Թեհրանում Փաշինյանին «առաջադրանք» և «մտածելու ժամանակ» են տվել

Թեհրանում Փաշինյանին «առաջադրանք» և «մտածելու ժամանակ» են տվել
15.03.2019 | 02:30

Այսպիսով, Իրան Հայաստանի նոր իշխանության ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկար (գրեթե մեկ տարի) սպասված այցը կայացավ ու դարձավ պատմության սեփականությունը։ Բայց մենք ընթերցողներին և այլ շահագրգիռ անձանց խորհուրդ կտանք չշտապել գնահատականների ու եզրակացությունների հարցերում։ Գործնականում բարձրագույն մակարդակի ընդունելությունը Թեհրանի վերամբարձ ուղերձն էր՝ դիվանագիտական բազմաթիվ ուղերձներով։ Մենք չենք փորձի այդ բոլոր ակնարկները կարդալ ու վերծանել, թող դրանով զբաղվեն վարչապետի խորհրդականները. ծառայության բերումով դա և պարտադիր է, և օգտակար։ Իսկ մենք կփորձենք հասկանալ միայն այն ակնարկները, որ հնչեցրել են Իրանի ԶԼՄ-ները, այսինքն նախատեսված են եղել ոչ միայն Փաշինյանի համար, այլև, այսպես ասած, տեղեկատվական հոսք են եղել ամբողջ աշխարհի համար։
Սկսենք ամենաառաջին ակնարկներից։ Փետրվարի 25-ին հանկարծ հայտարարեցին, որ Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի կապի, տեղեկատվության և տեղեկատվական տեխնոլոգիաների (ԿՏ և ՏՏ) նախարար Մոհամադ Ջահրոմիի հետ։ Քննարկվել են ՏՏ և հեռահաղորդակցական ոլորտում իրականացված ծրագրերը և փոխգործակցության հետագա հնարավորությունները։ Թումանյանը և Ջահրոմին դիտարկել են նաև երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, որոնք պետք է քննարկվեին Թեհրան Փաշինյանի այցի ընթացքում։ Երևանում այլ աղբյուրներ ուրիշ ոճով են ներկայացրել Թումանյանի և Ջահրոմիի բանակցությունների մասին տեղեկությունը. «Դեսպանը և իրանցի նախարարը քննարկել են Թեհրան վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցի օրակարգի հարցերը»։ Ես կհամաձայնեի մեր այն տեղեկացված քաղաքացիների հետ, որ դա նորմալ է։ Բայց ավելի որոշակի հարցադրում անեմ. ըստ դիվանագիտական արարողակարգի, պետության ղեկավարի պաշտոնական այցից 2 օր առաջ այցի օրակարգի հետ կապված ցանկացած հարց քննարկվում և համաձայնեցվում է ընդունող երկրի ԱԳՆ-ում։ Մինչդեռ Թումանյանը, ըստ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության, այցի օրակարգը քննարկել է ոչ թե Իրանի ԱԳՆ-ում, այլ ԿՏ և ՏՏ նախարարությունում։


Այն անմտությունը, թե իբր Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հրաժարական էր ներկայացրել և չէր կարող ընդունել Թումանյանին, հենց անմտություն է, որ կա։ Արդեն փետրվարի 26-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին ընդգծեց, որ, Գերագույն առաջնորդի համաձայնությամբ, Զարիֆի հրաժարականը չի ընդունվում։ Ավելին, Թեհրանում Փաշինյանի այցի ընթացքում ստորագրված միակ 2 փաստաթուղթն իրանական կողմից հենց արտգործնախարար Զարիֆն է ստորագրել։ Իմ մտահոգության երկրորդ պատճառն այն է, որ ես գիտեմ Իրանի ԿՏ և ՏՏ նախարարության ստեղծման պատմությունը։ Մի ժամանակ Իրանում պաշտոնապես չկար հետախուզության նախարարություն, բայց կար տեղեկատվության նախարարություն, որն էլ զբաղվում էր հետախուզական և հակահետախուզական աշխատանքով։ Հետո այն վերափոխվեց տեղեկատվության և հետախուզության, ավելի ուշ՝ հետախուզության, տեղեկատվության և ՏՏ նախարարության։ Վերջապես, կատարվեց բաժանում, և ստեղծվեց ներկայիս պատկերը. կան առանձին հետախուզության նախարարությունը (նախարար՝ պ. Ալավի) և առանձին ԿՏ և ՏՏ նախարարություն (նախարար՝ պ. Ջահրոմի)։ Այսինքն, Փաշինյանի այցի օրակարգի քննարկման համար Թեհրանում մեր դեսպանը գնում էր ոչ թե պարզապես ԿՏ և ՏՏ նախարարություն, այլ իրանական հետախուզության «երկրորդ մաս»։ Ինչու՞։ Թեկուզ նրա համար, որ, օրինակ, կիբերանվտանգության հարցերը լիովին այաթոլահ Խամենեիին ենթակա գվարդիայի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ոլորտն են։ Եվ զարմանալի չի լինի, եթե որոշ ժամանակ անց իմանանք, որ նախարար Ջահրոմին ևս ԻՀՊԿ-ի անդամ է։


Ահա երկրորդ ակնարկը։ Ոչ ոք չի՞ մտածում, որ Հայաստանի վարչապետին Թեհրանում ընդունեցին հենց այն ժամանակ, երբ այնտեղ էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գլխավորած խոշոր պատվիրակությունը։ Ինչ-որ մեկը կասի, թե դա պարզապես զուգադիպություն է։ Բայց հիշենք, որ ՀՀ վարչապետի Թեհրան այցը իրապես կայացավ միայն այն բանից հետո, երբ Երևանից մարդասիրական առաքելություն մեկնեց Հալեպ։ Ճիշտ է, տեղեկություն չի եղել, թե Հայաստանի վարչապետը և Սիրիայի նախագահը Թեհրանում շփում են ունեցել. իրանական ԶԼՄ-ներն այդ առթիվ լռում են։ Բայց չենք բացառում, քանի որ, ինչպես արտահայտվել է անգլախոս օգտատերերի համար նախատեսված զբոսաշրջային գովազդային լրատվամիջոցներից մեկը 2010 թ., «Իրանն ավելի հին է, քան պատմությունն ինքը»։
Ի դեպ, Թեհրանում իրանա-սիրիական բանակցությունների արդյունքները ևս շատ հետաքրքիր թեմա են։ Բայց դա առանձին ուսումնասիրության առարկա է, և մենք դրան կանդրադառնանք ամենամոտ ապագայում։ Համոզված եղեք, որ Սիրիայի նախագահի հետ Իրանի բարձրագույն պաշտոնյաների հանդիպման մակարդակը շատ ավելի բարձր էր Հայաստանի վարչապետի հետ հանդիպման մակարդակից։ Ասադին Թեհրանում ընդունում էին ինչպես հարազատի։ Եվ դա ոչ նրա համար, որ Իրանի մայրաքաղաքում էր հենց Սիրիայի նախագահը կամ այդ երկրի ալավի համայնքի փաստացի առաջնորդը։ Մեջբերենք լիբանանյան արաբագիր «Ալ Բինաա» թերթի եզրակացությունը. «Այդ այցը ռազմավարական էր՝ ընդգծելու համար բոլոր մակարդակներում շփումները հետագայում ընդլայնելու Իրանի և Սիրիայի պատրաստակամությունը։ Բանակցությունները ցույց տվեցին, որ Թեհրանն ու Դամասկոսը պատրաստվում են ընդունելու շատ կարևոր որոշումներ՝ հաշվի առնելով տարածաշրջանի վերջին իրադարձությունները»։ Ընթերցողներին խնդրում ենք լիբանանյան թերթի երկու եզրակացությունը ավելացնել այն բանին, որ Իրանում սիրիական պատվիրակության գտնվելու ընթացքում այնտեղ է ժամանել նաև հայկական պատվիրակությունը, և այն, որ հայկական մարդասիրական առաքելությունն արդեն մի քանի շաբաթ աշխատում է Հալեպում։ Այնպես որ, մի՞թե սիրիացիների և հայերի միաժամանակյա այցերը նույն մայրաքաղաք ոչ մի կերպ կապված չեն իրար հետ։


Այնուամենայնիվ, ի՞նչ է տեղի ունեցել անմիջականորեն Իրանի և Հայաստանի միջև։ Հարցը շատերին հանգիստ չի տալիս, և սույն տողերի հեղինակը փետրվարի 28-ին հանդես եկավ համացանցային լրատվամիջոցով ու հայտնեց իր տեսակետը. Թեհրանը պարզապես մի երկու «կանխավճար» տվեց Երևանին, ոչ ավելի։ Մնացածը կախված է այն որոշումից, որը պարտավոր են ընդունելու Հայաստանի իշխանությունները, իսկ Իրանը որևէ պարտավորություն չունի։ Այն ամենը, ինչն այժմ աջուձախ բարձրաձայնում են հեղափոխամետ ԶԼՄ-ները, խաբուսիկ փայլ է, կամ այդ մարդիկ տեղյակ չեն, թե, բացի ընդգծված գերքաղաքավարի և գերհյուրընկալ ընդունելությունից, Թեհրանում ինչի է բախվել Փաշինյանը, կամ էլ վախենում են իրենք իրենց խոստովանելուց, որ Իրանը ոչինչ հաստատ չի խոստացել։ Ոչ մի ոլորտում, ոչ մի հարցով, եթե այդ հարցերը կամ ոլորտներն Իրանի շահագրգռության առարկա չեն։ Այդ պատճառով իրադրությանը նայենք Իրանի, ոչ թե Հայաստանի բարձրագույն ղեկավարության տեսանկյունից։ Չէ՞ որ Հայաստանի իշխանական վերնախավն այժմ զբաղված է ոչ թե միջազգային հարաբերությունների զարգացմամբ, այլ նրանով, թե ինչպես հերթական հեքիաթով կամ «երթով» հեղափոխական իշխանության վարկանիշը պահի գոնե դեկտեմբերի 9-ի՝ արտահերթ խորհրդարանական ընտրության օրվա մակարդակին։


Նախ՝ Փաշինյանի այցի տեխնիկական արդյունքների մասին. դրանք անբավարար են։ Ստորագրվել է միայն փոխըմբռնման երկու հուշագիր. մեկը՝ Իրանի ստանդարտացման ազգային կազմակերպության և Հայաստանի տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության (ՀՏԶՆՆ), մյուսը՝ Իրանի ազատ արդյունաբերական ու հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի և ՀՏԶՆՆ-ի միջև։ Եվ վերջ։ Ճիշտ է, հուշագրերը դիվանագիտական բնույթով փաստաթղթեր են, բայց լոկ մտադրությունների հնչեցում, ոչ թե կոշտ ու պարտավորեցնող փաստաթղթեր, ինչպիսին էր, օրինակ, ժամանակին Իրան-Հայաստան գազամուղի կառուցման մասին միջպետական պայմանագիրը։ Հայաստանի հետ կապերում այս կամ այն բանի պատրաստակամությունը, բանավոր, Իրանի նախագահ Ռոհանին, որպես կառավարության ղեկավար, բազմիցս հնչեցրել է։ Առանց որևէ վերապահում անելու։ Որովհետև նրա խնդիրը չէ Հայաստանի վարչապետին ծանոթացնելը, թե ինչ պայմանի դեպքում են մտադրությունների մասին Իրանի հայտարարությունները դառնում գործ։ Դա իրանական հեղափոխության և Իրանի Գերագույն առաջնորդ, այաթոլահ Խամենեիի արտոնությունն է։ Այնպես որ, մեր կարծիքով, Թեհրանում ստորագրված երկու հուշագրից ավելի կարևոր է այն փաստաթուղթը, որը, Իրանում Փաշինյանի եղած ժամանակ, ստորագրվել է Երևանում, ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև։


IRNA գործակալությունը հաղորդել է, որ համագործակցության մասին փաստաթուղթն ստորագրել են Իրանի ՆԳՆ անվտանգության գլխավոր վարչության պետ Հոսեյն Քալանթարին և ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։ «Երկու երկրի պաշտոնական անձինք ընդգծել են փոխադարձ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը թմրանյութերի ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցագործության դեմ պայքարի, ահաբեկչությանը հակազդելու, ոստիկանական փորձի փոխանակման, երկու երկիր զբոսաշրջիկների ուղևորության հեշտացման և երկու երկրի քաղգործիչների ավելի սերտ գործակցության ոլորտներում։ Վկայակոչելով երկու երկրի պատմական ու քաղաքակրթական կապերը, ինչպես նաև քաղաքական ու տնտեսական հարաբերությունները, կողմերն ընդգծեցին ոստիկանական համագործակցության խորացման անհրաժեշտությունը, կոչ արեցին շարունակելու երկու երկրի իրավապահ ուժերի միջև խորհրդատվությունը»,- նշել է IRNA-ն։ Տարօրինակ է, բայց Հայաստանի ԶԼՄ-ները լռության մատնեցին այն փաստը, որ Երևանում եղել և համագործակցության փաստաթուղթ է ստորագրել Իրանի ՆԳՆ պաշտոնական պատվիրակությունը։ IRNA-ի հաղորդագրությունն ուներ հետաքրքրություն հարուցող վերնագիր. «Իրանը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունն անվտանգության ոլորտում»։ Թվում էր, թե ինչն է անվտանգությունից ավելի կարևոր այնպիսի բարդ տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է։ Բայց չէ, հայկական ԶԼՄ-ների մեծ մասի համար Երևանում քննարկված անվտանգության հարցերից շատ ավելի կարևոր էր այն, թե Իրան այցի և այս կամ այն անձանց հետ հանդիպելու ժամանակ ինչ ասաց կամ ուզում էր ասել հենց վարչապետ Փաշինյանը։


Այսպիսով, Ռոհանին Փաշինյանին հնարավորություն տվեց լսելու Իրանի պայմանները, ճիշտ է, արտահայտված Իրանի արտաքին քաղաքականության համար սովորական արևելյան դիվանագիտական տեսքով, առանց կտրուկության, անձամբ նորին բարձր սրբազնություն այաթոլահ Խամենեիի կողմից։ Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում քաղվածքներ իրանական կիսապաշտոնական «Թեհրան թայմս» թերթից. «Իրանական հեղափոխության առաջնորդ այաթոլահ Խամենեին 2019 թ. փետրվարի 27-ին, օրվա երկրորդ կեսին, ընդունեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա շրջապատը։ Հանդիպման ընթացքում այաթոլահ Խամենեին Իրանն ու Հայաստանն անվանեց լավ հարևաններ, որոնք պատմական հարաբերություններ են պահպանում, և ընդգծեց տնտեսական համագործակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը»։ Այնուհետև նա հավելեց, որ, «հակառակ ԱՄՆ-ի ցանկության, Իրանի և Հայաստանի կապերը պետք է լինեն ամուր, մշտական և բարեկամական»։ Իսլամական հեղափոխության առաջնորդը հիշատակեց իրանցիների և նրանց հայ համաքաղաքացիների շատ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև Սադդամի հետ Իրանի 8-ամյա սրբազան պաշտպանության ժամանակ ԱՄՆ-ի կողմից պաշտպանվող պատերազմում Իրանի հայկական համայնքների տված զոհերը և հայտարարեց. «Ես այցելել եմ Թեհրանի իրանահայ նահատակների ընտանիքները, որովհետև մեզ պարտադրված պատերազմի հայ նահատակներին համարում ենք Իրանի հպարտության և պատվի նույնպիսի աղբյուր, ինչպիսիք են մահմեդական նահատակները»։


Իրանի առաջնորդը համագործակցության և բարեկամական հարաբերությունների ընդլայնումը գնահատեց որպես պարտականություն, որը պետք է կատարվի հօգուտ Իրանի և Հայաստանի ընդհանուր շահերի, և հավելեց, որ «իհարկե, ԱՄՆ-ը բացարձակապես անվստահելի է և միշտ փորձում է խռովություն, կոռուպցիա, բախումներ և պատերազմ հրահրել, դեմ է Իրանի ու Հայաստանի հարաբերություններին և ժողովուրդների շահերին։ Դրան ի պատասխան մեզ անհրաժեշտ է ամրապնդել մեր հարաբերություններն ու համագործակցությունը»։ Ընդգծելով Իրանի ու Հայաստանի բարեկամական հարաբերությունները ողջ պատմության ընթացքում, այաթոլահ Խամենեին ասաց. «Իրանն ու Հայաստանը երբեք խնդիրներ չեն ունեցել իրար հետ։ Ըստ մեր իսլամական ուսմունքի մենք մեզ պարտավոր ենք զգում լավ վարվելու հարևան երկրների հետ, նույնիսկ եթե ԱՄՆ-ի պաշտոնական դեմքերը, ինչպիսին է Ջոն Բոլթոնը, չեն ըմբռնում այդպիսի հարցերը և մարդկային հարաբերությունները»։
Խամենեին նշեց, որ Իրանի ու Հայաստանի տնտեսական համագործակցության մակարդակը շատ ցածր է այն ներուժից, որ ունեն երկու երկրները, և համարում է, որ «այդ այցի ընթացքում ձեռք բերված համաձայնություններն ու վավերացումները պետք է ակտիվորեն իրագործվեն»։
Իսլամական հեղափոխության առաջնորդը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնատար անձանց միջև բանակցությունները շարունակելու ճանապարհով։
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1481

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao