Անիվը հետ է գլորվում

Անիվը հետ է գլորվում
15.01.2019 | 01:59

Հին-նոր տարին էլ տոնեցինք, սեղանները, հետո էլ սառնարանները դատարկվում են, ու մարդիկ դուրս են գալիս տնից ոչ միայն հյուր, այլև խանութ ու շուկա գնալու: ՈՒ` ի՞նչ: Գների շեշտակի թանկացումը միանգամից ցրում է տոնական թմբիրը թե խումհարը: Նույնիսկ կարտոֆիլը հասել է 450-500 դրամի: Հարցը որակը չէ, նույն միջին մեծության, մի քիչ տձև ու համի ոչ մի առանձնահատկություն չունեցող կարտոֆիլն է: Բայց կարտոֆիլը միայն սկիզբն է: 2019-ին թանկացումների մի քանի ալիք է սպասվում: Առաջին ալիքն ուղարկել է ԵԱՏՄ-ն` միասնական մաքսային համակարգին ինտեգրվելու պատճառով: 2013-ին ՀՀ-ի և ԵԱՏՄ երկրների մաքսատուրքերի միջև կար հսկայական տարբերություն, 2014-ին որոշվեց 800 ապրանքի մաքսատուրքերը բարձրացնել աստիճանական՝ մեղմելու կենսական նշանակության ապրանքների կտրուկ թանկացումը: 2019-ի հունվարի 1-ից բարձրացել են երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, և շուտով նաև շուկայական գները կաճեն: Ինչի՞:

Նախ` երրորդ երկրից ներմուծվող հացահատիկային արտադրանքի` 2-4 տոկոսով, կարագինը, բուսական ու կենդանական յուղի և ճարպային հիմքով այլ ապրանքներինը՝ 13 %-ով: Հետո` մսամթերքի մաքսատուրքերը թանկանալու են 12,5 %-ով, թռչնամսինը 22 %-ով: Երրորդը` ցիտրուսային մրգերի և ձմռանը ներմուծվող բանջարեղենի:
Թանկանալու են պարարտանյութերը` 4 %-ով, հացահատիկն ու կենդանական կերերը` 2-4 %-ով, գյուղատնտեսական գործիքները` 3-6 %-ով: Այս ապրանքների թանկացումը կհանգեցնի տեղական արտադրանքի ինքնարժեքի բարձրացման:
2-5 %-ով թանկանալու են երրորդ երկրներից բերվող թուղթը, անձեռոցիկը, թելերը, կտորեղենը, գործվածքները: Սպիտակեղենը և անկողնային պարագաները կթանկանան 10 %-ով, փայտե արտադրանքը՝ 5-10 %-ով, կերամիկական սալիկները, լամպերը, ապակյա տարաները՝ 10 %-ով, լուսավորության լամպերը՝ 12 %-ով, այլ տեսակի շինանյութը` 5 %-ով: Այս ապրանքների թանկացման պատճառով կլինի փոխկապակցված ապրանքների գների բարձրացում, որը կբերի ընդհանուր թանկացումների տնտեսության բոլոր ոլորտներում:
Իսկ ի՞նչ կա աշխատավարձի մասով: Կամ` կենսաթոշակի: Ոչինչ: Պետական համակարգում սպասվում են կրճատումներ: Թեպետ այս պատմությունը նույնիսկ զավեշտի է վերածվում` կառավարությունը կրճատում է իր աշխատակիցներին, փոխարենը բազմապատկում է ԱԺ-ն: Ինքներդ հաշվեք` 132 պատգամավոր (600000 դրամ ամսական աշխատավարձով, տարբեր հավելավճարներով, գործուղումներով), յուրաքանչյուրն ունի մեկ օգնական` 100000 դրամ (եթե չավելանա` հաշվի առնելով աշխատանքի ծավալի մեծացումը), հանձնաժողովների թիվը 9-ից կարող է դառնալ 11 (հավելեք` հանձնաժողովի նախագահի ու փոխնախագահի աշխատավարձի բարձրացում ու լրացուցիչ աշխատակազմ + սպասարկող ավտոմեքենա):

Պատգամավորների թվի մեծացման պատճառով` նաև ԱԺ աշխատակազմի հնարավոր մեծացում` ապահովելու հանձնաժողովների ու ԱԺ բնականոն գործունեությունը: Այսինքն` պետական կառավարման համակարգում օպտիմալացումը ֆիկտիվ է` ընդամենը գործադիրից օրենսդիր շարժ է լինելու և ֆինանսների խնայման հարցը դուրս է գալիս: Մեջտեղում մնում է կառավարության կառուցվածքի հարցը` որքանո՞վ է 12 նախարարությունը համապատասխանում օպտիմալ կառավարման պահանջին, երբ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտները ոչ թե առանձնացվում են, այլ միավորվում առանց տրամաբանական կապի, ու սուպերնախարարություններ են ստեղծվում: Հավելեք կադրերի հարցը ու կստանաք … Արամի 23-ի փլուզված շենքի պատկերը: Երբ արտակարգ իրավիճակների նախարարությունն արձանագրում է շենքի պատի փլուզումը ու անորոշ ժամանակով փակում փողոցի այդ հատվածը` համարելով գործն ավարտված, իսկ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարում է, որ փլուզումը խորհրդանշական էր` անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուկների հետևանք: Պարզվում է` 3 ամիս քննարկվել է Արամի 23-ի՝ հարակից շինհրապարակին հպվող պատը ամրացնելու հարցը, ներկայացվել են նախագծեր, որ մշակույթի նախարարությունը չի հաստատել:

Հետո նրան հակադարձում են, որ նախագիծ կար: ՈՒ վերջապես շենքի տերը` Տիգրան Հեքեքյանն է ասպարեզ գալիս, որ ասի` «Արամի 23-ի հուշարձանի փլուզումն անտարբերության հետևանք է. տղամարդ չկա, որ վերցնի իր վրա» և հերթական բողոքի ակցիան կազմակերպի փլուզված շենքի առաջ: Գիտեք` ի՞նչն է զգետնողը. ակցիայի մասնակիցները մտադիր են շարունակել պայքարը մինչև արդյունքի հասնեն: Այսինքն` նորից դուրս են գալու փողոց, պահանջեն պահպանել մայրաքաղաքի հնագույն շենքերից մեկը ու… տուն գնան` գործն արածի հանգիստ խղճով: Իսկ քաղաքապետը լռում է: Մինչդեռ առաջինը ինքը պիտի Արամի 23 գար ու տեսներ` ի՞նչ է եղել և ինչու՞: Չէ, իհարկե, Հայկ Մարությանը խիստ զբաղված է` նա լուծում է օպերայի տարածքի կանաչապատման հարցերը: Եվ ճիշտ է անում, չէ որ մայրաքաղաքի վերջին տարածքն է, որ …կանաչապատված չէ: Վերջապես` նման դարակազմիկ որոշումից առաջ հանդիպել է սրճարանատերերի հետ, լսել նրանց կարծիքը, համաձայնության են եկել, սրճարանատերերին նոր տարածքներ են տրամադրվել, ոչ մի աշխատատեղ չի փակվի, հանրային մեծ քննարկում է եղել` մարդիկ իրենց կարծիքն են ասել, պայմանագրերի միակողմանի խզման դիմաց սրճարանատերերը փոխհատուցում են ստացել… Սու՞տ է: Իհարկե, սուտ է: Քաղաքապետը կայացրել է կամայական որոշում և պարտադրում է` ելնելով այն փաստից, որ քաղաքապետարանն իրավունք ունի միակողմանի խզել պայմանագիրը: Լավ, խզեց, հետո՞: Մի քանի մարդու ներդրումները ջուրը գցեց, բազում մարդկանց աշխատանքից զրկեց, քանդեց` ինչ կա ու տեղը խոտ ցանեց: Ձևի համար էլ` մի քանի ծաղիկ: Պոպուլիզմի համար էլ հայտարարեց` Թամանյանի Երևանը պետք է կանաչապատ լինի: Հետո՞: Իսկ մարդի՞կ: Թամանյանի Երևանում մարդկանց մասին Թամանյա՞նը պիտի մտածի: Որևէ աննորմալ հետայսու կգտնվի՞, որ գա Երևանում ներդրում անի` սրճարան բացի, աշխատատեղ ստեղծի, ապահովի երևանցիների հանգիստը: Բիզնես զարգացնի` հարստանա ու հարստացնի` ինչպես բանաձևում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ամբողջ Օղակաձև զբոսայգին ծայրից ծայր անխնամ ու քանդուքարափ է, թե՞ Երևանում չէ: Կամ` Օղակաձև զբոսայգում աճած խոտը թթվածին չի արտադրում` քաղաքի թոքերի համար: Օպերայի տարածքում բացված սրճարանները վաղուց քաղաքի մասն են դարձել` քանդում են, որ ի՞նչ կառուցեն: Քաղաքաշինական խնդիրներ կա՞ն: Փոփոխեք, բայց ոչ ավերեք: Թողեք մարդիկ աշխատեն:


Ոչ: Աշխատելը մոռացեք: Պետությունը չի թողնի: Պետությունն ամեն ինչ անում է, որ լավ լինի: Մնում է հասկանալ` ու՞մ համար: Օրինակ` ու՞մ համար է ՀՀ պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը մամուլի ասուլիսներ անում: Ավելի ճիշտ` ու՞մ դեմ: Երևանի պետական համալսարանի ռեկտորի՞: Միանշանակ` ՀՀ պետական վերահսկողության ծառայությունն իրավունք ունի ստուգումներ անցկացնել համալսարանում, բայց իրավունք ունի՞ ստուգումները վերածել ԵՊՀ-ի վարկաբեկման: Եթե ստուգումների հետևանքով բացահայտվել են չարաշահումներ, կա դատարան: Թող մեղավորները դատարանով պատժվեն: Պե՞տք է հանրությանը ներգրավել Դավիթ Սանասարյանի ու Արամ Սիմոնյանի ասուլիսակռվի մեջ: Կամ` համալսարանը ներքաշել պետական կառույցի հետ կռվի մեջ: Չի՞ ստացվում, որ 6 ամիս համալսարանում իրականացված ուսումնասիրության նպատակը Արամ Սիմոնյանից ազատվելն է, որովհետև նա կամավոր չի հեռանում: Իսկ այդ ընթացքում պետական համալսարանը դառնում է ծամոն` ծամծմվելով ու բամբասանքների աղյուսներով պատվելով: Ինչու՞: Դա՞ է պետության խնդիրը` վարկաբեկել ու արատավորե՞լ, թե՞ կազմակերպել ու կառավարել: Կազմակերպելն ու կառավարելը ստացվում է միայն փողոցում: Օրինակ` էջմիածինցիները հիանալի փակում են Երևան-Էջմիածին մայրուղին, օդանավակայանի ճանապարհը ու… պետությունը չի կարողանում ճանապարհը բացել: Մանվել Գրիգորյանի վերակալանավորման հարցը, պարզվում է, ոչ թե դատարանը, այլ փողոցում հավաքվածները պետք է լուծեն, որովհետև նրանք են արդարադատությունը: Եվ իրենց իրավունքը նրանք շատ հիմնավոր են պատճառաբանում` Նիկոլ Փաշինյանին կոչ են անում կատարել խոստումները։ Գտնվում է մի Գագիկ Իսրայելյան, որ ասի. «Փուչիկը տրաքել է, ժողովրդի պահանջները կատարեք, էս ի՞նչ եք անում, դատավորը, դատախազն ինչ ուզում, անում են, պարոն Փաշինյան, զարթնե՛ք» և կոչ անի… «չմեռցնել հեղափոխությունը»։ «Ինչ խոսք եք տվել, ձեր խոստումները կատարեք, 50 հատ նամակ եմ ուղարկել, մի հատ բավարար պատասխան չեմ ստացել, ամոթ ձեզ, ձեր կառավարությանը»:

Ստացվում է, որ հեղափոխությունը «չմեռցվի», դատավորն ու դատախազը պետք է անեն այն, ինչ պահանջում է ժողովուրդը: Ավելի ճիշտ` մարդկանց մի խումբ, որ իրեն անվանում է ժողովուրդ և վստահ է, որ իր պահանջը պիտի կատարվի: Ինչու՞: Երբ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն ասում է ցուցարարներին, որ ճանապարհ փակելը հարցի լուծում չէ, նրան առարկում են` իսկ ինչու՞ էին ժամանակին հենց իրենք փակում ճանապարհները: Երբ ասում է, որ սխալ են անում, պատասխանում են. «Սխալը դու ես։ Որ ճամփա էինք փակել, որ ընտրվեիք՝ չէի՞նք խանգարում, հիմա խանգարու՞մ ենք։ Ավելի լավ ա դու գնաս»: Փաստացի` անիվը սկսում է հետ գլորվել: Եվ իր դեմ ունի ոչ թե պետություն, այլ պոպուլիզմ ու կառավարման անկարողություն: Այլապես` միջպետական ճանապարհը 10 րոպե էլ չէր փակվի` մարդկանց ազատ տեղաշարժի արգելակման բոլոր հետևանքներով: Պետությունը լռում է, որովհետև չի կարող ասել` մի կրկնեք իմ քայլերը, ես սխալ եմ արել: Որովհետև մեկ անգամ ասաց` սխալ եմ արել, պարբերաբար փակվելու են արդեն Հանրապետության հրապարակի ճանապարհները, ու Նիկոլ Փաշինյանը, որ նույն այդ հրապարակում ասում էր` իշխանությունը ես չեմ, իշխանությունը դուք եք, չի կարողանալու բացել ճանապարհն ու աշխատասենյակ հասնել` երկիրը կառավարելու: Եվ Արամի 23-ի փլուզված պատը, որ Երևանի գլխավոր ճարտարապետը համարում է խորհրդանշական, խորհրդանշում է պետության վիճակը` Էջմիածին-Երևան ավտոմայրուղին ախտորոշում է պետության դադարը` իշխանությունը չի կատարում սահմանադրական պարտականությունները՝ վախենալով իրեն «ժողովուրդ» հայտարարող մի քանի տասնյակ մարդու օրինակի տարածումից: Նրանց «Ավելի լավ ա դու գնաս»-ը շղթայական ռեակցիա կարող է հարուցել:

Երբ դեռ մեկ տարին էլ չի բոլորել` միջպետական ճանապարհներ փակելով հաղթած իշխանությունը, որ հաղթանակից հետո բոլորովին չմտածեց պետական համակարգի գոյության իմաստի ու նպատակի մասին, այլ շարունակեց ակտիվիստի պես վերաբերվել պետությանը: Եվ հիմա իշխանության թուլությունը վերածվում է պետության պարտության` անարխիայի առաջ: Անարխիա, որ թույլ է տալիս գրոհել նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսի վրա, Վեհարան գրավել ու կաթողիկոսի վրա հարձակվել… Իսկ ոստիկանապետը հրահանգ չի ստանում «ասֆալտին փռելու» մեղավորներին, որովհետև նրանք Հայաստանի հպարտ քաղաքացիներ են: Առանց հրահանգի էլ` չի կողմնորոշվում ինչ անել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Իսկ 7-րդ գումարման ԱԺ-ն, որ երեկ սկսեց աշխատանքնե՞րը: Նրանց մասին դեռ ժամանակ կա գրելու: Պաշտոնապես` 5 տարի: Աժ-ն դեռ ձևավորում է ինքն իրեն և երկրորդ նստաշրջանից բախվելու է բոլոր այս խնդիրներին: Դեռ նաև ԱԺ մուտքերն են փակվելու` Նիկոլ Փաշինյանի ձեռամբ բացված դարպասներից օգտվելով: Անիվը ԱԺ-ում էլ է հետ գլորվելու: ՈՒ չի օգնելու ոչ Եվրասիական ինտեգրացիայի հարցերի հանձնաժողովը, որ ավելին չի լինելու, քան հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովը, որ այլևս կորցնում է իմաստը, ոչ էլ Եվրաինտեգրման հանձնաժողովը, որ գործում էր տարիներ շարունակ` առանց գործ անելու: Ինչպես սփյուռքի ենթահանձնաժողովը` սփյուռքի նախարարության փոխարեն: Երբ պետության ողնաշարը չկա, մարմնամասերը անկանոն շարժումներ են անում: ՈՒ` անիմաստ:

Դիտվել է՝ 1316

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan