Parker quartet
 

Ի վերջո, որտե՞ղ է Թուրքիան պատերազմում ՔԲԿ-ի դեմ, թե՞ դա բոլորովին էլ ՔԲԿ-ի դեմ չէ

Ի վերջո, որտե՞ղ է Թուրքիան պատերազմում ՔԲԿ-ի դեմ, թե՞ դա բոլորովին էլ ՔԲԿ-ի դեմ չէ
05.04.2019 | 03:06

Դատելով ամեն ինչից, Թուրքիան, այնուամենայնիվ, կատարում է կամ արդեն կատարել է ավելի վաղ հայտարարված ռազմական գործողությունը քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) դեմ, պարզապես կան մի շարք հարցեր, որոնք անորոշ ժամանակով մնալու են առանց հստակ պատասխանի։ Ողջ տեղեկույթն ամփոփելուց հետո առաջին հարցը հետևյալն է. իսկ ե՞րբ է թուրքական գործողություն եղել ՔԲԿ-ի ջոկատների դեմ։ Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, հետո թուրքական «Անադոլու» գործակալությունը և այլ ԶԼՄ-ներ, այդ թվում՝ «ՌԻԱ Նովոստին», «Ֆրանս պրեսը» և այլն, հաղորդել են, որ գործողությունը կատարվել է մարտի 18-ին, թուրք-իրանական սահմանին։ «Թուրքիան և Իրանը այսօր ժ. 8.00-ին համատեղ գործողություն են կատարել ՔԲԿ-ի ահաբեկիչների դեմ,- մասնավորապես ասել է Սոյլուն։- Իրանցիները եկել են այստեղ, մի քանի անգամ մենք ենք այցելել Թեհրան, ինչից հետո Իրանի հետ համատեղ գործողություն սկսեցինք մեր արևելյան սահմանում»։ Իսկ «Անադոլուն» ճշտել է, որ Անկարայի և Թեհրանի՝ քրդերի դեմ ուղղված գործողությունը «երկարատև բնույթ ունի», ինչից կարելի է եզրակացնել, որ թուրք-իրանական սահմանին մարտական գործողությունները շարունակվում են նաև մարտի 18-ից հետո։


Մենք հիշում ենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր ՔԲԿ-ի դեմ պատերազմը վերսկսելու մասին, բայց դա եղել էր 2018-ի հունիսի 11-ին։ Ընդ որում, Էրդողանը խոսում էր նաև իրաքցի քրդերի դեմ հնարավոր գործողության մասին Կանդիլի լեռների և եզդիական Սինջարի շրջանում։ Այստեղ հարկ է հիշել, որ ՔԲԿ-ի փեշմերգայի պարտիզանների հիմնական լեռնային բազաներն ու թաքստոցները գտնվում են հենց Կանդիլի տարբեր կետերում, իսկ Սինջարում թրքաքրդերի ջոկատները հայտնվեցին այն ժամանակ, երբ եկան եզդիներին օգնելու ԻՊ-ի ահաբեկչական խմբավորումների դեմ նրանց կռիվների ժամանակ, ինչպես նաև եզդիներին օգնեցին, որ Սինջարի սահմաններից դուրս մղեն Իրաքյան Քրդստանի նախկին նախագահ Մասուդ Բարզանիի ջոկատները, որին եզդիները մեղադրում էին ԻՊ-ի ահաբեկիչներին աջակցելու մեջ՝ նրանց կողմից իրաքցի եզդիների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու ժամանակ։


Սակայն նախարար Սոյլուի հայտարարությունների և «Անադոլուի» հաղորդագրության մեջ ինչ-որ անբացատրելի բան կա, որովհետև, համաձայն Թուրքիայի ՊՆ-ի մարտի 16-ի հաղորդագրության, ՔԲԿ-ի քրդերի դեմ մարտական գործողություններն իսկապես վերսկսվել են, բայց ոչ թե թուրք-իրանական սահմանին, այլ հենց իրաքյան Կանդիլ լեռների տարածքում, ինչպես խոստացել էր Էրդողանը։ Ընդ որում, թուրքական ՊՆ-ն նշում է, որ մարտերը վերսկսվել են ոչ թե մարտի 18-ին, այլ 16-ին և համեմատաբար անհաջող են եղել թուրքական կողմի համար. երկու թուրք զինծառայող սպանվել է, ութը՝ վիրավորվել, քրդական կողմից զոհվել է 8 պարտիզան։ Կա՛մ Թուրքիան պատերազմ է մղել երկու ուղղությամբ, կա՛մ էլ հավաստի չէ երկու հայտարարություններից մեկը. կամ ՆԳ նախարար Սոյլուի, կա՛մ ռազմական գերատեսչության։ Առայժմ ավելի հավաստի են թվում Թուրքիայի ՊՆ-ի հաղորդագրությունները, քանի որ այն ավելի վաղ հայտարարել էր, որ մարտի 10-ին Թուրքիայի ԶՈՒ-ի ինքնաթիռները հարվածներ են հասցրել ՔԲԿ-ի դիրքերին Իրաքի հյուսիսում։ Թուրքիայի ՊՆ-ի տվյալներով՝ ոչնչացվել են կրակակետեր, զինապահեստներ և զինյալների ապաստարաններ։


Ենթադրել, թե Անկարան գրեթե միաժամանակ պատժիչ գործողություններ է սկսել ՔԲԿ-ի դեմ և՛ թուրք-իրանական սահմանին, և՛ Իրաքի լեռնային շրջաններում, կնշանակի հաշվի չառնել, որ թուրքերը հիմա լրջագույն խնդիրներ ունեն սիրիական Իդլիբում, որտեղ վերջերս արդյունավետ «աշխատեցին» ռուսական ՌՏՈՒ-ի ինքնաթիռները և սիրիական հրետանային հաշվարկները, որոնք ոչնչացրին տասնյակ թրքամետ ահաբեկիչների, նրանց պահեստները, թաքստոցները, շտաբները և այլն։ Բայց հիմա էլ Էրդողանը Սիրիայից հանկարծ սկսեց պահանջել նոր «բուֆերային գոտիներ» Սիրիայի քրդաբնակ շրջաններում։ Այսինքն Սիրիայի հյուսիս-արևմուտքում գրաված շրջաններն իբր քիչ էին, հիմա էլ պահանջում է ՍԱՀ-ի հյուսիս-արևելքում ստեղծել 32 կմ խորությամբ թրքամետ «բուֆերային գոտի»։


Բայց դրանք Սիրիայի այն տարածքներն են, որոնք բնակեցված են ոչ միայն քրդերով, այլև հայերով, ասորիներով, քրիստոնյաներով։ Այսինքն թուրք նախագահը, հիանալի իմանալով, թե մոտավորապես այդ աշխարհագրական տարածքում թուրքական պետության կողմից 100 տարի առաջ եղեռնի ենթարկված հայերի և ասորիների համար ինչքան անընդունելի է հենց միայն «թուրք խաղաղարար» բառակապակցությունը, այնուամենայնիվ, սուլթանավարի հետ է ուզում և՛ Էլ Կամիշլին, և՛ Դեյր Էզ Զորը, և՛ արդի Սիրիայի այլ տարածքներ։ Աշխարհը վաղուց է հասկացել, որ Անկարայի այն պատրվակումները, թե քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (ԺՄԿ), քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (ԺԻՋ) և այլ կուսակցություններ ու կազմակերպություններ իբր «ՔԲԿ-ի սիրիական մասնաճյուղերն են», բացահայտ կեղծիք են։ Այդ կեղծիքն Անկարային պետք է Հյուսիսային Սիրիայի տարածքներն օկուպացնելու իր իրավունքները հիմնավորելու համար։ Իրականում ոչ թե Թուրքիան, այլ Սիրիայի քուրդ, հայ, ասորի, դրուզ և այլ աշխարհազորայիններն են նույն Էլ Կամիշլի, Դեյր Էզ Զոր և այլ քաղաքներն ու գյուղերը պաշտպանել ԻՊ-ի հարձակումներից։ Հենց տեղի բնակիչներից, այդ թվում՝ քրիստոնյաներից, կազմավորված ջոկատների զինված ակտիվ դիմադրությունն է դարձել այն վճռական գործոնը, որի շնորհիվ այդ տարածքներում բավական արագ ջախջախվեցին ահաբեկիչները, երբ դրանց մոտեցան սիրիական բանակի «Անապատի վագրեր» տիպի և այլ ստորաբաժանումները։


Աշխարհը տեսնում է նաև, որ Էրդողանն ու թուրքական բանակը «խրվել» են Իդլիբում և Հյուսիսային Սիրիայի այլ տարածքներում։ Այդ դեպքում որտեղի՞ց Անկարային այդքան ռեսուրս, որ զինված ուժերում շարունակվող «զտումների» հետ միանգամից երկու մարտական գործողություն ձեռնարկի ՔԲԿ-ի փեշմերգայի դեմ։


Ի դեպ, «հանգամանքների պատահական բերումով», ինչպես հաղորդել է քրդական բարզանիամետ «Bas News» գործակալությունը, մարտի 17-ին Իրաքի հյուսիսի Սինջար եզդիական շրջանում բախում է տեղի ունեցել Իրաքի զորքերի և «թուրքական ՔԲԿ-ի հետ կապված «Սինջարի դիմադրության ջոկատների» (ՍԴՋ) միջև»։ Քրդստանի ժողովրդավարական կուսակցության (ՔԺԿ) ներկայացուցիչ Էձին Շամոն հայտնել է, որ միջադեպը եղել է Իրաքի և Սիրիայի սահմանում գտնվող Հասավիկ գյուղի մոտ, սպանվել են իրաքցի 3 զինծառայող և ՍԴՋ-ի երկու մարտիկ, երկու կողմից կան վիրավորներ։ Բախման պատճառը հայտնի չէ, կողմերից ոչ մեկը պաշտոնական մեկնաբանություն չի արել այդ առիթով։


Այդ ամենին շատ դժվար է հավատալ. Մասուդ Բարզանիի կլանն իսկապես տասնամյակներով գործակցել է Թուրքիայի հետ, բայց իրաքցի շիաները՝ երբեք։ Իսկ այժմ, հատկապես հյուսիսային Իրաքում, իրաքյան բանակի ստորաբաժանումների գերակշիռ մասը «Ալ-Խաշդ աշ-Շաաբի» ժողովրդական շարժման նախկին շիա աշխարհազորայիններն են։ Ավելին, 2017-ի փետրվարին իրաքցի եզդիների մի շարք շեյխեր այցելել են Իրան ու ձեռք բերել համագործակցության և օգնության համապատասխան համաձայնություններ։ Վերջապես, Իրանի նախագահ Հասան Ռոհանին վերջերս այցելել էր Իրաք։ Այդ ամենի հանրագումարում ինչպե՞ս ընկալել այն, որ «Bas News»-ի հաղորդագրությունը և Է. Շամոյի հայտարարությունը ոչ մի կերպ չեն մեկնաբանում ո՛չ եզդիները, ո՛չ Բաղդադը, ո՛չ Իրանը։ Համաձայնենք, որ եզդիական աշխարհազորի և իրաքյան բանակի միջև իբր տեղի ունեցած բախումների մասին հաղորդագրության մեջ ինչ-որ բան «չի շաղկապվում» հյուսիսային Իրաքի ընթացիկ իրականության հետ։


Այժմ՝ երկրորդ հարցը։ Եթե ենթադրենք, որ Թուրքիայի ՆԳ նախարար Սոյլուն, այնուամենայնիվ, չի ստել, ապա չեն համընկնում նրա ասածը և այն, ինչը հենց մարտի 18-ին հաղորդել են միանգամից մի քանի իրանական ԶԼՄ-ներ։ Այսպես, իրանական «Mehr News» գործակալությունը, հղում անելով Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի աղբյուրին, հաղորդել է, որ թուրքական կողմը ապատեղեկացնում է համաշխարհային հասարակությանը։ «Երկուշաբթի առավոտյան Թուրքիան ՔԲԿ-ի դեմ մարտական գործողություն է սկսել, որին Իրանի զինված ուժերը չեն մասնակցել»,- աղբյուրի խոսքն է մեջբերել գործակալությունը։ Իրանի պաշտոնական IRNA գործակալությունն ավելի ընդարձակ տեղեկություն է տվել. «Մեր աղբյուրը, անանունության պայմանով, հայտնել է, որ թուրքական բանակը երկուշաբթի առավոտյան ՔԲԿ-ի դեմ մարտական գործողություն է ձեռնարկել իրենց արևելյան սահմանների երկայնքով։ Նա ընդգծել է, որ իրանական ուժերն այդ գործողության մեջ ոչ մի դեր չեն խաղացել։ Միաժամանակ աղբյուրը հաղորդել է, որ Իրանի զինված ուժերը վճռականորեն պայքարելու են ցանկացած խմբավորման դեմ, որը կձգտի հուզումներ առաջացնելու երկրում»։ Իրանական մի շարք այլ ԶԼՄ-ներ ևս, վկայակոչելով նույն աղբյուրը, հաղորդել են, որ «Իսլամական Հանրապետության զինվորականները պայքարում են երկրին սպառնացող խմբավորումների դեմ, բայց չեն մասնակցում քուրդ ապստամբների դեմ թուրքական գործողությանը»։


ՈՒշադրություն դարձնենք. իրանական ԶԼՄ-ները, ինչպես և գլխավոր շտաբում նրանց աղբյուրը, ընդհանրապես չեն ընդունում, որ ՔԲԿ-ի դեմ թուրքական գործողությունը կատարվել է հենց իրանա-թուրքական սահմանին։ Համաձայնենք, որ «իրենց արևելյան սահմանների երկայնքով» ձևակերպումը (Թուրքիայի նկատմամբ), լիովին համընկնում է Թուրքիայի ՊՆ-ի այն հաղորդմանը, որ գործողությունն սկսված է, և ՔԲԿ-ի փեշմերգայի հետ բախումներն սկսվել են հենց մարտի 16-ին և այն էլ՝ իրաքյան Կանդիլ լեռներում։ Այդ դեպքում արդեն ինքնին այն միտքն է ծագում, որ հաջորդ օրը Սինջարում, որը նույնպես Էրդողանն սպառնում էր ռմբակոծել, ինչ-որ մեկը փորձում է բախումներ հրահրել ՍԴՋ-ի եզդի աշխարհազորայինների հետ։ Ո՞վ է այդ «ինչ-որ մեկը», եթե մենք հերքել ենք, որպես անհիմն, «Bas News»-ի և Է. Շամոյի այն պնդումները, թե եզդիները ստիպված են եղել ընդհարվելու Իրաքի բանակի, այսինքն՝ շիաների հետ։ Երկու վարկած կա. կա՛մ դրանք եղել են բարզանիական ՔԺԿ-ի աշխարհազորի անդամներ, կա՛մ հենց թուրքական բանակի ստորաբաժանումներ, որոնք հանդես են եկել Իրաքի բանակի տեսքով քողարկմամբ։ Նպատակը պարզ է. եզդիների մեջ անվստահություն սերմանել Իրանի և ընդհանրապես շիաների հետ նրանց պայմանավորվածությունների նկատմամբ։ Իսկ այդ նպատակին վաղուց են ձգտում ոչ միայն Թուրքիան, այլև ԱՄՆ-ը և Իսրայելը, որոնց նկատմամբ Էրդողանն արդեն քանի ամիս ցուցադրաբար իբր «սրված հարաբերությունների» ֆարս է խաղարկում։


Շատերը հարց կտան. հնարավո՞ր է, որ Անկարան այդքան կոպտորեն ստի՝ խաղալով Իրանի հեղինակության հետ։ Պատասխանում ենք՝ հնարավոր է։ Եվ ահա թե ինչու։ 2017-ին Իրանը պատրաստ էր ներխուժելու Թուրքիայի սահմանամերձ շրջաններ, որովհետև հենց թուրքական կողմից ինչ-որ ահաբեկչական խումբ, որը մտնում էր օջալանամետ իրանա-քրդական «Քրդստանում ազատ կյանքի կուսակցության» (ՔԱԿԿ) կազմի մեջ, երկու անգամ փորձել էր մարտերով ներխուժել Իրանի տարածք։ Թեհրանի սպառնալիքներն ազդեցին Էրդողանի վրա, և ՔԱԿԿ-ի զինյալների հարձակումներն իրանական սահմանների վրա դադարեցին։ Այսինքն, Էրդողանը կատարեց իրանական կողմի պահանջը` իբր «սեփական ուժերով վերականգնեց սահմանի անվտանգության ռեժիմը»։ Իրանում չկա Թուրքիայի քրդական ՔԲԿ-ի ոչ մի «մասնաճյուղ» կամ «ճյուղ»։ Եվ նույնիսկ եթե ենթադրենք, որ թուրք նախարար Սոյլուի ասածում ճշմարտության հատիկ կա, ապա Իրանը կարող էր այս կամ այն չափով մասնակցել հենց ՔԱԿԿ-ի ջոկատների դեմ գործողություններին, ոչ թե թուրք-քրդական ՔԲԿ-ի։
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1069

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao