ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Սովորականից տարբերվող աշխարհ

Սովորականից տարբերվող աշխարհ
27.07.2018 | 03:17

Ասում են՝ տան մուտքը շատ բան է պատմում տանտիրոջ մասին, ու երբ Էջմիածին քաղաքում հարցուփորձով գտա Շահումյան 36 հասցեն, որտեղ իր ուրույն ճարտարապետությամբ աչքի էր ընկնում «Մաչանենց» տունը, հասկացա, որ այս տան «բնակիչները» հոգով ու կենցաղով նույնքան ազգային են, որքան սեփական տունը:


Փողոցն իր պատմությունն ունի: Նախկինում Իգդիրից Խոր վիրապ, այնուհետև ոտքով Էջմիածնի Մայր տաճար են գնացել ուխտավորները, այդ պատճառով փողոցը կոչվել է Իգդիրաշոշ: Այն անվանել են նաև ՈՒխտավորի ճանապարհ: Փողոցի երկայնքով տնկված բալենիների ծաղկման շրջանում այս ճամփան հեքիաթային է թվում:
«Մաչանենց» տան հիմնադիրը մասնագիտությամբ լուսանկարիչ, ռեժիսոր, մի շարք գրքերի հեղինակ Գրիգոր Մաչանենց-Բաբախանյանն է: 31 տարի առաջ նա գնեց նշված տունը և այն վերածեց խիստ ազգային կոլորիտով հագեցած բերդաքաղաքի: ՈՒ «վարպետ Օհանի» նման մեկտեղելով սեփական երևակայությունը, ճաշակն ու հմտությունը, իր շուրջը հավաքելով իր պես մի քանի խենթերի, ստեղծեց հյուրընկալ մի տուն, որի դռները մշտապես բաց են ծանոթ-անծանոթների առջև:


1987-ին Գրիգոր Մաչանենցը հիմնադրեց «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունը, որի առաքելությունն էր աջակցել քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող, կիրթ, իրազեկ, հայրենասեր, համամարդկային արժեքներ կրող քաղաքացու ձևավորմանը և նրա սոցիալական վիճակի բարելավմանը, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերին, ինչպես նաև նպաստել հայրենիքի և սփյուռքի գործուն կապի ամրապնդմանը։
«Մաչանենց» տան մշակութային բաժնի պատասխանատու Մերի Աղաջանյանի և արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Տաթև Խանոյանի ուղեկցությամբ շրջում ու ծանոթանում եմ այս յուրօրինակ տուն-թանգարանին:


Տան մուտքի մոտ փակցված ցուցատախտակի վրա շարադրված պատգամները այստեղ գործող «Արվեստաց դպրոց» մշակութային կենտրոնի շուրջ 300 սաներին և այցելուներին հորդորում են արթնանալ ժպիտով, ճախրելով քայլել, խոսել անկեղծ ու օգնել անշահախնդիր, հիանալ բնությամբ ու չմոռանալ արմատները: Համոզված եմ, որ արվեստի տան սաներն առաջնորդվում են այս պատգամներով. վկան նրանց մատղաշ ձեռքերի ստեղծած հրաշալի գործերն են՝ գորգ, կտավ, կավե սափոր, նորարարական սարք և այլն: «Մաչանենց» տան սաների նկարներով պատկերված նուռիկների տոհմածառը խորհրդանշում է այս համերաշխ տան պատկերը, յուրաքանչյուր սանը մի նուռիկ է, իսկ նոր սանի հաճախումով նուռիկների քանակն ավելանում է: Տոհմածառին հաջորդում է «Սիրո ճաշիկ» ծրագրի ցուցատախտակը: Ըստ ծրագրի, դասերից հետո երեխաներին տրվում է հաց ու պանիր, որը, նրանց համոզմամբ, «ամենահամով ճաշիկն է», և որից չեն հրաժարվում անգամ ուտելու հարցում ամենաքմահաճ երեխաները:


Տան մուտքից սկսած շարված են որը տանտիրոջ, որն էլ ծանոթ-բարեկամի նվիրած կենցաղային հնաոճ առարկաներ: «Մաչանենց» թանգարանում ցուցադրված են տարբեր ժամանակաշրջանների կենցաղային իրեր՝ ժամացույցներ, ածուխով տաքացվող արդուկներ, նվագարկիչներ, թղթադրամներ, ցուցադրված են նաև Դեր Զորի անապատից բերված հայ նահատակների ոսկորների մասունքներ, հող, ջուր, քիչ հեռվում ազգային տարազներն են, արծաթե գոտիները (քամարներ): Ի դեպ, դրանք օգտագործվում են միջոցառումների համար, լուսանկարվելու համար տարազներից երբեմն օգտվում են նաև հյուրերը:


«Մաչանենց» տան երկրորդ հարկում գործում է «Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնը», որի նպատակն է խրախուսել և աջակցել ստեղծարար մտածելակերպ ունեցող երեխաներին: Նրանց հետաքրքիր գաղափարներն ամփոփվում են «Մտքերի բանկում», որը յուրաքանչյուր շաբաթվա վերջում բացվում է և քննարկվում դրանց իրականացման ուղիներն ու հնարավորությունները:
Արվեստաց դպրոցում գործում են կարպետագործության, գորգագործության, կար ու ձևի, կավագործության արհեստանոցներ, նկարչության արվեստանոց: Սաների ձեռքի աշխատանքներն իրացվում են «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկության միջոցով՝ կազմակերպության ինքնաբավությունը ապահովելու նպատակով: Այդ նպատակին է ծառայում նաև Ազգային խոհանոցը, որի ընդարձակ ու հարմարավետ ճաշասրահում զբոսաշրջիկները սիրով համտեսում են հայկական և նախընտրելի ուտեստներ: Տան ընդարձակ տարածքում տեղակայված է նաև «Մաչանենց» արվեստի պատկերասրահը, որտեղ ցուցադրված են միջազգային երկու սիմպոզիումների ընթացքում ստեղծված կտավները:


«Մաչանենց» տան բակում ցուցադրվող յուրաքանչյուր մտահղացում յուրօրինակ է, չկրկնվող. թե՛ Վանա լճի մանրակերտը՝ Վանա և Սևանա լճերի օրհնված ջրով փոքրիկ ջրավազանը, թե՛ հյուրատան պատշգամբից «շրջակայքը վերահսկող» Մաչանենց Գրիգորի շորե տիկնիկը, թե՛ հազարաշեն գերաններով կառուցված թոնրատունն ու գնդասեղներով ծածկված աշխարհի քարտեզը: Դատելով քարտեզի վրա խրված գնդասեղներից՝ կարելի է պատկերացնել «Մաչանենց» տան հյուրերի աշխարհագրական ընդգրկուն տարածքը, սկսած ԱՄՆ-ից, Եվրոպայից մինչև հեռավոր Կորեա, որը, ի դեպ, գնդասեղներով պատված ամենախիտ երկիրն է:


«Մաչանենց» տան «հարստություններից» է նաև մեծ հեղինակություն վայելող թատրոնը, որը հիմնադրվել է 1989-ին: Թատրոնի շենքը 104 տարեկան է և հուշարձանների պահպանության կոմիտեի կողմից գրանցվել է որպես հնություն: Թատրոնի մանկապատանեկան և երիտասարդական խմբերում բեմադրվում են կատակերգություններ, դրամաներ, տիկնիկային և ինտերակտիվ ներկայացումներ: Խմբերը հյուրախաղերով հանդես են եկել արտասահմանում և Հայաստանի մարզերում:


«Մաչանենց» տան աշխատակիցների գերակշիռ մասը նախկին սաներն են, ովքեր սիրով ու նվիրվածությամբ նպաստում են իրենց օջախի հարատևմանը: «Մաչանենց» տունն իր ինքնատիպությամբ ոչ միայն գրավում, այլև հետաքրքիր գաղափարներ է հուշում իր այցելուներին:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5437

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ