Yerevan Perspectives International Music Festival
 

Գազի գինը կարող է ևս 10 դոլարով բարձրանալ

Գազի գինը կարող է ևս 10 դոլարով բարձրանալ
28.06.2019 | 01:59

Գազի սակագինը առաջիկայում կբարձրանա, թե ոչ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԲԱՂՐԱՄՅԱՆԸ չհստակեցրեց, միայն նշեց, որ հայ-ռուսական միջպետական հանձնաժողովում բանակցությունները դեռևս շարունակվում են, իսկ թե երբ կավարտվեն, բանախոսը դժվարացավ ասել, թերևս, ինքն էլ չգիտեր։ Եվ քանի որ սահմանի վրա 1000 խմ գազի գինը արդեն բարձրացել է 15 դոլարով, որի տարբերությունը փոխհատուցում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, փորձեցինք ճշտել` արդյո՞ք այդպիսով պարտք չի գոյանալու պետության առջև։ «Ընկերությունը այդ տարբերությունը փոխհատուցում է ներքին խնայողությունների հաշվին, և որևէ պարտք պետությունը չի կուտակում, հետևաբար հետագայում էլ այն լուծելու խնդիր չի առաջանա»,- ասաց Գարեգին Բաղրամյանը։ Ամեն դեպքում, փոխհատուցումը տալիս է «Գազպրոմ Արմենիան», հետևաբար, հնարավո՞ր է, որ հետագայում պահանջներ ներկայացնի։ «Պետության նկատմամբ ընկերությունը որևէ պահանջ չի կարող ներկայացնել»,- ասաց հանձնաժողովի նախագահը։ Հետաքրքիր է, ինչու՞ մասնավոր ընկերությունը պետք է այդ փոխհատուցումը իր վրա վերցներ,՝ մի բան, որ հակասում է ազատ շուկայական տնտեսության պահանջներին։

«Որովհետև այս պահին դեռևս բանակցություններն ընթացքի մեջ են, և քննարկվում է երկարաժամկետ գնային մոդել ունենալու հարցը։ Ի դեպ, ընկերությունը ևս մասնակցում է այդ բանակցություններին և սպասում է։ Այսինքն, քանի դեռ չկա սակագնային հայտ, և սպառողների համար վերջնական գները չեն փոխվել, այս պահին փոխհատուցումը իրականացվում է ընկերության հաշվին»,- պարզաբանեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը։ Հնարավո՞ր է, որ բանակցությունների ավարտից հետո այդ մասով փոփոխություն լինի, և այդ տարբերությունը սպառողի վրա դրվի։ «Ոչ, հնարավոր չէ»,- ասաց Գարեգին Բաղրամյանը։ Ի դեպ, վերջին օրերին ռուսական և հայկական լրատվամիջոցները կանխատեսում են, որ գազի գինը կարող է ևս 10 դոլարով բարձրանալ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2754

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao