Yerevan Perspectives International Music Festival
 

Թողնում ենք, բայց չեք սովորում

Թողնում ենք, բայց չեք սովորում
11.06.2019 | 00:49

Աբովյանի քաղաքապետի ընտրությունից հետո այն տպավորությունն է, թե իշխանության վերին էշելոններում մարդիկ են վատացել: Վարչապետն ասում է՝ Աբովյանում հաղթել է հեղափոխությունը, Կոտայքի՝ վարչապետին շատ սիրող, հարգող մարզպետն ասում է՝ Աբովյանում պարտվել է քաղաքացին: Անհասկանալի քաոս է սոցիալական ցանցերում, իշխանության ներկայացուցիչները, նրանց համակրողներն ու անգամ լրագրողները վերլուծում են ընտրությունը, դրա ընթացքը, մութ սենյակում կատուներ որսում ու հպարտորեն արձանագրում` սա ժողովրդավարության հաղթանակն է: Իսկ իրականում և շատ ավելի հստակ ձևակերպումով` սա ԲՀԿ-ական թեկնածուի հաղթանակն ու իմքայլականի պարտությունն է: Նմանատիպ քննարկումները, իհարկե, անսպասելի չէին, սպասելի էր նաև, որ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները, օրենք գրելու փոխարեն, ֆեսյբուքյան ստատուսներ կգրեն. ամեն ինչից զատ նրանք դա իրենց «սուրբ» պարտականությունն են համարում:


Այս ամենը մի կողմ թողնելով` ինձ հետևյալ հարցն է հուզում` մինչև ե՞րբ են մեր «պահած» պետական չինովնիկներն աշխատավարձ ստանալու ոչ թե բուն գործի, այլ «ստատուս» գրելու համար: Վերջերս պաշտոնյաներից մեկը հարցազրույցի ընթացքում խոստովանեց, որ ես հարցին իրենից լավ եմ տիրապետում, հետևաբար, լավ կլինի` ինքս էլ ձևակերպեմ խնդիրը: Ես, իհարկե, լրջորեն են վերաբերվում իմ գործին, թեման ու խնդիրն ուսումնասիրում եմ բոլոր կողմերից, բայց ինչո՞վ են զբաղված նորօրյա կառավարիչները: Facebook-ում երկու տող պակաս կարող են գրել, երկու մեկնաբանության քիչ պատասխանել, հակահեղափոխական ու հեղափոխական ուժերի մասին քիչ հիշատակել, լրատվամիջոցներին չպիտակավորել, փոխարենը հարցերին ծանոթանալ ըստ էության ու սովորել չիմացածը: Քանի կար, ասում էին` թողեք սովորենք, ինչի հետ հասարակությունը համակերպվեց ու մեծահոգաբար ժամանակ տվեց: Բայց ի՞նչ են անում նրանք, սովորու՞մ են: Խստագույնս կասկածում եմ նրանց «ուսումնատենչության վրա», գոնե հարցազրույցներից ու ելույթներից դա չի զգացվում: Մյուս կողմից, իմքայլականները հաշվի չեն նստում այն իրողության հետ, որ կյանքը միայն Facebook-ը չէ, դրանից դուրս մարդիկ կան, ապրում են, մտորում են, քննադատում են, ջղայնանում և ուրախանում են: Ի դեպ, երեկ սոցիալական ցանցերում աննխադեպ ակտիվություն դրսևորող իշխանական պատգամավորի հրավիրած մամուլի ասուլիսին լրագրող չէր գնացել:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1142

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao