Շրջակա միջավայրի թունավորման դիմաց հաճախ վճարում ենք մեր ու մեր մերձավորների կյանքով

Շրջակա միջավայրի թունավորման դիմաց հաճախ վճարում ենք մեր ու մեր մերձավորների կյանքով
06.04.2018 | 01:26

Հայաստանի գետերի 20 տոկոսից ավելին ամենաբարձր աղտոտվածությունն ունի, դրանց ջրերը ոչ միայն պիտանի չեն ոռոգման և այլ նպատակների համար, այլև վտանգավոր են: Սրանք սոսկ բառեր չեն, գոնե գիտակցու՞մ ենք, թե խոսքն ինչի մասին է։ Եթե այդ գետերի ջրերում դեռ ձկներ մնացել են, ապա դրանք թունավորված են: Սակայն, տեղացիներն այդ ջրերով ոռոգում են իրենց հողատարածքները, սնվում թունավորված պտուղ-բանջարեղենով և այն նաև վաճառում ուրիշներին, գուցե ձուկ էլ են որսում և օգտագործում կամ վաճառում:
Սա է իրականությունը` բնական միջավայրի աղտոտում, թունավորում, հիվանդացության ու մահացության աճ… Վերոնշյալ իրավիճակը, ըստ էության, հետևանք է Հայաստանում արմատացած կոռուպցիայի, որի ծանր հետևանքները կարելի է տեսնել հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում (որտեղ հիվանդների հերթերը գրեթե մշտական բնույթ ունեն), ինչպես նաև գերեզմանատներում:

Փաստորեն հայերը հիվանդանում, քրոնիկ հիվանդ կամ հաշմանդամ են դառնում, սպանվում հայերի կամ հայի ազգանուն ունեցողների ձեռքով, և արդեն առանձնապես էական չէ, թե գետերի և, ընդհանրապես, բնական միջավայրի թունավորման զոհերը սպիտակ եղեռնի զոհե՞ր կանվանվեն, թե՞ մեկ այլ հանցագործության:
Այս ամենը կարծես քիչ է, ՀՀ բնապահպանության նախարարության թողտվությամբ մեկնարկել և հիմա ընթացքում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման եթե չասենք հանցավոր, ապա առնվազն խիստ վտանգավոր ծրագիրը: Հանքավայրի շահագործումը նախատեսված է 2018 թ. աշնանից: Ըստ մի շարք մասնագետների, փորձագետների, Ամուլսարի հանքավայրը թթվային անկառավարելի դրենաժի պատճառով վերածվելու է շրջակա միջավայրի վրա աղետալի ազդեցություն գործող թթվային ահռելի գեներատորի (խոսքը ծծմբական թթվի առաջացման մասին է, որն իր մեջ լուծելով հանքաքարում, ստորգետնյա ապարներում առկա ծանր մետաղները և այլ թունավոր տարրեր, հասնելու է ստորգետնյա ջրերին, ջրաղբյուրներին ու մակերևութային ջրերին, ճանապարհին Սպանդարյան-Կեչուտ թունելը քայքայելով, Կեչուտի ջրամբարին, իսկ այնտեղից ջուրը Սևանա լիճ տեղափոխելու դեպքում, քայքայելու է նաև Արփա-Սևան թունելը ու հասնելու է Սևանա լճին):


Քիմիական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, փորձագետ Սեյրան Մինասյանը երկար ժամանակ ուսումնասիրում է Հայաստանի գետերի ջրերի բաղադրությունը, ջրի որակը: ՀՀ գետերի այսօրվա վիճակի առնչությամբ պատասխանելով մեր հարցին, թե կա՞ մտահոգվելու առիթ, Սեյրան Մինասյանն ասաց.
«Այո, կա մտահոգվելու առիթ և այդ առիթը հետևյալն է: Դեռ 5-6 տարի առաջ մեր գետերում ջրերի որակի առումով բավական լավ պատկեր ունեինք. աղտոտվածության ռիսկային գոտիները կազմում էին մինչև 20 տոկոս: 2017 թվականին աղտոտված էր մեր գետային ավազանի արդեն 35 տոկոսը: Հայաստանի գետերի 20 տոկոսից ավելին արդեն 5-րդ (ամենաբարձր, ամենավատ) կարգի աղտոտվածության ջուր ունի, ինչը նշանակում է, որ այդ գետերի ջրերն այլևս պիտանի չեն ոչ ձկան աճեցման, ոչ ոռոգման համար, որևէ նպատակով օգտագործելը գործնականում նույնիսկ վտանգավոր է: Գետերի մոտ 15 տոկոսը 4-րդ կարգի ռիսկային աղտոտվածություն ունի, այսինքն` մեր ջրերի որակի վատացումն անշեղորեն շարունակվում է: Եթե համեմատում ենք 2010-2011 թվականների վիճակի հետ, ապա 2017 թվականի դրությամբ արդեն մոտ 1,5 անգամ ավելի շատ աղտոտված գետեր, ջրային գոտիներ ունեինք: Սա է պատկերը»:


Իսկ որո՞նք են Հայաստանի գետերի աղետալի աստիճանի հասած աղտոտման հիմնական գործոնները: Փորձագետի հավաստմամբ, դրանք են հանքարդյունաբերությունը, կոմունալ-կենցաղային չմաքրված կեղտաջրերը, որոնք անարգել հոսում են դեպի գետեր, և պարզապես գետերի աղբոտումը:


«Ամենավատն այն է,- շարունակեց պարոն Մինասյանը,- որ հանքարդյունաբերության ազդեցությամբ աղտոտվածի մասնաբաժինն է ավելանում: Գետերի աղտոտման հիմնական պատճառը հանքարդյունաբերությունն է, այն նաև ամենավտանգավորն է, որովհետև հանքարդյունաբերության աղտոտումը չեզոքացնելը, վերականգնելը, կառավարելն ավելի դժվար է: Եթե բնությունն իր ինքնամաքրման կարողության շնորհիվ կարողանում է կոմունալ-կենցաղային կեղտաջրերով աղտոտումը համեմատաբար կարճ ժամանակաընթացքում մաքրել, ապա հանքարդյունաբերության պատճառով աղտոտումը կարող է և անդարձելի լինել, այսինքն` հնարավոր չլինի վերականգնել գետի ջրի նախնական, մինչև հանքարդյունահանումը եղած վիճակը»:
Գիտնականից հետաքրքրվեցինք, թե ինչով է դա պայմանավորված:


«Դա ծանր, թունավոր մետաղների հետ է կապված,- պատասխանեց Սեյրան Մինասյանը:- Գետերը կոմունալ-կենցաղային կեղտաջրերով աղտոտվում են հիմնականում ազոտի, ֆոսֆորի միացություններով, օրգանական միացություններով, որոնք բնության մեջ, այսպես ասեմ, օքսիդանում են, և ջուրն ինքնամաքրվում է: Օրինակ, Երևանի կոյուղաջրերը Դարբնիկ գյուղի մոտ լցվում են Հրազդան գետը, այնտեղ մենք ունենք աղտոտվածության 5-րդ կարգի ջուր, սակայն մինչև սահման հասնելը (ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր) ջուրն արդեն բավական մաքրվում է իր ինքնամաքրման կարողության հաշվին: Սակայն, անպատասխանատու հանքարդյունաբերության պատճառով (խոսքս մետաղական հանքավայրերի շահագործման մասին է), գետերը աղտոտվում են հիմնականում ծանր մետաղներով, իսկ ծանր մետաղները ոչ օքսիդանում են, ոչ ցնդում, գոլորշանում այդ գետի էկոհամակարգից»:


Փորձագետի հավաստմամբ, ծանր մետաղները շատ երկար ժամանակ մնում են գետի էկոհամակարգում, հատակային նստվածքներում, և այդ իմաստով հանքարդյունաբերության ազղեցությունը շատ ավելի վտանգավոր է, սակայն մենք անպատասխանատու հանքարդյունաբերության և ջրերի վատ կառավարման պատճառով այսօր ունենք լուրջ խնդիր: Իսկ պետական պատկան մարմիններն այս ամենին տեղյա՞կ են, թե՞ ոչ:
«Եթե տեղյակ են ու համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկում, շատ վատ է, եթե տեղյակ չեն, ավելի վատ է,- ասաց Սեյրան Մինասյանը:- Ես խոսում եմ պաշտոնական տվյալներով, «Հայէկոմոնիտորինգի» տարեկան տեղեկագրերը բացեք, նայեք 2011 թվականին քանի տոկոսն է եղել աղտոտված, 2012-ին` քանի տոկոսը, 2013-ին` քանի տոկոսը, և 2017-ին` քանիսը»:


Գիտնականից տեղեկացանք նաև, որ անպատասխանատու հանքարդյունաբերության հետևանքները Հայաստանում արտահայտվում են հատկապես Դեբեդի ավազանում (Ախթալայի կոմբինատ, Ալավերդու կոմբինատ, Թեղուտի կոմբինատ), Սյունիքում Քաջարանի, Կապանի, Ագարակի կոմբինատների հետևանքներն են: Միայն այսքանն արդեն իսկ բավարար է… Իսկ ի՞նչ է պարզել փորձագետը Դեբեդի ուսումնասիրությամբ:
«Ալավերդուց սկսած, Դեբեդի ջուրը հանքարդյունաբերական թափոններով, կեղտաջրերով աղտոտվում է, Ախթալայի գոտում աղտոտումն ավելի է մեծանում, Շնողի գոտում էլ ավելի է մեծանում, և գործնականում մինչև հայ-վրացական սահման հասնելն այդ հատվածում Դեբեդի ջուրը 5-րդ կարգի աղտոտվածություն ունի»,- ասաց մեր զրուցակիցը:
Այնուհանդերձ, մինչ հայ-վրացական սահման հասնելը, Դեբեդի ջուրը Հայաստանում օգտագործվում է: Սա հաստատեց նաև փորձագետը:
«Այո, ոռոգման նպատակով օգտագործվում է,- ասաց Սեյրան Մինասյանը:- Հանքարդյունաբերության կեղտաջրերով 5-րդ կարգի աղտոտվածության նույն վիճակում է Ողջի գետը` Քաջարանից սկսած: Մենք էլի տեղեր ունենք, որտեղ ջրի աղտոտվածությունը 5-րդ կարգի է, օրինակ, Վանաձորից ներքև, Հրազդան գետը` Երևանից ներքև, բայց այստեղ աղտոտված է կոմունալ-կենցաղային կեղտաջրերով, սակայն այն հատվածները, որ նշեցի, հանքարդյունաբերական կեղտաջրերով են աղտոտված»:


Ինչպես տեղեկացանք փորձագետից, ծանր մետաղներից Դեբեդում, Ողջիում գերակշռում են հատկապես ցինկը, կադմիումը, կապարը, պղինձը, Շնողի գետաբերանում` մոլիբդենը:
«Օրինակ, Շնողի առնչությամբ, Թեղուտի հանքավայրի ազդեցության հետ կապված, խոսում էինք, երբ դեռ նոր էին սկսում այդ ծրագիրը,- ասաց Սեյրան Մինասյանը:- 2009 թվականից մենք այնտեղ հետազոտություններ ենք կատարել: Շնողի գետաբերանում մինչև 2012 թվականը մաքուր, 2-րդ կարգի, լավ որակի ջուր է եղել: Կամաց-կամաց սկսեց վատանալ, 2015 թվականին աղտոտվածությունը հասավ արդեն 4-րդ կարգի` հիմնականում մոլիբդենի պատճառով, նաև` կախված մասնիկների, 2016, 2017 թվականներին արդեն մոլիբդենով ու կախված մասնիկներով 5-րդ կարգի աղտոտվածության ջուր է եղել:


Շնողը լեռնային հրաշալի գետ էր, որը մաքուր, շատ բարձր որակի ջուր ուներ, մինչդեռ մենք հիմա այնտեղ ունենք արդեն 5-րդ կարգի աղտոտվածության ջուր: Ախթալայի գետաբերանում ջուրն աղտոտված է ցինկով, կադմիումով, կապարով, պղնձով, կախված մասնիկներով, սուլֆատով: Ըստ էության, նույն պատկերն է Ողջիում, Ագարակի մոտ Կարճևան գետի մասին էլ չեմ խոսում, այդ գետը, որպես այդպիսին, ամբողջությամբ ոչնչացված է, վերածված է պոչատարի, ինչպես Ախթալան: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի փնթի և անպատասխանատու աշխատանքի պատճառով աղտոտվում է նաև Արաքսը, և այդ առնչությամբ անընդհատ խնդիր է առաջանում Իրանի հետ: Ակնհայտ է, որ կեղտաջրերը լցվում են Կարճևան, Արաքս, այնտեղ իրենք կեղտաջրերն ուղղակի Արաքս լցնելու խողովակներ էլ ունեն: Հիմա չգիտեմ ինչ վիճակ է, վերջին անգամ այնտեղ եղել եմ անցած տարի, պատկերը նույնն էր, ինչ 5 տարի առաջ, ոչինչ չէր փոխվել: Առանց մաքրելու, կեղտաջրերը լցնում են գետեր ու դրանով սահմանափակվում: Ջրերի կառավարումը պետության գործառույթն է, բայց պետությունն իր այդ գործառույթը շատ վատ է իրականացնում»:


Խախտումների դեպքում հանքարդյունաբերողների համար չնչին չափերի, այսպես ասած, խորհրդանշական տուգանքներ են նախատեսված, ինչը, եթե մեղմ արտահայտվենք, խայտառակություն է:
«Բայց խնդիրը միայն տուգանքով լուծելի չէ,- ասաց մեր զրուցակիցը:- Այդ ամբողջ շղթան երբ նայում ենք, թե ինչ է կատարվել, պատկերը պարզ է դառնում: Թեղուտի համար այդքան պայքար գնաց, այդքան ասացինք, զգուշացրինք հետևանքների մասին, բայց վերջը թույլատրեցին ու սկսեցին շահագործել: Ինչպես արդեն ասացի, 2012 թվականին Շնողի գետաբերանում մաքուր, լավ որակի ջուր էր, 2014 թվականին, երբ նոր սկսեցին բացել հանքը, ջրի որակը սկսեց վատանալ, շահագործումից հետո ջրի աղտոտվածությունը հասավ արդեն 5-րդ կարգի: Ես խոսում եմ պետական տեղեկատվությունից ելնելով: Պետական կառավարման մի օղակ այս տեղեկատվությունը պարզել, ներկայացրել է, իր աշխատանքը, լավ թե վատ, արել է, սակայն համակարգի մյուս օղակը, որը պարտավոր էր հետևել դրան, համապատասխան եզրակացություններ անել, միջոցառումներ ձեռնարկել, ոչ մի բան չի արել»:


Այսպիսով ստացվում է, որ համապատասխան պաշտոնյաները, պատասխանատու անձինք չեն ուզում տեսնել, թե ինչ է կատարվել և ինչ է կատարվում, իսկ այդ ամենի հետևանքներն ուղղակի ահավոր են: Մենք անպատասխանատու հանքարդյունաբերության ու շրջակա միջավայրի այս աստիճանի աղտոտման, թունավորման դիմաց հաճախ վճարում ենք մեր ու մեր մերձավորների առողջությամբ ու նույնիսկ կյանքերով, որոնք անգնահատելի են:
«Մեզանում մետաղային հանքարդյունաբերությունը Հայաստանն ուղղակի քանդել է, բայց իմ պատկերացմամբ Ամուլսարը երևի ամենառիսկայինն է այդ շարքում,- ս. թ. մարտի 29-ին ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ասաց նշված խորհրդի անդամ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների թեկնածու, բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, ՄԱԿ-ի փորձագետ Կարինե Դանիելյանը:- Ժամանակին հոդվածներ, ելույթներ եղել են այս կապակցությամբ: Մենք վարչապետի հետ հանդիպման ժամանակ այդ հարցը բարձրացրինք, չնայած դեռ կարծես թե որոշումը չկար, բայց ինքն ասաց արդեն ուշ է, որոշումն արդեն ընդունել ենք և վերջ: Բայց քննարկումները դեռ գնում էին»:
Կարինե Դանիելյանը ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հիշեցրեց, որ ժամանակին բերել ու նրան է տվել նաև «Գոլոս Արմենիի» թերթում հրապարակված ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանի հոդվածը:


«Դրանում,- շարունակեց Կարինե Դանիելյանը,- այնպիսի բան էր գրված, որ ես ուղղակի ապշած էի, թե Արմենն ինչպես կարող էր այդպիսի բան գրել, նա նույնիսկ հոդվածը վերջացրել էր նրանով, որ պատմության մեջ շատ քայլեր են եղել հայ ազգը վերացնելու ուղղությամբ, սա այդ քայլերից ամենահզորն է: Դուք գիտեք, որ Հանրային խորհրդի անդամ եմ, մոտ 4-5 տարի առաջ հանդիպելով նախագահին (մենք պարբերաբար հանդիպում էինք), ես հարց էի բարձրացրել հանքարդյունաբերության այդ ռիսկերի, վտանգների մասին, ասել, որ մենք հայեցակարգ չունենք, և որտեղ ասես, հանքերը բացում են: Նա հրահանգ տվեց` այդ հայեցակարգը մշակելու: Հիմա կա, ես զարմանում եմ, որ այդքան օբյեկտիվորեն կառավարությունը հաստատել է այդ հայեցակարգը, որտեղ գրված է, որ ամեն ինչ սխալ ենք արել: Նույնիսկ գրված է, որ հանքարդյունաբերության որևէ դրական փորձ Հայաստանում չունենք: Կարծես թե դրանից հետո պետք է փոփոխություն լիներ, սակայն դրանից հետո մենք Ամուլսար ունեցանք, որy, իրոք, շատ զարմանալի է»:


Գիտնականի տեղեկացմամբ, ոչ միայն Ամուլսարի, այլև, ընդհանրապես, հանքարդյունաբերության, հատկապես մետաղային հանքարդյունաբերության ընդհանուր իրավիճակը քննարկվել է, ինքն այդ քննարկմանը զեկուցել է բնակչության առողջության վրա դրա վտանգների, ռիսկերի, վնասների մասին, որովհետև բոլոր ուսումնասիրություններն ակնհայտորեն ցույց են տալիս, որ ազդակիր համայնքների առողջապահական տվյալները սարսափելի են, Լոռին և Սյունիքը խիստ տարբերվում են իրենց բացասական տվյալներով: Կարինե Դանիելյանի հավաստմամբ, անպատասխանատու հանքարդյունաբերությամբ զբաղվողները ու նրանց դա թույլատրող պետական պաշտոնյաներն այսպիսով Հայաստանի բնությունը հիմքից կտրում են:


«Ես ապշում եմ` ինչպե՞ս կարող է կառավարությունը երեք ուղղության մասին հայտարարել որպես առաջնային` մաքուր գյուղատնտեսություն, զբոսաշրջություն և հանքարդյունաբերություն, այսինքն` մաքուր գյուղատնտեսության և զբոսաշրջության կողքը հանքեր բացենք, հիմքից կտրենք,- ասաց տիկին Դանիելյանը:- Անհնար է դրանք իրար հետ զուգակցել այս մի փոքր հողակտորի վրա»:
Ըստ բնապահպան գիտնականի, եթե կարդանք, օրինակ, անծայրածիր Ռուսաստանի, հսկա Ռուսաստանի զարգացման ռազմավարությունը, ապա այնտեղ գրված է, որ Ռուսաստանն այլևս իրավունք չունի հումքային կցորդ պետության դերով հանդես գալու և պետք է, ինչքան հնարավոր է, կրճատի իր ընդերքի օգտագործումը և անցնի արտադրության այլ ուղղությունների: Առավել ևս այս փոքր Հայաստանում դա պետք է անել, և այստեղ բնապահպանության նախարարության դերը շատ կարևոր է:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4013

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ