Yerevan Perspectives
 

Հետնիկոլյան ժամանակաշրջան

Հետնիկոլյան ժամանակաշրջան
22.02.2019 | 02:40

Հայաստանյան իրականությունն այսօր եռաչափ է: Մի կողմից քանդվում է ամեն բան: Հերթը հասել է մայր կաճառին` ԵՊՀ-ին. Այստեղ են իրավահարաբերությունները բացապարզվում` եկեղեցուց, դպրոցից, բանակից, իրավական հարթությունից, ՊԵԿ-ից (բոլորը չես թվի) հետո:
Այս չափումում թացը` չորին, ավանդականը` ոչ ավանդականին, հոգևորը` հոգեզարկին, բարոյականը` անբարոյին այնքան են խառնված, որ ներքին եռքի այս գործընթացը երբեմն նույնիսկ բանականություն է քանդում։ Այնուհանդերձ, հենց այստեղ պետք է որոնել երկրորդ չափումը քվանտային այս ժամանակահատվածում, երբ փոփոխվում են անգամ երկրի հերցերը` խորքային դիմակայության անհրաժեշտություն առաջ բերելով: ՈՒ որքան էլ տարօրինակ թվա, այս ողջ քաոսն ու «մաքրումը» իր հետ նոր առաջադրանք է բերում նույն այդ ոլորտների դիմակայության համար, քաղաքագիտորեն ձևակերպած` հնարավորության դուռ է բացում:


Ահա և հասանք երրորդ չափմանը` ինչ է լինելու հետայսու: Քաղաքական շրջանակներում արդեն իսկ խոսում են հետնիկոլյան ժամանակաշրջանի մասին (տես` Արմեն Աշոտյանի վերջին «ոգորումները». ի դեպ, վերջինս միայնակ չէ իր «ոգորումներում»): Խնդիրն անհանգստացնում է բոլորին, հասկանալիորեն` նաև քաղաքական ուժերին: Բոլորն են տեսնում` քաոսի մեջ հայտնված իշխանությունը, իրականում` նրա մեկ դեմքը (մնացած ողջ թիմը «սպառողներ» են) ոչ մի կերպ չի կարողանում գլուխ հանել իրեն բաժին ընկած ժամանակահատվածից, վերահսկողության տակ պահել երկիրն ու «փոքր ածուն», և ինչպես նրա ու մեր սիրելի Հրանտ Մաթևոսյանը կասեր` «մեր վարքի ձին իր տակից փախչում-գնում է». վերջինս փորձում է աշխատեցնել իր հին ու մաշված միակ գործիքը` պոպուլիզմը, չխորշելով անգամ այդ խաղի հանգրվան սարքելուց Դսեղը, ուր միտինգի է քաշում Թումանյան ծնած, «դըժար» օրերին նրանով ապրող ու շարունակվող ժողովրդին:


Ընդ որում, այս ամենում ամենաահավորը Թումանյան երկնած, ներումի ընդերք ունեցող ժողովրդի ներքին տեսանումը չէ` «մեր արքան կարծես ահագին մերկ է», որքան «արքայի» «հաշվողականությունը». Փաշինյանը հաստատապես տեսնում ու զգում է` այս ժողովուրդն այլևս իրեն որպես հզոր «կախարդ» չի ընդունում, և «ձայն բարբառո հանապատի» է իր` «վեր կաց և քայլիր» հորդորակը. Էներգետիկ կապը իր և ժողովրդի միջև այլևս` չի՛ք:


ՈՒ սա ամենակարևոր արձանագրումն է հետհեղափոխական այս շրջանի: Իսկ թե իներցիան դեռ որքան հեռու կտանի օրվա իշխողին, կախված է արդեն նույն ժողովրդից, նաև մտածողների այն բանակից, որոնք, նախ, տեսնում էին, թե ինչ համակարգերի ու ինստիտուտների ջախջախմամբ գահին հասավ իշխողը, ու հիմա որքան մոտ է այն կորցնելու «հնարավորությանը». Իսկ նման կտրուկ անցումները նույնքան վտանգավոր են, որքան և «ջախջախումն» էր. նոր մտահոգության ու պատի առջև են ծնկած աղոթում:
Խնդիրը խորքով և հոգևոր կտրվածքով հասկացողները գիտեն` առջևում ավելի դժվար է լինելու, և եթե հանրությունը, էթնոսը, ժողովուրդը, մի խոսքով, Տեսակը իր ոտնատեղը չկորցնի, վաղ թե ուշ նոր «պահանջարկ» կձևավորվի, որը հեռու կլինի հեղափոխության հիվանդագին խաբկանքից և հնարավորինս անվտանգ կդարձնի հետնիկոլյան ժամանակահատվածը:


Ինչ վերաբերում է աշխարհում երկրորդ «պահանջված արհեստ» քաղաքականությանն ու քաղաքական ուժերին, ապա նրանք ևս, այո, անելիք ունեն, և պետք է որ կարողանան նոր հարթակներ ձևավորել հետնիկոլյան ժամանակահատվածն անցնցում, անցավ-անկորուստ դարձնելու համար: Եվ ինչ-ինչ քայլեր մասամբ կատարում են տարբեր ձևաչափերով:
Հուսալ, թե քաղաքականությունն ու քաղաքական ուժերը կկարողանան հաղթահարել այս գրեթե անհաղթահարելի թնջուկը, փոքր-ինչ ռոմանտիկ է: Եվ այն էլ` Հայաստանում: Եվ այն էլ` հետհեղափոխական Հայաստանում, ուր ոչ մի քաղաքական ուժ զբաղված չէ քաղաքական մոդելավորմամբ, և պայքարն ընթանում է այսրոպեական ու կոնյունկտուրային բալանսավորման առաջնահերթությամբ: Էլ չենք խոսում արտաքին խաղացողների ու կենտրոնների մասին, որոնք տարբեր զամբյուղներում տարբեր հավկիթներ են դնում` ցանցապատելով ողջ Հայաստանը հետնիկոլյան ժամանակահատվածի համար:
Բարդ իրավիճակ է ու գնալով ավելի է բարդանալու, որովհետև ամեն անցնող օրը, այս իշխանության և իշխողի դեպքում, անդառնալի է դարձնում կորուստների վերականգնման ընթացքը:
Այնուհանդերձ, իրավիճակի գիտակցումն արդեն իսկ բալասան է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1022

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao