Yerevan Perspectives International Music Festival
 

«Գլխավոր խնդիրը գործազրկությունն է»

«Գլխավոր խնդիրը գործազրկությունն է»
03.05.2019 | 00:45

ԵԹԵ ԹԵՐԹԵՆՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԸ


Հայաստանի խոշոր և նշանակալի քաղաքների մասին խոսելիս անհնար է շրջանցել Ալավերդի քաղաքը, որը եղել և մնում է հանրապետության տնտեսության մեջ առանցքային դեր ունեցող պղնձի արտադրության կնտրոններից մեկը: Առավել քան հետաքրքիր է քաղաքի կենսագրությունը, որի մասին արժե հիշատակել:
Միջին դարերում Ալավերդու տարածքը հայտնի է եղել Մանասգոմեր կամ Մանից Գոմ անվանումներով։ Սակայն պատմական այս վայրը գտնվում է այժմյան Ալավերդի քաղաքից հյուսիս-արևելք, մոտ 10 կմ հեռավորության վրա։ Վրացի պատմաբան Յ. Լորդքիպանիձեի գրությունների համաձայն` երկրամասում 17-րդ դարի թուրք բորչալու ցեղի առաջնորդ Ալլահվերդի Մոլլա օղլի Թարխանի ունեցած դիրքի ու հեղինակության համար նրա անունով էլ քաղաքը կոչվել է Ալավերդի: Այս մասին գրել է նաև պատմաբան Կ. Կոզմոյանը: Ալավերդի քաղաքի անվանափոխության հարցը հաճախ է արծարծվել, շատ անուններ են առաջարկվել` Մանես, Ձոր, Դեբեդ, Աստուր, Թումանյան, Սանահին, Կոշաբերդ, Տաշիր, Ձորափոր, Աթոռիկ, Ձորաձոր, Միկոյան, Լալվար, Կյուրիկյան և այլն:


Բնակավայրի պղնձահանքերի առկայության մասին տեղեկություններ են պահպանվել դեռ Կիրակոս Գանձակեցու և Վարդան Պատմիչի աշխատություններում։ Տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանի բաժանումները, հայերի մշտական պառակտումներն ու երկրի թուլությունը վրաց Հերակլ II թագավորին առիթ են տվել պղնձի հանքերն օգտագործելու համար 1770 թվականին Պոնտոսից 800 հույն ընտանիք բերել և բնակեցնել Ալավերդիում։ Նրանք 1763 թվականին կառուցեցին Ախթալայի արծաթագործական, 1770 թվականին՝ Ալավերդու և Շամչաղի պղնձաձուլական գործարանները, Մադան գյուղը։ Թագավորի շնորհած արտոնությունների դիմաց հույները պարտավոր էին նրան հանձնել ստացվող ոսկին։ Արխիվային նյութերում հանքագործները հիշատակվում են «արծաթաճորտ» անունով։ Ի դեպ, Գյումուշխանից, հատկապես Խաղտիք գավառից եկած հույների բառապաշարը հարուստ էր թուրքական բառերով, եթե չասենք, որ բազմաթիվ հույն ընտանիքներ թրքախոս էին:
1795 թվականին Ալավերդին ասպատակեց Աղա-Մահմեդ խանը՝ ավերելով հանքերն ու գործարանները, կոտորելով ու գերելով շատ հանքագործների։


1801 թվականին Ալավերդին Վրաստանի հետ միացվեց Ռուսաստանին։ Ալավերդու հանքերը և ձեռնարկությունները պայմանագրով հանձնվեցին հույն կապալառուներին։ 1880-ական թվականներին ուժեղանում է արտասահմանյան և ռուսական կապիտալի ներթափանցումը Հայաստանի և մասնավորապես՝ Ալավերդու պղնձարդյունաբերության մեջ։
1887 թվականից գերիշխող դիրք է գրավում ֆրանսիական կապիտալը։ Ալավերդիում պղնձի արտադրության զարգացմանը խթանեց 1899 թվականին կառուցված Թիֆլիս–Ալեքսանդրապոլ երկաթուղին։ XIX դարավերջին ձուլարան կառուցվեց այսօրվա վայրում, որտեղ մինչ այդ գիհիների խիտ անտառ և Սանահին գյուղի մրգատու այգիներ էին: Նոր կառուցված ձուլարանն առաջին արտադրանքը տվեց 1900 թ. հունիսի 10-ին: Արտադրամասից ոչ հեռու բանվորների համար բարաքներ կառուցեցին` կամաց-կամաց դնելով ապագա քաղաքի հիմքը: Այս ամենի նախաձեռնող ֆրանսիացի ինժեներ Մանեսի անունով էլ կոչվեց նոր բնակավայրը:
Խորհրդային տարիներին՝ 1920-1930 թթ-ին արդյունաբերական զարգացմանը զուգընթաց Ալավերդին աստիճանաբար ընդլայնվում է՝ իր շրջագծի մեջ վերցնելով Լենհանքերը, Սանահինը, համանուն երկաթուղային կայարանը՝ Ակները:


Պղնձաձուլական գործարանի կենսագրության առավել փառահեղ էջերն անցյալ դարի 70-80-ական թվականներն էին, երբ տարեկան արտադրվում էր մինչև 55 հազար տոննա զտված պղինձ: Թեև այդ տարիներին գործարանն աշխատում էր միութենական հսկա տնտեսության համակարգում, սակայն արդյունաբերական համալիրի հզորացումն ու արդյունաբերական ծավալների ավելացումն ուղեկցվեցին Ալավերդու և տարածաշրջանի տնտեսության պայմանների զգալի բարելավմամբ, առհասարակ, կյանքի ակտիվացմամբ:

ԱԼԱՎԵՐԴԻՆ ԱՅՍՕՐ
Քաղաքի ներկա կյանքի մասին «Իրատես»-ի հետ զրույցում Ալավերդի համայնքի ղեկավար ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆՆ անդրադարձավ համայնքի խնդիրներին ու ծրագրերին:
Համայնքների խոշորացման արդյունքում Ալավերդի համայնքի կազմում ընդգրկված են քաղաք Ալավերդին և Աքորի, Կաճաճկուտ, Հաղպատ, Ծաղկաշատ, Ջիլիզա գյուղերը: Համայնքի կենտրոնը հանդիսանում է Ալավերդի քաղաքը, որի բնակչությունը կազմում է շուրջ 18000, իսկ իր կազմում ընդգրկված գյուղերի բնակչության հետ՝ 24 500 մարդ:
Համայնքի առավելությունները թվարկելիս Սասուն Խեչումյանը կարևորեց քաղաքի աշխարհագրական բարենպաստ դիրքը, այն, որ քաղաքը սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (հեռավորությունը սահմանից՝ 43 կմ), ինչը կարևոր առավելություն է՝ ցանկացած արտադրանք հարևան հանրապետություն արտահանելու համար: Համայնքի միջով է անցնում հանրապետության երկաթուղային հաղորդակցության գլխավոր երակը՝ Թբիլիսի-Երևան երկաթգիծը, հանրապետության արտահանման և ներկրման ավտոտրանսպորտային գլխավոր՝ Թբիլիսի-Ալավերդի-Երևան մայրուղին, ինչպես նաև՝ Հայաստանի ամենաջրառատ անդրսահմանային Դեբեդ գետը: Ալավերդու երկաթուղային երկու կայարաններից մեկում՝ «Ալավերդի» կայարանում, կան բեռնաթափման և բեռնաբարձման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:


Սակայն Ալավերդու գլխավոր զարկերակը եղել և մնում է արդյունաբերությունը: Նախքան պղնձաձուլական գործարանին անդրադառնալը համայնքի ղեկավարը նշեց իր ողջ հզորությամբ աշխատող կարի արտադրական միավորման և տեքստիլ ֆաբրիկայի մասին, որոնք փակվեցին: Նույն բախտին արժանացան նաև կոնդենսատորների «Անուշ», լամպերի, պանրի արտադրության, գարեջրի գործարանները:


-Քաղաքի գլխավոր խնդիրը գործազրկությունն է, որի պատճառը պղնձաձուլական գործարանի անորոշ վիճակն է, այնտեղ աշխատում էր ավելի քան 600 մարդ: Աշխատուժի առումով կապված ենք Թեղուտի գործարանի հետ, քանի որ Ալավերդու գործարանի լավագույն մասնագետներից շատերն աշխատում էին այնտեղ: Երկու գործարաններում ֆինանսական խնդիրների պատճառով աշխատանքները դադարեցվել են, Ալավերդու և Թեղուտի շուրջ 1200 աշխատողներ կորցնում են աշխատանքը: Ես միշտ կապի մեջ եմ գործարանների ղեկավարության հետ, նրանք էլ սպասողական վիճակում են: Գործազուրկ համարվող աշխատողներն արդեն չորրորդ ամիսն է, ինչ ստանում են աշխատավարձի երկու երրորդը: Նոր ներդրողների մասին տեղյակ եմ, պետք է լինի այնպիսի մեկը, որը շահագործի միաժամանակ և՛ Ալավերդու, և՛ Թեղուտի գործարանները: ՈՒնենալով մետալուրգիական տնտեսություն և չունենալով հանք, ինչի՞ նման է,- ասում է Սասուն Խեչումյանը:
Համայնքի ղեկավարը խոսեց նաև Ալավերդի մտնող ճանապարհի մասին, որի շինարարության ժամկետը նախատեսված էր 30 ամսով, սակայն մինչ օրս ավարտված չէ: Ներկայումս շինարարությունն ընթանում է` բազում անհարմարություններ ստեղծելով երթևեկության համար:


Ալավերդի քաղաքում և նրա բնակավայրերում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Շրջակա անտառները հարուստ են պտղատու և դեկորատիվ ծառատեսակներով, հատապտուղներով, բժշկության մեջ օգտագործվող դեղաբույսերով:


Սասուն Խեչումյանի խոսքով` զբոսաշրջությունը քաղաքի զարգացման այլընտրանքային տարբերակներից է: Սակայն խնդիրը ոչ այնքան զբոսաշրջիկների քանակն է, որքան նրանց հարմարավետ կացարաններով, հյուրատներով ապահովելը: Համայնքի ղեկավարի փոխանցմամբ` Ալավերդու բրենդը Միկոյան եղբայրների թանգարանն է, Թումանյանական տուրիստական կենտրոնը, կառավարությանը ներկայացվել է դեպի Սեդվու վանք (13-րդ դար) տանող ճանապարհ ստեղծելու ծրագիր, առաջարկվել է կառուցել 20 կմ ձգվող տուրիստական երթուղի, ստեղծել կայանատեղիներ, որտեղ կզարգանա վրանային տուրիզմը, այս ամենով քաղաքը կարող է հյուրընկալել շուրջ 1500 զբոսաշրջիկի:
-Եթե ասեմ, որ գործարանը չի աշխատի, ու մենք միայն տուրիզմով քաղաքը կպահենք, ճիշտ չէ: ՈՒնենք նաև քիչ աշխատատեղերով կաթնամթերքի արտադրամաս, փոքր գարեջրի գործարան, եթե այստեղ ավելացվի նաև շշլացման արտադրամասը, արտադրությունը կընդլայնվի: ՈՒնենք զարգացած անասնապահություն, մտադիր ենք ավելացնելու բերքատու այգիների քանակը, մեզ մոտ աճում են գրեթե բոլոր ցիտրուսային մրգատեսակները: Ամեն դեպքում ելք կա, պարզապես մեր ժողովուրդը մի տեսակ ծուլացել է, քարից հաց քամող հայից մնացել է քարն ու հայը: Գյուղացին էլ անընդհատ ալավերդցու հաշվին ա ապրել, էս խնդիրն էլ կա, մարդիկ սովորել են, որ արտադրությունում աշխատեն ու էլ հող չմշակեն կամ անասուն չպահեն,- ասաց Սասուն Խեչումյանը:

«ԶԱՎՈԴԻ ՓԱԿՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՄԵՐ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԱՆ»
Քաղաքի կյանքի մասին տեղեկանալու լավագույն աղբյուրը բնակիչների հետ անկեղծ զրույցն է, որը քաղաքի ու նրա բնակչի մասին տեղեկատվության լավագույն միջոցն է: Քայլերս ուղղեցի դեպի քաղաքապետարանի դիմաց՝ «Հայպետշինի» տարածքը զբաղեցրած շուկան: 35-ամյա մսավաճառ Կարենը Վրաստանից ընտանիքով վերադարձել է Ալավերդի այն հույսով, որ աշխատանք կունենա, սակայն իր բախտից գործարանը փակվել է, մյուսների նման ինքն էլ սպասողական վիճակում է: Անգործ չմնալու համար զբաղվում է մսի, կանաչեղենի վաճառքով:
-Տուն ունեմ, բայց հողամաս չունեմ, այստեղ ամեն ինչ էլ աճում է, հողը լավ է, հանքերը չեն խանգարում, հակառակը, հանքը որ բաց էր, առևտուրը շատ լավ էր, հիմա որ փակվել է, ժողովուրդը գումար չունի, որ առնի կամ միրգն ու կանաչին առնում է հատով, միսն էլ՝ շատ քիչ: Զավոդը որ աշխատում էր, ժողովուրդը խնդիր չուներ, հենց փակվեց, բոլորը հիվանդացան, ամեն օր մահ կա, արդեն օրգանիզմի դիմադրողականությունը սովորել էր օդին ու վիրուսին,- ասում է Կարենը:


Նույն կարծիքին էր նաև միրգ-բանջարեղեն վաճառող Աննան, որը քաղաքի փորձագիտական կենտրոնի փակվելուց հետո դարձել է գործազուրկ ու որոշել է զբաղվել առևտրով: «Տանը չորս հոգի ենք, աշխատող ձեռք չունենք, ես եմ աշխատում, առնում ծախում եմ, տես, պարտքերի տետրս, նիսիայով են տանում, գալիս ուզում են, ոնց չտաս: Երեխեքս չափահաս են ու անգործ, էլի հույսս Ալավերդու ու Թեղուտի գործարաններն են: Չզարմանաք, բայց ասեմ, որ էդ գործարանների ծուխը առողջության վրա էլ չի ազդում: Ալավերդցին ծնված օրվանից սովոր է գազ շնչելու, գործարանի ծուխը շնչելու, հիմա որ գործարանը փակվել է ու թվում է, թե մաքուր օդը բարերար կազդի, պարզվում է մեծ մասամբ սրտի ու ճնշման հիվանդությունների խնդիրներ ունեն: Իսկ ինչ վերաբերում է մահացությանը, դա մեզ մոտ միշտ էլ բարձր է եղել»:
81-ամյա Վրույր Անթաշյանը երկար տարիներ ինժեներ-շինարար է եղել, դժգոհ է ճանապարհների որակից, թեև այսօր ժամանակակից շինարարական տեխնիկայի պակաս չկա, բայց գլխառադ անողներ էլ կան, «սովետի ժամանակ էսքան փոսեր չկային»: Որդին աշխատում է Թեղուտի գործարանում, սակայն Վրույր պապը նեղսրտում է քաղաքի ջահելների համար, որ անգործությունից ավարա ման են գալիս, չեն էլ ցանկանում հող մշակել:
Բազմազավակ Ռուզաննան ինը երեխաներին կերակրելու համար հաճախ խանութից մթերք է վերցնում, պարտքատերերի ցուցակում առաջիններից է, այնուհանդերձ, շնորհակալ է, որ մարդիկ ընդառաջում են իրեն:


Պտուղ-բաջարեղենի խանութի վաճառող Սոնայի խոսքով` հարակից շուկան իր առևտրին չի խանգարում: «Ամեն մեկն իր հաճախորդն ունի: ՈՒզում են շուկան փակել փողոցային առևտուրը վերացնելու համար, բայց դե էսօր-էգուց գցելով մնացել է: Շատ հեռվում շուկա են սարքել, բայց ժողովուրդը սովորել է էստեղին, շուկայում լավ մթերքը թանկ է: Առաջ իմ առևտուրը լավ էր, մարդիկ աշխատանք ունեին, փող էլ ունեին, գալիս կարգին առևտուր էին անում, հիմա հանքը փակեցին, շատերն էնտեղ էին աշխատում, մարդկանց փողը կտրվեց: Առևտուր չկա»:
Թեև զրուցակիցներիս դժգոհությունը շատ էր, սակայն զարմանալիորեն լավատեսների պակաս չկար: «Եթե տունդ քանդված է, դժվար է նորոգելը, ընենց էլ երկիրը, կամաց - կամաց կկարգավորվի, ի ՞նչ է եղել: Մենք պետք է հասկանանք, մենակ աշխատատեղ ենք ուզում, բայց չպիտի խանգարենք ղեկավարին երկիրը կարգի բերելու: Դժվարություններին սովոր ժողովուրդ ենք, ըսենց բաների՞ ենք դիմացել»,- ասաց 54-ամյա Կորյուն Մանուկյանը:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao