Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Առանձնաշնորհյալ և առանձնահատուկ, Աստծո սիրելի և ընտրյալ ազգը

Առանձնաշնորհյալ և առանձնահատուկ, Աստծո սիրելի և ընտրյալ ազգը
13.04.2018 | 08:14

ՈՒ՞ր ենք ուզում գնալ, երբ մեր անցյալը չգիտենք, երբ մեր սրբերին, հոգևոր հայրերին գրեթե չենք ճանաչում, շատերին ընդհանրապես չենք ճանաչում, չգիտենք նրանց մասին, չենք հարգում նրանց հիշատակը, անծանոթ լինելով նաև նրանց ավանդածին, այդ անգնահատելի ժառանգությունից համապատասխան հետևություններ չենք կատարում: Այդպիսի ճանապարհը մեզ հաստատ տաճար չի տանելու:


«Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» ժողովածուի հեղինակ Աշոտ Հունանյանն իր այդ շատ կարևոր ու գնահատելի աշխատությամբ մեզ փոխանցելով հայ ժողովրդի պատմության ընթացքում նրան տեսիլքներով ու մարգարեություններով շարունակ տրված հայտնությունները, փորձել է նաև մեր հասարակությանը ճանաչելի դարձնել իր սրբերին, հոգևոր հայրերին: Այդ հոգևոր մեծերից է նաև միջնադարի հայ համբավաշատ վանականներից ճգնակեցիկ ու հրաշագործ Հովհաննես Գառնեցի վարդապետը, որի մասին եթե հարցնենք մեր հայրենակից պատահական անցորդներին, որքան էլ ցավալի է, նրանցից հազարից մեկն էլ կարող է չիմանալ, մինչդեռ… Ահա թե նրա մասին պատմագիր, մեկնիչ, աստվածաբան, փիլիսոփա, թարգմանիչ, մանկավարժ Վարդան Վարդապետի (Վարդան Արևելցու, Վարդան Մեծի) պատմածի վրա հիմնվելով, ինչ է գրել հայ միջնադարյան պատմիչ և եկեղեցական գործիչ Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց պատմություն» աշխատության (Երևան, 1982 թ.) 250-255-րդ էջերում.
«Սա մի առաքինի մարդ էր, վարքով` զարմանալի, Աստծու պատվիրանները կատարող, Քրիստոսի լուծը կրող. պատանեկությունից արժանացավ կուսակրոն քահանայական աստիճանի. անունը Հովհաննես էր, Գառնի քաղաքագյուղից, ուր գտնվում է Տրդատի հրաշալի սարավույթը, Այրիվանքի սուրբ միաբանությունից: Սա մանկության հասակից արհամարհեց կյանքի ամեն ինչքը, լքեց հարազատներին ու տունը, բնակվում էր ամայի տեղերում, սիրում էր առանձին լինել և անդադար խոսել Աստծու հետ` իրեն տալով տեսակ-տեսակ ճգնությունների, պասերի, գետնատարած ու պառկած աղոթքների և անդադար տեղից տեղ շրջելով ու պատահածներին լուսավորելով:


Նրան տրվեց նաև բժշկության շնորհք, որովհետև ձեռքը դնելով ու աղոթելով բազմաթիվ ախտաժետների բժշկում էր: Նրանից խնդրում էին նաև իրենց անձերի պահպանման համար թուղթ` թալիսման, իսկ նա անմիջապես տալիս էր բոլոր խնդրողներին: Եվ այս անում էին ոչ միայն հավատացյալները, այլև բազմաթիվ անհավատները: Նա գրում էր Սուրբ Երրորդության անունը և աղոթքի խորհրդավոր խոսքեր ու տալիս էր նրանց: Իսկ նրանք հավատով առնում և կապում էին իրենց վրա»:
Ինչու՞ է Կիրակոս Գանձակեցին իր պատմագրքում Հովհաննես Գառնեցու մասին տեղեկությունները ներկայացրել Վարդան Մեծի պատմածի հիման վրա: Գանձակեցին, նկատի ունենալով Հովհաննես Գառնեցուն, ինքն է տվել դրա բացատրությունը. «Սրա մասին շատերը շատ բաներ էին պատմում, բայց շատ ավելի պատմում էր մեր հարազատ ու սքանչելի Վարդան Վարդապետը, որի խոսքերը արժանի են վստահության, արժանահավատ են, որովհետև նրանք սիրով կապված էին միմյանց հետ: Որովհետև մենք հեռավորության պատճառով նրան չտեսանք, նա իբրև մխիթարություն` մեզ նրա կյանքից որոշ բաներ պատմեց մասնավոր կերպով…»:


Շարունակելով ներկայացնել Վարդան Մեծի պատմածը, Կիրակոս Գանձակեցին գրել է.
«Սրա նման մի ուրիշ բան էլ պատմեց այն սուրբ մարդ Հովհաննեսը: «Ես, ասում է, Հորդանան գետի կողմերն էի. աղոթում էի Տիրոջ և սուրբ Հովհաննես Կարապետի մկրտության տեղում: Ինձ մոտ կրոնով մահմեդական երեք մարդիկ եկան և խնդրեցին, որ իրենց մկրտեմ: Ես հապաղում, թողնում էի ուրիշ օրվա և կամ մտածում էի` թող ուրիշներից մկրտություն ստանան, որովհետև տեսնում էի, որ նրանք վայրենաբարո մարդիկ են, և կարծում էի` ձևանում են»:
Նրանցից տարեցը ինձ պատմեց և ասաց. «Մենք պարսից քաղաք Զանգիանից ենք, կրոնով մուղրի ենք: Շինեցինք մեծ ու գեղեցիկ մի աշտարակ և պատրաստեցինք բացման տոնահանդեսի համար ինչ անհրաժեշտ է: Ես ըստ արաբական կրոնի բարձրացա գմբեթի ծայրը անարժան ազանը տալու: Եվ ահա տեսա արևելքի կողմից երկինքը պատռված և վայրը անչափ լույսով լիքը: Մի զարմանալի ու ահեղ Թագավոր նստած փառքի աթոռին, իսկ նրա շուրջը լուսեղենների բազմություն էր, որոնք նրան օրհնում էին անպատմելի ձայնով: Նրան երկրպագելու էին գալիս բոլոր քրիստոնյա ազգերը` յուրաքանչյուրը իր կրոնի առաջնորդներով, որոնք զարդարված էին երևելի փառքով: Եվ երբ երկրպագում էին Նրան, Նա ընդունում էր նրանց ողջույնը: Ի վերջո եկավ մի այլ ազգ, որ փառքով շատ ավելի առավել էր, քան նախորդները, իսկ սրա առաջնորդները չափազանց զարմանալի էին: Երբ եկան, Թագավորին երկրպագեցին, Նա աթոռից վեր կացավ նրանց ընդառաջ ու համբուրեց նրանց իրենց առաջնորդներով և մյուս ազգերից ավելի մեծարեց:


Եվ մինչդեռ ես հիացած կանգնած էի զարմացումով ու ապշանքով, վերև, ինձ մոտ եկավ իմ այս ավագ որդին և ասաց. «Ինչո՞ւ ուշացար, ամբողջ ժողովուրդը քեզ է սպասում»: Սա նույնպես նայեց արևելք ու նույն տեսիլքը տեսավ և հիմարացած կանգնեց: Ապա երբ չափազանց ուշացանք, ամբոխը մեր ուշանալու վրա նեղսրտեց: Բարձրացավ եկավ իմ այս կրտսեր որդին և մեզ մեղադրում էր մեր ուշանալու համար: Բայց որովհետև սրա գալու ժամանակ տեսիլքը չքացել էր, սրան պատմեցինք ուշանալու պատճառը և տեսիլքի հանգամանքները: Եվ իսկույն կամեցանք այն բարձունքից Քրիստոսին ճշմարիտ Աստված, իսկ մեզ քրիստոնյաներ հայտարարել: Սա մեզ արգելեց և ասաց. «Եթե այդպես է, խելքով գործ բռնենք. եթե հիմա մենք Քրիստոսին քարոզենք, իսկույն տաճկաց այս ամբոխը մեզ կսպանի, և պատրվակ կբռնեն, թե ինչ-որ հանցանքի համար սպանեցինք, իսկ մեր մասին ո՞վ է իմանում: Այլ գնանք, մեր պատրաստած ճաշերը տանք նրանց, իսկ մենք գնանք Երուսաղեմ սուրբ քաղաքը և այնտեղ լինենք կատարյալ քրիստոնյաներ ավազանի մկրտության միջոցով, մանավանդ այն քրիստոնյաների ձեռքով, որոնց մասին դուք ասում եք, թե նրանց մեծ ցնծությամբ ընդունեց Թագավորը, և ձեզ տեսիլքում նշան արվեց, թե այն հայոց ազգն էր, որ վիճակ ընկավ Թադեոսին, Բարդուղիմեոսին և սուրբ Գրիգորին»:
Մենք, անսալով սրա խոսքերին, իջանք նրանց մոտ` ոչ մեկին ոչինչ չպատմելով: Թողեցինք մեր ամբողջ շարժական ու անշարժ գույքերը, եկանք Երուսաղեմ և Աստծուն աղաչեցինք, որպեսզի մենք հանդիպենք այն ազգին, որ տեսիլքում փառավոր էր: Եվ Աստված քե՛զ ցույց տվեց մեզ, և նույն նշանը տեսանք քեզ վրա: Այժմ աղաչում ենք քեզ, տուր մեզ Քրիստոսի մկրտությունը և մեզ դարձրու քո Աստծուն կատարյալ ծառաներ:
Ես տեսա նրանց հոժարությունը, և թե մանավանդ Տիրոջից է իմ կոչումը, նրանց մկրտեցի Հորդանան սուրբ գետում հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու, և նրանց հաղորդեցի Աստվածորդու պատվական Մարմնով ու Արյունով: Մեզ ողջունեցին, քաղաքից դուրս եկան գնալու մեծ Հռոմ տեսնելու սուրբ առաքյալներ Պետրոսի ու Պողոսի գերեզմանները ի փառս Քրիստոսի»:


Հայերիս` առանձնաշնորհյալ և առանձնահատուկ, Աստծո սիրելի և ընտրյալ ազգ լինելու մասին այս վկայությունը միակը չէ:
Ինչպես գիտենք, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, հայ հավատացյալները, ի տարբերություն քրիստոնյա այլ ազգերի, ապրիլի 7-ին են տոնում Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում` որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։ Ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի, հենց ապրիլի յոթին է, որ կույս Մարիամը Գաբրիել հրեշտակից ընդունել է հղության ավետիսը և ինն ամիս հետո ծնել Քրիստոսին: Սուրբ Աստվածածնի Ավետման օրը նկատի ունենալով է, որ 1995 թվականից ապրիլի 7-ը ներառվել է ՀՀ ազգային տոնացույցում որպես Մայրության ու գեղեցկության տոն:
Ահա թե այդ օրվա մասին պատմագիր, մեկնիչ, աստվածաբան, փիլիսոփա, թարգմանիչ, մանկավարժ Վարդան Վարդապետին (Վարդան Արևելցուն, Վարդան Մեծին) ինչ է պատմել միջնադարի հայ համբավաշատ վանականներից ճգնակեցիկ ու հրաշագործ Հովհաննես Գառնեցին: Այս մասին տեղեկանում ենք հայ միջնադարյան պատմիչ և եկեղեցական գործիչ Կիրակոս Գանձակեցու «Հայոց պատմություն» աշխատությունից (Երևան 1982 թ.):
Ներկայացնելով Հովհաննես Գառնեցու մասին Վարդան Մեծի շուրթերից իր լսածը` Կիրակոս Գանձակեցին գրել է. «Ինքը Հովհաննեսը հենց մեզ պատմեց, թե ես գնացի սուրբ քաղաք Երուսաղեմ` երկրպագելու փրկչական վայրերին, այնտեղ որոշ օրեր մնացի` իջևանելով սուրբ Հակոբում: Մի գիշեր կանխեցի ազդարարության ժամը հնչելը, որ բոլորին զարթեցնում էր աղոթքի, և մինչդեռ ես աղոթում էի սուրբ եկեղեցում, սուրբ Հակոբի առաջնորդ վարդապետը կանչեց ինձ և ասաց. «Եկ մի, զարմանալի բաներ լսիր, որ պատմում է իմ ամենակրտսեր քահանան»: Երբ գնացի նրա մոտ, կանչեց քահանային, որ զարմանալի երազ էր տեսել, և ասաց. «Այժմ ասա, ինչ որ ինձ նախօրոք պատմեցիր, որ սա ևս լսի»: Քահանան սկսեց պատմել, թե` «Նախքան ձեր մեր եկեղեցին գալը ես սուրբ եկեղեցու վերնատանը աղոթում էի, հանկարծակի Գաբրիել հրեշտակապետի նկարված պատկերը, որ գտնվում է Ամենասրբուհի Աստվածածնի պատկերի հանդեպ, խոսեց ու ասաց. «ՈՒրախ եղիր, ով դու բերկրյալդ, Տէրը քեզ հետ է»: «Օրհնված ես դու կանանց մեջ, և օրհնված է քո արգանդի պտուղը»: Բոլոր սրբերի նկարված պատկերները սկսեցին նույնը խոսել մինչև մեծ ժամը` «ՈՒրախ եղիր, ով դու բերկրյալդ, Տէրը քեզ հետ է»:


Ես զարմացած փառք տվի Աստծուն և քննելով տոմարական հաշիվներով գտա, որ այդ օրը արեգ ամսի երեսունն էր և ապրիլ ամսի յոթը, Նիսանի տասնհինգը: Այս տեսիլքը և հրաշքի երևալը հաստատում են հայոց տոնի ճշմարտացիությունը, որ ասում ենք Սուրբ Կույսի ավետյաց օրը արեգի երեսունին, ապրիլի յոթին, Նիսանի տասնհինգին է և ոչ թե, ինչպես հակառակվում են մյուս ազգերը, մանավանդ հույները` ասելով անխոհեմաբար, թե մարտի քսանհինգին է:
Այս պատմեց ճշմարտախոհ այն մարդը ի հաստատումն մեր ուղղափառ հավատի»:
Կիրակոս Գանձակեցին շարունակելով փոխանցել Հովհաննես Գառնեցու մասին Վարդան Մեծի պատմածը, գրել է.
«Նաև այս էր ասում նույն սքանչելի Հովհաննեսը, թե` «Ազգով հայ քառասուն տղամարդ գնացին Սինա անապատը, այն լեռը, ուր Աստված երևաց Մովսեսին և տվեց քարե տախտակները, որոնց վրա գրված էին տասը պատգամները, երկրպագելու Աստծուն և տեսնելու սուրբ վայրերը:


Լեռան ստորոտում մի վանք կար. հայերը` ազգով հոռոմ, վարքով խստակրոն մարդիկ, այնտեղ օթևանեցին: Եվ մինչ կամենում էին լեռը բարձրանալ, վանքի բնակիչները պատվիրեցին նրանց և ասացին. «Գիշերը այնտեղ մի՛ քնեք, որովհետև ովքեր այնտեղ գիշերում են, ահավոր արհավիրքներ են տեսնում, այլև շատ մարդիկ կորստի են մատնվել»:
Իսկ նրանք համարձակորեն բարձրացան` առանց որևէ ուտելիք իրենց հետ վերցնելու: Այնտեղ մի քանի օր ուշացան: Վանքի բնակիչները զարմացել էին, թե ինչ եղան, որովհետև իջնելու ուրիշ ճամփա չկար, համարում էին, թե արհավիրքից ոչնչացան:


Իսկ նրանք իրենց ուխտը կատարելուց հետո լեռնից իջան փառավորված ու հրաշալի կերպարանքով: Այժմ նրանք քառասուներկու հոգի էին: Վանքի բնակիչները զարմացած ջահերով ու լապտերներով ընդառաջ ելան նրանց ու մեծ հարգանքով տարան տեղավորեցին: Զարմանում էին, որովհետև երբ բարձրանում էին լեռը, քառասուն էին, իսկ երբ իջան, քառասուներկու են. միաժամանակ գիտեին, որ բացի նրանցից դեպի վեր ոչ ոք չի գնացել: Երբ սեղան գցեցին ճաշելու, երկու այն փառավոր տղամարդիկ, որոնք ավելացել էին քառասունի վրա, վեր կացան նրանց սպասավորելու սեղանի շուրջը և թույլ չէին տալիս վանքի մարդկանց` ծառայելու նրանց, այլ ասում էին. «Մենք սովորություն ունենք մեր եղբայրներին ինքներս սպասավորելու»:
Եվ երբ կերան, ինչ որ անհրաժեշտ էր, նրանց ողջունեցին ու աներևույթ եղան. դրանք էին Մովսեսն ու Եղիան: Վանքի բնակիչները մեծ ահով բռնվեցին. նրանց պատվում էին իբրև հրեշտակների, ու մեծ պատվով ճամփու դրին:


Սրբասեր Հովհաննեսը իր համեստության պատճառով այս բանը պատմում էր ուրիշների անունից, որպեսզի չիմանան, թե ինքն էլ նրանց հետ էր:
Սրանից հետո նա շրջեց բազմաթիվ գավառներ ու քաղաքներ, հասավ Կողոնիա քաղաքը: Թուրքերից ու արաբներից շատերը գալիս էին նրա մոտ ու մկրտվում էին նրա սքանչելի վարքի ու բժշկության համար, որ նա անում էր:
Ապա պարսիկները նախանձեցին նրան, և Կողոնիա քաղաքի իշխանը բռնեց նրան ու մի քահանայի, չոր փայտ կուտակեց, նրանց դրեց մեջը, կրակ տվեց: Նրա հետ եղած քահանան լաց էր լինում, իսկ նա քաջալերում էր նրան ու ասում. «Մի՛ վախենա, Աստված կարող է մեզ ազատել այս կրակից, ինչպես երեք մանուկներին»:


Եվ մինչդեռ բոցը բորբոքվում էր, իշխանի երեխան բերդի պարսպից ընկավ ու անվնաս վեր կացավ: Եվ երբ հարցրին, թե` ինչպե՞ս կենդանի մնացիր, նա պատասխանեց, թե` այն մարդը, որին գցեցիք կրակը, ինձ իր ձեռքերով պահեց և չթողեց, որ գետին ընկնեմ: Իշխանը անմիջապես մարդ ուղարկեց և հրամայեց կրակից նրանց հանել ու թույլ տալ ուր ուզում են, գնան:
Նա շրջեց բազմաթիվ գավառներ, գնաց Հռոմկլա հայոց մեծ կաթողիկոս տեր Կոստանդինի մոտ (Կոստանդին Ա, 1221-1267 թթ.- Ծ. Հ.): Նա ուրախությամբ մեծ պատվով ընդունեց նրան և թույլ չտվեց որևէ տեղ գնալու: Այնտեղ մնաց, մինչև փոխադրվեց Քրիստոսի մոտ և թաղվեց այնտեղ: Իր կյանքը ավարտեց ու հավատը պահեց, հասավ անթառամ պսակին ու անվախճան կյանքի: Նրա աղոթքը թող մեզ սատար լինի և մեղքերի թողություն տա, իսկ նրա հիշատակը բոլոր սրբերի հիշատակի հետ մեր Տէր Հիսուս Քրիստոսի համար լինի, որին հավիտյան փառք»:


Շատ ուշագրվ է նաև Աստծո այր, սուրբ և ճգնավարք կրոնավոր Հովհաննես Գառնեցու տեսիլքը, որը նույնպես վկայում է հայերիս` առանձնաշնորհյալ և առանձնահատուկ, Աստծո սիրելի և ընտրյալ ազգ լինելու մասին: Այս տեսիլքի վերաբերյալ, սակայն, տեղեկանում ենք ոչ թե Գանձակեցու «Հայոց պատմություն»-ից, այլ «Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» ժողովածուում «Գիրք թղթոց» (Մատենագրութիւն նախնեաց ) աշխատության (Սահակ Մեսրոպեան մատենադարան, Թիֆլիս 1901 թ.) 530-532-րդ էջերից մեջբերված հատվածից.
«Այս ամենը բարեհոգի ճգնավորը (Հովհաննես Գառնեցին.- Ա. Հ.) մեզ պատմեց և նույն տարում էլ վախճանվեց: Եվ մինչ Հռոմկլա անառիկ դղյակում էինք, մեզ ասաց.
-Երբ ես Աշորնիս ձորի (Աշորնյաց ձոր, Երասխաձոր, Արշարունիք… Տարածվում էր Արաքս և Ախուրյան գետերի կազմած արևմտյան անկյունում, Արաքսի ձախ կողմում.- Ա. Հ.) իմ խցում էի, մի խորհուրդ սկսեց ինձ մտատանջել, թե ազգերից որո՞նք են ԱՍՏԾՈ կողմից ընդունելի: Եվ մինչ բազում օրեր տարակույսների մեջ էի, ինձ վրա մի մեծ զարմացում իջավ: Ո՛չ քնի մեջ էի և ո՛չ արթնության, երբ տեսա այդ զարմանալի տեսիլքը: Տեսա ինձ Երուսաղեմ սուրբ քաղաքում, և իմ առջև մի հսկա հարթահատակ դաշտ էր, այնքան մեծ, որ անկարող էի ծայրից ծայր տեսնել, և դաշտի մեջ զարմանալի մի բլուր կար՝ ընդարձակ գագաթով և մի լուսավոր, խորանարդի նմանությամբ ամպ էր իջել բլրին: Նայում էի նշմարելու, թե ու՞մ բնակության տեղն է: Եվ այնտեղ բեմ տեսա, իսկ բեմում՝ քառակողմ մի աթոռ, որն իմ աչքերը անկարող եղան ավելի հստակ նշմարել, վայելչական այն լույսի պատճառով, որը բովանդակել և կամ նկարագրությունն անել անկարող եմ և լռության եմ թողնում: Եվ մինչ հիացած ու զարմացած էի տեսիլքի իրողությամբ, երկինքը լուսավորվեց, և օդը լցվեց լիառատ լույսով և թևավոր հրեշտակների անթիվ բազմություններ հրաշալի մի նվագի եղանակով աղաղակում էին ու ասում. «Սու՜րբ, սու՜րբ, սու՜րբ, Տէր բոլոր զորությունների», և ես ապշահար էի այդ մեղեդիների քաղցրությունից: Եվ այդժամ երեսիս վրա կիսակենդան գետին ընկա և կենդանություն չմնաց իմ մեջ: Իսկ բարետեսիլ այրերից մեկը եկավ, կարդաց իմ անունը, կենդանացրեց ինձ և ասաց. «Զորացի՛ր և լավ հիշի՛ր ինչ որ տեսնում ես, որովհետև քեզ համար է այս տեսիլքը»: Եվ ես ասացի. «Ո՜վ Տէր, սիրտս իմ փորի մեջ դողդողում է ու նայել չեմ կարող, ինձ խելամուտ դարձրու, որովհետև ես մի այր եմ տառապյալ և հիացմունքից շփոթված»: Եվ ասաց ինձ. «Տիրոջից քեզ ցույց է տրվում, թե ինչպիսին է լինելու դատաստանը հանդերձյալ կյանքում: Եվ ահա Աստվածությունը Սուրբ Երրորդությամբ նստել է Իր Փառքի աթոռին և հատուցում է անում արդարներին ու մեղավորներին և բոլոր սրբերը Նրա մոտ են հավաքվում, որ այժմ տեսնում ես»: Եվ ընկնելով Աստծո Սուրբ Աթոռի առաջ՝ երկրպագեցի, և աչքերս ի զորու չէին ավելին տեսնել քան ճաճանչները լույսի:


Եվ հանկարծակի հնչյունը լսվեց ահավոր փողի, և ողջ երկիրն ու ծովը դողացին աշխարհիս չորս դին, և տեսա, որ ամպեր են գալիս արևելքից և արևմուտքից, հյուսիսից, և հարավային ծովից: Եվ բոլոր սրբերը գունդ առ գունդ եկան ու բանակեցին այն հարթահատակ դաշտում: Տեսնում էի բլուր զարմանալի, իսկ ներքևում՝ վարագույրի առաջ սուրբ աթոռն էր մեր Տէր Աստծո Մոր, որ բազկատարած աղաչում էր: Եվ դրեցին աթոռները տասներկու առաքյալների, և փառքով զարդարվածները նստեցին դատաստան անելու: Եվ տեսնում էի արեգակնային թագագլուխ սրբերի խմբերը՝ առաքյալների և մարգարեների, հայրապետների և մարտիրոսների, և ամենքը մեծ ձայնով ու միաբերան փառավորեցին Աստծուն և ասացին. «Ահա ժամանակն է այցելության, բարի մշակների վարձերը բաժանելու»: Եվ ես ջանում էի ամփոփել ամբողջ տեսարանը իմ զգայարաններով, բայց անկարող եղա, որովհետև դա վեր է այն ամենից, ինչին մարդու միտքն է հասու: Սակայն այն ամենը, որ փափագել էի տեսնել, Բարձրյալն ինձ ցույց տվեց:


Տեսա մեր կյանքի առիթ Լուսավորիչ սուրբ Գրիգորին, լուսեղեն, հրաշազարման թագը գլխին՝ գալիս էր և մինչ կմտներ հավաքվածների հանդեսի մեջ, նրան երանի էին տալիս հրեշտակները և երկնային զորքերը, իսկ անդրանիկների եկեղեցիները փառավորում էին նրան ու ասում. «Ե՛կ, ո՜վ մարմնի մեջ անմարմին, որ նորօրյա ժուժկալությամբ հաղթեցի՛ր ամենայն կարիքները և գերագույն գտնվեցիր բոլոր սրբերի մեջ, մտի՛ր առագաստը կյանքի և ժառանգի՛ր փառքերը զանազան, որոնք քեզ համար ինքդ հյուսեցիր»: Եվ նրա աթոռը դրեցին գերապատիվ առաքյալների կողքին: Եվ Լուսավորիչն իր հետ ուներ անթվարկելի, լուսավոր մի գունդ: Սուրբը մոտենալով Աստվածության աթոռին, զվարթ ու համարձակ այսպես խոսեց. «Տէ՛ր իմ և Աստվա՛ծ իմ, ահա ես ու իմ մանուկները, որ ինձ տվեցիր, և սրանցից ո՛չ մեկին չկորցրեցի, բացի նրանցից, ովքեր խոտորվեցին իմ խրատներից և մնացին կորստի մեջ: Ների՛ր Տէր, քավի՛ր Տէր, որովհետև փրկելն ու կորստի մատնելը Քո ձեռքերում են»: Եվ այդ ժամանակ նրան ուղղված ահավոր թնդյունի ու որոտման նման մի ձայն քաղցրությամբ ասաց. «Ե՛կ, աշխատանքից հոգնած և քրտնած Իմ մշակ, ե՛կ, Իմ Աստվածության բարի վկա, ե՛կ, բազմավիշտ նահատակ, քանզի Ես եմ մաքրում ամեն տեսակ քրտինքները բոլոր երեսների և պիտի բոլոր Ինձ համար աշխատողներին Ինքս հանգստություն տամ, որովհետև վշտերի ժամանակն արդեն անցել է և ունեիր ու քեզ պիտի մնա պսակն արդարության, որովհետև ուր Ես եմ, այնտեղ Իմ պաշտոնյան պիտի լինի»: Եվ տեսնում էի, թե ինչպես աջ ձեռքով ուղղորդեց սուրբ Գրիգորին և նստեցրեց նրան բոլոր սրբերից և Իր ժողովրդից էլ առավել բարձր դիրքում:
Եվ այնտեղ եկել հավաքվել էին բոլոր ազգերից ու ցեղերից և հրեշտակները նրանց զատում, բաժանում էին: Եվ մեղավորների անթվելի գնդերին տանում էին, որ կրակի մեջ այրվեն ու տանջվեն՝ սերնդեսերունդ: Եվ մինչ նայում էի, տեսա ազգերի մեջ ծփացող խմբերի, որոնք ծովի նման ալեկոծվելով, ջանում էին խառնվել Հայոց ժողովրդին և հրեշտակները հրեղեն գավազաններով նրանց դեն էին քշում: Ապա նրանք ընթանում էին դեպի Հոռոմ ժողովուրդը, սակայն հրեշտակները նրանց կրկին հեռու էին քշում և սրանք գնում էին ֆրանգների հավաքատեղին՝ նրանց խառնվելու, իսկ հրեշտակները այնտեղից էլ էին քշում հեռու: Եվ ծփում էին այս խմբերը ու չէին կարողանում որևէ ազգի խառնվել: Եվ ես ասացի մոտս կանգնած հրեշտակին, որն այս տեսիլքը ինձ ցույց էր տալիս. «Տէր, ինչու՞ են այդ խմբերն այդպես ողորմելի շրջում, և թույլ չի տրվում նրանց խառնվել ոչ մի ազգի, մի՞թե սրանք առանց մկրտության են»: Ասաց ինձ. «Գիտե՞ս, եղբայր, Աստված դրանց միջոցով կամեցավ քեզ ցույց տալ, որ ճիշտ ես մտածում: Սրանք կամեցան ազգից ազգ փոխադրվել և արհամարհեցին իրենց մկրտությունը, սրանք եղան և որպես հոռոմ կամ որպես ֆռանգ կամ ասորի և ահա նրանք չեն ընդունվում որպես Աստծո ժողովուրդ, այլ ճանաչվում են միայն որպես մկրտությունն արհամարհողներ և տանջվելու են մեղավորների հետ»:


Եվ երբ տեսա այս հրաշալի տեսիլքն ու արթնացա, և գիտակցությունս տեղն եկավ, այդժամ փառավորեցի բարեգործ Աստծուն, որ իմ աղաչանքները անտես չէր արել, և երանի տվեցի Հայոց ազգին, որ մնաց սուրբ Գրիգորի կանոնների խրատների մեջ: Եվ այս ամենի մասին մինչ հիմա ոչ մեկին չհայտնեցի, բայց քանի որ վախճանվելու մոտ եմ, վկայեցի ձեզ, որպեսզի դուք էլ միամիտ սրտով փառավորեք Քրիստոսին՝ Աստծուն մեր, որ օրհնյալ է հավիտյան»:
Իր ժողովածուի վերջում Աշոտ Հունանյանը ծանոթագրում է, որ Հովհաննես Գառնեցին` ճգնակեցիկ ու հրաշագործ, Գեղարդի վանքից է եղել, 1222 թվականից ճգնել է Թաթլո վանքում: Մկրտել է շատ մահմեդականների, որոնցից նշանավոր է պարսից Զենջան (Զանգիան) քաղաքի մոլլան` իր որդիներով:
Բոլոր նրանց, ովքեր կհետաքրքրվեն «Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» գրքով, տեղեկացնենք, որ այն վաճառվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրախանութների ցանցում, «Շողակաթ» գրախանութում, Մաշտոցի պողոտայում գտնվող «Բուկինիստ» գրախանութում:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4505

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ