«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               

Գերմանիայի հետախուզական ծառայությունը խոսում է կորոնավիրուսի շուրջ տեղեկատվական պատերազմի մասին

Գերմանիայի հետախուզական ծառայությունը խոսում է կորոնավիրուսի շուրջ տեղեկատվական պատերազմի մասին
11.05.2020 | 08:34

Չինաստանն ու ԱՄՆ-ը վիճում են հարուցիչի ծագման մասին: Գերմանիայի հետախուզական ծառայությունը (BND) ներկայացրել է իր եզրակացությունները՝ իրո՞ք վիրուսը ատեղծվել է լաբորատորիայում՝ գրում է Handelsblatt-ը:


Ամերիկացիների մեղադրանքի համաձայն՝ կորոնավիրուսը «փախել է» չինական լաբորատորիայից: Չինացիները հերքում են, նույնիսկ վիճարկում են, որ հարուցիչը հայտնվել է Չինաստանում: Վերջերս Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հաստատում էր, որ վիրուսը երկիր է բերել ԱՄՆ-ի բանակը: Բեռլինում BND-ն այս շաբաթ պատգամավորներին տեղեկացրել է իր եզրակացությունների մասին: BND-ն խոսում է Վաշինգտոնի ու Պեկինի «տեղեկատվական պատերազմի» մասին: Պնդման ապացույց, որ վիրուսը ստեղծվել է լաբորատորիայում, չկա: Հետազոտողներն առավել հավանական են համարում, որ վիրուսը մարդուն է փոխանցվել չղջիկից վայրի կենդանիների շուկայում: Բայց դա էլ դեռ տեսություն է: Բունդեստագում СвДП կուսակցությունը ցանկանում է հանձնաժողով ստեղծել: Նրանց կարծիքով՝ դաշնային կառավարությունը պետք է կոչ անի ստեղծելու միջազգային աշխատանքային խումբ՝ հետաքննելու SARS-CoV-2-ի ծագումն ու տարածումը Չինաստանում՝ իբրև պանդեմիայի ելակետում՝ նշվում է խմբակցության հայտարարության մեջ, որ ընդունվելու է այս շաբաթ: Աշխատանքային խմբում պետք է լինեն անկախ փորձագետներ և խումբը պետք է ունենա նշանակալից իրավասություններ: «Հետաքննության մեջ շահագրգռված է ամբողջ աշխարհը»՝ գտնում է ԱԳ նախարար Հեյկո Մաասը, բայց դրանով պետք է զբաղվի գիտությունը, ոչ թե քաղաքականությունը: Ֆրանսիան նույնպես միանշանակ դիրքոոշում չունի: Թեպետ նախագահ Էմանուել Մակրոնն ասում է, որ կան հարցեր, որոնց կարող է պատասխանել միայն Պեկինը, Փարիզն ուզում է խուսափել Պեկինի հետ առճակատումից՝ Չինաստանից բուժապրանքների մատակարարումներից կախվածության պատճառով: Գերմանիայի կառավարության խմբակցություններում հանձնաժողով ստեղծելու առաջարկը հավանություն է գտել: «Չինաստանի վարքագիծը չի կարելի վստահություն ներշնչող անվանել,- ասել է Բունդեստագի արտաքին քաղաքականության հանաձնաժողովի նախագահ Նորբերտ Ռետգենը:-Պանդեմիայի դեմ պայքարի սուր փուլից հետո միջազգային հանրությունը պետք է պնդի վիրուսի ծագման ու տարածման անկախ հետաքննության վրա»: ՔԴՄ պատգամավոր Յուրգեն Հարդտը, որ զբաղվոմ է արտաքին քաղաքականության հարցերով, նույնպես աջակցություն է հայտնել «անկախ ու թափանցիկ միջազգային հետաքննությանը, գուցե ԱՀԿ-ի ղեկավարությամբ»: Հինգշաբթի Չինաստանը բարյացկամ ընդունեց, որ ԱՀԿ-ն կուսումնասիրի վիրուսի ծագումը: Սակայն անկախ հետաքննությանը Պեկինը դեռ համաձայնություն չի տվել: Որքան նուրբ է այս թեման, ցույց է տալիս Պեկինում եվրոպական երկրների դեսպանների համատեղ հոդվածի վերաբերյալ վեճը Չինաստանի ու Եվրոպայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 45-ամյակի շուրջ: Handelsblatt-ը տեղեկացել է, որ Չինաստանի ԱԳՆ նախարարությունը գրաքննության է ենթարկել հադվածի մի մասը՝ նշումը, որ կորոնավիրուսը հայտնվել է Չինաստանում ու 3 ամսում տարածվել ամբողջ աշխարհում, հանվել է:
Մորից Կոխ, Թոմաս Հանկե, Մաթիաս Պիր, Դանա Հայդե, Handelsblatt


Հ.Գ. ԱՄՆ Իլինոյս նահանգի Հյուսիս-Արևմտյան համալսարանի գիտնականները հայտնաբերել են էական հարաբերակցական կապ կորոնավիրուսից բարձր մահացության և վիտամին D-ի պակասի միջև։ Մի քանի աշխարհամասերի հիվանդանոցների վիճակագրության վրա հիմնված վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ COVID-19-ին ավելի շատ բախված երկրների, օրինակ, Իտալիայից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից պացիենտների մոտ վիտամին D-ի պարունակությունը ցածր է այլ երկրներից պացիենտների համեմատ։
Նման եզրակացության ավելի վաղ հանգել են նաև Եղիսաբեթ թագուհու հիվանդանոցի հիմնադրամի և Արևելյան Անգլիայի համալսարանի գիտնականները։ Նրանց դիտարկումները հիմնված էին եվրոպական 20 երկրների բնակիչների արյան մեջ վիտամին D-ի միջին պարունակության համադրության վրա։ Հյուսիս-Արևմտյան համալսարանի գիտնական խմբի ղեկավար, կենսաբժշկական ճարտարագիտության պրոֆեսոր Վադիմ Բեքմանի խոսքով, Իտալիայի հյուսիսը բժշկության որակի առաջատարներից է, սակայն այնտեղ կորոնավիրուսից մահացության մակարդակն ավելի բարձր է, քան այլ տարածաշրջաններում և երկրներում։ Հետազոտողները ենթադրում են, որ բորբոքային գործընթացն արագանում է «ցիտոկինային մրրիկի»՝ գրգռիչին իմունային համակարգի հիպերարձագանքման պատճառով։


«Հենց անկանոն իմունային պատասխանն, այլ ոչ թե վիրուսի կողմից թոքերի վնասումն է, հավանական է, դեպքերի մեծամասնությունում առաջացնում կորոնավիրուսով պացիենտների մահը»,- գիտնականի խոսքերն է մեջբերում Medical Xpress պորտալը։ Հետազոտողները նշում են, որ վիտամին D-ն ոչ միայն ամրապնդում է իմունիտետը, այլև վերահսկում է, թույլ չտալով, որ դառնա հիպերակտիվ և օրգանիզմի համար վտանգավոր։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1956

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ