Amadinda
 

Թուրքական տնտեսությունը իր լավ օրերը չի ապրում

Թուրքական տնտեսությունը իր լավ օրերը չի ապրում
12.04.2019 | 01:26

Թուրքիայում վերջերս տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների գլխավոր արդյունքը կառավարող քաղաքական ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուների պարտությունն էր մայրաքաղաք Անկարայում և, մեծությամբ երրորդ, Իզմիր քաղաքում։ Պարզ է, որ նախագահ Ռեջեփ Էրդողանի աջակցությունը բնակչության շրջանում կրճատվում է։ Էրդողանի վարկանիշի նվազմանը նպաստում են թուրքական տնտեսությունում չդադարող խնդիրները։ Թուրքիայի տնտեսությունն ընտրություններից ոչ շատ առաջ ենթարկվել է ռեցեսիայի՝ 2008 թվականի համաշխարհային ճգնաժամից հետո առաջին անգամ։ Փաստորեն, Թուրքիան այսօր արդեն հավաքում է ամբոխավարության պտուղները, ամբոխավարություն, որը երկար ժամանակ եղել է Էրդողանի տնտեսական քաղաքականության հիմքում։


Ըստ փորձագետների՝ տնտեսության ռեցեսիայի պատճառ է դարձել 2018 թ. օգոստոսին լիրայի կտրուկ դևալվացիան, երբ թուրքական արժույթը մի քանի օրում կորցրեց դոլարի նկատմամբ արժեքի մոտ մեկ երրորդը։ Լիրայի դևալվացիան միանգամից առաջացրել է ինֆլյացիայի թռիչք (հոկտեմբերին այն հասել էր մինչև 25 տոկոսի)։ Այս տարվա մեկնարկին Էրդողանը լավատեսական հայտարարություններով էր հանդես եկել, սակայն, միևնույն ժամանակ, թուրքական տնտեսությունը պաշտոնապես մտել է ռեցեսիայի փուլ` երկու եռամսյակ շարունակ աճ չգրանցելով։ 2018 թ. երրորդ եռամսյակում անկումը կազմել է 1,6 տոկոս, իսկ չորրորդ եռամսյակում արդեն՝ 3 տոկոս։


Ֆոնդային շուկայում նույնպես տնտեսական ցուցանիշներն իրենց ազդեցությունն ունեցել են։ Այս ամենին Էրդողանն արձագանքել է իր սովորական ոճով՝ հերթական խոստումները տալով։ Սակայն լիրայի դևալվացիան ունի օբյեկտիվ պատճառներ. ինչպես հայտնել էր Թուրքիայի կենտրոնական բանկը, մարտի առաջին երեք շաբաթների ընթացքում երկրի միջազգային պահուստները նվազել են մոտ 10 միլիարդ դոլարով՝ մինչև 24,7 միլիարդ դոլարի։ Մի շարք միջազգային փորձագետներ նշել են, որ պահուստների նման կրճատումը նշանակում է, որ Թուրքիան ստիպված է լինելու դիմել Արժույթի միջազգային հիմնադրամի օգնությանը։ Ընտրություններից առաջ Թուրքիային չհաջողվեց լիրան զերծ պահել հերթական անկումից, և հավանաբար տնտեսական այս վայրիվերումներն էլ անդրադարձան Թուրքիայի վերջին ընտրությունների արդյունքների վրա։ Իշխող կուսակցությունը ստիպված է հաղթահարել ինֆլյացիայի և ռեցեսիայի հետևանքով առաջացած դժվարությունները։


Թուրքիայի տնտեսության ռեցեսիան առայժմ տեխնիկական ցուցանիշ է, սակայն, ըստ փորձագետների, եթե այն շարունակվի նաև առաջիկայում, ապա Էրդողանը կհայտնվի ծանր իրադրությունում։ Ի դեպ, 28 կազմակերպությունների մասնակցությամբ իրականացված հարցումների համաձայն՝ ընտրություններից հետո առաջացած պոտենցիալ անորոշության և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին լիրան կշարունակի արժեզրկվել։ Լիրայի վրա բացասաբար անդրադարձող գործոնների թվում են ռուսական S-400 և ամերիկյան «Պատրիոտ» ՀՕՊ համակարգերի միջև ընտրություն կատարելու անհրաժեշտությունն ընդհանրապես, թուրք-ամերիկյան հարաբերությունները, երկրի բնակիչների կողմից արտարժույթի անդադար ձեռքբերումը, գործազրկության և ինֆլյացիայի բարձր մակարդակը։ Չի բացառվում, որ ռուսական կողմի հետ ռազմական գործարք կնքելու դեպքում ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Անկարայի դեմ՝ դրանցից բխող հետևանքներով։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
«Արաքս Դավթյան-70». հոբելյանական համերգ