Սիրիայի ծովային նավահանգիստները վերահսկելու են Ռուսաստանն ու Իրանը

Սիրիայի ծովային նավահանգիստները վերահսկելու են Ռուսաստանն ու Իրանը
03.05.2019 | 00:32

(Նախորդ մասը)

Հավանաբար, Սիրիայում Իրանի ռազմածովային բազայի ստեղծմանը Մոսկվայի համաձայնությունը կապված է Իրանի, Իրաքի և Սիրիայի երկաթուղիները միասնական ամբողջության մեջ միավորելու պլանների հետ։ Այդ ռազմավարական նախագիծն սկսվել էր դեռ մինչև 2011 թ. սիրիական ճգնաժամը և դադարեցվել էր հասկանալի պատճառներով։ Ենթադրվում էր, որ այդպիսով Իրաքը և Իրանը սիրիական նավահանգիստներով ելք կստանան դեպի Միջերկրական ծով, իսկ հեռանկարում երկաթգիծը կշարունակվի դեպի արևելք՝ մինչև Չինաստան։ Սիրիան նույնիսկ հասցրել էր նախագիծն իրականացնել 97 %-ով, բայց ռազմական գործողությունների ժամանակ ուղու զգալի մասն ավերվել է։ Իրաքում երկաթուղու պաստառից մի քանի կիլոմետր էր պակասում, իսկ Իրանում այն գործում է մինչև Իրաքի սահմանը Բասրա քաղաքի շրջանում։ Ավելին, ԻՊ-ի բանդաների դեմ պատերազմի տեսանելի բեկումից հետո (իսկ դա մոտավորապես սկսվում է ոչ թե ռուսական ՌՏՈՒ-ի՝ պատերազմի մեջ մտնելու պահից, այլ զգալիորեն ավելի վաղ՝ 2014 թ. օգոստոս-սեպտեմբերից, երբ իրանցիները և Իրաքի շիաները ջախջախեցին ԻՊ-ն ու ահաբեկիչներին հեռու շպրտեցին նախ Բաղդադից ու Բասրայից, այնուհետև նրանցից հետ նվաճեցին Իրաքի Տիկրիտ քաղաքը) Թեհրանի, Բաղդադի և Դամասկոսի իշխանությունները հայտարարեցին, որ վերադառնում են Իրանի, Իրաքի և Սիրիայի հաղորդակցական ուղիները, մինչև Միջերկրական ծով, միացնելու ռազմավարական ծրագրին։ Ընդ որում, խոսքը ոչ միայն ռազմավարական ավտոխճուղու մասին էր, որի շինարարությունն սկսվել էր արդեն 2017-ի սկզբին, և ոչ միայն երկաթուղային հաղորդակցության, այլև Իրան-Իրաք-Սիրիա գազամուղի շինարարության, որի վերաբերյալ Սիրիայի ղեկավարության հետ ժամանակին համաձայնության էր եկել դեռ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։ Այն ժամանակ ոչ «արաբական գարնան», ոչ ԻՊ-ի և այլ ահաբեկիչների ագրեսիայի «հոտն էլ չկար», Ասադների ողջ ընտանիքն ամենևին օտար չէր Արևմուտքի համար, նույնիսկ Իսրայելն էր գաղտնի բանակցում, ընդ որում դեմ չէր Գոլանի բարձունքները Սիրիային վերադարձնելուն, իսկ Ռուսաստանը, թվում էր, այնքան էլ չէր հետաքրքրվում Սիրիայով։


Հանգամանքների տարօրինակ բերումով այդ երկու նորությունները՝ Լաթաքիայում «իրանական բազան» ու երկաթուղին Սիրիայի և Իրանի միջև, հայտնվեցին գործնականում միաժամանակ։ Դա բոլոր տեսանկյուններից ձեռնտու էր Ռուսաստանին, որը նույնպես կարող է այդ երկաթուղու միջոցով ցամաքային ելքի հնարավորություն ստանալ Սիրիայով դեպի Միջերկրական ծով (օգտվելով Կասպից ծովի իրանական նավահանգիստներից)։ Այստեղ նկատելի է ոչ միայն Սիրիայում սեփական ռազմաբազաների, հատկապես Տարտուսի Միջերկրածովյան միավորման բազայի մատակարարման հնարավորությունը, ասենք այն դեպքում, եթե «էրդողան եղբայրը» հերթական անգամ Մոսկվայի «մեջքը դանակ խրի» կամ, ենթադրենք, սևծովյան նեղուցները փակելու «խաղ» սկսի, այլև դեպի ողջ Մերձավոր Արևելք ավելի շահավետ ապրանքահոսք ստեղծելու հնարավորությունը։ Ի միջի այլոց, Իրան-Իրաք-Սիրիա եռանկյան մեջ հաղորդակցական նոր իրադրությունը շահավետ է լինելու ոչ միայն Ռուսաստանի, այլև Հարավային Կովկասի և Միջին Ասիայի այն երկրների համար, որոնք կհամարձակվեն «չլսել» ԱՄՆ-ին ու Իսրայելին։ Չէ՞ որ հասկանալի է, որ այդ նոր իրադրության «խորքում» թաքնված է հեռավորարևելյան հզոր «խաղացող» Չինաստանն իր «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությամբ։ Միայն կույր ու կարճամիտ մարդիկ ի վիճակի չեն տեսնելու այդ հասարակ ճշմարտությունը։


Կրկին ընդգծենք, որ Լաթաքիայում Իրանի «ՌԾՆ բազան» առայժմ տեսնում են միայն ԱՄՆ-ի, Իսրայելի և մի շարք արաբական երկրների առավել թունդ հակաիրանական շրջանակները։ Սիրիական SANA տեղեկատվական գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, որ Լաթաքիայի նավահանգիստն Իրանի վերահսկողության տակ անցնելու դեպքում այն հիմնականում կատարելու է քաղաքացիական գործառույթներ։ Սակայն Վաշինգտոնում ու Թել Ավիվում համառորեն չեն բացառում այնտեղ Իրանի ԻՀՊԿ-ի և ՌԾՈՒ-ի ներկայացուցիչների ներկայությունը։ Մեկնաբանելով Մերձավոր Արևելքում կատարվող փոփոխությունները (Բաղդադի ու Դամասկոսի պահանջները իրենց երկրների տարածքից ԱՄՆ-ի զորքերը հանելու մասին, Ռուսաստանի և Իրանի պահանջները ԱՄՆ-ից ու Թուրքիայից) ռուսաստանցի զինվորական փորձագետ Շամիլ Գարեևն ապրիլի 10-ին նշեց, որ դրանք կարելի է մեկնաբանել որպես «նոր արաբա-իրանական հակաամերիկյան միություն, որն իհարկե հակադրվելու է նաև Իսրայելին»։ Հանուն արդարության հիշեցնենք, որ դեռ 3 տարի առաջ Իրանի բոլոր զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բագերին հայտարարում էր Սիրիայում ու Եմենում ռազմածովային բազաներ ստեղծելու պատրաստականության մասին։ Բայց 2016-ից հետո Թեհրանը կարծես ինքն էլ «չէր հիշում» այդ մտադրությունների մասին։
Վերադառնանք «The Times»-ի մարտի 15-ի հրապարակմանը։ «Ռուսաստանի և Իրանի ռազմական հնարավորությունների միավորման այսրոպեական օգուտն ակնհայտ է։ Իրանական զորքերն իրենց խնդիրները կատարելու են ռուսական ինքնաթիռների ու հրթիռների պաշտպանությամբ, իսկ Ռուսաստանը կօգնի Ասադին, որ մնա իշխանության ղեկին առանց հյուծիչ ցամաքային գործողությունների մեջ մտնելու»,- գրել է բրիտանական թերթը։ Մի կողմ թողնելով բրիտանական զրպարտանքները Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի իբր «այսրոպեական» շահերի մասին՝ դա վերագրելով անգլոսաքսերի մեծամտությանը, ասենք, որ, ընդհանուր առմամբ, նրանց նկարագրած իրավիճակն անհավանական չէ։

«Ներկայումս այդ երկրները համատեղ են գործում, թեև զգուշությամբ, որովհետև ավանդաբար բարեկամներ չեն եղել։ Խնդիրն այն է, թե ինչքան երկար կտևի այդ բարեկամությունը։ Ասադին այժմ ոչինչ չի սպառնում. նրա նորացված բանակը կարող է իրեն պաշտպանել առանց դրսի օգնության։ Բայց ոչ Մոսկվան, ոչ Թեհրանը չեն ուզում հրաժարվել այն տեղերում ներկա լինելուց, որտեղ կռվել են,- նշում է հեղինակը։- Հետագայում գոյակցությունը բարդ է լինելու, որովհետև այդ երկրների հեռաժամկետ նպատակները տարբեր են։ Պուտինը տարածաշրջանում կայունության է ձգտում, փորձելով ապացուցել, որ իր կառավարումը կարող է կարգ ու կանոն ստեղծել այն քաոսի անդունդներում, որը տարածվում է ԱՄՆ-ի արկածախնդրության պատճառով։ Իսկ Իրանին կայունությունը, մեծ հաշվով, պետք չէ։ Նրա նպատակը՝ Իսրայելին դիմակայելը, ինքնըստինքյան կայունություն չի ենթադրում»։ «The Times»-ը, օբյեկտիվության իր ողջ հավակնությամբ, մոռանում է, որ. 1) Սիրիան ու ԽՍՀՄ/Ռուսաստանը միշտ բարեկամ են եղել, 2) շահի վարչակարգը տապալելուց հետո Իրանն ընդունել է պաղեստինցի արաբների հետևողական պաշտպանի դիրքորոշում, պաշտպանել է Լիբանանի ու Սիրիայի շիաների և ալավիների շահերը, 3) վերջին անգամ Ռուսաստանն ու Իրանն իրար հետ կռվել են 19-րդ դարի առաջին քառորդում, դրանից հետո նրանց հարաբերությունները ոչինչ չի մթագնել, 4) Սիրիան, Ռուսաստանը և Իրանը միավորում է այն, որ երեքն էլ գտնվում են ապօրինի «ամերիկյան պատժամիջոցների» տակ, բացի այդ, Ռուսաստանն ու Իրանը հաճախ են եղել արևմտամետ ահաբեկչական խմբավորումների հարձակման թիրախ։ Մեր կարծիքով, այժմ Մոսկվան ու Թեհրանը բավական հիմքեր ունեն, Դամասկոսում (նաև Բաղդադում) հիմնավորվելով, հոժարաբար «կիսելու» շահերը, ազդեցության գոտիներն ու ոլորտները, լիակատար համագործակցության ու կոոպերացիայի գոտիներն ու ոլորտները, վերջապես դերերի ու գործառույթների բաշխման նուրբ խորշերը, ընդ որում՝ ոչ միայն Մերձավոր Արևելքում։


«Կասպիական տեղեկագիր» հանդեսը, անդրադառնալով Իրանից Սիրիա երկաթուղու կառուցման պլանին, ապրիլի 22-ին գրել է. «Ապրիլի 7-ին Թեհրանում ելույթ ունենալով իրանա-իրաքյան առևտրատնտեսական համաժողովում, Իրանի առաջին փոխնախագահ Էսհագ Ջահանգիրին ընդգծեց իր երկրի իշխանությունների վճռականությունը՝ կառուցելու ավտոճանապարհներ և երկաթուղիներ, որոնք Պարսից ծոցի երկրները կկապեն Սիրիայի և Միջերկրածովյան տարածաշրջանի հետ։ Դրա շնորհիվ էլեկտրաէներգիայի հաղորդման, ճանապարհների շինարարության և այլ ոլորտներում կողմերի համագործակցության համար կստեղծվեն անհրաժեշտ հնարավորություններ։ Ջահանգիրին նաև նշեց, որ իրաքյան պատվիրակության՝ Իրան վերջին այցի ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Շալամչե-Բասրա երկաթուղու շինարարության վերաբերյալ։ Հայտնի է, որ 35 կմ երկարությամբ այդ երկաթուղու, որը ներառում է նաև Արվանդ գետի վրայով երկաթուղային կամուրջ, շինարարությունը կարժենա 2,22 մլրդ ռիալ, իսկ նրա ավարտից հետո Իրանի երկաթուղային ցանցը Սիրիային կմիանա Իրաքով։ Կողմերի մտադրությունների լրջության մասին վկայում է նաև իրանական IRNA պաշտոնական գործակալության հարապարակումը, որում հեղինակները, հղում անելով ռուսական աղբյուրին, հայտնում են մոտակա ժամանակներս իրենց երկաթուղիները միացնելու շուրջ հանդիպում կազմակերպելու Սիրիայի, Իրաքի և Իրանի պլանների մասին։ Հաղորդվում է, որ նախագիծը ռազմավարական է և սկսվել էր դեռ սիրիական ճգնաժամից առաջ։ Նախագծի նպատակն է Իրաքին և Իրանին ելք տալ դեպի սիրիական նավահանգիստները, հետագայում գիծը երկարացնել մինչև Չինաստան։

Ռուսաստանի համար դեպի Միջերկրական ծով Իրանի ելքի նշանակության մասին հետաքրքիր կարծիք են հայտնում ցանցային «Ռեպորտյոր» հրատարակության հեղինակները։ Ըստ առաջին վարկածի, այժմ, երբ Սիրիայի ճգնաժամի պիկն անցել է, նախագահ Ասադը կարող էր որոշել, որ Ռուսաստանի օգնությունն իրեն առաջվա պես պետք չէ, և որոշել է մերձենալ Իրանի հետ, քանի որ սիրիական իշխանություններին Իրանի օժանդակությունն ապացուցված է իրանցի բազմաթիվ գեներալների, սպաների և հասարակ զինվորների կործանմամբ։ Իրանը կարող է ապահովել Բաշար Ասադի հայրենի նահանգի իրական պաշտպանությունը ՀՕՊ-ի միջոցներով, քանի որ ունի սեփական արտադրության ԶՀՀ-ներ և նախկինում Ռուսաստանից ձեռք բերած «հ-300 կԾձ-1» համալիրներ։ Այսպիսով, նոր երկաթուղու շինարարությունը կարող է նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը Սիրիայում։ Մյուս կողմից, ըստ «Ռեպորտյորի» հեղինակների, տրանսպորտային նոր միջանցքից կարող է օգտվել նաև Ռուսաստանը։ Իրանի, Իրաքի և Սիրիայի երկաթուղիների միացումը հնարավորություն կտա ստեղծելու երկաթուղային մայրուղի, որը գործնականում կհասնի ռուսական «Հմեյմիմ» ռազմաբազային, ուր Կասպից ծովով հնարավոր կլինի հասցնել ռազմական նշանակությամբ բեռները։ Այդ դեպքում Սիրիայում ռուսական ռազմական խմբավորման մատակարարումը կախված չի լինի Թուրքիայի և ՆԱՏՕ-ի երկրների քմահաճույքներից։ Բացի դրանից, այդ տրանսպորտային միջանցքով կարող է հետաքրքրվել նաև Չինաստանը»։


Ինչպես կարելի է նկատել, բոլոր մեկնաբանները, տարբեր իրական ու երևակայական վերապահումներով, այնուամենայնիվ տեսնում են, որ ՌԴ իշխանությունները խնդիր ունեն ոչ միայն պարզապես պահպանելու Միջերկրածովյան նավախումբը, ոչ միայն ավելացնելու տվյալ տարածաշրջանում իրենց գործարար և հաղորդակցական հնարավորությունները, այլև ձերբազատվելու «Թուրքիայի և ՆԱՏՕ-ի երկրների քմահաճույքներից»։ Վերջապես, գոնե մի շարք ուսումնասիրողներ կարողացան Միջերկրական ծովի սիրիական ափի վրա վերահսկողություն սահմանելու Մոսկվայի ու Թեհրանի գրեթե զուգահեռ ընթացող ջանքերի հետևում նկատել Չինաստանի շահերի ներկայության ուրվագծերը։ Անհասկանալի է միայն, թե ինչու փորձագետները չեն տեսնում Ասադի ու Սիրիայի ամբողջ ալավի համայնքի պարզ տրամաբանությունը, որ Ռուսաստանը ևս դաշնակից և օգնական է. չէ՞ որ մի դաշնակիցը լավ է, բայց երկուսն ավելի լավ է։ Եթե մեկը «հանկարծ» թողնի, գնա (մի՞թե Սիրիայի դժբախտությունները չսկսվեցին ԽՍՀՄ-ի ոչնչացումից), ապա երկրորդը կմնա թեկուզ այն պատճառով, որ Իրանը համաշխարհային շիականության կենտրոնն է և պատասխանատվություն է ստանձնել պաշտպանելու շիաներին և ընդհանրապես աշխարհի բոլոր մուսուլմաններին «համաշխարհային մեծամտությունից», այսինքն ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայից։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1169

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao