ReAnimania 2019
 

Թուրքիան սկսեց պատերազմը Սիրիայում

Թուրքիան սկսեց պատերազմը Սիրիայում
10.10.2019 | 10:58

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թվիթերում գրել է, որ Թուրքիայի զորքերը սկսել են ռազմական գործողությունները Սիրիայի հյուիսում: Թուրքական ռմբակոծիչները գրոհել են քրդերի աշխարհազորայինների մի քանի թիրախներ: Գործողության նպատակը քուրդ աշխարհազորայինների դուրսմղումն է Սիրիայի հյուսիսային շրջաններից և այնտեղ «անվտանգության գոտու» հաստատումը: Այդ գոտում Էրդողանը ուզում է 2 միլիոն սիրիացի փախստական վերաբնակեցնել: Հարձակումից առաջ նա հայտարարել է, որ ռազմական գործողության նպատակը «ահաբեկչության միջանցքի ստեղծումը կանխելն է հարավային սահմանների երկայնքով ու տարածաշրջանում խաղաղության հաստատումը»: «Խաղաղության աղբյուր» գործողությունը կչեզոքացնի ահաբեկչական սպառնալիքները Թուրքիայի նկատմամբ ու կհանգեցնի անվտանգության գոտու ստեղծմանը, որ կնպաստի սիրիացի փախստականների իրենց տները վերադառնալուն»՝ հայտարարել է Էրդողանը: Սիրիայի պետական հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ թուրքերը հարվածել են Ռաս էլ Այն քաղաքին, արվաձան ալ Մաջրաֆ գյուղին և ալ Մաշրաֆիի ու Խարբաթ ալ Բանատի քրդական դիրքերին: Քրդերի ինքնապաշտպանության ուժերը նույնպես հաղորդել են բնակավայրերի ավիահարվածների մասին: Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) ներկայացուցիչ Մուստաֆա Բալին տեղեկացրել է, որ «մարդկանց մեջ մեծ խուճապ է»: Դեմոկրատական ուժերի ղեկավարությունը դիմել է Վաշինգտոնին՝ խնդրելով փակել շրջանի երկինքը:


Սիրիայի հյուսիսային շրջաններից ամերիկացի զինվորները թուրքերի հարձակումից առաջ վերատեղակայվեցին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, որ նշանակում էր կանաչ լույս վառել թուրքերի հարձակման համար: Քրդերը դա անվանեցին «հարված թիկունքից»: Դոնալդ Թրամփը ի պատասխան քննադատության Թվիթերում սպառնաց ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե Անկարան անի քայլեր, որ ինքը կհամարի անթույլատրելի:


Եվրահանձնաժողովը կոչ է արել Թուրքիային զսպվածություն դրսևորել և դադարեցնել ռազմական գործողությունները: «Ես գիտեմ, որ Թուրքիան տագնապներ ունի Սիրիայի հետ սահմանին անվտանգության համար: Սակայն ես կոչ եմ անում զսպվածություն դրսևորել և դադարեցնել գործողությունները, որ այս պահին արդեն սկսվել են: Ռազմական գործողությունները չեն հանգեցնելու բարենպաստ արդյունքի, որի վրա մենք պետք է հրավիրենք մեր թուրք բարեկամների ուշադրությունը»՝ Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը: «Եթե Թուրքիայի ծրագիրը, այսպես կոչված, անվտանգության գոտու ստեղծումն է, մի սպասեք, որ ԵՄ-ն դրա համար վճարելու է: Սիրիական կոնֆլիկտի երկարաժամկետ լուծումը հնարավոր է միայն իշխանության քաղաքական փոխանցման միջոցով»՝ հավելել է Յունկերը: Երեկ, ռմբակոծություններից մի քանի ժամ առաջ Թուրքիայի նախագահի աշխատակազմից հաղորդեցին որ Էրդողանը ՌԴ նախագահի հետ քննարկել է սպասվող գործողությունը: Էրդողանը Պուտինին ասել է, որ գործողությունը նպաստելու է տարածաշրջանի կայունությանը: Կրեմլի կայքում հաղորդվել է, որ Պուտինը «կոչ է արել թուրք գործընկերներին իրավիճակը հանգամանալից գնահատել»: ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովն ավելի վաղ ասել էր. «Առայժմ պետք է տեսնել ինչպես կզարգանան իրադարձությունները, թուրքական ռազմաօդային ուժերը կհանդիպե՞ն քրդերի դիմադրությանը: Բայց եթե Թուրքիայի ռազմական գործողությունը սպառնալիք լինի Սիրիայի ինքնիշխանությանն ու ամբողջականությունը, կգործարկվեն դիվանագիտական բոլոր մեխանիզմները»:
BBC


Հ.Գ. Երեկ մինչև հարձակումը սկսելը հայտնի դարձավ, որ Թուրքիայի խորհրդարանը մեկ տարով երկարաձգել է Իրաքի և Սիրիայի տարածքներում ռազմական գործողությունների անցկացման մանդատի ժամկետը: Փաստաթղթում, որը ներկայացվել է խորհրդարանին նախագահի մակագրությամբ, ասվում է, որ Թուրքիայի հարավային շրջանները շարունակում են մնալ վտանգի տակ և դա հարվածում է ազգային անվտանգությանը: «Թուրքիան հարգում է Իրաքի տարածքային ամբողջականությունն ու ազգային միասնությունը, սակայն մեկ այլ տեսանկյունից էլ պետք է նշենք, որ Իրաքում և Սիրիայում շարունակում են գործել ահաբեկչական-անջատողական «Քրդական աշխատավորական կուսակցության» ուժերը, որոնք սպառնալիք են տարածաշրջանի և մեր երկրի ազգային անվտանգության համար»,- նշվել է հուշագրում: Փաստաթղթում նշված է նաև, որ Թուրքիան ռազմական գործողությունները սկսում է՝ ելնելով ազգային անվտանգության հարցից և տարածաշրջանում ահաբեկչության վերացման խնդրից: Նախագահը պահանջում է Սահմանադրության 92-րդ կետի հիման վրա մեկ տարով երկարաձգել ռազմական գործողությունների մանդատի ժամկետը, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 30-ից:


Երեկ նաև Իրանի բանակը նախապես չհայտարարված զորավարժություններ սկսեց Թուրքիային սահմանամերձ շրջանում: Զորավարժություններում ընդգրկված են արագ արձագանքման զորամիավորումներ, հարձակողական բրիգադներ և ուղղաթիռներ: Զինծառայողների քանակի մասին չի հաղորդվում: Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թուրքիային կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ Սիրիայի հյուսիս ներխուժելուց: «Մենք բաց ասում ենք, որ Թուրքիայի հարավում և Սիրիայի հյուսիսում անվտանգություն ապահովելու միակ լուծումը սիրիական բանակի ներկայությունն է»՝ հայտարարել է Ռոհանին: «Մեր բարեկամական և եղբայրական հարևան Թուրքիային մենք հորդորում ենք ավելի համբերություն և զսպվածություն ցուցաբերել, վերանայել իրենց ընտրած ուղին և որոշումը», - ասել է Ռոհանին: Նա պնդել է, որ ամերիկյան զորքերը պետք է հեռանան տարածաշրջանից, և սիրիացի քրդական ուժերը պետք է աջակցեն սիրիական բանակին:


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով Սիրիայում Թուրքիայի հնարավոր գործողությունների մասին, ասել է. «Մենք բազմիցս բարձրաձայնել ենք մեր դիրքորոշումը, թե ինչ է կատարվում Սիրիայի հյուսիս-արևելքում, այդ թվում նաև սիրիա-թուրքական սահմանային շրջանում: Եվ մեր դիրքորոշումը միանշանակ է` հիմնված Սիրիայի Արաբական Հանրապետության այս մասի բոլոր խնդիրները լուծելու անհրաժեշտության վրա` Սիրիայի կենտրոնական կառավարության և քրդական համայնքի միջև երկխոսության միջոցով», - ասել է Լավրովը՝ լրագրողների հետ զրույցում:


Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող տարածքների ինքնավար վարչակազմը չորեքշաբթի համընդհանուր զորահավաք է հայտարարել՝ Թուրքիայի ԶՈՒ-ի վերահաս ռազմական գործողությունների սպառնալիքի պատճառով:
«Ինքնավար վարչակազմը հայտարարել է Սիրիայի հյուսիս-արևելքում երեք օրով համընդհանուր զորահավաք և կոչ է անում մեր բոլոր ինստիտուտներին, կառավարություններին և մեր ժողովրդի բոլոր խավերին ուղևորվել Թուրքիայի հետ սահման՝ իրենց պարտքը կատարելու և այս պատմական պահին դիմադրություն ցույց տալու»,- ասված է հայտարարության մեջ: Իրաքյան Քուրդիստանում և աշխարհի այլ անկյուններում բնակվող քրդերին վարչակազմը կոչ է արել բողոքի ակցիաներ անցկացնել:


Որքան էլ ցինիկ է, բոլորը խոսում են աշխարհաքաղաքական խնդիրներից, բայց ոչ ոք չի ասում, որ զոհվում են մարդիկ, որ ապրում են իրենց տներում ու պատերազմ չեն երազում: Նորից թուրքերը անցել են մարդասպանության՝ մնացած աշխարհի լուռ համաձայնությամբ կամ անտարբերությամբ զինված: Պարզապես այս անգամ թիրախը ոչ թե հայերն են, այլ 1915-ին հայերին թուրքերի դրդումով սպանող ու նաև թուրքերից փրկող քրդերը: Պատմությունը կրկնվում է, այս անգամ՝ այլ երկրի տարածքում, որ նախկինում Օսմանյան կայսրությանն էր: Փաստացի՝ Էրդողանը ուզում է մասնատել Սիրիան ու վերականգնել նախկին կայսրության բեկորները:
Այսօր հայտարարություն տարածեց և ՀՀ ԱԳՆ-ն.«Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի:


Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար: Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ»: Երևանը կոչ է անում «գործադրել գործուն միջազգային ջանքեր այս ռազմական ներխուժումը դադարեցնելու, զանգվածային վայրագությունները կանխելու և Թուրքիային սահմանակից Սիրիայի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ։ Հայաստանն աջակցում է Սիրիայի միասնությանը և ինքնիշխանությանը և կոչ է անում զերծ մնալ Սիրիայի և նրա ժողովրդի դեմ ռազմական ոտնձգություններից: Հայաստանը կշարունակի տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերել բարեկամ Սիրիայի ժողովրդին», - ասված է հայտարարությունում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 711

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao