Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչ կարելի է քաղել ներկայից

Ինչ կարելի է քաղել ներկայից
06.04.2018 | 06:49

Ո՞վ կարող է լինել մեր երկրի հաջորդ վարչապետը: Իսկ ովքե՞ր կարող են հավակնել վարչապետի պաշտոնին: Եվ ո՞վ կարող է արժանանալ դրան:
Հավակնորդների ֆորմալ ցուցակը կարող է ընդգրկել գործող վարչապետին, խորհրդարանական ընդդիմության թեկնածուին, ՀՀԿ-ի թեկնածուին: Բայց դա՝ ֆորմալ առումով: Ըստ էության գործող վարչապետն էլ, լինելով հանրապետական, պետք է որ ներկայացվեր այդ կուսակցության կողմից: Բայց այդպիսի բան տեղի ունենալ չի կարող, և այդպես մտածելու համար բավարար հիմքեր կան: Եթե հպանցիկ թվարկենք, ապա դրանք այն քայլերն են, որոնք շախմատային հաջորդականությամբ իրականացվեցին մեր երկրում, փոխելով կառավարման կարգը՝ հանրաքվե, օրենսդրական մի շարք փոփոխություններ, նախագահի նոր ինստիտուտի ստեղծում և այլն: Այդ փոփոխությունները, բնականաբար, իրենց բացասական ազդեցություններն ունենալու են երկրի կառավարման առանց այդ էլ թույլ համակարգի վրա, վնասելու են պաշտպանական համակարգի ճկունությունը, խառնաշփոթ են ստեղծելու արտաքին հարաբերությունների կառուցման ճանապարհին: Բայց դրանք կատարվել են, և իհարկե, ոչ հանուն ՀՀԿ-ի մեկ այլ թեկնածուի, այլ համար մեկ թեկնածուի: Իսկ վարչապետական պաշտոնից հրաժարվելու մասին նրա տված խոստումը պետք է հասկանալ որպես մտածված տակտիկական քայլ, որը թույլ չտվեց ընդդիմությանը համախմբվել իշխանությունից նրան հեռացնելու գաղափարի շուրջ:


Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում մի քանի կառավարություններ են փոխվել: Այդ փոփոխությունները պայմանավորված չեն եղել նրանց տնտեսական ծրագրերի թուլությամբ կամ ձախողմամբ: Այդ փոփոխությունները սովորաբար կրել են նախընտրական բնույթ՝ նոր դեմք, նոր խոստումներ: Վարչապետներից և ոչ մեկը չի ունեցել պահանջված լիազորություն տնտեսության մեջ կատարելու այն աշխատանքները, որոնք կարող են սկիզբ դնել իրական բարեփոխումների: Նրանցից յուրաքանչյուրը գործել է ըստ իր գիտելիքների, պատկերացումների՝ իր դերի և տնտեսության մեջ իր անելիքների մասին: Տարբեր են եղել նաև նրանց մոտիվացիաները՝ պետական միջոցների հաշվին և իշխանական լծակների գործադրմամբ ամրապնդել սեփական կլանի դիրքերը, տիրել գործունեության որոշակի ոլորտների կամ ստեղծել իրենց համար այդպիսիք և այլն: Այս ամենի ուղղակի հետևանքը եղել է այն, որ բոլոր կառավարություններն իրենց բուն նպատակը համարել են բարձրագույն իշխանությանը ծառայելը: Արդյու՞նքը. այդ տարիների ընթացքում ոչ մի տնտեսական ձեռքբերում չունենք, որն այսօր կարող ենք առանձնացնել: Ավելին՝ մենք վկան ենք եղել տնտեսության և հանրային ծառայությունների ոլորտներում մենաշնորհների վերջնական ձևավորմանը, հարկային-մաքսային բիրտ վարչարարությամբ տնտեսական դաշտի անապատացմանը, բանկային, առողջապահական, սոցիալական ծառայությունների միջոցով ժողովրդի աննախադեպ ունեզրկմանը:


Այսքանից հետո Կարեն Կարապետյանն իր ցուցադրական կառավարմամբ միայն կարող է հավակնել առաջին փոխվարչապետի պաշտոնին: Նրա կառավարման մաներան, ըստ ամենայնի, դուր է եկել գործող նախագահին. նա ավելի լավ է ցուցադրում... Եվ այդպիսի պաշտոնյան հետագայում ավելի պահանջված է լինելու՝ կառավարության գործունեությունը լուսապսակով ներկայացնելու իր առաքելությամբ: Ընդհանուր առմամբ, վարչապետ-փոխվարչապետ ֆորմատը, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ է, իսկ Կարեն Կարապետյանը` փոխվարչապետ, գրեթե նույնությամբ կրկնում է նախագահ-վարչապետ մինչ այժմ գործող հարաբերությունների կառուցվածքը, հետևաբար նաև՝ հնարավորությունների և սպասելիքների կառուցվածքը:


Ինչ վերաբերում է ընդդիմության հնարավորություններին, ապա, ինչպես սովորաբար է կատարվում մեր ընդդիմության հետ, վճռական պահին այն պառակտվում է: Պառակտման պատճառն այս դեպքում ոչ թե հավակնությունների հակադրության մեջ է ընդդիմության իսկ ներսում, այլ հավակնությունների ոչ լիարժեք կշռադատվածության, մյուս կողմից, արտախորհրդարանական ընդդիմությունը նույնպես, մարտավարական ու գաղափարական ապահովման ոչ լիարժեքությամբ պայմանավորված, արդեն զրկված է հասարակական օժանդակության ռեսուրսից և այդ պակասը փորձում է լրացնել պայքարի ծայրահեղ միջոցների կոչերով: Ինչպես ցույց է տալիս վերջին տարիների փորձը, դրանք ապարդյուն ճանապարհներ են և հասարակության մեջ որևէ ոգևորություն չեն կարող առաջացնել, միայն կարող են խորացնել համոզմունքը վիճակի անելանելիության վերաբերյալ: Այսինքն, ընդդիմությունը ¥խորհրդարանական, թե արտախորհրդարանական¤ ոչ միայն իր թեկնածուին վարչապետ դարձնելու ճանապարհ չի կարող ցույց տալ ժողովրդին, այլև ինքը նույնպես չի տեսնում այդ ճանապարհը:


Հարցը, թե թեկնածուներից ով կարող է արժանանալ այդ պաշտոնին, հնչում է կիսով չափ դատարկ, որովհետև ընդդիմությունը թեկնածու, որպես այդպիսին, չունի էլ, անկախ հանգամանքից, թե այն ներկայացնողներից ով իրեն որտեղ է տեսնում:
Մյուս կեսով հարցը գտնում է իր պատասխանը, որովհետև, մեր իրական պահանջներից ու անհրաժեշտություններից զատ, Սերժ Սարգսյանը կարողացել է զրոյացնել բոլոր հնարավոր հավակնությունները, դրանք դուրս դնելով կոնկրետ քաղաքական պայքարի կոնտեքստից, և լիովին արժանացել է մինչև 2022 թ. երկիրը կառավարելու իրավունքին՝ այժմ արդեն որպես վարչապետ: Եվ ոչ ոքի չի զիջի այդ իրավունքը:
Այժմ, երբ ինքն է ստանձնելու այդ պաշտոնը, հնարավոր է ենթադրել, որ իր նախագահության ընթացքում գործած վարչապետների ձախողածը նա կարող է ուղղել, քանի որ լիազորությունների պակասի խնդիր չկա: Սկզբունքորեն հենց այդպես է, և այդ փաստը պետք է արձանագրել, հաշվի առնելով, որ դրանով ավելի են սղվում մանևրելու, կառավարման ձախողումներն այլ պատճառներով հիմնավորելու հնարավորությունները:


Դա կբերի կառավարման մեթոդների կոշտացման: Այս դեպքում արդեն առավել մեծ նշանակություն կստանան արտաքին գործոնները, որոնց դերը երկրի ու ազգի ճանապարհին կանգնած խնդիրների լուծման գործում կներկայացվեն արդեն այլ չափերով: Դրանք բոլորը՝ սահմանային լարվածությունից ու պատերազմի սպառնալիքից սկսած մինչև արտաքին շուկաներում այս ու այն ապրանքների գների բարձրացումները, վարպետորեն կօգտագործվեն ներկա վիճակի հիմնավորման և հետագայի ուրվագծման համար: Դրան զուգահեռ հասարակությանը կմատուցեն, որ երկրում աստիճանաբար, բայց հետևողականորեն հաստատվում է արդարության մթնոլորտը, որ իշխանություններն օրնիբուն քրտնաջան աշխատում են ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, երկրի անվտանգության ամրապնդման, արտագաղթի կրճատման և նման երազանքների իրականացման համար: Իսկ վարչապետական ժամկետի ավարտին այլ բան, եթե ոչ հնարովի ցուցանիշներով գովեստներն ու ձոները, լինել չի կարող: Ժողովրդին կերակրելու այլ եղանակ չի գտնվելու, քան երազանքների կատարման ողջ բեռը հաջորդ վարչապետական շրջան տեղափոխելը՝ ընթացիկը դարձնելով դրա համար ամուր հիմքեր գցելու շրջան:


Իհարկե, սա լավագույն հնարավորությունն է ստեղծում նոր ընդդիմության ձևավորման համար, չնայած ակնհայտ է, որ նոր ընդդիմության գործունեության համար նախանձելի պայմաններ լինել չեն կարող: Այն անընդհատ գտնվելու է երկու քարի արանքում՝ իշխանության և, այսպես ասած, հին ընդդիմության անբարյացակամ վերաբերմունքի տիրույթում: Նոր ընդդիմությունը, վարչապետական ողջ շրջանի ընթացքում ուղեկցելով Սերժ Սարգսյանի կառավարությանը, կարող է վերլուծել, գնահատել այդ կառավարության գործունեությունը և ներկայացնել այն այլընտրանքը, որը կարող է գոյանալ երկրում իշխանափոխության իրականացումից հետո: Այսինքն, ձևավորել օրակարգ և այդ օրակարգի իրականացման ճանապարհային քարտեզը (գոնե այսքանը, եթե խուսափենք մանրամասնությունների մեջ մտնելուց): Առանց օրակարգի հանրությանը հրապարակ հրավիրել չի կարելի՝ այն կարող է ձանձրացնել, կարող է հիասթափեցնել, կարող է ձախողել անգամ ամենաբարի նպատակներով իրականացված ձեռնարկը:
Ավելորդ չէ ընդգծել, որ նոր ընդդիմությունը հին ընդդիմության որևէ ներկայացուցչի խարիզմայի, ժողովրդականության կամ ընտրազանգվածի վրա հույս դնել չի կարող: Դա կնշանակի ձախողում:


Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3894

Մեկնաբանություններ