Amadinda
 

Ինչու՞ ես ոտք ու ձեռք ընկել

Ինչու՞ ես ոտք ու ձեռք ընկել
07.06.2019 | 00:23

«Այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին»։ Հայտնի խոսք է, որը հայկական իրականությունում լրիվ այլ կերպ է ընկալվում։ Ինչու՞ այն, ինչ կարելի է եզին, թույլատրվում է Զևսին։ Նիկոլ Փաշինյանի` օրերս արած հայտարարությունները հերթական անգամ հարցեր են առաջացնում. ե՞րբ է նա հասկանալու, որ իր խոսքը պետք է սահման ունենա, որից այն կողմ արդեն այլ բան է ստացվում։ Կա բարձրագույն իշխանության ղեկավարի ասելիքի պատասխանատվության չափ, նա չի կարող իրեն թույլ տալ խոսել ինչպես շարքային լրագրող։ Բայց Փաշինյանը համառորեն հավատարիմ է մնում իր մասնագիտությանը՝ փորձելով խոսքին անընդհատ սրություն ու ինտրիգ հաղորդել։ Փաշինյանի ասելիքը վաղուց ոչ միայն անպատասխանատու է դարձել, այլև աստիճանաբար վտանգավորության սահմանն է հատում։ Առանց անուններ հնչեցնելու Արցախի ղեկավարին համարեց դավադիր, որը, ըստ նրա տրամաբանության, պատրաստ է հողեր հանձնելու և դա «բարդելու» Հայաստանի իշխանությունների վրա։ Սա այն պարագան է, որ շա՜տ ես ուզում մտնել Նիկոլ Փաշինյանի «կաշվի» մեջ ու հասկանալ, թե ինչպես է Արցախի ղեկավարը ցանկանում իր սեփական հայրենիքը հանձնել հակառակորդին, որպեսզի Նիկոլ Փաշինյանի պես «հայրենատենչ» մեկին անհարմար վիճակի մեջ դնի։ Իսկ ի՞նչն էր խանգարում Բակո Սահակյանին 5 կամ 7 տարի առաջ այդպես վարվել, ո՞վ էր նրա ձեռքը բռնել։ Հիմա եկել է Նիկոլ Փաշինյանի դեմքով մեկը և մտադրվել է պաշտպանել Արցախը։ ՈՒ՞մից, արցախցիների՞ց։


Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին ե՞րբ են տրամաբանությունը, սթափ դատելու կարողությունն այցելելու։ Պատասխանատու ղեկավարի սպասելով աչքներս ջուր կտրեց։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ կանի ընդհանրապես Արցախից չխոսի, գոնե եղած խնդիրներին նորերը չեն գումարվի։ Լավ կանի ՏԻՄ ընտրությունների ժամանակ այս ու այն գյուղ, քաղաք գնա, քայլերթեր անի, քյաբաբ, խորոված ուտի, թան խմի`«դնջանա»։ Նրան դա հիանալի է հաջողվում։


Նաև վարչական ռեսուրսները գործի դնի, իր թեկնածուի համար բացահայտ քարոզ անի ու միևնույն ժամանակ հայտարարի. «Ժողովուրդն է որոշում՝ ով լինի քաղաքապետ, գյուղապետ ու վարչապետ»։ Է՜, թողնու՞մ ես, որ որոշի։ Եթե ժողովուրդն է որոշում, ինչու՞ ես նախարարներ ու մարզպետ հետևիցդ գցած փողոցները չափչփում։ Հազար ու մի հոգս ունեցող երկրի վարչապետը «քիթ սրբելու» ժամանակ չպետք է ունենար, որ քայլերթեր, քարոզներ աներ։ Եթե ժողովուրդն է ընտրելու, էլ ու՞ր ես ոտք ու ձեռք ընկել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 726

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao