած, իրեն էին սպասելու, նա արհեստականորեն ձգում էր մեր միջոցառումը, խոսում էր ամերիկյան ջազի իր հավաքածուի, հայկական խաչքարերի լուսանկարների մասին, հավատում էր, որ խաչքարերի մասին ինքն ավելի շատ բան գիտի, քան հայ պատմաբանները: Հնարավոր է և այդպես էր: Ամեն անգամ՝ Հայաստան գալիս, նա հասցնում էր գտնել ու նկարել հայտնի ու անհայտ բազմաթիվ խաչքարեր, եղել էր Հայաստանի բոլոր վայրերում, նաև Նախիջևանում, խոսում էր Նախիջևանի խաչքարերի պահպանության կարևորության մասին: Խաչքարերի գործը նա անում էր առանձնակի սիրով ու հոգատարությամբ, ամեն այցի ժամանակ Պետրոսյանը նրան մեքենա էր տրամադրում և նա լծվում էր հայկական նոր խաչքարեր գտնելու ու լուսանկարելու գործին:


Գեղանիստի մեր միջոցառումն ավարտվեց ժամը 14-ին, Պրոլեյկոյին տնից ճանապարհեցի ու մինչև 1985 թվականի իր ձերբակալության օրը մշտական կապի մեջ եմ եղել:
Պրոլեյկոյի նախաձեռնությամբ Արտաշատի ինստիտուտում հատուկ կապի միջոցներ տեղադրվեցին, որոնցով ես կարող էի անմիջական կապ հաստատել նախարարության վարչությունների ու խոշոր գործարանների տնօրենների հետ, ամսվա ընթացքում մի քանի անգամ հանդիպում էինք Մոսկվայում, հետաքրքրվում էր մեր ինստիտուտի աշխատանքներով, մեր նախագծերով, իր մոտ գիտական քննարկումներ էր կազմակերպում, մեր նոր գործերը ներկայացնում էր անձամբ նախարար Շոկինին:


Մի անգամ խնդիր դրեց, որ Արտաշատում կատարվող գիտական աշխատանքները պետք է սիստեմավորել, միավորել համալիր-նպատակային ծրագրի մեջ (ԽՃկ) ու մեզ վրա վերցնել Էլեկտրոնային արդյունաբերության նախարարության ձեռնարկություններում արտադրանքի որակի ու հուսալիության բարձրացման, տեխնոլոգիական չափումների ու տեխնիկական դիագնոստիկայի ուղղություններով կատարվող աշխատանքների կոորդինացիան: Այս առաջադրանքով սկսվեց նախարարության «Արտաշատ-1» համալիր ծրագրի մշակման ու իրականացման գործընթացը: Ծրագիրն ընդգրկում էր մոտ 200 գիտահետազոտական ու կոնստրուկտորական աշխատանքներ, որոնք արվում էին Ռիգայի «Ալֆա», Լենինգրադի «Սվետլանա», Մոսկվայի «Ստարտ», «Պուլսար», Թբիլիսիի «Միոն», Նովոսիբիրսկի «Վոստոկ», Կիևի «Կրիստալ», Նալչիկի, Իվանո-Ֆրանկովսկի, Բրյանսկի, Ալեքսանդրովի կիսահաղորդչային սարքերի գործարանների հետ, նրանց արտադրությունների համար: Մի քանի տարում Արտաշատի գիտական բաժինը միութենական ճանաչում ստացավ, որտեղ ամեն տարի կազմակերպվում էին ռադիոդետալների ու ռազմական կիրառության էլեկտրոնային սարքերի հուսալիության հարցերին նվիրված միութենական սիմպոզիումներ:


Պրոլեյկոն պաշտպանեց նաև «Энциклопедический словарь-справочник по надежности ИЭТ» բազմահատոր գրականություն ստեղծելու իմ առաջարկը, որն իր բնույթով առաջինն էր աշխարհում: Պրոլեյկոյի ձերբակալությունից հետո այդ աշխատանքները տեղափոխեցի Լենինգրադ, ստեղծեցինք խմբագրական խորհուրդ՝ իմ գլխավորությամբ, կազմեցի ու Միությունով մեկ տարածեցի հանրագիտարանի բառացուցակը և դրանով ամեն ինչ ավարտվեց. Գորբաչովի «перестройка»-ն այս գործում էլ մեզ խանգարեց:
Ինչու՞ էին Պրոլեյկոն ու Էլեկտրոնային նախարարությունը, համապատասխան կառույցները հատուկ ուշադրության տակ պահում Արտաշատի փոքրաթիվ գիտական բաժինը, օգնում ու ընդառաջում բոլոր հարցերում, առանց սահմանափակումների ֆինանսական միջոցներ տրամադրում, բարձր աշխատավարձերով հաստիքներ իջեցնում, աշխատակիցների համար բնակարաններ կառուցում: Արտաշատի «Էլեկտրոնստանդարտ» ԳՀԻ-ն միակն էր ԽՍՀՄ-ում, որտեղ բնակարանների հերթեր չկային և, համոզված եմ, միակն էր Հայաստանում, որտեղ բնակարանները հատկացվում էին առանց կաշառքի: Այստեղ մեկ նրբություն կար: Պրոլեյկոն համակարգում էր նախարարության բոլոր գիտական ծրագրերն ու առանձին աշխատանքները, որոնք իջեցվում էին ՌԱՀ-ի և ԿԳԲ-ի «Քվանտ» ԳՀԻ-ի կողմից: Ծրագրերը գալիս էին հանձնարարականների տեսքով, կատարման համար դրանք պարտադիր էին և պետք է արվեին սեղմ ժամկետներում: Աշխատանքների բաժանումը կատարում էր Շոկինը՝ կոլեգիաների ժամանակ, կամավոր-պարտադիր սկզբունքով: Տնօրեններից շատերը պատրաստ չէին տեղում հասկանալու և օբեկտիվորեն գնահատելու տրվող առաջադրանքների նրբությունները, բարդությունները, ժամկետների մեջ տեղավորվելու և պահանջվող արդյունքներին հասնելու իրենց ունեցած հնարավորությունները: Ստանալ, բայց ձախողել Շոկինի հանձնարարությունները, նշանակում էր հեռացվել աշխատանքից ու սեղանին դնել կուսակցական տոմսը, յուրաքանչյուր տնօրենի համար դա մահ էր: Աշխատանքներից հրաժարվել հնարավոր չէր, մանևրելու ու նոր աշխատանքներից հրաժարվելու միակ ձևը ժամկետներն էին, գործը ավարտին հասցնելու համար մի քանի տարի էին խնդրում, ինչը Շոկինի համար ընդունելի չէր, նրան էլ իր «վերևից» էին ճնշում ու պատին սեղմում: Նման դեպքերում մենք ցուցադրաբար նախաձեռնություն էինք հանդես բերում, վերցնում ու ժամկետից շուտ և գյուտերի բարձր մակարդակով կատարում էինք Շոկինի «վառվող» աշխատանքները, ինչը, առաջին հերթին, Պրոլեյկոյի շահերից էր բխում. նա էր մինիստրության գիտական գործերի հիմնական պատասխանատուն:


Մեր միջոցով Շոկինը հնարավորություն էր ստանում նախատելու և ճնշված վիճակում պահելու իր գլխավոր տնօրեններին:
-Ես գիտեմ, թե որտեղ են Կիևը և ԳԱՄ «Կրիստալը», բայց Դուք չգիտեք, թե որտեղ է Արտաշատը, գնացեք ու սովորեք, թե կես տարում ինչպես են ստեղծվում լազերային միկրոսկոպները,- կոլեգիաներից մեկի ժամանակ մինիստրը այդպես հեգնեց Կիևի ամենամեծ ինստիտուտի տնօրենին:
Նախարարությունում լավ գիտեին մեր նկատմամբ Շոկինի ու Պրոլեյկոյի վերաբերմունքի մասին ու ամեն կողմից աշխատում էին աջակցել մեր ինստիտուտին, ֆոնդերից դուրս հաստոցներ, լաբորատոր սարքավորումներ ու նյութեր էին տրամադրում: Մի անգամ մինիստրության ֆոնդերի բաժնի վարիչ Ալեքսեյ Կռիլովը, որն ինձ գիտեր «Պուլսարից», զգուշացրեց.
-ՈՒշադիր եղեք, նկատել եմ, որ Լենինգրադի «Էլեկտրոնստանդարտը» ձեր անունից տեխնիկայի հայտեր է ուղարկում, որոնց վերևում մատիտով նշում են՝ «Արտաշատի համար», պարզել եմ, որ իրենց համար են ուզում, ես նրանց տեխնիկա չեմ տալու, որովհետև գլուխ են թլսորում, գործ չեն անում, ձեր անունից են հանդես գալիս, այդպես են փորձում խաբել, դուք աշխատում եք, ձեր աշխատանքից մինիստրը գոհ է, դրա համար էլ ամեն ինչ տալիս եմ նաև առանց ֆոնդերի:


Ֆոնդերի հարցը ԽՍՀՄ-ի հիմնական գլխացավանքներից էր, Բրեժնևի տարիներին ֆոնդերը հիմնականում տրվում էին կաշառքով, այդ պրոցեդուրան ես մշտապես շրջանցել եմ՝ ներկայանալով աշխատանքների մեր բարձր որակով: Մեր համբավը այնքան էր տարածվել, որ 1986 թվականին ՌԱՀ-ի հատուկ հրամանով, արդեն Պրոլեյկոյից հետո, Արտաշատում որոշվել էր կառուցել ճապոնական «Tabay» փորձարարական-հետազոտական կենտրոնը: 40 միլիոն դոլար արժողությամբ այդ կենտրոնը ճապոնական էլեկտրոնիկայի վերջին խոսքն էր, որի միջոցով լուծվում էին հուսալիության դժվարին խնդիրները: Երկրաշարժից հետո որոշեցինք այն կառուցել Սպիտակում ու իրականացնել հետևյալ նախագծը. աղետի գոտին դարձնել միասնական արդյունաբերական գոտի՝ Լենինականից մինչև Ալավերդի, զարգացնել էլեկտրոնիկան, մեքենաշինությունը, հելիոտեխնիկան ու թեթև արդյունաբերությունը, այդ ծրագիրը արժանացել է ակադեմիկոս Աբել Աղանբեգյանի հավանությանը: Ծրագրին նպաստող հանգամանք էր, որ երկաթգիծը կարող էր լուծել տրանսպորտային բոլոր խնդիրները՝ բանվորների ու բեռների համար:


Մի անգամ ինձ զարմացրեց Պրոլեյկոյի բացառիկ տեսողական հիշողությունը. ամենայն մանրամասնությամբ, նա ներկայացրեց մեր ստեղծած լազերային միկրոսկոպի աշխատանքը, որի մասին, երեք տարի առաջ, խոսել էինք Աբովյանի մեր լաբորատորիայում: Իմ հիշողությունն էլ է բացառիկ, բայց ոչ Պրոլեյկոյի աստիճանի: Նրանից լավ հետախույզ կստացվեր, մտածում էի ես։ Նրա ձերբակալությունից տարիներ առաջ դա իմ մարգարեական կանխագուշակումն էր:
Իր ելույթից առաջ նա ծաղրաբար դիմեց Լենինգրադի «Էլեկտրոնստանդարտ» ԳՀԻ-ի տնօրեն, ռազմամեխանիկական ինստիտուտի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վիտալի Վալկովին.
-Զգույշ եղեք, որ աթոռից վայր չընկնեք ու լսեք, թե միկրոսկոպներն ինչպես են աշխատում:
-Հետո՞ ինչ, որ խմած եմ, կարևորն այն է, որ ես իմ հաշվին եմ խմում,- արձագանքեց Վալկովը: Նա նկատի ուներ, որ, ի տարբերություն Պրոլեյկոյի, ուրիշների հաշվին չի խմում:
Նախարարության բոլոր տնօրեններն իրենց պարտքն էին համարում Պրոլեյկոյի առօրյան կազմակերպել բարձր մակարդակով, որովհետև մինիստր Շոկինի հետ առնչվող բոլոր հարցերը լուծում էին նրա միջոցով և այդպես 18 տարի շարունակ: Հայաստանում նրա զվարճանքի «պատասխանատուն» Էդիկ Պետրոսյանն էր: Նախարարության կոլեգիաների ժամանակ Պրոլեյկոն նստում էր Շոկինի կողքին և պատրաստ էր ընթացքից պատասխանելու բոլոր գիտական ու տեխնիկական հարցերին։ Նրա կողքին մշտապես ներկա էր ակադեմիկոս Եվգենի Վելիխովը, որը հետագայում աշխատանքի վերցրեց ինձ պատահած ամերիկյան երկրորդ գործակալին՝ գեներալ Օլեգ Կալուգինին:


1980 թվականին ԿԳԲ-ի գեներալ Օլեգ Կալուգինը կասկածվել էր ԱՄՆ-ի ԿՀՎ-ի հետ ունեցած կապերի համար, նրա ձերբակալության տեղն ու ժամը արդեն որոշված էին, բայց դա տեղի չունեցավ ԽՍՀՄ ԿԳԲ-ի նախագահ Յուրի Անդրոպովի միջամտության պատճառով: Արտաքին հետախուզությունից նրան տեղափոխեցին ներքին հետախուզություն, որպեսզի թաքցվի ԿԳԲ-ի ղեկավար կազմում գոյություն ունեցող դավաճանության փաստը: 1987 թվականին նա նշանակվեց Էլեկտրոնային արդյունաբերության նախարարության առաջին (ռեժիմային) վարչության պետ՝ համակարգելով ԽՍՀՄ ԿԳԲ-ի գծով նախարարության հակահետախուզական աշխատանքները: Իմ հատուկ վկայականը ստացել եմ անձամբ գեներալ Օլեգ Կալուգինից, դրա մասին կպատմեմ հաջորդ անգամ:
Պրոլեյկոն ճոխ կյանքի սիրահար էր: 1982 թվականին մենք եղանք Օբ գետի ափին կառուցված Նովոսիբիրսկի «Վոստոկ» ԳԱՄ-ի հոյակապ հանգստյան տանը, որի երկրորդ հարկը տրամադրված էր Պրոլեյկոյին:
- Բանալին իր մոտ է պահում,- ասացին հանգստյան տանը։ Երկու տարի առաջ է եղել, նոր այցի էինք սպասում:
Պրոլեյկոն նաև համարձակ, ավանտյուրային որոշումների սիրահար էր: 1984 թվականին Արտաշատի համար պետք էր ձեռք բերել «Ֆոտոն» տիպի նոր ֆոտոօբյեկտիվը՝ մեր ինստիտուտում նախագծվող ինֆրակարմիր դիապազոնում աշխատող լազերային միկրոսկոպի համար:
-«Սրեդմաշի» ընկերների հետ պայմանավորվել եմ, գնացեք, ստացեք,- հանձնարարեց Պրոլեյկոն:
-Գնացի, չտվեցին, խիստ գաղտնի օպտիկա է, իրենք էլ դեռևս չեն փորձարկել:
-Ի՞նչ ենք անելու, ի՞նչ եք առաջարկում:
-Ստիպված ենք ինքներս նախագծել ու պատրաստել այդ օբեկտիվը:
-Շատ համարձակ որոշում է, տվեք օպտիկական արտադրամասի համար անհրաժեշտ հաստոցների ցուցակը:


Տվեցի ու, իր միջնորդությամբ, Կազանի գործարանից սկսեցինք ստանալ անհրաժեշտ օպտիկական հաստոցներն ու սարքավորումները: Գառնիից ու Բյուրականից հետո Արտաշատում ունեցանք օպտիկա պատրաստելու ևս մեկ արտադրություն, որը, սակայն, կյանք չունեցավ, մոտենում էին երկրաշարժի ու անկախության օրերը, ցույցեր, գործադուլներ, անհասկանալի մթնոլորտ: Արտաշատում ցույցերն ու գործադուլները սկսվեցին մեր ինստիտուտից՝ իմ ասպիրանտ Ալեքսանդր Բուտաևի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ: Սկսված գործադուլներն ու ցույցերը ինձ պատժելու հարմար առիթ էին Արտաշատի շրջկոմի առաջին քարտուղար Զավեն Գևորգյանի համար: Մի օր ինձ հրավիրեցին բյուրոյի նիստի:
-էս ի՞նչ է, գործադուլներ ես կազմակերպում, ողջ շրջանը խառնել ես իրար, Սերգոն ասում է (խոսքը Արտաշատի պահածոների գործարանի պարտկոմ Սերգո Կարապետյանի, հետագայում ՀՀ գյուղնախարար, մասին է), որ իր աշխատողներին չի կարողանում պահել, գործադուլ են անում, Համազասպյանի հետևից են գնում։
-Ես գործադուլ չեմ կազմակերպել:
-Հենա, ցույցին ելույթ ես ունեցել (իսկապես, Արտաշատի առաջին ցույցին ելույթ եմ ունեցել ու ասել՝ Ղարաբաղին՝ այո, գործադուլներին՝ ոչ):
- Բա Դու՛ք գայիք, ելույթ ունենայիք:
-Ինչպե՞ս ելույթ ունենայի, չեք տեսնում, թե ինչ պուբլիկա էր հավաքվել:
-Շրջկոմի առաջին քարտուղար եք, բա էլ ե՞րբ պետք է խոսեիք, եթե ոչ հիմա:
Այսքանով մեր լեզվակռիվն ավարտվեց, ներկա բոլոր տնօրեններին կուսակցական նկատողություն հայտարարեց՝ բացի ինձանից, խնդրեց մնալ և մենք երկար զրուցեցինք:
-Դե ձեզանից ինչ սպասես, ռոճիկով ապրող մարդիկ եք, բայց ինչով կբացատրեք, որ ողջ երկիրը խառնվել է իրար, իսկ կուսակցությունը լռում է, երեք տարի է պլենում անգամ չի հրավիրել:


Հասկացա, որ, իրոք, շատ դժվար իրավիճակ է ստեղծվել, շրջկոմի քարտուղարն էլ տեղյակ չէ, թե երկրում ինչ է կատարվում, ինչով և երբ կավարտվի: Հասկացա նաև, որ Արտաշատում գիտական համաշխարհային կենտրոն ստեղծելու իմ ծրագրերը վտանգված են:
-Սաշա ջան, գործադուլ մի արեք, գնանք, կռվենք Ղարաբաղի համար, բայց աշխատանքները մի կազմալուծեք, մի խանգարեք, թույլ տվեք աշխատենք:
-Չե՞ք տեսնում` ռևոլյուցիա է կատարվում, ի՞նչ աշխատանք:
-Տեսնում եմ, բայց մենք Հայաստանում տեխնիկական ռևոլյուցիա ենք իրականացնում, սպասեք ավարտենք, հետո կանեք ձերը, հիմա դուք խանգարում եք:
Բուտաևի ասած ռևոլյուցիայից ես լավ բաներ չէի սպասում, ձեռնպահ եմ մնացել՝ հասկանալով, որ խելագարված ամբոխին կանգնեցնել չի լինի, նույնիսկ անկախության վերաբերյալ չցանկացա որևիցե կարծիք ձևավորել, «կողմ» կամ «դեմ» լինել, անկախության հարցաթերթիկը դրել եմ գրպանս ու ընտրատեղամասից դուրս եկել, պահել եմ ապագա սերունդներին ցույց տալու համար, տեսնում ու հասկանում էի, որ Լևոնից, Վանոյից և նմանատիպ քուչի տղերքից խեր չի լինելու, որ այդ անբանները կործանելու են մեր երկիրը: Եվ կործանեցին՝ Պրոլեյկոյի, Բելենկոյի, գեներալ Կալուգինի ու մյուսների հետ միասին, իրարից անկախ, բայց անտեսանելի թելերով կապված, համատեղ ջանքերով: Այսօր ունենք այն, ինչը ունենք, դժվար է, բայց մեր ճգնաժամից դուրս գալու ելքը պետք է գտնել, Փաշինյանից էլ խելքս բան չի կտրում:


Մի անգամ նախարարությունում Պրոլեյկոն մասնագիտական խորհրդակցություն էր հրավիրել՝ ԽՍՀՄ գիտական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ: Սկզբում Պրոլեյկոն հայտարարեց, որ խորհրդակցությունը ունի «Ժհկ» կարգավիճակ, գաղտնի ինֆորմացիաները հրապարակման ենթակա չեն: Մի քանի ելույթից հետո Պրոլեյկոն ընդմիջում հայտարարեց ու բոլորին դուրս հրավիրեց.
-Արդեն գաղտնի ինֆորմացիաներ են հնչեցվում, խորհրդակցությունը հայտարարում եմ դռնփակ՝ «գաղտնի» ռեժիմով:
Դահլիճում մի քանի հոգի մնացինք, ովքեր գաղտնի գործերի հետ առնչվելու հատուկ թույլտվություններ ունեին: Թույլտվությունները ստուգում էր Օլեգ Կալուգինի հատուկ բաժնի աշխատակիցը: Երբ 1985 թվականին Պրոլեյկոյին ձերբակալեցին ու տեղափոխեցին Բուտիրյան բանտ, բոլորս շոկի մեջ էինք, ինչպե՞ս... նախարարության բոլոր գաղտնի աշխատանքները նրա միջոցով էին արվում, ՌԱՀ-ի ոլորտներում չկար մի աշխատանք, որի տակ չդրվեր Պրոլեյկոյի ստորագրությունը: ԽՍՀՄ-ում կատարվող գիտահետազոտական աշխատանքների վերաբերյալ բոլոր ծրագրերն ու հաշվետվությունները հավաքվում էին նրա առանձնասենյակում: Մի հսկայական չհրկիզվող պահարան ուներ, որի շարժվող դարակներում պահվում էին ԽՍՀՄ ռազմական արդյունաբերությանը վերաբերող բոլոր «Գաղտնի», «Հույժ գաղտնի» և «Պետական կարևորության» գրիֆների տակ գտնվող փաստաթղթերը: Լուրեր էին տարածվել, որ Պրոլեյկոյի ձերբակալման պատճառ էր դարձել նրա հերթական արձակուրդը, որը նա անց էր կացրել խորհրդային տարբեր ատոմային սուզանավերում: Բոլոր սուզանավերը, որտեղ գտնվել էր Պրոլեյկոն, ամերիկացիները բացահայտել էին:
-Ինչպե՞ս կարող էր մեր ընդհանուր պետը, այդպիսի պատասխանատու պաշտոն զբաղեցնելով, լինել ամերիկացիների լրտեսը, - հարց տվեցի նրա տեղակալ, ազգությամբ մոլդավացի Անատոլի Բուգային:
-Իսկ ի՞նչ էիք կարծում, լրտեսական աշխատանքների մեջ հավաքարարների՞ն էին ընդգրկելու, որոնք ոչնչից տեղյակ չեն։ Օտարերկրյա գործակալ դառնալու համար պետք է բարձր դիրք ունենալ ու կարևոր ինֆորմացիաների տիրապետել:
Խոսք չկա, պետական մասշտաբի ինֆորմացիաների նա լիարժեքորեն տիրապետում էր: Մի անգամ Պրոլեյկոյին հարցրի, թե ինչու ենք մենք արտասահմանյան նմուշները կրկնօրինակում, եթե դրանցից ավելի լավը կարող ենք ստեղծել սեփական ուժերով: Պատասխանն այսպիսին էր.
-Դուք ձեզանով մի դատեք, մեր ինժեներները դրանցից գլուխ չեն հանում, տարիներով գործերը ձգձգում են ու պիտանի ոչինչ չեն ստեղծում, ինչ է թե սեփականը ստեղծեն, մեր ձեռնարկություններում տասնյակ հազարավոր մարդիկ են աշխատում, երբ նույն գործը Ամերիկայում կատարում են մի քանի հարյուր մարդով:
Նշեմ, որ իմ տված հարցը Գորյունովից էր գալիս, նա համոզված էր, որ Պրոլեյկոն դիտավորյալ է տարածում աշխատանքի իր ոճը, փորձում է տապալել մեր ինժեներական միտքը՝ մասնագետների ուղեղները անգործության մատնելով և ուրիշների «շպարգալկաներից» օգտվել պարտադրելով:
Պրոլեյկոյի ձերբակալությունը Գորյունովին չզարմացրեց։
-Տեսա՞ր, որ ճիշտ էի, միայն օտարերկրյա գործակալը այդպես կվարվեր, հիմնովին կտապալեր խորհրդային ինժեներական միտքը:


1987 թվականին, դատարանի որոշմամբ, Պրոլեյկոն բանտից ազատվեց, հետագայում, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պլենումով, հանվեցին նաև նրան առաջադրված բոլոր մեղադրանքները։ 1988 թվականին նա Ֆրյազինոյում կազմակերպեց «Կոմպյուտորլինկ» գիտաարտադրական կոմպլեքսը: Ավելի ուշ, 2010 թվականի դեկտեմբերի 31-ին որոշեցի շնորհավորել Պրոլեյկոյի նոր տարին, վերականգնել մեր նախկին գործնական կապերը, արևային տեխնիկայի ոլորտում համագործակցության եզրեր գտնել, բայց արդեն ուշ էր, ստացա միայն այն հասցեն, որով կարող եմ ցավակցություն հայտնել նրա մահվան առիթով, որը տեղի էր ունեցել մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 30-ին: Այդպես էլ չիմացա, թե իրականում ով էր Պրոլեյկոն՝ ամերիկյան գործակա՞լ էր, թե՞ Գորբաչովի «պերեստրոյկայի» կարևոր գաղափարակիցներից մեկը, ում գլխին «պերեստրոյկայի» հակառակորդները «գործ» սարքեցին, ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության նախարարությունում նա շատ թշնամիներ ուներ, վերջում Շոկինն էլ նրանից երես թեքեց: Նախարարությունում ավելի ընդունելի էր համարվում Լիգաչովի գաղափարախոսությունը: Ի միջի այլոց, նախարարությունում քննարկել էինք նաև ԽՍՀՄ տնտեսական համակարգը փոխելու խնդիրը: Մասնավորապես այսպիսի առաջարկ էր ընդունվել. գործարանները պետք է մասնավորեցվեն՝ սեփականության իրավունքը տրամադրելով աշխատավորական կոլեկտիվներին՝ հետևյալ մասնաբաժիններով. տնօրեններին՝ 30, գլխավոր ինժեներներին՝ 20, արտադրամասերի պետերին՝ 10 տոկոսը, մնացածը՝ բանվորներին: Սա մասնավորեցման ավելի խելամիտ տարբերակ էր, որովհետև գործարանները մնում էին պրոֆեսիոնալ մասնագետների տրամադրության տակ: Հետագայում այս տարբերակը դուրս մնաց շրջանառությունից, չընկալվեց ու չընդունվեց Գորբաչովի ընկերակցության կողմից, ընդունվեց սեփականաշնորհման այն գռեհիկ տարբերակը, որի արդյունքում գործարաններն ու ֆաբրիկաներն անցան պատահական մարդկանց ձեռքը՝ խաղից դուրս թողնելով պրոֆեսիոնալ մասնագետներին՝ բանվորներին, ինժեներներին ու գիտնականներին: Հայաստանի այսօրվա տնտեսական ճգնաժամը հանդիսանում է պրիվատիզացիոն սեփականաշնորհման անմիջական հետևանքը: Կկարողանա՞ արդյոք Փաշինյանը շտկել դրությունը, խիստ կասկածում եմ, որովհետև հիմա կարևոր է դարձել ունեցվածքի վերաբաժանման խնդիրը, որից հետո տնտեսական ճգնաժամը կշարունակվի ու ավելի կխորանա:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao