ՀԱԿ-ը մեղադրում է Դաշնակցությանը որպես քաղաքական պայքարի մեթոդ ահաբեկչությունը «որդեգրելու» մեջ

ՀԱԿ-ը մեղադրում է Դաշնակցությանը որպես քաղաքական պայքարի մեթոդ ահաբեկչությունը «որդեգրելու» մեջ
06.06.2019 | 13:11

ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել ակտիվիստ Վարդան Հարությունյանի նկատմամբ գործադրված բռնության դեպքերի և դրանց առնչությամբ ՀՅԴ գերագույն մարմնի անդամների հայտարարությունների կապակցությամբ: Հայտարարությունում պնդելով, որ «Վարդան Հարությունյանի հետ կատարվածը եղել է նախապես ծրագրված, մանրամասն մշակված գործողություն, որն այլ կերպ, քան ահաբեկչական ակտ դժվար է բնութագրել», ՀԱԿ-ը ընդգծում է․ «ՀՅԴ ղեկավարները բաց տեքստով հայտարարում են, որ որպես քաղաքական պայքարի մեթոդ կրկին որդեգրում են ահաբեկչությունը, և ինքնադատաստան են հայտարարում այն անձանց նկատմամբ, որ ունեն իրենց հայացքներից տարբերվող հայացքներ, կամ իրենց դավանած արժեքներին չհամապատասխանող արժեքներ»։ Օրերս ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը հայտարարություն էր տարածել՝ մեղադրելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ կողմնակիցներին իրեն ծեծելու մեջ։ «Ստիպված եմ ինքնադատաստան տեսնելու՝ սեփական անվտանգությունս ապահովելու համար», - հայտարարել էր Հարությունյանը։


Ակտիվիստի այս հայտարարությունից հետո Ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել և բերման ենթարկել մի քաղաքացու, ինչին ի պատասխան ՀՅԴ կուսակցության մի շարք անդամները մեկը մյուսի հետևից ներկայացել էին ոստիկանության Կենտրոնի բաժին ու ցուցմունք տվել, թե իբր իրենք ենք ծեծել ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանին։
Արդեն այսօր տարածած հայտարարությունում, ՀԱԿ֊ը, կարծիք հայտնելով, որ Վարդան Հարությունյանի նկատմամբ կիրառված առաջին բռնությանը իրավապահների պատշաճ արձագանքի բացակայությունը հանգեցրեց բռնության կրկնությանը, հույս է հայտնել, որ «այժմ իրավապահ մարմինները կցուցաբերեն անհրաժեշտ հետևողականություն, ամբողջությամբ կբացահայտեն կատարված հանցագործությունը և պատասխանատվության կենթարկեն թե այն կատարողներին, թե պատվիրատուներին»։

«Հայաստանի պետական և հանրային կյանքի բոլոր բնագավառներում պետք է բացառվեն ահաբեկչությունն ու բռնությունը։ Դրանց հետագա ծավալումը կանխելու համար, իշխանությունները պետք է շտապ և վճռական քայլերով արմատախիլ անեն այդ երևույթը», - ասված է ՀԱԿ-ի հայտարարությունում:

Դիտվել է՝ 248

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao