Հայաստանը շուտով իր վրա կզգա խիստ բացասական հետևանքներ, եթե շարունակի կողմնորոշվել «Ամերիկայի կարծիքով»

Հայաստանը շուտով իր վրա կզգա խիստ բացասական հետևանքներ, եթե շարունակի կողմնորոշվել «Ամերիկայի կարծիքով»
01.03.2019 | 03:01

Գնահատելով ընթացիկ տարվա` պատմություն դարձած հունվարը, մենք որոշեցինք վերադառնալ իրանա-ամերիկյան հարաբերությունների սրման հարցի ակունքներին։ Այդ խնդիրն օրեցօր ավելի ուժեղ է հիշեցնում իր մասին, և Հայաստանը շուտով իր վրա կզգա խիստ բացասական հետևանքներ, եթե շարունակի կողմնորոշվել «Ամերիկայի կարծիքով»։ Հենց դեկտեմբերի վերջին և նոր տարվա առաջին օրերին գրանցվեցին Իրանի շուրջը կատարվող բոլոր իրադարձությունների նկատմամբ հետաքրքրության բռնկումները։ Քննարկենք որոշ իրադարձություններ ու հայտարարություններ քիչ թե շատ ժամանակագրական կարգով։ Հունվարի 4-ին Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին հայտարարեց. «Իրանի հասցեին ԱՄՆ-ի սպառնալիքներն արդյունավետ չեն, որովհետև այդ երկրի ռազմական հզորությունը և քաղաքական նպատակահարմարությունը նվազում են»։ Նա նշեց, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի դավադրությունները խափանվել են, ինչի շնորհիվ ամրապնդվել է տարածաշրջանի երկրների համագործակցությունը։ «Չնայած բոլոր թռիչքներին ու անկումներին և շարունակվող պատերազմներին, Իրանը տարածաշրջանի անվտանգ երկիր է»,- ամփոփեց Սալամին։


Մենք կավելացնենք. և, դատելով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հունվարի 10-ի հայտարարությունից, Իրանի տնտեսությունը ոչ թե պարզապես «շնչում է», այլ ուժեղ կերպով զարգանում է գերազանց հեռանկարներով։ Չէ՞ որ եթե տնտեսությունը չի զարգանում, մարդիկ խնայում են փողերը դժվար շրջանը հաղթահարելու համար։ Բայց Ռոհանին ընդգծեց, որ մոտ ժամանակներս Իրանը «երկու նոր արբանյակ դուրս կբերի ուղեծիր»։ Համաձայնենք, որ ճգնաժամային տնտեսությամբ երկիրը չէր կարող նոր քայլեր անել տիեզերքում։ Իսկապես, հետագայում հաղորդվել է, որ առաջին իրանական արբանյակը չի հաջողվել ուղեծիր դուրս բերել ինչ-որ տեխնիկական թերությունների պատճառով։ Բայց համաձայնենք, որ արբանյակներով տանող հրթիռի նույնիսկ անհաջող արձակումն այնուամենայնիվ տիեզերական հրթիռի արձակում է և գերծախսատար գործ։ Այնպես որ Իրանի տնտեսական վիճակն այնքան կայուն է, որ Թեհրանին թույլ է տալիս գումարներ ծախսել իր ազգային տիեզերական ծրագրի զարգացման նոր քայլերի վրա։ Իսկ երկրորդ արբանյակի արձակումն արդեն հաջող էր, ինչն ապացուցում է մեր գնահատականների իրավացիությունը։


Գեներալ Սալամիից հետո Թեհրանից հակաամերիկյան ու հակաեվրոպական հայտարարությունների հոսք սկսվեց։ Իրանի առաջին փոխնախագահ Էսհագ Ջահանգիրին ընդգծեց, որ ԱՄՆ-ը չի կարող երկար ժամանակով ճնշում գործադրել և պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ։ «ԱՄՆ-ը ստեղծեց «Ալ Քաիդան» և ԻՊ-ը, բայց Իրանը մարտի մեջ մտավ նրանց հետ, և Թրամփն ինքը հարկադրված խոստովանեց, որ 7 տրիլիոն դոլար են ծախսել տարածաշրջանում, բայց ոչինչ չեն ստացել»,- ասաց Ջահանգիրին։ Նա անդրադարձավ նաև Իրանի դեմ Վաշինգտոնի էմբարգոյին. «Դա կարճ կտևի, որովհետև պատժամիջոցները շատ աննպատակահարմար են և աջակցություն չունեն։ ԱՄՆ-ը ցանկանում է փակել Իրանի եկամտի հիմնական աղբյուրը, այսինքն նավթի վաճառքը, զրոյի հավասարեցնել վաճառքը, բայց, Աստծո օգնությամբ, անհաջողության մատնվեց»։

Հետաքրքիր փաստ. Ջահանգիրիի հայտարարություններն ըստ ժամանակի համընկան այն բանին, որ ԱՄՆ-ի Սենատում ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչները շրջափակեցին այն օրենսգիծը, որը նախատեսում է պատժամիջոցներ մտցնել Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի դեմ։ Դժվար է ենթադրել, որ ամերիկյան ժողովրդավարները հանկարծ դարձան Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի դաշնակիցները, բայց քաղաքական նկատառումները ժողովրդավարներին թելադրեցին, որ այդ երեք երկրի դեմ պատճամիջոցների հարցում Թրամփին ձեռքերի ազատություն չտան։
Այն բանից հետո, երբ հունվարի 8-ին Նիդերլանդների ԱԳՆ-ն հայտարարեց, որ ԵՄ-ի երկրները համաձայնել են սառեցնելու իրանական հետազոտական ստորաբաժանման ակտիվները Եվրոպայում ենթադրյալ պլանավորված հարձակումների կապակցությամբ, Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը գրեց «Թվիթերում», որ ամբողջ աշխարհին հիշեցնում է ահաբեկիչներին թաքցնելու համար ԵՄ-ի պատասխանատվության մասին։ Ըստ Զարիֆի, «եվրոպացիները, ներառյալ Դանիան, Հոլանդիան և Ֆրանսիան, թաքցնում են ՄԷՀ-ը» (նկատի ունենալով «Մոջահեդդին-է Հալք» կազմակերպությունը), որը տեղավորվել է Եվրոպայում ու պատասխանատվություն է կրում բազմաթիվ դաժան մահափորձերի համար, որոնցից իրանցի հազարավոր պաշտոնյաներ ու հասարակ մարդիկ են զոհվել 1979 թ. Իրանական հեղափոխության ժամանակներից սկսած։ Այդ խմբավորումը ոչ միայն Իրանում է ճանաչված որպես վտանգավոր ահաբեկչական կազմակերպություն, այլև մի շարք այլ երկրներում։ Երկար ժամանակ Արևմուտքն էլ էր ՄԷՀ-ի անդամներին համարում վտանգավոր ահաբեկիչներ, որովհետև նրանք չէին սահմանափակվում ահաբեկչական գործողություններով և իրանցիների սպանությամբ, այլ սպանում էին նաև եվրոպացիներին, ամերիկացիներին և այլն։ Բայց... Իսրայելի և ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի սիոնամետ շրջանակների «միջոցառումներից» հետո Արևմուտքի «միտքը պայծառացավ», և որոշ ժամանակ առաջ ՄԷՀ-ը հանվեց ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից։ Մեր կարծիքով, տվյալ դեպքում ճիշտ է պարոն Զարիֆը, ոչ թե Նիդերլանդների ԱԳՆ-ն կամ ԵՄ-ի կառույցները, որովհետև նրանք ԱՄՆ-ի և Իսրայելի թելադրանքով պատրաստ են իրենց տարածքում պահելու վտանգավոր ահաբեկիչներին միայն նրա համար, որ վերջիններս պատրաստ են դառնալու Արևմուտքի կամակատարները և մասնակցում են Իրանի դեմ դավադրություններին։


Դրանից հետո Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին հայտարարեց, որ ԵՄ-ի որոշման կապակցությամբ Իրանը պատասխան քայլեր կձեռնարկի։ Ինչպես հետո հաղորդել է IRNA-ն, Թեհրանի ոմն դիվանագիտական աղբյուր հայտնել է, որ, հաշվի առնելով եվրոպական երկրների կողմից ահաբեկչական հայտնի խմբավորումների պաշտպանությունը, Իրանը շուտով կվերանայի անվտանգության ոլորտում Եվրոպայի հետ իր համագործակցությունը։ «Ի պաշտպանություն Իրանի երկու քաղաքացու և հետախուզության ու անվտանգության նախարարության կառույցի դեմ պատժամիջոցներ մտցնելու ԵՄ-ի գործողության, երեկ 6 դեսպան և գործերի հավատարմատար դիմել են Իրանի ԱԳՆ` ԵՄ-ի դիրքորոշումը բացատրելու համար, բայց նրանց անընդունելի արտահայտությունների պատճառով հանդիպումը 10 րոպե հետո ավարտվեց»,- ասել է տվյալ դիվանագիտական աղբյուրը։ Այսինքն, կոպիտ ասած, Իրանի ԱԳՆ-ն դռնից դուրս է արել եվրոպացի դիվանագետներին` «դա ԱՄՆ-ի պատճառով է, հասկացեք և ներեցեք մեզ» տիպի իրենց «բացատրություններով»։ Անպայման ուզում ենք ավելացնել, որ եթե Իրանի մակարդակի երկիրը ԵՄ-ի անդամ երկրներին սպառնում է, որ կվերանայի համագործակցությունն անվտանգության ոլորտում, ապա դա ավելի քան լուրջ է։ Եվրոպացիները դա հիանալի գիտեն։ Ինչպես տեսնում ենք ԵՄ-ի դեպքում, պաշտոնական Թեհրանը չլսեց և չընդունեց «եվրոպական դիրքորոշման բացատրությունները»։ Եվ կարելի է համոզված լինել, որ եթե հակաիրանական քայլեր կատարեն ԱՊՀ անդամ երկրներ, ապա Իրանի արձագանքն ավելի կտրուկ կլինի, և որևէ բացատրություն չի օգնի, ասենք, Ղրղզստանին կամ Ադրբեջանին։ Իսկ նախկին ԽՍՀՄ-ի նախկին հանրապետությունների ներկայիս ամերիկամետ կառավարությունների հանդեպ Իրանի վերաբերմունքի մասին ընդհանրապես չենք խոսի։


Ինչի՞ կապակցությամբ են արված մեր վերջին վերապահումներն ԱՊՀ անդամ երկրների հաշվով։ Ավաղ, Հայաստանի խորհրդարանի նոր կազմի պատճառով։ Հակառակ այն բանի, ինչը երբեմն Երևանում պնդում են հայ-իրանական հարաբերությունների անխախտելիության մասին։ Հունվարի 16-ին խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն Իրանն անվանեց «ավտորիտար պետություն»։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտաքին քաղաքականությունը որոշակի չափով ներքինի շարունակությունն է, երկրում կատարված էական վերափոխումները պետք է արտացոլվեն նաև արտաքին քաղաքականության մեջ։ Այդ տեսանկյունից ես կարևոր եմ համարում Հայաստանի միջազգային ճիշտ ընկալման ապահովումը,- ասաց նա։- Նախկինում Հայաստանն ու Ադրբեջանը բազմաթիվ միջազգային կառույցներում ընկալվում էին նույն հարթության մեջ, որովհետև անցյալում երկու հանրապետությունների իշխող վարչակարգերը հեռու էին ժողովրդավարությունից, համապատասխանաբար, երկուսի նկատմամբ ձևավորվել էր որոշակի կարծրատիպ։ Այժմ Հայաստանում իրադրությունը կտրուկ փոխվել է, ուստի ժողովրդավարությունը պետք է դառնա Հայաստանի գլխավոր հաղթաթուղթը միջազգային ասպարեզում։ Եթե դիտարկենք մեր աշխարհաքաղաքական դիրքը, ապա այն կարող է շատ լավ աշխատել։ Մենք շրջապատած ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար Ադրբեջանով, ըստ էության, ավտորիտար Իրանով, և մեր հարևաններից միայն Վրաստանն է ընթանում ժողովրդական ուղիով»։


Քանի որ ներկա պատգամավորներից ոչ ոք նրան չկանգնեցրեց և չպահանջեց ուղղվել, վարչապետի զինակիցը շարունակեց զարմացնել հայ հասարակությանն ու աշխարհը։ Ավտորիտար երկրներով շրջապատված Հայաստանը, ըստ նրա, որպես իր հաղթաթուղթ ներկայացնելով ժողովրդավարական արժեքների զարգացումը, կընկալվի որպես առաջավոր ժողովրդավարության երկիր, ինչը դրականորեն կանդրադառնա երկրի դիրքերի վրա։ «Օրինակ, Իսրայելը դիտարկվում է որպես տարածաշրջանի միակ ժողովրդավար երկիր, և շատ հաճախ դրա հետ են կապված լինում նրա հաջողությունները միջազգային ասպարեզում»,- հայտարարեց նա։ Կոնջորյանն ընդգծեց, որ ծայրահեղ կարևոր է, որ «Հայաստանն Արևմուտքի հետ խոսի նրա լեզվով, և այդ լեզուն ժողովրդավարությունն է»։ Ահա այսպես. Իսրայելն է Հայաստանի համար օրինակ, իսկ Իրանը... ոչինչ էլ չէ։ Նշենք, որ պատգամավորն ավելի ուշ լրագրողներին ասաց, որ Իրանը չի համարում ավտորիտար պետություն, պարզապես սխալ է արտահայտվել, բայց ներողություն չխնդրեց։ Նաև ընդգծեց, որ իր արտահայտած մտքերն իր անձնական տեսակետն են, որը չի արտացոլում խորհրդարանում իր ներկայացրած իշխանական կուսակցության դիրքորոշումը։ Բայց պատգամավորն ակնհայտորեն ստում է. ով հիշում է նախկին, նույնպես փաշինյանական, «Ելք» դաշինքի ծրագիրը, իսկույն կհասկանա, որ պատգամավոր Կոնջորյանը հունվարի 16-ին ստում էր. դա հենց իշխանության դիրքորոշումն է։ Խորհրդարանում «Իմ քայլը» դաշինքի ամերիկամետ կամ իսրայելամետ գործիչները բոլորովին անտեսում և լռության են մատնում այն, որ Իրանը տարածաշրջանի այն քիչ երկրներից է, որտեղ իշխանափոխությունը կատարվել է սովորական հերթական ընտրության միջոցով, առանց «թավշե հեղափոխության» և արյունահեղության, երբ «պահպանողականները», Մահմուդ Ահամադինեժադի նախագահության բոլոր ժամկետներից հետո, հաշվի առնելով քվեարկության արդյունքները, իշխանությունը հանձնեցին ներկայիս նախագահ Հասան Ռոհանիին։ Խորհրդարանի «Իմ քայլը» դաշինքի ամերիկամետ կամ իսրայելամետ գործիչները բոլորովին անտեսում և լռության են մատնում նաև այն, որ Իրանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ հայ համայնքն ունի երաշխավորված տեղեր ԻԻՀ խորհրդարանում, ինչն ամրագրված է Իրանի Սահմանադրության մեջ, ավելին, օժտված է իրանական խորհրդարանում Իրանի ողջ քրիստոնեական համայնքը ներկայացնելու իրավունքով։


Նման թվարկումները կարելի է շարունակել, բայց ինչի՞ համար։ Հայաստանում այժմ իշխում են այնպիսի մարդիկ, որոնք կողմնորոշված են դեպի ԱՄՆ-ը և Իսրայելը. ահա և այդ թևի պարզունակ պատգամավորներից մեկը դրսևորեց այդ հակումները։ ՈՒղղակի պարզ է, որ Հայաստանի իշխանության օրենսդիր մարմնում նման հրապարակային հայտարարություններից հետո պաշտոնական Երևանի համար գերդժվար է լինելու հետագայում շաղակրատելն այն մասին, որ, ինչպես 2018-ի դեկտեմբերի 1-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էր անձամբ Փաշինյանը, «հայ-իրանական հարաբերություններում կնճիռներ չկան»։ Մոռացկոտությամբ տառապողների համար մեջբերենք նաև վարչապետ Փաշինյանի ասածներն այդ հարցով. «Հայաստանի և ԻԻՀ-ի հարաբերությունները միշտ, ասենք նաև այսօր, եղել են բարձր մակարդակի վրա։ Եվ մենք ամեն ինչ պետք է անենք, որ նրանք շարունակեն մնալ բարձր մակարդակի վրա։ Հայաստանի և Իրանի հարաբերություններում, բարեբախտաբար, կնճիռներ չկան, բայց պետք է նաև հասկանալ, որ քիչ չեն այն ուժերը, որոնք ուղղակի ստեղծում են դրանք։ ՈՒզում եմ հույս ունենալ, որ Հայաստանի նախարարների կաբինետը և Իրանի կառավարությունը բոլոր միջոցները կգործադրեն, որ ապահովեն երկկողմ հարաբերությունների նորմալ զարգացումը։ Մեր կառավարության համար դա գերակայություն է, և մենք ամեն ինչ կանենք այդ նպատակին հասնելու համար»։ Եվ ահա 2019-ի հունվարին, այն էլ այն բանից հետո, որ Փաշինյանի հասցեով Իրանի բարձրագույն իշխանությունից պաշտոնական շնորհավորանքներ էին եկել, վարչապետի «ստաժավոր» զինակիցը, նաև «ստաժավոր» պատգամավորը բացահայտ թշնամական հայտարարություններ է անում Թեհրանի հասցեին։ Այնպես որ, եթե Փաշինյանը հետևողական է, ահա նա` նրանցից մեկը, «որն ուղղակի կնճիռներ է ստեղծում» հայ-իրանական հարաբերություններում։
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1366

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao