Amadinda
 

Թեղուտցիները դեռ գործազուրկ են

Թեղուտցիները դեռ գործազուրկ են
12.04.2019 | 01:56

Օրերս նորից լուրեր տարածվեցին, թե «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարությունը՝ ՎՏԲ բանկը, նոր օպերատոր է ներգրավել հանքավայրը շահագործելու նպատակով: Խոսքը ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ գործարար Նորիկ Պետրոսյանի մասին է, որն արդեն ընկերությունում գործադիր և գլխավոր տնօրեններ է նշանակել, գլխավոր տնօրենն էլ ազգությամբ ռուս է: Կառավարությունից վստահեցրել են, թե Թեղուտի հանքավայրի բացումը 2-3 ամսվա հարց է, ու բոլոր 1200 աշխատակիցները վերադառնալու են իրենց աշխատանքին:


Դեռևս 2018-ի նոյեմբերի 27-ին, Ալավերդիում նախընտրական քարոզարշավի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Նորիկ Պետրոսյանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, ու հանքը կվերաշահագործվի մեկ-երկու ամսից: Անցել է ավելի քան 5 ամիս, բայց թեղուտցիները դեռ գործազուրկ են:
«Նախքան ընտրությունը տված խոստման տակից ինչ-որ ձևով դուրս գալու համար է, որ նոր կառավարիչները նորից բարձրաձայնում են «Թեղուտի» հարցը: Գուցե զգացել են, որ տեղացիներն առաջիկայում կարող են բողոքի ցույցեր կազմակերպել, ճանապարհներ փակել, ու փորձել են հանդարտեցնել կրքերը: Իրականում հանքավայրի շահագործման հարցն այդքան էլ հեշտ լուծելի չէ, հիմնական խնդիրը պոչամբարի հետ է կապված, որ նախկին սեփականատիրոջը՝ «Վալլեքս» ընկերությունների խմբին, լուծել չհաջողվեց: Մասնագետների հաշվարկով՝ պոչամբարից վնասակար նյութերի արտահոսքի կանխումը հսկայական ծախսերի հետ է կապված: Ասում են` այժմ մի քանի հոգու են ընդունել աշխատանքի, հին պոչամբարն ամրացնելու աշխատանք է տարվում, բայց դա շատ վտանգավոր է»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը:


Նա նշեց, որ պոչամբարում այս պահին 21 մլն տոննա պոչանյութ կա, և միայն 3-4 միլիոնն է, որ դուրս հոսելու առումով վտանգավոր չէ, քանի որ պոչամբարի հիմնական պատվարի հետևում է. «Մնացած 19 մլն տոննան ավելացված, թույլ պատերով պատվարների հետևում է: Պոչմաբարում պոչանյութներից մեծ-մեծ պղպղջակներ են առաջացել, որ այդպես կարող են նույնիսկ 100 տարի մնալ ու չչորանալ: Դրանց վրա նորից պոչաջրեր լցնելը հղի է լրջագույն վտանգով: Հուսով եմ` հանքի վերաշահագործմամբ շահագրգռվածները հաշվի կառնեն այս ամենն ու նոր պոչամբար կկառուցեն»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1586

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
«Արաքս Դավթյան-70». հոբելյանական համերգ