Մ6 միջպետական մայրուղու շինարարությունը գրեթե դադարեցված է

Մ6 միջպետական մայրուղու շինարարությունը գրեթե դադարեցված է
07.06.2019 | 01:05

Մեկ ամսից ավելի Մ6 միջպետական ավտոճանապարհի Ալավերդի-Բագրատաշեն հատվածի շինարարությունն անհասկանալի կերպով խիստ դանդաղել է, կարելի է ասել, կանգ է առել: Ալավերդցիները շինարարական ընկերության պատճառած վնասների մասին բարձրաձայնում էին դեռ ամիսներ առաջ: Քաղաքի բանուկ հատվածի ավտոճանապարհի բարեկարգ մասը շինարարություն իրականացող ընկերությունը քանդել էր: Ալավերդու և հարակից համայնքների բնակիչները դժգոհում էին, որ քարուքանդ ճանապարհներին մեքենաները «հալից ընկնում են»: Խնդիրը, սակայն, մինչ այսօր չի լուծվել, ավելին, Երևան-Թբիլիսի պետական նշանակության մայրուղու ժայռապայթեցման, հողահարթեցման, լայնացման, ասֆալտապատման ու այլ բնույթի աշխատանքները դադարեցված են: Տևական բողոքներից հետո այն ժամանակ կապի և տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանն Ալավերդի էր այցելել ու խոսել վերջնագրերով. «Եթե անձրևը վաղը կտրվի, վաղն ենք վերսկսում աշխատանքը, մյուս օրը կտրվի՝ մյուս օրը, իսկ շինարարությունը շարունակվել է Ալավերդիից»:


«Անձրևը կտրվեց, բայց շինարարության վերսկսելն այն եղավ, որ շինհրապարակներից անհետացան գրեթե բոլոր մեխանիզմները, աշխատանքները կանգ առան, հեռացվեց աշխատող ծանր տեխնիկան: Հիմա ահեղ լռություն է Մ6 մայրուղում: Միայն հատուկենտ էքսկավատորներ են երևում ճանապարհի տարբեր մասերում: Թե ինչ են անում, չգիտենք,- ասաց «Իրատեսի զրուցակիցը։- Գոնե չգար, նման հայտարարություն չաներ, լավ էր, վատ էր, քանդում էին, հիմա դա էլ չեն անում: Հանգիստ նստել են տեղները»:


Մեր ունեցած տեղեկություններով՝ շինարարություն իրականացնող ընկերության ու նախարարության միջև որոշակի անհամաձայնություններ կան: Նախագծով մայրուղուն կից որոշ կամուրջների վերակառուցում նախատեսված չէ, այնինչ դրանց ամրացումն ու բարեկարգումն անհրաժեշտություն է: Նախատեսված չէ նաև ճանապարհի որոշ հատվածների տակով անցնող խողովակների ու հաղորդակցային այլ ցանցերի փոխարինումը, ինչը նույնպես վեճի առարկա է դառնում:


«Ենթադրում ենք, որ նախարարությունը նոր ընկերություն է ցանկանում ներգրավել, բայց արդյոք հնարավո՞ր է արդեն իսկ ստորագրված պայմանագիրը լուծարել: Երկարացվել է նաև մայրուղին շահագործման հանձնելու ժամկետը՝ 2019-ի տարեվերջը դարձել է 2020-ի տարեվերջ: Իսկ թե այդ ընթացքում ինչ անհարմարություններ կկրեն Լոռիով երթևեկող վարորդները, աստված գիտի»,- դժգոհեց մեր զրուցակիցը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 471

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao