 
													ՀՀ նախագահի նստավայրում Հայաստանի և Տաջիկստանի նախագահների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ։
 «Այսօր հանդիպմանը մենք մանրամասն քննարկեցինք երկկողմ համագործակցության ընթացիկ վիճակը, քննարկեցինք դրա զարգացման հեռանկարները, նախանշեցինք փոխգործակցության տարբեր ոլորտներում համատեղ աշխատանքի ուղղություններն ու կոնկրետ խնդիրները:
Բարձր ենք գնահատում վերջին շրջանում արձանագրված հայ-տաջիկական հարաբերությունների դրական և կայուն զարգացման միտումը: Մենք պայմանավորվեցինք հետևողական լինել երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ այն նոր մակարդակի բարձրացնելու համար:
Այս ամենն իր արտացոլումը գտավ ընդունված Համատեղ հայտարարությունում, համագործակցության կարևորագույն ոլորտներում փոխգործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի պատկառելի փաթեթում, այն է՝ համաձայնագրեր հաղորդակցության և կապի, օդային հաղորդակցության, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում»,- ասաց նախագահը։ Նա նշեց, որ դրել են հստակ խնդիր՝ պատկերավոր ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի համագործակցությունը երկու երկրների միջև տեսանելի ապագայում: Դրան կնպաստի Երևանի և Դուշանբեի միջև քաղաքական երկխոսությունը, որին մտադիր են ինտենսիվ բնույթ հաղորդել: Բանակցությունների ընթացքում քննարկվել է տարածաշրջանային և արդի միջազգային հարցերի լայն շրջանակ:
«Մենք սերտ համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների շրջանակում: Այդ համատեքստում ես կառանձնացնեի համագործակցությունը ԱՊՀ շրջանակում և այլ բազմակողմ ձևաչափերով, և իհարկե, ՀԱՊԿ շրջանակում, որում մեր անցյալ տարվա նախագահության հերթափոխը մենք ավելի վաղ ընդունել էինք մեր տաջիկ բարեկամներից: Անցկացվում են խորհրդատվություններ արտաքին գործերի նախարարությունների միջև, սերտ համագործակցության մեջ են գտնվում մեր երկրների ներկայացուցչությունները միջազգային կազմակերպություններում: Ինչպես նախկինում, երկու կողմերն էլ պատրաստ են ամրապնդելու փոխադարձ աջակցությունը միմյանց ազգային շահերին առնչվող առանցքային հարցերում»,- նշեց Սերժ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում իր կողմից ևս մեկ անգամ վերահաստատվել է Հայաստանի դիրքորոշումը, այն է՝ ԼՂՀ հակամարտության բացարձակապես խաղաղ կարգավորումը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների վրա, մասնավորապես նրանց, որոնք հավասարապես վերաբերում են ուժի չկիրառմանը կամ ուժի կիրառման սպառնալիքին, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Ընդգծվել է պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրացման կանխարգելմանը, իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը: Իմ կողմից ևս մեկ անգամ ընդգծվեց միջազգային հանրության միջնորդական մանդատով օժտված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին լայն աջակցության անհրաժեշտությունը: 
«Իհարկե, մեր ուշադրության կենտրոնում էին նաև առևտրատնտեսական համագործակցության գործնական հարցերը, որը, մեր կարծիքով, պետք է ընդլայնվի համատեղ արտադրության, համագործակցության միջոցով՝ հատուկ ուշադրություն դարձնելով նորարարություններին և բարձր տեխնոլոգիաներին: Մենք պայմանավորվեցինք լրացուցիչ հանձնարարել մեր կառավարություններին օպտիմալացնելու առևտրատնտեսական համագործակցության կառուցվածքը և բարձրացնելու դրա որակը՝ օգտագործելով բոլոր հնարավոր մեխանիզմները:
ՈՒրախալի է, որ երկար դադարից հետո աշխատանքները վերսկսել է առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովը: Ակնկալում ենք, որ հանձնաժողովի համանախագահության անցումը նախարարական մակարդակի՝ կհաստատի նման որոշման անհրաժեշտությունը, իսկ բուն միջկառավարական հանձնաժողովն արդյունավետ կերպով առաջ կմղի տնտեսական կապերի ողջ համալիրը, կնպաստի դրանց հետագա դիվերսիֆիկացիային և փոխշահավետ նոր նախագծերի գործարկմանը: Այդտեղ մենք կարևոր դեր ենք հատկացնում նաև անմիջականորեն մեր երկրների գործարար համայնքներին, որոնց ներկայացուցիչները հանդիպում են այսօր կազմակերպված գործարար համաժողովի շրջանակներում»,- ընդգծեց ՀՀ նախագահը։
Տնտեսության, զբոսաշրջության և երկու երկրների երկրների քաղաքացիների միջև շփումների ընդլայնման համատեքստում քննարկվել են երկրների միջև ուղիղ ավիաչվերթի հնարավոր մեկնարկի հարցը:
«Այդ նախագծի շրջանակներում մենք պատրաստ ենք մեր տաջիկ բարեկամներին տրամադրել Հայաստանի կողմից «բաց երկնքի» քաղաքականության շրջանակներում ձևավորված արտոնությունների փաթեթ: Այսօր երկուստեք վերահաստատվել է նաև կրթության, մշակույթի և գիտության ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման պատրաստակամությունը: Դա նաև համագործակցություն է գիտությունների ակադեմիաների, արևելագիտական դպրոցների, աստղադիտարանների, բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների շրջանակներում»,- եզրափակեց ՀՀ նախագահը։