Yerevan Perspectives
 

Փրկիչն ու 12 առաքյալները

Փրկիչն ու 12 առաքյալները
11.01.2019 | 01:58

Պատմությունը չսկսվեց 2018-ի դեկտեմբերի 31-ին, երբ հայտնի դարձավ, որ «Գազպրոմի» և «Գազպրոմ Արմենիայի» միջև համաձայնագիր է ստորագրվել, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը 2019-ի հունվարի 1-ից 165 դոլար է 1000 խորանարդ մետրի համար: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ հեռարձակումով հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստվում է բարձրացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը, բայց սպառողների համար գազի սակագինը կմնա անփոփոխ։ Գազի գործող գինը, որը սահմանված է 2013-ին ստորագրված պայմանագրով, 1000 խորանարդ մետրի դիմաց 150 դոլար է: Բանակցությունները շարունակվում են:
Պատմությունը նույնիսկ 2013-ին չի սկսվել, երբ ստորագրվեց ու վավերացվեց խայտառակ պայմանագիրը: Պատմությունը դրվագ առ դրվագ հավաքում է պատկերը: Հավաքողը մենք չենք, մենք դրվագներն ենք: Ինչու՞:


Ինչու՞ է Հայաստանում բնակչության որոշակի տոկոս համոզված, որ առանց Ռուսաստանի Հայաստանը չի ապրի: Որովհետև հենց իրենք տրանսֆերտներ են ստանում Ռուսաստանից, աշխատանք են գտնում Ռուսաստանում ու Հայաստանում ոչ աշխատանք գտնելու հույս ունեն, ոչ իրենց մասնագիտական կարողությունների դրսևորման հեռանկար: Նրանց համար վաղուց գործում է Ռուսաստան-Հայաստան միացյալ պետությունը և լինելով միանգամայն գիտակից ու հայրենասեր` նրանք համոզված են` Հայաստանը չի կարող առանց Ռուսաստանի ապահովել իր կենսագոյությունը: ՈՒ հենց այդ պատճառով Պուտինը նրանց նախագահն է, փայլուն պետական ու քաղաքական գործիչ, անփոխարինելի նախագահ ու փառահեղ մարդ, որ հնարավորություն է տալիս հայերին Ռուսաստանում փող աշխատել ու ընտանիք պահել Հայաստանում: ՈՒ նրանք ճիշտ են: Կա մեդալի հակառակ կողմը` Ռուսաստանը ռազմավարական դաշնակցությունը Հայաստանի հետ հասկանում է Հայաստանին իր ուղեգծում պահելը և այդ ուղղությամբ աշխատում է ոչ թե քաղաքականությունը, այլ տնտեսությունը. Ռուսաստանը Հայաստանին հնարավորություն չի տալիս զարգացնել իր տնտեսությունը ու տնտեսապես անկախանալ: Այդ քաղաքականությունը սկսվել է անցյալ դարից ու ամբողջացել 1999-ին, որի տրամաբանական շարունակությունն էր «Գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը, որով պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունները Հայաստանից վերցվեցին ու փոշիացվեցին, ՀԷՑ-երը Ռուսաստանին վաճառելը, գազատարը Ռուսաստանին պարտքի դիմաց փոխանցելը, «Նաիրիտի» փակվելը, ընդհանրապես տնտեսության` որպես աշխատատեղ ստեղծող ու տնտեսական ինքնուրույնություն ապահովող մեխանիզմի վերացումը: Այդպես Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանը շինարարական դատարկ բում ապրեց իր երկնիշ աճով, որն այնքան էր ազդում կենսամակարդակի վրա, որ մարդիկ հեռանում էին Հայաստանից Ռուսաստան: Բումը ոչ, բայց նույն քաղաքականությունը 10 տարի շարունակեց Սերժ Սարգսյանը` Հայաստանին պարտադրվում է տնտեսության այնպիսի կառուցվածք, որ հնարավորություն չունենա զարգանալ: Հայաստանը Ռուսաստանի համար մարդկային ռեսուրսների շտեմարան է, որտեղից ներքին կարգավորիչներով ցանկացած պահին ստանում կամ վերադարձնում է իրեն անհրաժեշտ մարդուժը: Տնտեսության ռազմավարական ոլորտները իր ձեռքը վերցնելով` Ռուսաստանը թույլ չի տալիս, որ Հայաստանն ինքնուրույն տնօրինի իր ընդերքը, ցամաքն ու երկինքը: Նույնիսկ` ինքը պահի իր սահմանները: Իսկ հնարավոր անհնազանդության կամ ֆորս մաժորների համար Գյումրիում ու Երևանում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան:


Պատահակա՞ն է, որ Հայաստանը չունի ազգային ավիափոխադրող, որ ՌԴ-ի ձեռքում է հայկական երկաթուղին, ու խոստացված ներդրումները ոչ միայն չեղան, այլև Հայաստանի բյուջեից ռուսներին կոնցեսիոն կառավարման հանձնված հայկական երկաթուղու վնասները ծածկելու համար միլիոնների փոխհատուցումներ են կատարվում: Ինչի՞ համար: Որ երկաթուղին լինի, թեկուզ երկրի ներսում, բայց չաշխատի ու շահույթ չբերի: Պատահակա՞ն է, որ ձախողվեց Ֆրանսիայի` Հայաստանում երկրորդ ատոմակայան կառուցելու մտադրությունը: Այլ տեխնոլոգիաներով ու հավասարության սկզբունքով: Պատահակա՞ն է, որ Գազպրոմի հետ պայմանագրում այլ երկրից գազի ներմուծումն արգելվում է:

Այն պարագայում, երբ Իրանը կողքներս է, ու Իրանից գազի ներմուծումը ինքնաբերաբար ավելի էժան է լինելու` հաշվի առնելով տարածությունը: Ռուսաստանն իրական ներդրումներ չի անում Հայաստանի տնտեսության մեջ ու արգելակում է ոլորտաստեղծ արտադրությունների զարգացումը, որ ոչ միայն աշխատատեղեր էր բացելու, այլև գիտությունն էր զարգացնելու: Մեզ «Նաիրիտ» պետք չէ, մեզ կաուչուկ պետք չէ, մեզ մելամին պետք չէ, մեզ ընդհանրապես քիմիական արտադրություն պետք չէ, մեզ մետալուրգիա էլ պետք չէ, թող քանդվեն ու դատարկվեն գյուղերը, իսկ եթե ինչ-որ մեկը փորձի արտադրություն բացել ու աշխատատեղ ապահովել, հզոր բնապահպանները կգան ու կպայքարեն թիթեռի կյանքի համար, որ մի օր է ապրում, բայց այդ տարածքներում մի օր էլ չի գիշերել: Ադրբեջանի անունն է դուրս եկել, բայց Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը իրականում ձեռնտու չէ Ռուսաստանին, ու Ռուսաստանն է եղել ու մնում գլխավոր արգելակը, որ հայ-թուրքական սահմանը բացվի ու դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն: Պատճառները դարձյալ տնտեսական են: Ընդհանրապես Հայաստանի հետ Ռուսաստանը քաղաքականություն չունի, ունի միայն տնտեսության զրոյացման ու տնտեսական սպանդի քաղաքականություն, որ հաջողությամբ իրականացրել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին` ստանալով մեզ համար անցանկալի արտագաղթի, իր համար ցանկալի ներգաղթի տպավորիչ թվեր, իսկ հետևանքը` նաև մարդ չկա, որ երկրում արտադրություն զարգանա: Մտավոր ներուժ չկա, որակյալ մասնագետներ չկան, զրոյացված են ազգային դիմադրությունն ու քաղաքագիտական-փորձագիտական միտքը: Առավելագույնը վիճակ են նկարագրում, իսկ ելքերը հանձնում են Աստծուն: Կարծես Աստված պիտի գա ու երկրի վրա իրենց գործը անի:


2018-ին Հայաստանում եղավ թավշե հեղափոխություն, ու 2019-ը հայտարարվել է տնտեսական հեղափոխության տարի: Սքանչելի է: Իրականում սքանչելի սուտ է:
Ապացույցը կոնգլոմերատն է, որ առաջարկվեց իբրև կառավարության կառուցվածք: Դեկտեմբերի 30-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Աժ նախագահ Արա Բաբլոյանի ներկայությամբ հայտարարում էր. «Հիմնական հարցը, որ ծագում է 2018-2019 սահմանագծին՝ հետևյալն է` կարո՞ղ ենք անել այն, ինչի մասին խոսում ենք: Այս հարցն, իհարկե, ունի մեկ պատասխան, այն դրական է, բայց այդ պատասխանին զուգահեռ գոյություն ունեն պայմաններ: Այո, կարող ենք, եթե մենք կարողանանք հավատալ մեր ուժին, իսկ որպեսզի կարողանանք հավատալ մեր ուժին, անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք հավատալ մեր առաքելությանը: Մեր կառավարությունն առաքելության կառավարություն է, որը պիտի կատարի իր առաքելությունը, որովհետև այն ձևակերպված է մեր ժողովրդի անցյալի և ապագայի նկատմամբ ունեցած հավատի և վստահության վրա: Այդ առաքելությունը ձևակերպված է այն ընկալման վրա, որ չի կարող ժողովուրդը, որն անցել է հազարամյա աղետների միջով, պարտվել, որովհետև եթե այն լիներ պարտվող ժողովուրդ, ապա այդ պարտությունը վաղուց հասած պիտի լիներ: Հետևաբար, հայ ժողովուրդը հաղթող է և հայ ժողովուրդը 2018-ին դա ապացուցեց»: Մեղմ ասած` բլեֆ: Եվ պատասխանի, և պայմանների մասով: Փաստացի` Նիկոլ Փաշինյանը ուզում է հանրությանը ներշնչել, որ ինքը Փրկիչն է, իսկ 12 նախարարները 12 առաքյալներն են` «Մեր կառավարությունն առաքելության կառավարություն է, որը պիտի կատարի իր առաքելությունը»: Այս տաֆտալոգիան հիմնավորել «ընկալման վրա, որ չի կարող ժողովուրդը, որն անցել է հազարամյա աղետների միջով, պարտվել, որովհետև եթե այն լիներ պարտվող ժողովուրդ, ապա այդ պարտությունը վաղուց հասած պիտի լիներ», նույնն է, թե հիմնավորել` ինչու՞ են անպարտ թուրքերը, որ ապրում են մեր հողերում` հավելած քրդերին, կամ` նույնիսկ ադրբեջանցիները: Եթե սա է Նիկոլ Փաշինյանի հաղթանակի բանաձևը, նույնիսկ առաքյալներին կխաչեն:


Ժողովուրդը նրան չի առաջադրում ապրիորի խնդիրներ, որ պետք է լուծվեն ուղեղում և սրտում: Առաջադրում է պարզ հարց` կարո՞ղ ես պետություն պահել:
ՈՒ հենց ինքն է հաստատում. «ՈՒնենք բավարար կամք, բավարար հետևողականություն, բավարար ուժ, ժողովրդական բավարար աջակցություն և բավարար հետևողականություն այդ խնդիրները լուծելու համար»: Այսինքն` կա կամք, հետևողականություն, ուժ, ժողովրդի աջակցություն, վերջ: Մտքին տեղ չկա: Որովհետև մտածելու դեպքում ոչ թե 12 առաքյալների կառավարություն պիտի ձևավորվեր, այլ` պարտադիր նոր Հայաստանը պիտի ունենար ատոմային էներգետիկայի նախարարություն, ջրային ռեսուրսների կառավարման նախարարություն, լեռնային մետալուրգիայի նախարարություն, մշակույթի նախարարություն, սփյուռքի նախարարություն: Պարտադիր: Որովհետև ատոմային էներգետիկան բոլորովին այլ կարգավիճակ է ապահովում ու նաև երկրի անվտանգության երաշխավոր է: Ոչ այսօրվա վիճակով, երբ «Մեծամորը» կես դարն է գլորում ու կախված է ռուսական հումքից ու ռուս մասնագետներից: Այն ռուս մասնագետներից, որ Թուրքիայում կառուցում են «Ակկույու» ատոմակայանը ու մեկն էլ պատրաստվում են Ադրբեջանում կառուցել` եթե ՄԱԳԱՏԷ-ն չառարկի: Ատոմակայան ունենալ ու գազից կախված մնալ` միայն մենք կարող էինք: Ամբողջ Մերձավոր Արևելքում ջուրն ավելի թանկ է, քան նավթն ու գազը, Հայաստանի ինքնահոս ջրերը լցվում են Արաքս ու գնում` ինքներդ էլ գիտեք ուր: Իսկ բերքը չորանում է առանց ջրի: Աճեմօղլուն ոչինչ չի՞ ասել այդ հարցով: Չի՞ ասել, որ Հայաստանը ոչ միայն ինքն իրեն կարող է ապահովել իր խմելու ու ոռոգման ջրով, այլև խողովակաշարով խմելու ջուր արտահանել ու փող աշխատել: Ընդամենը խելամիտ կառավարում է պետք, լոգիստիկա: Հայաստանը չունի նավթ ու գազ, բայց հարուստ է մետաղներով, որ ջրի գնով վաճառում է, տեղում վերամշակելու ու իբրև ապրանք թանկ գնով արտահանելու փոխարեն: Ո՞վ, եթե ոչ ՀՀ հպարտ վարչապետը պիտի պատասխանի` ինչու՞: Մշակույթի նախարարությունը կրթության ու գիտության նախարարությանը կցելու փոխարեն, որ իր գլխավոր գործը համարում է 30-ից ավելի աշակերտներով դասարաններ ունենալն ու ուսուցիչներին կրճատելը, պետք է դարձնել ոչ միայն պատմական հուշարձանները պահպանող ու ներկա հանճարներին կոչումներ շռայլող հիմնարկ, այլ` մշակութաստեղծ ռազմավարության կենտրոն: Սփյուռքի նախարարությունն էլ վերացնելու փոխարեն պետք է կանոնադրություն փոխել ու ոչ միայն օրվա խնդիրները լուծող, այլև ներգաղթի ու նպատակային ներդրումների ձևավորման ատյան դարձնել: Եթե նախարարը ձախողվեց, նախարարությունը չէ մեղավորը: Բայց Հայաստանում պատճառներ չեն որոնում, այլ` մեղավորներ են նշանակում ու …գրավով ազատ են արձակում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Երբ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ սահմանին գազի գինը բարձրացել է, իսկ սպառողի համար չի բարձրանա, տրամաբանորեն կա 2 լուծում` կամ 1000 խմ-ի դիմաց 15 դոլար բարձրացումը փոխհատուցելու է կառավարությունը, իսկ դա արվելու է ժողովրդի հաշվին, որովհետև պետական բյուջեն ձևավորվում է հարկերից, կամ` «Գազպրոմ Արմենիայի», որ պատրաստ է ինքնազրկման, այսինքն` այդքան ռեսուրսներ ունի, որ փոխհատուցի: Ոչ մեկին չի՞ մտահոգում` որտեղի՞ց, գերշահու՞յթ են ունեցել մեր հաշվին, որի մի մասից պատրաստ են հրաժարվել, իսկ ասում էին վնասով ենք աշխատում: Եվ` ինչու՞ պատկան մարմինները դեռ «Գազպրոմ Արմենիա» չեն հասել, գուցե իսկապես գազի սակագինը հնարավոր է իջեցնել` ինչպես Նիկոլ Փաշինյանն էր խոստացել ու մոռացավ Պուտինի հետ հանդիպումից հետո: Հունվարի 14-ից աշխատանքները կսկսի 7-րդ գումարման ԱԺ-ն, այս բոլոր խնդիրները վերաբերելու են ԱԺ-ին, բայց որոշումներ ընդունելու է մեկ մարդ` ՔՊ իրական նախագահը: Համատեղությամբ` Հայաստանի փրկիչը: Ինչ-որ պահից հարցերի հարցը դառնալու է` ինչպե՞ս փրկվել փրկիչից:

Դիտվել է՝ 1213

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao