Yerevan Perspectives International Music Festival
 

Գրել է, հետո փոշմանել

Գրել է, հետո փոշմանել
31.05.2019 | 02:22

Մեկ տարի առաջ մարդիկ փողոց դուրս եկան, որպեսզի իրենց կյանքի որակը փոխեն, ավելի բարեկեցիկ ապրեն։ Սակայն դրա փոխարեն այսօր ունենք բողոքի տարբեր ակցիաներ, բռնկումների օջախներ Փաշինյանի «սովորեցրած» մեթոդով՝ փողոցներ ու մայրուղիներ փակելով։ Իսկ տնտեսական վիճակը շարունակում է ծանր մնալ։ Իզու՞ր էր իշխանափոխությունը՝ հարցրի «Իմ քայլը» խմբակցության անդամ ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԻՆ։

-Իհարկե ոչ։ Մարդիկ ստացել են խոսքի, բողոքելու ազատ իրավունք և դա անկաշկանդ իրացնում են։ Հիմա խնդիրները տասնապատիկ ավելի քիչ են, քան նախկինում։
-Դուք տասնապատիկ ավելի գո՞րծ եք արել, որ խնդիրները պակասել են։
-Մենք աշխատում ենք կյանքի որակը բարելավելու ուղղությամբ։ Կոնկրետ օրինակով խոսենք. բուքմեյքերական գրասենյակների աշխատողները բողոքում են, բայց մենք այդ նախագծով ոչ մի աշխատատեղ չենք փակում, ընդամենն ասում ենք՝ ապարատները, որոնք մինի կազինոներ են, գազալցակայաններից դուրս հանենք։ Այդ ապարատները ոչ մեկը չի աշխատեցնում, ըստ այդմ, ոչ մեկը աշխատանքից չի զրկվում։
-Բայց մարդիկ բողոքում են ու խոսում նաև աշխատանքից զրկվելու մասին։
-Ինձ համար անհասկանալի է։ Գուցե բողոքի ալիք լիներ, եթե առաջարկեինք բուքմեյքերական գրասենյակները փակել, բայց նման բան չկա։ Ավելին, մինչև 2020-ի վերջը կարող են անարգել գործել։
-Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ կառավարության ցանկացած բարեփոխում հանրային դժգոհություն է առաջացնում, քանի որ որոշակի խավեր հարվածի տակ են ընկնում։
-Գուցե խնդիր ունենք մարդկանց այդ ամենը բացատրելու հարցում, բայց եթե բարեփոխում ես անում, որոշակի մարդկանց դեմ է լինում, իսկ նրանք օգտվում են բողոքելու իրենց իրավունքից։ Եթե բարեփոխումը 99 տոկոսի շահերից է բխում, պետք է առաջնորդվել մեծամասնության ցանկությամբ՝ չխախտելով փոքրամասնության սահմանադրական իրավունքները։
-Ի դեպ, Դուք դատարանների արգելափակման օրը կոչ արեցիք դասադուլներ անել, չե՞ք կարծում, որ պատգամավորի կարգավիճակի շրջանակում չէր դա։
-Դա շահարկվեց, գրառումս ընդամենն ինձ ու իմ ուսանողներին է վերաբերել, քանի որ այդ օրը դասի էի։ Հասկանալով նաև, որ այդ գրառումս սխալ է ընկալվել, ասացի, որ նման բան չկա և հաջորդ օրը գնացել եմ դասի։ Դա վերաբերում էր նեղ խմբի։
-Գուցե Ձեր կոչը մի գրառմամբ կարողանաք շտկել, բայց երբ հանրապետության վարչապետն է արգելափակելով խնդիրներ ցանկանում լուծել, դա նորմա՞լ է։
-Չէի ցանկանա վարչապետի հայտարարություններն ու գործողությունները մեկնաբանել։ Ես իմ մասով կարող եմ միայն ասել, որ գրածիցս ընդամենը մեկ ժամ հետո մեկ այլ լրացուցիչ պարզաբանում եմ ներկայացրել։


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao