«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Բրազիլիան և Մեքսիկան վերջին օրերին կորոնավիրուսի հետևանքով մահվան ամենաբարձր ցուցանիշներն են գրանցում

Բրազիլիան և Մեքսիկան վերջին օրերին կորոնավիրուսի հետևանքով մահվան ամենաբարձր ցուցանիշներն են գրանցում
13.05.2020 | 14:51

Բրազիլիան և Մեքսիկան կորոնավիրուսի հետևանքով մահվան ամենաբարձր ցուցանիշներն են գրանցում վերջին օրերին, համավարակը սպառնում է սրվել ամբողջ Ամերիկա աշխարհամասում՝ գրում է The Guardian-ը: Մայիսի 12-ին Բրազիլիան տեղեկացրել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 881 դեպքի մասին, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 12 400-ի, և այս ցուցանիշով Բրազիլիան 6-րդն է աշխարհում` ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների: Վարակման դեպքերի թիվը Բրազիլիայում 177 589 է, այս ցուցանիշով երկիրը 7-րդն է աշխարհում: Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն միտումնավոր փորձում էր թեթևացնել կորոնավիրուսի հասցրած վնասի տեղեկությունները` նմանակելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և հայտարարելով, որ կորոնավիրուսի տարածման դեմ քայլերն ավելի շատ վնաս են հասցնում երկրին, քան հենց հիվանդությունը: Չնայած մահացության դեպքերի կտրուկ աճին՝ Բոլսոնարուն հայտարարել է, որ գեղեցկության սրահներն ու մարզասրահները կարող են դիտվել որպես «հիմնական ծառայություններ» և պետք է բացվեն: Արդեն մի քանի նահանգապետեր, որոնց հետ Բոլսոնարուն կոնֆլիկտի մեջ է մտել կանխարգելիչ քայլերի հարցով, հայտարարել են, որ չեն ընդունելու նախագահի հրամանը: «Բոլսոնարուն գնում է դեպի անդունդ և ուզում է մեզ բոլորիս իր հետ տանել»,-հայտարարել է Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Վիլսոն Վիցելը: Բոլսոնարուի վարկանիշն ամբողջ երկրում անկում է ապրել, նրա նկատմամբ հիասթափությունը ժողովրդի շրջանում հունվարի 47%-ի համեմատ այժմ 55% է կազմում:


Մեքսիկայում մայիսի 12-ին գրանցվել է վարակման 1997 և մահվան 353 դեպք: Սա վատագույն ցուցանիշն է Մեքսիկայում սկսած համաճարակի սկզբից: Մեկ օր առաջ գրանցվել էր մահվան դեպքերի համեմատաբար քիչ ցուցանիշ` 108 դեպք, ինչը թույլ էր տվել մտածել, որ Մեքսիկային հաջողվում է կանխել վիրուսի տարածումը: Մայիսի 12-ի թվերը կրկին հուսախաբ արեցին, վարակման դեպքերի թիվը հասավ 38 324-ի, իսկ մահվան դեպքերինը` 3926-ի:
Իրավիճակը Մեքսիկայում անհանգստություն է առաջացնում Վաշինգտոնում, որտեղ կարծում են, որ Մեքսիկայում իրավիճակի վատացմանը զուգահեռ այնտեղ ապրող և ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող երկքաղաքացիները կարող են տեղափոխվել հյուսիս` ԱՄՆ: ԱՄՆ կառավարության գնահատականներով՝ Մեքսիկայում ապրում է ԱՄՆ 1,5 միլիոն քաղաքացի, որոնցից շատերը թոշակառու են:

Դիտվել է՝ 606

Մեկնաբանություններ