«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

«ԵՊՀ-ն այսօր ապահովում է միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն»

«ԵՊՀ-ն այսօր ապահովում է միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն»
01.08.2019 | 11:57

«Իրատեսի» զրուցակիցը ԵՊՀ դասախոս, սոցիոլոգ Լիլիթ ՇԱՔԱՐՅԱՆՆ Է:

-Եթե հիմա դուրս գանք փողոց ու փոքրիկ հարցում անցկացնենք անցորդների շրջանում, թե որտեղ կնախընտրեին բարձրագույն կրթություն ստանալ՝ տեղակա՞ն, թե՞ եվրոպական կամ ամերիկյան համալսարաններում, շատերի առաջին արձագանքը կլինի, որ միանշանակ արտասահմանյան որևէ բուհում: Ինչո՞վ է սա պայմանավորված:
-Մեր հասարակությունը տարիներ շարունակ ապրում է այն կարծրատիպերի ներքո, որ այն, ինչ Հայաստանի սահմաններից դուրս է, մասնավորապես, ամերիկյան է կամ եվրոպական, լավագույնն է: Լինելով ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, որն ունի դասավանդման շուրջ 10 տարվա փորձ, ընդ որում, ոչ միայն ԵՊՀ-ում, այլև Եվրոպայում և Ամերիկայում, կարող եմ վստահաբար փաստել, որ ԵՊՀ-ն այսօր ապահովում է միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն, ընդ որում, ոչ միայն ՀՀ, այլև Եվրոպայից ժամանած ուսանողների համար: Սովորելով ԵՊՀ-ում՝ ուսանողները հնարավորություն ունեն զուգահեռ, ինչպես ստացիոնար այնպես էլ հեռակա օնլայն առարկաներ ուսանելու նաև ամերիկյան և եվրոպական բուհերում: Խոսեմ իմ ֆակուլտետի մասին։ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը 15 տարեկան է և այս տարիների ընթացքում ապահովել է լավագույն մասնագետների մուտքն աշխատաշուկա: Ֆակուլտետի դասախոսները դասավանդում են ոչ միայն հայերեն, այլև անգլերեն ու ռուսերեն: Ֆակուլտետն ունի միջազգային համագործակցության լայն սպեկտր՝ ՈՒկրաինայից մինչև Գերմանիա, Իսպանիա և ԱՄՆ: Ֆակուլտետի դասախոսները և ուսանողները հնարավորություն ունեն պարբերաբար այցելելու այդ համալսարաններ՝ ինչպես ուսանելու, վերապատրաստումների, նոր առարկայական ծրագրերի ու դասավանդման մեթոդիկաների մշակման, այնպես էլ այդ բուհերում դասավանդելու, փորձի փոխանակման և համատեղ գիտական միջոցառումների կազմակերպման համար:
-Կպատմե՞ք Ձեր մասնագիտական ներդրումների մասին:
-Արդեն 10 տարի դասավանդում եմ ԵՊՀ-ի սոցիոլոգիայի ֆակուլտետում, ավելի քան յոթ առարկայական ծրագրերի (Ժամանակակից PR տեխնոլոգիաներ, Բրենդինգի հիմունքներ, PR քրեստոմատիա, Գովազդի սոցիոլոգիա, ԶԼՄ սոցիոլոգիա, Գենդերի սոցիալական կառուցակցում, Գենդեր և հաղորդակցություն) հեղինակ եմ, որոնք դասավանդում եմ ԵՊՀ սոցիոլոգիայի, ժուռնալիստիկայի և ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետներում: Օտարերկրացի ուսանողների համար դասավանդում եմ անգլերենով: Այս տարիների ընթացքում մասնագիտության զարգացման և նոր առարկայական ծրագրերի մշակման նպատակով եղել եմ Հունգարիայի Կենտրոնական եվրոպական համալսարանում (2012 թ.), ԱՄՆ-ի Արիզոնայի պետական համալսարանում (2013 թ.), Շվեյցարիայի Ֆրիբուրգի համալսարանում (2015 թ.) և այլն:
-Տիկին Շաքարյան, գիտենք, որ այս տարի եղել եք Մադրիդում. կպատմե՞ք ինչ եք արել և ինչպիսի պլաններ ունեք:
-Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին դասախոսություններով հանդես եմ եկել Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում: Այցի շրջանակներում նաև քննարկումներ եմ ունեցել պրոֆեսորադասախոսկան անձնակազմի հետ հետագա համագործակցության և փոխադարձ այցերի վերաբերյալ:
Ինչ վերաբերում է ապագային, այս տարի ստացել եմ հրավեր նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դասախոսություններ կարդալու նաև Չեխիայի Հրադեչ Կրալովե համալսարանում: Ընդ որում ներկայացնելու եմ ԶԼՄ սոցիոլոգիա առարկան, որի շրջանականերում խոսելու եմ նաև հայաստանյան մամուլի սոցիալական դերի և ազդեցության մասին: Մտադիր եմ դասախոսություններով հանդես գալու ԱՄՆ-ի Արիզոնայի համալսարանում:
-Ի՞նչ են տալիս նման ծրագրերը դասախոսներին և ուսանոնղներին։
-Այդ ծրագրերը դասախոսներին հնարավորություն են տալիս դիտարկելու օտարերկրյա կրթական համակարգերը: «Ծրագրերը դասավանդման մեթոդիկա, շփման մշակույթ են և, ամենակարևորը, հնարավորություն են տալիս միջազգային լուրջ ցանց ձևավորելու: Դու ակադեմիական միջավայր ես ձևավորում, և քո համագործակցությունը ոչ թե ավարտվում է, երբ դու վերադառնում ես Հայաստան, այլ շարունակական բնույթ է կրում, որովհետև քո ակադեմիական ցանցն ես ստեղծում, անընդհատ կապի մեջ ես լինում պրոֆեսորների հետ, տեղեկանում ես այնտեղի փոփոխություններին, նորություններին ու զարգացումներին: Սա շատ լուրջ հնարավորություն է գիտնականների, դասախոսների համար, որովհետև լայն կապեր ես ստեղծում, քո շրջանակն ընդլայնում: Իսկ այսպես ունենում ես միայն մեկ հենակետ, որը քո սոցիալական իրականությունն է և գիտությունը, և որը քեզ համար առկա է գրքերի տեսքով: Այնտեղ արդեն տեսնում ես մեկ այլ իրականություն: Այստեղ խոսքը պրակտիկ գիտելիքների և դասավանդման մեթոդիկայի մասին է: Սա հետագայում լավ նախադրյալներ է ստեղծում նաև ուսանողների համար, որովհետև նման համագործակցության արդյունքում ունենք օնլայն առարկա. ուսանողները հնարավորություն ունեն Ամերիկայում անցկացվող օնլայն դասընթացի մասնակիցը լինելու, նաև գնալու և արտերկրում ուսանելու»։


Զրույցը՝ Համլետ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Դիտվել է՝ 3557

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao