Amadinda
 

Մենք, իրավ, մշակույթի նախարարության կարիք չունենք

Մենք, իրավ, մշակույթի նախարարության կարիք չունենք
04.06.2019 | 02:47

Կրթության և գիտության նախարարությունն իր մեջ է ներառել նաև մշակույթն ու սպորտը: Մեկ սուպերնախարար կա, որ բոլոր ոլորտներից գլուխ է հանելու, հանդիպումներ ունենալու, բյուջե ղեկավարելու ու միմյանցից տարբեր ճյուղերը համեմելու ամենակարող համեմունքով՝ «դուխով», իսկ կառավարումից, ոնց էլ լինի, գլուխ կհանի՝ եթե ոչ այսօր, ապա վաղը, մյուս օրը կամ մի գեղեցիկ օր: «Այբ»-ում «հայտնաբերված» աղաղակող չարաշահումների մասին հայտարարությունը մեկ տարուց ավելի կարոտ է ապացուցման, այնպես որ սպորտի ու մշակույթի խառնածին օպտիմալացման արդյունքին կսպասենք որքան հարկն է:

Դեռ 2018-ին էր հայտնի, որ նախարարությունների թիվը կրճատվելու է, ու հենց այդ ժամանակ մշակութային գործիչները, մեկը մյուսին հերթ չտալով, հարցազրույցներ էին տալիս, ազատ տեսախցիկ փնտրում, որ խոսեն, արտահայտվեն, դժգոհություն հայտնեն, թե ինչպես կարելի է, որ մշակութային լուրջ ժառանգություն ունեցող երկիրը մշակույթի նախարարություն չունենա: Բայց բավական էր վարչապետի մեկ դիտարկում՝ «եթե մշակույթի նախարարության աշխատակիցները մի քանի ամիս շարունակ գործադուլ անեն, միևնույնն է, մշակութային կյանքում ինչ-որ բան տեղի չի ունենա», ու մտավորականները «հանգիստ նստեցին տեղները»: Երևի այդպես նստած էլ կմնան այնքան ժամանակ, մինչև բազմեն վաղուց երազած աթոռին: Անհնար է մոռանալ նախորդ իշխանությունների բարձր էշելոնի ներկայացուցիչներից առանձնապես շոշափելի չափերով գումարներ ստացած արտիստներից մեկի հիացմունքի խոսքը նոր-նոր վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանի մասին, երբ Օպերայի թատրոնում մշակութային գործիչների հետ հանդիպման եկած վարչապետին, ասաց. «Հիմա սա երա՞զ է, թե՞ իրականություն»: Շատ կուզեի, որ երազ լիներ, որովհետև այդ օրը մտավորականի կերպարը հիմնովին փշրվեց իմ ներսում: Պալատական երգիչներ եղել են ու լինելու են միշտ, բայց դրան հակակշռող մտավորականություն է անհրաժեշտ երկրին, որ հասարակության միտքն արթուն պահի: ՈՒ՞ր են Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանի «թասիբին կանգնած» թատրոնների գեղարվեստական ղեկավարներն ու տնօրենները, որ ի պաշտպանություն աշխարհահռչակ մաեստրոյի ստորագրահավաք էին սկսել այն մարդու դեմ, որն այսօր դարձել է Օպերայի թատրոնի կառավարման խորհրդի նախագահ: Գուցե խիստ մտերմիկ զրու՞յց են ունեցել «դուխով» մարդկանց հետ ու արժանապատիվ հպարտությամբ հետ կանգնել ստորագրությունից: Անկեղծ ասած, ուրախ եմ, որ նախարարությունը, որպես այդպիսին, չի լինելու. ոչ այն պատճառով, որ մշակութային ժառանգության պահպանությունն ու հանրահռչակումն իդեալական վիճակում են, այլ որովհետև առավել փոքր բյուջե ունենալու պատճառով ժամանակավրեպ ներկայացումները բեմ չեն բարձրանա, անընդհատ նույն հեղինակների գրքերը չեն տպագրվի, ստեղծագործական միություններն ինքնաֆինանսավորվելու մասին կսկսեն մտածել, անհետաքրքիր, նույնաբովանդակ միջոցառումների ժամանակ ուղեղ չեն սղոցի և այլն: Իհարկե, սա ընդամենն իմ ցանկությունն ու ենթադրությունն է, ու բնավ չեմ բացառում, որ փոքր բյուջեով անգամ կարող են շարունակվել հին ու բարի ավանդույթները:

Բացի այդ, ովքե՞ր են մեր դարավոր մշակույթի պահպանողներն ու հանրահռչակողները, ո՞վ է այսօրվա մտավորականը, արվեստագետը, որ Հայաստանին ու հային վերաբերող ժառանգությունը ոչ միայն պահպանելուն է ընդունակ, այլև աշխարհով մեկ տարածելուն: Վարչապետին ձոն նվիրողը, նրա սիրելին դառնալու համար երգեր ու բանաստեղծություններ գրողը բարոյական իրավունք չունի խոսելու մշակույթից, որքան էլ այն «իր մեջ լինի»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 477

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao