Հայաստանի Պնախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Իրան՝ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով: Այցի ընթացքում նախատեսված են Վիգեն Սարգսյանի բանակցությունները Հոսեյն Դեհղանի հետ: Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Պնախարարը հանդիպումներ կունենա Իրանի գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների բարձրաստիճան ղեկավարության հետ, կայցելի տարբեր գիտահետազոտական և արդյունաբերական ձեռնարկություններ: Թեհրանում գտնվելու ընթացքում Վիգեն Սարգսյանը կհանդիպի Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանային խնդիրների լուծումն ուժի կիրառմամբ, Իրանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի պաշտպանության և ԶՈՒ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը: Իրանի ՊՆ ղեկավարը, իր գոհունակությունը հայտնելով հայ-իրանական դինամիկ զարգացող հարաբերությունների առնչությամբ, նշել է, որ Իրանը մշտապես ձգտել է հարևանների հետ բարիդրացիական և բարձր մակարդակի հարաբերություններ հաստատել: Անդրադառնալով տարածաշրջանային հակամարտություններին՝ Հոսեյն Դեհղանը նշել է. «Տարածաշրջանային խնդիրների լուծումն ուժի կիրառմամբ անընդունելի է: Դրանց լուծումը բացառապես պետք է տեղի ունենա խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով, և Իրանը այդ գործընթացին աջակցելու գործում ոչ մի ջանք չի խնայի»:
ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանը, կարևորելով տարածաշրջանում Իրանի դերակատարությունը, վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստակամ է Իրանի հետ ընդլայնել համագործակցությունը և բարձրացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը: «Հայաստանը ցանկանում է Իրանի հետ պաշտպանական ոլորտում ընդլայնել համագործակցությունը, համոզված ենք, որ այցը կնպաստի հետագա համագործակցությանը»,- ասել է նախարարը: Ողջունելով Իրանի դերակատարությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում՝ Վիգեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: