Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնեց Հռոմ: Նա
հանդիպումներ կունենա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ և կմասնակցի Վատիկանում Տիեզերական Եկեղեցու վարդապետ, Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացմանը, որից հետո կլինի էկումենիկ արարողություն` Հռոմի պապի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի մասնակցությամբ:
Սերժ Սարգսյանի ապրիլի 4-6-ը կայանալիք այցի շրջանակներում հանդիպում է նախատեսվում Մալթայի Ինքնիշխան Մարտական ՈՒխտի Մեծ վարպետի տեղապահ Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոյի հետ:
Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի միջև կստորագրվի համագործակցության համաձայնագիր, որից հետո Սերժ Սարգսյանը և Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոն հանդես կգան հայտարարություններով:
Հռոմում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի, Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի և Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ: