Alexander Romanovsky - Armenian STATE Symphony OrchestraYerevan Perspectives
 

Չեկայի նկուղում

Չեկայի նկուղում
18.01.2019 | 02:29

(Նախորդ մասը)

9. ԴԱՏԱԽԱԶԸ


Առավոտվա թեյը նոր էինք վերջացրել, երբ դուռը բացվեց:
Չեկիստներով շրջապատված ու հերթապահ պարետի հետ ներս մտավ մի միջահասակ, թուխ դեմքով մարդ, որը մի ոտքից կաղում էր: Կարդացվեցին խցում եղածներիս ազգանունները (այդ ստուգումը կատարվում էր ամեն առավոտ): Երբ պարետը վերջացրեց ստուգումը, այնժամ դատախազը դարձավ խցի բնակիչներին.
-Որևիցե բողոք ունե՞ք:
Յուրաքանչյուրն իր հերթին բողոքեց այն բանի դեմ, որ այսքան ժամանակ է նստած են, բայց մինչև հիմա կանոնավոր կերպով չեն հարցաքննվել: Ամեն կողմից լսվում էին գրեթե նույնիմաստ խոսքեր. «Տվեք մեզ որևիցե մեղադրանք. եթե ունեք փաստեր՝ համաձայն ենք գնդակահարվել, եթե ոչ՝ ազատ արձակեք մեզ: Էս էլ վիճա՞կ է, տնից-տեղից զրկված, մեզ լցրել եք այս մութ ու նեղ տեղը, և չգիտենք էլ մեր վերջը ինչ պիտի լինի»:


Դատախազը շատ սառը պատասխանեց, որ շուտով բոլորի գործերը կավարտվեն:
Այդժամ Կամերկոմը մոտեցավ դատախազին և ասաց.
-Ընկեր դատախազ, բա իմ գործը ո՞նց պիտի լինի: Ախր, արդեն ութ ամիս ա, բայց մինչև հիմա ինձ չեք հարցաքննել: Բա ես չիմանա՞մ ո՛ր հանցանքիս համար եմ էստեղ նստել: Ախր, ռանչպար մարդ ենք, մեղք ենք, մի քիչ խիղճ ունեցեք, է՜…
Դատախազը Կամերկոմի հարցման վրա ձայնը մի քիչ բարձրացրեց ու պատասխանեց.
-Դեռ շատ պիտի նստես, կգա և քո ժամանակը, մի վռազիր:
Դրանից հետո նա դարձավ պարետին.
-Իսկ ո՞վ է այդ X-ը:
Պարետն անմիջապես ինձ մատնացույց արեց:
-Դուք ինձ կանչել էիք: Ահա եկել եմ, ի՞նչ եք ցանկանում:
Ես տեղիցս բարձրացա, մոտեցա դատախազին ու շատ հանգիստ հարցրի.
-Դուք միջազգային օրենքն ընդունու՞մ եք, թե՞ ոչ:
Հարցիս վրա դատախազը մի րոպե շշմեց, այդպիսի հարց չէր սպասում: Ես շարունակեցի.
-Հարցիս պատասխանը տվեք, քաղաքացի դատախազ:
Նա չոր կերպով պատասխանեց.
-Այո:
Այդժամ նրան մոտեցրի իրենց պաշտոնաթերթ «Իզվեստիայի» համարը, որտեղ տպված էր Բեռլինում ձերբակալված ռուսահպատակի մասին և ավելացրի.
-Հապա դուք ի՞նչ հիման վրա եք ինձ այստեղ պահում: Եթե իրոք ընդունում եք այդ օրենքը, ապա իմ տեղը այստեղ չէ, ես կտրականապես պահանջում եմ իսկույն ինձ հարցաքննել, և եթե նույնիսկ մեղավոր եմ, այն ժամանակ միայն դուք իրավունք կունենաք ինձ վտարել խորհրդային երկրի սահմաններից: Բացի այդ, ձեզնից խնդրում եմ, որ թույլ տաք հեռախոսով կապվելու իմ պատկանած երկրի հյուպատոսի հետ, ինչպես նաև հեռագրելու Մոսկվա՝ մեր դեսպանին:


Խցի բնակիչները զարմացած ինձ էին նայում:
Դատախազը շատ քաղաքավարի ձևով պատասխանեց, ինչն այնքա՜ն հազվագյուտ էր խորհրդային դրախտում.
-Ձեր գործը նայվում է, և Դուք այսօր իսկ հարցաքննության կկանչվեք: Էլ ուրիշ ասելիք ունե՞ք:
Մի քանի խոսք էլ դատախազը փոխանակեց Մաշադու ու Մաշտոցի հետ և իր խմբով դուրս եկավ խցից:
Նրանց գնալուց հետո տառապանքիս ընկերները շրջապատեցին ինձ և հազարումի հարցեր տվեցին: Չգիտեի որ մեկին պատասխանեմ: Ամենահետաքրքիրը և ծիծաղելին հայրենակիցս էր՝ կոմունիստ դարձած նախկին հնչակյանը: Նույնիսկ դավանափոխությունը նրան չէր օգնել.
-Ա՜խ, երանի ես էլ հպատակությունս փոխած չլինեի: Այն ժամանակ գիտեմ, թե ինչե՜ր կանեի:
Ես անհամբեր սպասում էի կանչվելուս և աշխատում էի մտքերս ի մի ժողովել: Այդ ժամանակ էր, որ մոտեցավ Խուլուհամրը ու զննական կերպով նայեց աչքերիս խորքը: Առանց այլևայլության հասկացա նրան: Դեռ մինչ հիմա չեմ մոռացել ու չպիտի մոռանամ նրա հայացքը, որով լռելյայն ասաց՝ չդավաճանես: Եվ ձեռքերով էլ հասկացրեց, որ ինքս ինձ չկորցնեմ, եթե անգամ գնդակահարությամբ սպառնան:


Մեր «խոսակցությունը» շարունակվում էր, երբ դուռը բացվեց, և ինձ կանչեցին: Բոլորը միաբերան բացականչեցին.
-Փա՜ռք Աստծո, գոնե մեկը կազատվի այս զնդանից:
Խցից դուրս եկա: Երկու զինված ռուս զինվորների ուղեկցությամբ սկսեցի աստիճաններով վեր բարձրանալ:
Հասանք երկրորդ հարկ: Մի դռան մոտ սպասել տվեցին, իսկ զինվորներից մեկը ներս գնաց զեկուցելու գալուս մասին: Քիչ անց ներս կանչեցին: Զինվորները հեռացան:
Կեսօրին մոտ էր: Սենյակը բավականին լուսավոր էր ու մաքուր: Պատուհանից մեկ-մեկ նայում էի քաղաքին և ալեզարդ Մասիսին, որ խուլուհամր կանգնած էր Արարատյան դաշտավայրի մեջ և ականատես էր մեր դարերի տառապանքներին, հուսահատություններին, հաղթանակներին ու պարտություններին: Ինչքա՜ն նման էին իրար, մեկը՝ խցիս ընկեր Խուլուհամրը, մյուսը՝ Մասիսը: Երկուսն էլ խորհրդավոր, երկուսն էլ խուլ ու համր, բայց երկուսն էլ անխորտակելի, մեկն՝ իր կեցվածքով, մյուսը՝ իր հավատքով: Չդավաճանե՜ս…
Սենյակում տարբեր սեղանների մոտ նստած էին երկու հոգի, որոնք ատրճանակները դրել էին սեղանների վրա: Ատրճանակների մոտ դրված էին թղթեր, գրիչ, մելան և անգամ ամենաընտիր ծխախոտներ:


Նրանցից մեկն ինձ առաջարկեց նստել: Առաջին հարցաքննողը թուրք էր և խոսում էր ռուսերեն: Մի քիչ էլ հայերեն գիտեր:
Նայեց առջևը դրված թղթերին, ապա սկսեց հարցացուցակը լրացնել: Մեկիկ-մեկիկ հարցրեց ազգանուն, հայրանուն, անուն, որտեղացի լինելս, կրթությունս ու մասնագիտությունս: Հարցրեց նաև որտեղ եմ պաշտոնավարում ու նման մի քանի բաներ:
Ասացի, թե հարցացուցակներում այդ բոլոր հարցերին պատասխանել եմ, էլ ի՞նչ կարիք կա կրկին անդրադառնալու դրանց: Բայց ամենակարող չեկիստը շատ չոր պատասխանեց, որ դա իրենց անհրաժեշտ է և խնդրում է պատասխանեմ իր տված հարցերին: Պատասխանեցի:
Մյուսը, որ հայ էր՝ Ղ-յան ազգանունով, ականջը կախ, մի թուղթ առջևը, աչքի տակով ինձ էր նայում ու միաժամանակ հետևում մեր խոսակցությանը: Հարցացուցակն ավարտելուց հետո սկսվեց խաչաձև հարցերի տարափը:


Բոլոր հարցերին պատասխանում էի կարճ ու կտրուկ: Հարցաքննության ընթացքում ինձ շատ բան պարզվեց: Հարևան դուռը բացվեց, և ինձ հարցաքննող թուրք Իսմայիլովին կանչեցին: Նրա գնալուց հետո գործը շարունակեց Ղ-յանը:
Անցա նրա սեղանի մոտ: Ինձ ծխախոտ առաջարկեց: Մերժեցի, պատճառաբանելով, թե այդ ծխախոտն ինձ կվնասի ու կհազացնի: Դա ասելով, հանեցի իմ ծխախոտը, որ որակով շատ ավելի վատն էր, ու վառեցի:


Սկզբում նա չհասկացավ, թե ինչ եմ ուզում ասել: Նորից պնդեց, որ իր ծխախոտից վերցնեմ, որովհետև շատ լավն է ու նույնիսկ հավաստիացրեց, որ չվախենամ, թունավոր չէ: Ես պարզաբանեցի միտքս, որ հենց այդքան լավ լինելու համար չեմ կարող ծխել, կվնասի, մենք՝ հասարակ մահկանացուներս, վաղուց սովոր ենք ծխել ամենահասարակ տեսակի ծխախոտ:
Քննիչը լռեց: Այդ ժամանակ ներս մտավ թուրք քննիչը և Ղ-յանի ականջին ինչ-որ բան փսփսաց, առջևն էլ մի թուղթ դրեց, որ չկարողացա տեսնել, թե ինչ էր գրված:
Ղ-յանը թուղթը կարդաց և հարցաքննության ընթացքը կամաց-կամաց փոխեց: Սկսեց հարցնել, թե ինչ նպատակով եմ ես հիպնոտիզմով զբաղվում, ինչ կարծիք ունեմ երկրի շինարարության, կրթական, մանկավարժական, գիտական ու հետազոտական աշխատանքների մասին:


Իհարկե, այդ հարցերին էլ պատասխանեցի, ինչպես որ պետք էր: Այս անգամ հարցերն սկսեցին պտտվել զանազան անհատների՝ պրոֆեսորների, դասախոսների, գրողների, դերասանների, նկարիչների շուրջ, որոնց հետ ես մշտական շփման մեջ էի և նույնիսկ նրանցից շատերը պաշտոնակիցներս էին կրթական հիմնարկում: Այդ հարցերին էլ պատասխանեցի, սպասելով, թե երբ պիտի վերջանա կատակերգությունը: Իսկ չեկիստ Ղ-յանը բոլոր պատասխաններս նույնությամբ գրի էր առնում:
Հարցադրումը նորից փոխվեց: Ե՞րբ եք եկել Կովկաս, Ռուսաստանի ո՞ր քաղաքներում եք եղել, ե՞րբ և ի՞նչ գործով և նման հազարումի հարցեր:
Զգում էի, որ այդ հարցերը իմ գործի հետ բնավ առնչություն չունեին: Խմորեղենով թեյ բերեցին: Քննիչը պատվիրեց նաև ինձ համար: Մերժեցի, բայց նա ստիպեց: Կերա ու խմեցի: Իսկույն հիշեցի Կամերկոմի խոսքերը, թե՝ մեզ շան լակ են տալիս, իսկ իրենք խմորեղեններ են վայելում:


Պետք է ասել, որ բավականին քաղաքավարի վերաբերմունք էին դրսևորում: Ոչ մի սպառնալիք չեղավ: Չեկիստների մասին կարծիքս հիմնովին պիտի փոխեի, եթե հարևան սենյակից չլսվեր ձայնը մեկ այլ քննիչի, որը հայհոյում էր հարցաքննվողին ու սպառնում տեղնուտեղը գնդակահարել: Իսկ քիչ անց լսվեց ապտակի շառաչը:
Սարսուռը պատեց մարմինս:
Ինչպիսի՜ կեղծիք, ինչպիսի՜ այլանդակություն, և այդ ամենը հանուն պրոլետարական հայրենիքի, հանուն պրոլետարի անկաշկանդ զարգացման և առաջադիմության…
Ծեծ, սպառնալիք, տանջանք, գնդակահարություն… Հանուն ինչի՞… Հանուն ո՞ր սոցիալիզմի…
Նորից հարցեր են ինձ տալիս.
-Արտասահմանից նամակներ ստանու՞մ եք:
-Այո:
-Դուք արտասահման գրու՞մ եք քաղաքական խնդիրների մասին:
-Ոչ:
-Արտասահմանյան թերթեր կարդու՞մ եք:
-Այժմ՝ ոչ:
-Իսկ առաջ կարդու՞մ էիք:
-Այո:
-ՈՒմի՞ց և ինչպե՞ս էիք ստանում:
-Փոստով:
-Ինչպե՞ս:
-Շատ պարզ կերպով: Այն ժամանակ այսքան խստություններ չկային:
-Այդ ե՞րբ էր, որ չկային:
-Հեղափոխությունից առաջ:
Քննիչը աչքերը չռած նայեց երեսիս: Նա բոլորովին այլ բան էր սպասում:
-Դուք իրավաբանություն սովորե՞լ եք:
-Ոչ, հոգեբանություն ու հիպնոտիզմ եմ սովորել և դրանց միջոցով ժամանակից առաջ կարդում եմ մարդկանց մտքերը՝ ըստ իմ պատկերացման,- և այդ ասելով շեշտակի նայեցի նրա աչքերին:


Այդժամ նա պարետից հեռախոսով զինվոր պահանջեց, որպեսզի ինձ նորից խուցս տանեն, իսկ մինչ այդ ինձ խորհուրդ տվեց, որ լավ մտածեմ և ամբողջ ճշմարտությունը խոստովանեմ:
Զարմացած՝ ես հարցրի, թե ո՞րն է այն ճշմարտությունը, որի մասին տեղեկություն չունեմ:
-Դաշնակցությունը Հայաստանում ունի ուժեղ կազմակերպություն, և դուք էլ դրա ամենագործուն ղեկավարն եք…
Ծիծաղեցի: Զինվորը ներս մտավ: Ղ-յանը հրամայեց ինձ նորից խուցս տանել և եթե միջանցքում այլ բանտարկյալի հանդիպեմ, երեսս շուռ տամ դեպի պատը, որ չտեսնեմ նրան և ավելացրեց.
-Մենք դեռ էլի կխոսենք, խնդրում եմ ծխախոտ վերցնել…
(շարունակելի)


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 853

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao