Yerevan Perspectives International Music Festival
 

«Փաշինյանը ցանկանում է դիկտատուրա հաստատել»

«Փաշինյանը ցանկանում է դիկտատուրա հաստատել»
23.07.2019 | 00:22

Նախկին իշխանություններին խիստ ընդդիմադիր ԳՐԻՇԱ ՎԻՐԱԲՅԱՆԸ այսօր էլ չի տեսնում իշխանության համակարգային փոփոխություն։ Ըստ նրա, հնարավոր չէ ստերով ու կեղծիքներով հասարակությանը երկար կերակրել, ուստի իր համախոհների հետ սեպտեմբերից սկսելու է հանրահավաքներ՝ օրակարգում ունենալով մի քանի հարցեր, առաջնային համարել սակայն, Սահմանադրության փոփոխությունը։

-Դուք նախկին իշխանությունների անհաշտ քննադատն էիք, պետք է, որ նոր իշխանություններից գոհ լինեիք, բայց նրանց էլ եք քննադատում։ Ինչու՞, ի՞նչը Ձեզ չի գոհացնում։
-Իշխանափոխությունն անձի փոփոխություն չի ենթադրում, այլ համակարգի, մեխանիզմների փոփոխություն, ինչը տեղի չի ունեցել։ Մենք խորհրդարանական կառավարման ենք անցել, բայց հանրապետությունում այսօր ճգնաժամային իրավիճակ է։ Բոլոր հարցերի պատասխանը պետք է տա ոչ թե վարչապետը, այլ խորհրդարանը։ Որպես խորհրդարանական հանրապետություն, այսօր մենք այդ կառույցի ձայնը չենք լսում։ Ժողովրդին մտահոգող շատ հարցեր կան, սկսած Ստամբուլյան կոնվենցիայից, որի մասին խորհրդարանը լռում է։ Այսօր քաղաքական կառավարման ճգնաժամ է։ Այդպես է վիճակը նաև ՍԴ-ի շուրջ։ Խորհրդարանն անգամ չգիտի` ինչ դիրքորոշում որդեգրի այս հարցում, որպեսզի ժողովրդի առաջ ծառացած հարցերը լուծի։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է կառավարման համակարգը նույնությամբ պահպանել, Սերժին փոխարինել Նիկոլով, իսկ Սերժի կադրերին՝ Նիկոլի կադրերով։ Եթե Փաշինյանը հայտարարում էր` ժողովուրդ, բոլորդ վարչապետ եք, կառավարությունը բոլորիդ տունն է, փոփոխությունները պետք է մեկնարկեին սահմանադրական բարեփոխմամբ։ Հասկանում եմ, որ մեծ դժգոհություն կա ՍԴ նախագահ Հայր Թովմասյանից, որպես նախկին համակարգի կարկառուն ներկայացուցիչ, որը նաև այս Սահմանադրությունն է մշակել, որը կարծես հենց իրենց համար է գրված, այդ պատճառով էլ Նիկոլ Փաշինյանի առաջին քայլը հանրաքվեով Սահմանադրությունը փոխելը պիտի լիներ, այնպիսի մեխանիզմներ մշակելը, որ ժողովուրդն անմիջական մասնակցություն ունենար երկրի կառավարմանը։ Օրինակ, ՍԴ նախագահի ընտրությունն այնպես պետք է աներ, որ տպավորություն չստեղծվեր, թե անձամբ Հրայր Թովմասյանին չի ուզում տեսնել այդ կարգավիճակում։ Սա հստակ մեխանիզմներով պետք է լիներ, ոչ թե վարչապետն իր լծակներն օգտագործեր ԱԺ-ում և վոլյունտարիստական ճանապարհով հասներ դրան։ Սահմանադրական փոփոխությունն առավել կարևորվեց, քանի որ այս մեկ տարվա ընթացքում հասկացանք, որ այս իշխանության բռնած ճանապարհը սխալ է, երկիրը չի զարգանում։
-Ինչու՞ Փաշինյանն առաջնային չհամարեց Սահմանադրության փոփոխությունը, այն դեպքում, որ մշտապես խոսում էր Սերժ Սարգսյանի հագով կարված Սահմանադրության մասին։
-Չի ցանկանում այդ քայլին գնալ, որովհետև իշխանության բոլոր լծակներն ուզում է իր ձեռքում կենտրոնացնել, կադրային նշանակումներն անձամբ անել։ ՈՒզում են վեթինգ անցկացնել, բայց եթե ուզում են ժողովուրդը մասնակցի, պետք է որոշ հարցերում անցնեն, օրինակ, ամերիկյան ձևին, այսինքն, դատավորներին ոչ թե նշանակեն, այլ ընտրեն, ՍԴ նախագահին ու դատավորներին էլ թող ժողովուրդն ընտրի՝ հստակ հետկանչման մեխանիզմով։ Եվս մեկ օրինակ. գյուղապետեր կան, որոնք 15-20 տարի պաշտոնավարում են, իսկ մարզպետներին նշանակում են, որոնք ոչ մի լծակ չունեն նման գյուղապետերի վրա ազդելու։ Այսօր ոչ մի գյուղապետ նորմալ չի աշխատում։ Կարող են փոխել ու մարզպետներին դարձնել ընտրովի, իսկ գյուղապետերին՝ նշանակովի, որպեսզի հաշվի առնվեն այդ մարդու անցած ճանապարհը, կրթական ցենզը և այլ չափորոշիչներ։ Այսօրվա ճգնաժամն այն բանի հետևանք է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է դիկտատուրա հաստատել։ Հանրապետությունում չկա կարգուկանոն, ամենաթողության մթնոլորտ է ամենուր։ Երբ հարցը հասնում է քաղաքացու շահերին, ոստիկանությունը չի աշխատում։ Տեսեք՝ ինչպիսի երթևեկություն կա, որը վտանգավոր է մարդկանց կյանքի համար։ Իսկ երբ հարցը հասնում է Նիկոլ Փաշինյանի անձնական շահերին, ոստիկանությունը կազմ-պատրաստ սպասարկում է նրան, ինչպես հերթական անգամ ցույց տվեցին վերջին թարմ դեպքերը Իջևանում։ Իհարկե, չեմ արդարացնում ծառ հատողներին, բայց երբ Նիկոլն ասում է` ժողովուրդ, ձեր իշխանությունն է, ժողովուրդ ձեզ հետ եմ, չկա իրականում որևէ մեկը, որ կգնա, կբացատրի մարդկանց ու կարգուկանոն կհաստատի։ Սա հերթական անգամ ապացուցում է, որ երկրում կառավարման ճգնաժամ է։
-Ինչպե՞ս դուրս գալ այդ ճգնաժամից։
-Սեպտեմբերի 6-ին Ազատության հրապարակում հանրահավաք եմ անելու՝ նախագահական համակարգին անցնելու պահանջով, այսինքն, հանրաքվե պետք է անցկացնել ու գնալ արտահերթ ընտրությունների։ Հանդիպել եմ բազմաթիվ քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, անհատների հետ, որոնք նաև այլ օրակարգեր են առաջ քաշել։ Օրինակ, մի զանգված ցանկանում է, որ օրակարգային հարց դառնա Ստամբուլյան կոնվենցիան, մի մասն էլ ցանկանում է բարձրաձայնել սորոսականների հարցը։ Ես գյուղական շրջանում եմ ապրում, բազմաթիվ համայնքներում մարդիկ մտահոգություն ունեն, որ այս տարի խաղողի մթերումը շատ ցածր է լինելու, քանի որ տեղեկություն ունեն, որ մթերող կազմակերպությունները, հաշվի առնելով, որ բերքն առատ է, և գյուղացին ուզած-չուզած պետք է հանձնի, նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի շատ ցածր գնով մթերում անեն։ Հիմա գյուղացիները պահանջում են, որպեսզի կառավարության հսկողության տակ լինեն նախ ` մթերող կազմակերպությունների կշեռքները, որոնց միջոցով գյուղացիներին խաբում են, հետո էլ հստակ երաշխիքներ տան, որ այնպիսի գնով մթերումը կլինի, որ գյուղացին դատարկ գրպանով չմնա։ Սա նշանակում է, որ տնտեսական քաղաքականությունում էլ ճգնաժամային վիճակ է, քանի որ նախկինից եկած ոչ մի հարց լուծում չի ստացել։
-Դուք առաջնային եք համարում սահմանադրական փոփոխությունները։ Ի՞նչ եք կարծում, մեր երկրում իրավիճակը չի փոխվում սխալ ընտրված կառավարման մոդելի՞, թե՞ կառավարողների պատճառով։
-Եթե այսօր ունենք հանրապետության այնպիսի նախագահ, որ երբ վարչապետը խախտում է Սահմանադրությունը, դրան գնահատական չի տալիս, նշանակում է կառավարման այս համակարգը չի կարող աշխատել։ Բոլոր խնդիրների աղբյուրը հենց խորհրդարանական կառավարման մոդելն է։ Այսօրվա ԱԺ-ի պատկերն ասվածի լավագույն ապացույցն է, այս ինստիտուտը չի գործում։
-Գուցե որակյալ խորհրդարան ունենալու պարագայում իրավիճակն ա՞յլ լիներ։
-Որակը, անշուշտ, լուրջ հարց է, այսօր արդեն երևում է, որ կարևոր հարցերի լուծումն` այս ԱԺ-ի ուժերից վեր է, ԱԺ-ն էլ չի կարող ինքնալուծարման գնալ, այսինքն, խնդիրների կարգավորումը հնարավոր է միայն հանրաքվեով։ Երբ լինի նախագահական կառավարման համակարգ, ընտրությունը լինելու է կոնկրետ թեկնածուի ծրագրով, որը հստակ ներկայացվելու է հանրությանը, ժողովուրդն արդեն հստակ կարող է կողմնորոշվել, թե որ թեկնածուին կարող է առաջնայնություն տալ։ Այն թեկնածուին, որը կողմ է Ստամբուլյան կոնվենցիայի՞ն, թե՞ նրան, որը դեմ է։
-Քանիցս վկայակոչեցիք Ստամբուլյան կոնվենցիան. Ձեր տպավորությամբ, այս խորհրդարանը կգնա՞ այն վավերացնելու ճանապարհով։
-Հենց հիմա իրենք ամեն ինչ անում են, որ վավերացնեն այն։ Սա Հայաստանի համար ամենավտանգավոր քայլն է։ ՀՀ սահմանադրությամբ ամրագրված է, որ ընտանիքը պետության հիմքն է, այդ կոնվենցիայով ոտնձգություն ենք անում ընտանիքի հանդեպ, նշանակում է ական ենք դնում պետության տակ։ Այսպիսի բան մենք մեզ թույլ տալու իրավունք չունենք։ Պատերազմող երկիր ենք, արտագաղթը շատ մեծ է, չեմ ցանկանում շատ խորանալ այս թեմայի մեջ, բայց անցյալ տարի զինկոմից բողոք կար, որ չեն կարող զինվոր հավաքագրել, խնդիրներ ունենք։ Այս կոնվենցիան չի գործում Ռուսաստանում, և հնարավոր է շատերը արտագաղթում են այնտեղ հենց այդ պատճառով։
-Ինչու՞ է այս իշխանությունը ցանկանում, որ այդ կոնվենցիան ընդունվի։ Ո՞րն է իշխանության շահը։
-Ոչ թե շահ, այլ պարտավորություն։ Նրանք հեշտությամբ կարողացան իշխանության հասնել (հարցը բոլորովին այն չէ, որ իշխանափոխություն պետք չէր), դրա համար դրսից երաշխիքներ են ստացել ու հիմա նրանց պարտադրանքով պետք է այդ կոնվենցիան անցկացնեն, կատարեն այն բոլոր պահանջները, որ Արևմուտքը դրել է նրանց առաջ։ Այլապես այդպիսի մեծ աջակցություն այս իշխանությունը չէր ստանա իշխանափոխության օրերին։ Հիշենք, թե իշխանափոխության օրերին հատկապես որ ՀԿ-ներն էին ակտիվ, նրանք, որոնք ֆինանսապես սնվում են դրսից։ Այս պատկերն արդեն ամեն ինչի մասին հուշում է։ Ի դեպ, կառավարման համակարգը փոխելու իմ առաջարկը նաև հնարավորություն է այս իշխանությունների համար, որպեսզի այլ օրակարգ սահմանեն և խուսափեն այդ կոնվենցիայի ընդունումից։ Առնվազն սա կարող են պատճառ ներկայացնել և ձգձգել կոնվենցիայի ընդունումը, ամեն ինչ սկսել զրոյից։
-Իրենց տրված էր մեծ հնարավորություն, որպեսզի ամեն ինչ զրոյից սկսեն։ Մեկ տարի հետո է՞լ պիտի սկսեն զրոյից։
-Կառավարման սխալներն անփորձության հետևանք են, հիմա գոնե պետք է այնքան գիտակցություն ունենան, որ նույն ճանապարհով չշարունակեն գործել ու հաշվի նստեն ժողովրդի հետ։ Անփորձության հերթական ապացույցն էր նաև Փաշինյանի այն հայտարարությունը, թե կա մի օլիգարխ, որ Փոքր կենտրոնում 80-100 սեփականություն ունի, և քննիչները չեն կարողանում այդ տարածքները չափել, որպեսզի հաշվեն պետությանը հասցված վնասը։ ՈՒզում եմ հիշեցնել, որ այսօր բոլոր նախագծող-ճարտարապետներն ունեն այդ սարքերը, 5 րոպեում կարողանում են դա անել։ Կադաստրի տարածքային վարչություններում էլ այդ սարքերը կան։ Սա խոսում է դիլետանտության ու մեծամտության մասին, կարծում են, թե ժողովուրդը ոչինչ չի հասկանում, մոռանում են, որ Փաշինյանից առաջ էլ կային ընդդիմադիրներ։ Ժողովրդին խաբելը շատ դժվար է արդեն, Նիկոլը չի հասկանում, որ խոսքերով այլևս չի կարողանում ժողովրդին կերակրել, պոպուլիստական ելույթները ոչինչ են։ Ես Հրայր Թովմասյանի կողմնակիցը չեմ, նախկին իշխանությունների մշտական քննադատն եմ եղել, բայց Թովմասյանի փոփոխությամբ այս իշխանությունը ցանկանում է Ստամբուլյան կոնվենցիան անխոչընդոտ կյանքի կոչել։ Այսինքն, ԱԺ-ի վավերացումից հետո ՍԴ-ն այն կարող է մերժել, որպեսզի այս հեռանկարից խուսափի, ցանկանում է ՍԴ-ում ունենալ իր անդամներն ու նախագահը։ Այսօր մեր երկրում համատարած անպատասխանատվություն է, ոչ մեկը ոչ մի բանի համար պատասխանատու չէ, ամենաթողություն է ու քաոս։
-Ո՞րն է պատճառը, որ երկրում ինստիտուտները չեն աշխատում։
-Հիմնականում դա մտածված է իրականացվում, որպեսզի ժողովրդին ցույց տան, թե տեսեք՝ ոստիկանությունը ձեզ չի նեղացնում, ինչ ուզում, անում եք, սա իսկական ժողովրդավարություն է։ Իմա՝ եթե մենք թողել ենք ներքին օղակներում դուք ինչ ուզում եք անեք, ուրեմն վերևներում կատարվողի վրա էլ դուք պետք է աչք փակեք։
-Այսպես պետությունը կարո՞ղ է կառավարվել։
-Իրենք այնքան են ոգևորված, այնքան կտրված են իրականությունից, որ նրանց թվում է, թե իրենց ընտրած ճանապարհը ճիշտ է, որը նաև երկարաձգելու է իրենց իշխանությունը։ Տպավորություն է, որ այս իշխանությունը քնում-արթնանում է՝ սպասելով, որ մի ելք կգտնվի, ու երկրի վիճակը կլավանա։ Սա միայն ներդրումների, տնտեսության զարգացմանը չի վերաբերում։ Մտածում են, օրինակ, արցախյան հարցը կսրվի, ինչը միշտ համախմբում է մեր հասարակությանը, և իրենք, սա օգտագործելով, կմնան իշխանության։
-Բայց արցախյան հարցի սրման և վտանգավոր զարգացումների պարագայում նրանք կարո՞ղ են մնալ իշխանության։
-Նրանք արցախյան հարցը լուծող չեն։ Այս հարցի լուծման վերջնական տարբերակը պատերազմն է։ Նույնիսկ եթե ցանկանան հող տալ, պետք է պատերազմ սարքեն ու ասեն, թե չկարողացանք կռվել, հողերը նրանք վերցրին։ Եթե չեն ուզում հող տալ, միևնույն է, Ադրբեջանն էլի պատերազմ է սկսելու։ Արցախի գլխին բանսարկություններ անելու փոխարեն վարչապետը պետք է լուրջ փոփոխություն աներ կառավարության կազմում, պաշտպանության նախարարին պետք է տար փոխվարչապետի կարգավիճակ, ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դարձներ նախարարություններ՝ հստակ լիազորություններով, որ միջազգային հանրությանը ցույց տար, թե պատրաստվում ենք պատերազմի, մենք հող զիջող չենք։ Բայց նրանք խաղաղություն են քարոզում, իսկ Նախիջևանից արդեն Արարատյան դաշտավայրի գյուղերի վրա են կրակում, արցախա-ադրբեջանական սահմանում էլ պաշտպանական դիրքեր են կառուցում։ Մեզ մոտ էլ ասում են, թե խաղաղության պիտի նախապատրաստվենք։ Այն երկիրը, որը խաղաղության քարոզ է անում, վերջում կապիտուլյացիայի պայմանագիր է ստորագրում։ Մենք հաղթող երկիր ենք, մենք պետք է մեր կամքը թելադրենք պարտվող կողմին։
-Ասացիք, որ աշնանը հանրահավաք եք անելու, ովքե՞ր են ձեր աջակիցները, կա՞ ընդդիմադիր որոշակի հատված, որ կհավաքվի ձեր շուրջը։
-Իհարկե կա, և այդ մարդկանց թիվը գնալով մեծանում է։ Այս օրերին ես ակտիվ հանդիպումների մեջ եմ, այն քաղաքական ուժերը, որոնք դեմ են Ստամբուլյան կոնվենցիային, որոնք արդարության համար են պայքարում, մեզ հետ են։ Իսկ քաղաքական ուժերի անուններ կհնչեն սեպտեմբերի 2-ից հետո, երբ հստակ կլինի, թե ովքեր են մեզ հետ։ Հանրահավաքին հրավիրելու ենք Նիկոլ Փաշինյանին։ Մեզ հետ ուժեր կան, որ պահանջում են Փաշինյանի փոխարեն Աննա Հակոբյանին հրավիրել և հաշվետվություն պահանջել, թե 3 մլն դոլարը որտեղ է ծախսվել, որ հիմա էլ ասում է, թե փողը վերջացել է, բերեք փող մուծեք։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3405

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao