«Եթե երգչուհին դայլայլող սոխակի էր նմանվում, ապա դաշնակահարուհին իր հնչյունաբույլերով նրա երգին ճախրելու թևեր պարգևեց»

«Եթե երգչուհին դայլայլող սոխակի էր նմանվում, ապա դաշնակահարուհին իր հնչյունաբույլերով նրա երգին ճախրելու թևեր պարգևեց»
13.04.2018 | 08:42

Կարծես ավանդույթ է դարձել այն, որ Դանիել Երաժիշտն իր համերգներին, հանդիպումներին կցում է մի խոսուն բնաբան։ Այս անգամ վարպետը` օրվա խորհրդին և, ինչպես ինքն ասաց, մեր հոգեվիճակի տոնայնությանը համահունչ, բնաբանը քաղել էր Հակոբ Մովսեսի «Օվսաննա, օվսաննա» բանաստեղծությունից։ Ահավասիկ.
-Ինչո՞վ եմ ապրել. Արարատ երկրի խնձորն եմ
կերել-ախ, թե տեսնեիք ինձ երգ ասելիս`
այնպես եմ բուրում։- Ինչո՞վ եմ ապրել։
Ողբն եմ ճաշակել ժամանակների,
նստել եմ մաքուր կաթնաղբյուրների ակունքների մոտ
և մինչև գիշեր երգերն եմ երգել իմ անապական
հայրենյաց երկրի։
Եվ իմ քնարը ես կախ եմ տվել Արմավիրի գյուղի ուռի ծառերից։
(Հակոբ ՄՈՎՍԵՍ, «Օվսաննա»)

Հայ հոգևոր երաժշտության պետական կենտրոնի (տնօրեն` Անահիտ Պապայան) ներկայացրած` Դանիել Երաժշտի հեղինակային համերգը նվիրված էր կենտրոնի հիմնադրման 20-ամյակին։ Այն տեղի ունեցավ Կամերային երաժշտության տանը։ Ելույթ ունեցան միջազգային մրցույթի դափնեկիրներ Արմինե Խաչատրյանը (սոպրանո), Էլեն Կիրակոսյանը (դաշնամուր), բանախոս` Դանիել Երաժիշտ։ Մաեստրոն հայտնի է հանրությանն իր «Շարական» անսամբլով և բազմերանգ, բազմաբնույթ ստեղծագործությունների կատարումներով` սեփական կամ այլ կոմպոզիտորների։ Եվ հանկարծ բեմում հայտնվում են մեկ երգչուհի և մեկ դաշնակահարուհի։ Սակայն ծրագիրն այնքան բազմաժանր էր ու հագեցած, և կատարումներն այնքան գունեղ, կոնտրաստային, որ որևէ այլ նվագարանի կարիք չզգացվեց։ Ինչպես նշեց բանախոսը, ծրագիրն ուներ իր գաղափարաբանությունը. հիմնասյուներն էին երկու կաթողիկոսների քերթվածների հիման վրա գրված երգերը. Գրիգորիս Աղթամարցու (15-16-րդ դդ.) «Տաղ ի վրայ նորաշէն տուն եւ այգի ունեցողի եւ լալու» և Վազգեն վեհափառ հայրապետի «Արարատ» բանաստեղծությունը։


Առաջինում երգի հերոսը տուն է շինել, այգի տնկել, բայց դեռ չվայելած, ասում են` ե՛լ քո տնից և այգուց։ Ինչպես նշեց բանախոսը, սա հայոց ճակատագրի արտացոլքն է. ամենուր հայերը շենացրել են իրենց միջավայրը, սակայն միշտ գտնվել են ուժեր, որոնք վտարել են աշխատասեր հայերին և տիրացել նրանց ունեցվածքին։ Սա էլ նպաստել է հայրենազրկությանն ու արտագաղթին, որը շարունակվում է ցայսօր։ Աղթամարցու տաղի հակապատկերն էր Վազգեն վեհափառ հայրապետի «Արարատ» քերթվածը։ Ժամանակին լույս էր տեսել մի պատկերագիրք Արարատ լեռան քառասուն տարբեր լուսանկարներով։ Այն բացվում էր կաթողիկոսի նշված բանաստեղծությամբ, որտեղ «քառասուն կանչով, քառասուն լեզվով» կոչ էր արվում հայ պանդուխտներին վերադառնալ հայրենիք։ Այս երգի մեղեդին հորինել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբի մեներգչուհի Մարի Պոզապալյանը, իսկ Դանիել Երաժիշտն այն վերածել է բազմաձայն մի հաղթական երգի։ Ծրագրի մյուս երգերն ասես կամարակապում էին նշված երկու «հիմնասյուները»։ Այս տարաբնույթ երգերը արտացոլում էին հայոց ճակատագրի ելևէջները և դրանց արձագանքը երաժշտության մեջ։ Շարունակելով իր մեկնաբանությունը, բանախոսը նշեց, որ Պետրոս Ղափանցու արվեստում վարդը ոչ միայն խորհրդանշում է սերը, այլև հայրենիքը, և նրա «Առավոտյան քաղցր և անույշ» տաղը հնչեց ավելի, քան քնարական մի գողտրիկ երգ։ Հայրենաբաղձությամբ էր համակված նաև «Ապրիլի քսանչորս» երգը, գրված լիտվացի բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսի խոսքերով։ Իր երգում Դանիել Երաժիշտը մեջբերել էր մի հատված Պատարագից` «Սուրբ, սուրբ»-ը, որի ձայնագրությունը հանդիսավոր օրերին հնչում է Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշահամալիրում։ Այս ընդհատվող պատառիկը վավերականություն է հաղորդում երգին, և առավել ազդեցիկ դարձնում հետևյալ բառերը. «Հուշարձանի մոտ ահա քարացել, /Հոգուս սպիտակ վարդերն եմ բացել։ Ապրիլի քսանչորս, / Ողբալի դու օր, / Հոգուս ջութակն է լալիս լա-մինոր» (թարգման.` Վահագն Դավթյանի)։ Մեր զրույցում մաեստրոն նշեց, որ մի ներքին կապ է տեսնում «Ապրիլի քսանչորս», «Տիրամայրն» և «ՈՒ՞ր ես, Մայր իմ» երգերի միջև. եթե Տիրամայրը կանգնած է իր խաչված զավակի դիմաց, ապա Ծիծեռնակաբերդում (հայոց Գողգոթան խորհրդանշող բարձունքին) պոետն իր վարդերի պսակով կանգնած է Հիսուսին խաչակից մի ամբողջ ժողովրդի առջև։ Իսկ Կոմիտասի «Հայր մեր» մանկական աղոթքը (1915 թ. հուլիսի 12) մեկնաբանելիս բանախոսը մեջբերեց Միշել Մոնտենի նկարագրած մի պատմական դեպք. Հնդկաստանի փոխարքայի նավը կործանման եզրին էր, երբ նա իր ուսերին դրեց մի մանչուկի և խնդրեց, որ նա աղոթի հանուն փրկության։ Մաեստրոն նշեց, որ «անմեղ մանկան աղոթքն ավելի շուտ կհասնի Աստծուն։ Այդպես էլ եղավ. անմեղ Կոմիտասի աղոթքը, գումարվելով մյուսների խնդրվածքներին, տեղ հասավ, և այսօր, փրկված Հայաստանում, կրկին թևածում են կոմիտասյան երգերը»։


Համերգի ծրագրում տեղ էին գտել նաև Դանիել Երաժշտի բազմաձայնած` Հայաստանի տարբեր շրջանների ժողովրդական երգեր, որոնց հատուկ համուհոտ էին հաղորդում բարբառները. ահավասիկ. «Բարի լուս», «ՈՒստի՞ կուգաս», «Խունջիկ-մունջիկ», «Յարուկ մ’ունիմ», «Մատիս մատնիքը»։ Այս կենսահաստատ գեղջկական երգերին լավ կոնտրաստ ստեղծեցին Սայաթ-Նովայի «Դուն էն հուրին իս» և Վահան Թեքեյանի խոսքերով գրված` Դանիել Երաժշտի «Փափագ» երգերը, որոնք «պլատոնական սիրո» վառ դրսևորումներ էին։ Բոլոր կատարումներից առաջ մաեստրոն տեղեկություններ էր տալիս տվյալ երգի հեղինակի, ստեղծման ժամանակաշրջանի վերաբերյալ, բացահայտում խորհուրդը։ Այս ամենը ոչ միայն նախապատրաստում էր ունկնդիրներին հնարավորինս ճշգրիտ ընկալելու գործերը, այլև նպաստում էր կատարողների հավաստի, վառ կերպարանաստեղծությանը։ Այսպես, Արմինե Խաչատրյանն իր բյուրեղ, հստակ ձայնով քնքշորեն կատարեց Կոմիտասի մանկական աղոթքը, «ՈՒ՞ր ես, Մայր իմ» տաղը, «Ապրիլի քսանչորս» երգում կատարողները հակադրեցին դրախտային «Սուրբ, սուրբ»-ի հնչերանգները ցեղասպանության դահիճներին դատապարտող, դրամատիկ, պայթուցիկ դրվագները։ Խաղացկուն քմայքով հնչեցին «Խունջիկ-մունջիկ», «ՈՒստի՞ կուգաս», ժողովրդական, ինչպես նաև Սայաթ-Նովայի «Դուն էն հուրին իս» երգերը։ Գրեթե շշուկով կատարվեց «Փափագ» սրտառուչ երգը։ Իսկ «Տիրամայրն» տաղում երգչուհին ցուցաբերեց իր ձայնի մեծ դիապազոնը, որտեղ միահյուսվել էին ողբն ու աղոթքը։ Մարդաշատ դահլիճը որոտընդոստ ծափողջույններով ու գարնանային նորաբաց ծաղիկներով հրաժեշտ տվեց երաժիշտներին։ Համերգից հետո մաեստրոյին հարցրի` գո՞հ է կատարողներից, կարողացա՞ն նրանք լիովին մարմնավորել հեղինակի մտահղացումները։ Դանիել Երաժիշտն իր գոհունակությունը հայտնեց, և ավելացրեց, որ եթե երգչուհին դայլայլող սոխակի էր նմանվում, ապա դաշնակահարուհին` Էլեն Կիրակոսյանը, իր հնչյունաբույլերով նրա երգին ճախրելու թևեր պարգևեց։

Հիրավի` գարունաշունչ համերգ։


Լիանա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1266

Մեկնաբանություններ