«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

25 տարի առաջ Ֆրունզիկ Մկրտչյանը հրաժեշտ տվեց երկրային կյանքին. լույս նրա երկնային ճանապարհին

25 տարի առաջ Ֆրունզիկ Մկրտչյանը հրաժեշտ տվեց երկրային կյանքին. լույս նրա երկնային ճանապարհին
15.01.2019 | 04:08

ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԺՊԻՏՈՎ ԼՈՒՐՋ ԲԱՆԵՐ ԱՍԵԼ

Լավ կոշիկ կկարեի, թե թատրոնի
չափ սիրեի,
Լավ գյուտեր կհորինեի, թե
թատրոնի չափ սիրեի,
Մսագործ էլ որ լինեի,
ատաղձագործ էլ որ լինեի,
Հանցագործ էլ որ լինեի՝
պոեմներ կհորինեի,
Թատրոնի չափ թե սիրեի:
Վաղ հասակում, երբ դեռ Լենինականում կինոմեխանիկի աշակերտ էիր, հաճախ քեզ փոքրիկ դերեր էին վստահում Նիկոլի ղեկավարած ինքնագործ թատերախմբում: Հետագայում սիրով էիր հիշում այդ տարիները. «Ափսոս չէ՞ր՝ ոչ դրամատուրգ կար, ո՛չ ռեժիսոր կար, ո՛չ դերասան կար…, մենք էինք, ժողովրդո՛վ: Մենք էինք հնարում պիեսը, մի բան, որ թատերական ինստիտուտը չունի այդպիսի առարկա: Ա՜յ քեզ բան, չունի իմպրովիզացիա, որով ապրում է հանդիսատեսը, որով ապրում է դերասանը, որով ապրում է ռեժիսորը: Վեց տարի ես ապրում էի դրանով, մենք երգեինք պիտի, մենք պիտի պարեինք, թե չէ Սվասյանը կծեծեր մեզ»: Նիկոլի ակումբում, որը թատրոնի աշխարհ տանող ճանապարհն էր քեզ համար հարթելու, խաղացիր դերեր, դերե՜ր հանպատրաստից, օրվա ընթացքում սովորելով ու երեկոյան ներկայացնելով: Ի՜նչ խելագար աշխարհ էր, խաղում էիք ի՜նչ ասես…


Այդպես մինչև այն պահը, երբ երանելի Ժան էլոյանն իր բարի ձեռքը հովանի արեց քեզ ու տարավ թատրոն: Եկար ու սկսեցիր լուրջ բաներ լսել, ապշելու բաներ լսել ու հասկացար, որ գործ ունես մարդու հետ, գործ ունես բնության հետ, գործ ունես մարդկանց էմոցիաների հետ և մտնում ես մի կախարդական աշխարհ՝ տիեզերքի պես անվերծանելի: Դու երբեմն ասում էիր. «…զարմանալի բան է, այդ ի՞նչ ուժ է, որ բեմից գնո՜ւմ, անտեսանելի, անըմբռնելի, գնում այնտեղ ջուր է առաջացնում մարդու աչքերի մեջ՝ արցո՜ւնք: Այդ ի՞նչ ուժ է, որ ատամներն է բացում, և հոգու մեջ մի բան կատարվում է»: Թատրոնում դու հանդիպեցիր փայլուն դերասանների՝ Ցոլակ Ամերիկյան, Զոհրաբյան, Փաշայան, Արծրունի Հարությունյան, Ռշտունի, Հայկասար, Փալվարձունի, տեսար Վարդան Աճեմյանի «Մեծապատիվ մուրացկաններ»-ն ու «Արա Գեղեցիկ»-ը, ա՜յ քեզ բախտ:


Հետաքրքիր է, որ երբ երիտասարդ էիր, չէիր հասկանում, թե դերը պատրաստելիս ի՞նչ է կատարվում քեզ հետ: Բայց ժամանակի ընթացքում հասկացար, որ այսպիսի մի ճանապարհ կա, որով դու առաջնորդվում ես, դերի պատրաստման առաջին շրջանի քո բանալին սա է. «Դերը որ ստանում եմ, կարդում եմ սցենարը: Կռիվ, ահավոր կռիվ է սկսվում` հակառակվելու, ինքս ինձ հետ կռիվ եմ տալիս, կարո՞ղ եմ, թե՞ ոչ։ Հետո կռիվ է սկսվում հեղինակի հետ, դրանից միշտ մի բան ծնվում է: Հակառակվելն այն բանալին է, որտեղ եթե փնտրես՝ նոր բաներ կգտնես, դրանից սկսում է երևակայությունդ աշխատել, նկատում ես շուրջդ, սա էլ է օգնում: Հետո ռեժիսորի հետ եմ կռվում` թե այս կտորն այսպես արա. չէ՜, չէ՜, չէ՜: Բայց հետո ընդունում, համաձայնում են: Այդպես պատահել է Գեորգի Դանելիայի և Հենրիկ Մալյանի հետ աշխատելիս: Ինձ հետ կռվից հետո, հլը չեմ խաղացել, է՜, արդեն սիրում եմ սցենարը, պատրաստ եմ, էպիզոդ չկա, որ չսիրեմ, արդեն հոգուս մոտ է կերպարը: Առանց ծայրից ծայր սիրելու հնարավոր չէ խաղալ, որ սիրելով սպասեմ` թե գնամ խաղա՜մ, վա՜յ, էս կտորս է, հիմա էս կտորս է: Այսինքն քո հնարավորությունները լրիվ դրսևորում ես՝ սիրելով: Իմ ուզածի պես է, երեխայիս հագցրել եմ իմ ճաշակով, իմ ուզածով, արդեն ես կարող եմ նրան դուրս տանել, կարող եմ մարդկանց ցույց տալ, արդեն սիրում եմ երեխայիս, հաշտվել եմ հետը: Ռեժիսորին սիրում եմ, որովհետև ռեժիսորի մտահղացումների հետ կռվել եմ, և միասին արել ենք այդ գործը: Եվ, երբ արդեն ընտելացել եմ միջավայրին ու անցնում եմ ստեղծագործելուն, այսինքն խաղալուն, սկսվում է սիրո բացատրությունը, կերպարի հետ սեր ենք բացատրվում: Ինքը գնում է, ասում եմ՝ գալիս եմ քեզ հետ, ինքը տանում է, սիրով գնում եմ հետը, սիրում եմ կերպարի արած ամեն ինչը, սիրում եմ իրեն նայելը, սիրում եմ իրեն զգալը: Ընդհանրապես, երբ որ դերասանը խաղում է, անսահման սիրում է իրեն այդ պահին, սիրում է ոչ թե կողքից, այլ երկուսով սիրում են իրար, իսկ երբ երկուսով սիրում են իրար, չտեսնված հաճելի բան է ստացվում, սիրտս խտուտ է գալիս, որովհետև կերպարից մի սիրուն ջերմություն է գալիս»:
Երբեմն նկատում էիր, որ երիտասարդ, տաղանդավոր դերասաններ կան, ովքեր տեքստն անգիր գիտեն, լավ էլ կարդում են, բայց մի տեսակ թերի է ստացվում կերպարը։ Դու այլ կերպ էիր վարվում, երբեք անգիր չէիր անում տեքստը. «Մինչև տեքստը չլինի իմ բերանի խոսքը, ես չեմ շտապի ներկայացնել կերպարը: Ես երբեք անգիր չեմ անում, փորձում եմ օրգանական դարձնել, դրանից հետո ինքն իրեն խոսելով գալիս է: Իսկ որ արդեն քո խոսքը դարձավ` մնում է քո ներքին զգացողությանը, մնում է, որ դու այն դնես չափավորության մեջ: Ավելորդ խոսքն ինքն իրեն դուրս է գալիս»:


Դու խորապես գիտակցում էիր դերասանի երկվությունը, քո տրագիկոմիկական դիմակը ծնունդ էր առել մարդկային կեցության երկու բևեռներից, որպիսիք թախիծը և զավեշտականն են, և դու քո խաղով ընդգրկում էիր կյանքի բոլոր կողմերը միաժամանակ: Քեզ երբեմն անվանում էին «տխուր աչքերով կատակերգու»: Լինի ողբերգություն թե կատակերգություն՝ երկու դեպքում էլ կերպարներդ ստացվում էին համոզիչ, տիպական, հյութեղ ու կատարյալ, որոնք քեզ բերեցին մեծ ճանաչում և համաժողովրդական սեր. «Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել»։
Քո ստեղծագործության ակունքը ճանաչողությունն է, իսկ հաջողությանդ բանալին` սեփական խառնվածքիդ առանձնահատկություններից շռայլորեն օգտվելու շնորհդ: Մեծ արվեստն անթարգմանելի է, առեղծվածային, անվերծանելի։ Աներկբա է միայն, որ դրամատիկական արվեստում առկա ու նաև քո գտած կատակերգական և ողբերգական արտահայտչամիջոցներից դու խմորեցիր բոլորովին նոր, մինչ այդ չտեսնված մի բան: Արվեստի այդ մեծագույն գյուտը հենց քո բնախոսությունն է, արտիստական ինքնաճանաչողությունդ ու դերասանի բնատուր կարողություններդ: Շարունակ ջանացել ես բացահայտել քո մարմնի, քո հոգու մեջ եղած, դեռ չուսումնասիրված տեղերը՝ քեզ լավ իմանաս, ավելին, կարողանաս քեզ տեսնել բեմում: Բա հուզմունքնե՜րը: Ի՜նչ էր կատարվում, երբ հուզվում էիր: Դու բեմում դա էլ էիր տեսնում` քեզ հուզված ժամանակ, անմիջապես տեսնում էիր քո ճմրթվելը և փորձում ներքուստ շփվել այն իրողության հետ, ինչ տեղի էր ունենում հուզմունքիդ պահին. «...«Հին օրերի երգը» ֆիլմում, էն տեսարանը, որ սև թուղթը պիտի ուտեի, ես իրոք հուզված էի, ազատ եմ թողել, որովհետև ժամանակին ստուգել եմ, թե ինչ է կատարվում դեմքիս հետ»: «Հին օրերի երգը» ֆիլմը եղբորդ ու քեզ համար հատկապես թանկ էր. այն նկարահանվել էր ձեր փողոցում, որտեղ անցել էր ձեր մանկությունը, ձեր տան բակում, որտեղ դուք երեխաներով ծառեր եք տնկել` յուրաքանչյուր տունկի մարդու անուն տալով, նկարարահանվել էր տեքստիլ ֆաբրիկայի ճաշարանի մոտ, որտեղ աշխատում էր ձեր մայրը` Սանամը, և պատուհանից ձեզ խորոված կարտոֆիլ էր տալիս` պատերազմի տարիների ամենահամեղ ուտելիքը: Դու և եղբայրդ ոչինչ չէիք մոռացել` ոչ պատերազմի տարիների սառնամանիքը, ոչ դահլիճի խստադեմ փաղաքշանքը, որտեղ դուք ձեր ներկայացումներն էիք տալիս և ոչ էլ փոստատար Նիկոլին: Ֆիլմի շնորհանդեսը կայացավ Լենինականում, բանվորական ակումբի դահլիճում, որտեղ ներկա էին բոլոր նրանք, ովքեր զգացել էին պատերազմի տառապանքը, միայն թե արդեն չկար Նիկոլը...


Դու միշտ պահանջված արտիստ էիր, պահանջված զրուցակից, պահանջված ընկեր: Քեզ ընդունում, սիրում, գնահատում էին ռեժիսորները, և դու էիր սիրում աշխատել դերասան սիրող ռեժիսորների հետ: «Դերասան սիրող ռեժիսորներ կան, ովքեր զգում են, որ նուրբ մեխանիզմ է դերասանը, կքանդվի տեղնուտեղը, կխռովի, ոնց որ երեխա լինի, գիտե՞ք, ապշելու բան է, որովհետև զգացմունք պիտի տա, հանկարծ կարող է խռովել ու չտալ էդ զգացմունքը: ՈՒ չստացվի այնպես, որ ինքդ կարող ես դերասանի մեջը իր զգացմունքները, բաները մեռցնել, ընդհակառակը այնպես պիտի անես, որ արթնացնես: Մտածում եմ, թե ո՞ւմ հետ եմ ստեղծագործելու, Վարդան Աճեմյանը չկա, հիմա ես ի՞նչ պիտի անեմ: Վահրամ Փափազյանը մի հոյակապ բան է ասել իմ մասին. «Այս մանչուն հետ մեկը պետք է, միշտ մեկը պետք է, համախոհ պետք է», ինչպես թատրոնում եղավ Վարդան Աճեմյանը և կինոյում եղավ Հենրիկ Մալյանը:


Նրանք սիրով ու հաճությամբ էին աշխատում քեզ հետ և հաճախ էին ընդունում քո առաջարկած տարբերակները, որովհետև դրանք ավելի տպավորիչ էին դարձնում ասելիքդ, սակայն, լինելով արդեն կայացած ու սիրելի, այդուհանդերձ զարմանալի ինքնաքննադատությամբ նկատում էիր. «Ամեն ինչում շատ եմ կարևորում չափավորությունը: Ես էլ դրա մի լավ օրինակը չեմ, երբեմն ինքս էլ չափավորության մեջ չեմ լինում, բայց շատ լուրջ ուշադրություն եմ դարձնում դրան»: Չափավորության հետ մեկտեղ, դերասանի վարպետությունը համարում էիր յուրաքանչյուր հանդիսատեսի համար առանձին խաղալն ու նրա արձագանքին ականջալուր լինելը: Անընդհատ կատարելագործում էիր կերպարներդ ու նույն դերն ամեն անգամ ներկայացնում նորովի: Արտաքուստ պարզ քո խաղաոճի հետևում ամեն ինչից զատ կային կյանքի խորիմացություն ու փիլիսոփայական հայացք: Հիրավի մեծ դերասանիդ էքսցենտրիկ, երբեմն նույնիսկ պաթետիկ խաղաոճը քո ստեղծած համամարդկային կերպարներին հաղորդում էր ազգային, իսկ որոշ դեպքերում` նաև բանահյուսական հերոսի գծեր. «Ես միշտ իմ դերն եմ խաղացել, ինքս ինձ, իմ հերոսներին արտահայտել: Ամեն մի դերիս հետ քամվել եմ կաթիլ առ կաթիլ»: Այդպես էին ստեղծվում քո սքանչելի, քո անկրկնելի կերպարները, բեմարվեստի ճշմարիտ արժեքները, որոնք անտարբեր չէին թողնում նաև օտար հանդիսատեսին: Օտար ռեժիսորները քեզ հրավիրում էին որպես ազգային հետաքրքիր տեսակ, ազգային հետաքրքիր խարակտեր, ջերմ խարակտեր: Դու ինքնատիպ էիր, առեղծվածային, անկանխատեսելի ու անվերծանելի: Դու խորին ակնածանքով էիր վերաբերվում քո հանդիսատեսին և ամենայն պատասխանատվությամբ ու բծախնդրությամբ կերտում կերպարներդ. «Ամեն հանդիսատես մի նուրբ զգայարան է. պետք է սիրես նրան։ Եթե արտիստի մեջ սեր չկա, հազիվ թե նա կարողանա մի արժեքավոր ու մնայուն բան ստեղծել»:


Երբևէ չնմանվեցիր ուրիշներին և հաճախ էիր կրկնում. «Որքան ազգային ես, այնքան պահանջված ես` նատուրալ, ճիշտ, նուրբ, գեղեցիկ և ճաշակով մարդ, բայց օրիգինալ իր ամեն ինչով, որ նման չէ ոչ մեկին, իսկ երբ ոչ մեկին նման չես, արդեն շատ հետաքրքիր է»: Ա՛յս մտայնությունը, ա՛յս խնդիրներն են մշտապես ուղեկից եղել քեզ: Երբ արդեն ճանաչված դերասան էիր և զարմացնում ու հիացնում էիր քո գրագետ, ինքնատիպ հնարքներով լեցուն խաղով, առիթ եղավ Պաղտասար աղբար խաղալու: Հրաչյա Ներսիսյանից հետո Վարդան Աճեմյանն այդ դժվարին, բայց հիանալի դերը քեզ վստահեց: Աճեմյանի վստահությունը ոգևորել էր քեզ, բայց «Հրաչյայի՜ց հետո»-ն կաշկանդում էր, աչքերիդ առաջ շարունակ այն հանդիսատեսն էր, ով նույն դերում Հրաչյայի խաղն էր վայելել, և բեմի այդ հսկա կաղնին հանդիսատեսի հիշողության մեջ դեռևս կանգուն էր: Առաջին օրը զարհուրելի էր: Ցրված էիր… շատ կենտրոնացած լինելուց: Ոչ մեկին չէիր նկատում: Խելագարի պես էիր, գոտեմարտի էիր բռնվել Պաղտասարի հետ… Չէիր հիշում, թե ինչպես բեմ ընկար և ամբողջ ներկայացման ընթացքում երազի մեջ էիր, միայն մի բան էիր խնդրում դահլիճից. «Ի սեր Աստծո, ներեցեք ինձ, իմացեք, որ կարող եմ, կարող եմ, բայց այսօր ներեցեք…»: Դահլիճը քեզ ներելու խնդիր չուներ, դահլիճը թնդաց ծափահարություններից: Դա քո մեծ, շա՛տ մեծ հաղթանակն էր: Դու լավ ճանաչեցիր Պաղտասարին, ու նա քեզանից մի տեսակ անբաժան մնաց, դարձավ քո բոլոր հյուրախաղերի մշտական ուղեկիցը: Նկատելի շատ արձագանքներ եղան բոլոր այն երկրների մամուլում, ուր այդ ներկայացմամբ հյուրախաղերի եղար` ամեն անգամ մի նոր երանգ տալով քո խաղին. «Դերասանը պիտի ունենա մի դեր, իր խաղացած հազարների մեջ, որը լինի իր օթևանը»: Պաղտասարը եղավ քո օթևանը: Լրատվամիջոցները հատկապես զարմանքով էին անդրադառնում Պաղտասարի լռության տեսարանին, երբ դու լռում էիր մինչեւ երեք րոպե, իսկ դահլիճում շշուկ անգամ չկար, շարժում չկար, բոլորը լուռ նայում էին: Մեծ ասելիք կար քո լռության մեջ, շատերն անկարող էին խոսքով արտահայտելու այն, ինչ դու փոխանցում էիր հանդիսատեսին քո լռությամբ: Այդքա՞ն էլ խոսուն լռություն... Օտար հանդիսատեսի առաջ խաղալիս էլ նույնիսկ թարգմանչի կարիք չէր զգացվում. քեզ հրաշալի հասկանում էր նաև տարբեր լեզուներով հաղորդակցվող և շատ խստապահանջ հանդիսատեսը: Մի անգամ, Լոս Անջելեսի 1600-տեղանոց դահլիճում, Պաղտասարի խելագարության տեսարանից հետո, երբ բեմում մենակ էիր, երեք րոպե մնացիր լուռ, նայեցիր ժողովրդին, մտորեցիր, թե էս ինչ աշխարհ է, աչքերիցդ արցունք գնաց, հետո սկսեցիր մատներիդ հետ խաղալ` երկա՜ր, երկար: Դահլիճում քար լռություն էր, լաց ես լինում` լաց են լինում... Հետո վերջում կամաց ժպտացիր` բոլորը թեթև ժպտացին, մի քիչ ավելի` բոլորն աշխուժացան, ու վերջացավ ծափահարություններով: Ներկայացումից հետո, կուլիսներում Լոս Անջելեսի արտիստական թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռիչարդ Բելլին մոտեցավ, թարգմանչի միջոցով ասաց. «Դուք ինչպե՞ս լռեցիք երեք րոպե, որ ես հասկացա»: Դու ասացիր. «Ես լռեցի անգլերեն»: Էս հումորն ինքը շատ հավանեց, գրկեց քեզ ու ասաց. «Ես էլ հասկացա հայերեն»:


Պաղտասար աղբարի երևանյան մի ներկայացումից առաջ էլ հետնաբեմում միջադեպ էր տեղի ունեցել, որից ազդված` բեմ մտար վիրավորված ու այլայլված: Այդ օրը դու ներկայացրիր քո լավագույն Պաղտասարը` միաժամանակ խաղալով երեք ներկայացում. մեկը խաղացիր կուլիսներում խմբվածների համար, մյուսը` հանդիսատեսի, իսկ երրորդը դու քեզ համար խաղացիր: Եզակի տաղանդ ու հնարամտություն, միաժամանակ բոլորին տեսնող խորաթափանց հայացք ու բոլորի արձագանքն ընկալելու բացառիկ ունակություն, ասելիքդ հանդիսատեսի էության մեջ մխրճելու զարմանալի ուժ, անսահման հմայք ու բեմական բարձր վարպետություն: Սրանք էին քո հաջողության առհավատչյաները, որոնք, ավաղ, շատերի սրտով չէին: Բայց դու դա էլ էիր օրինաչափ համարում` հասկանալով, որ միջակները շատ են մեզանում, և շարունակ կատարելագործում էիր կերպարներդ` ամեն անգամ նորովի ներկայանալով քո հանդիսատեսին: Դու քո գործն էիր անում` համոզմունք ունենալով, թե աշխարհում ամեն վատ բան գալիս է արժանապատվության պակասից: Ցավով էիր նկատում, թե՝ «Աճեմյանից հետո բեմի և հանդիսատեսի կապը մի տեսակ խցանվեց: Միջնորդը դերասանն էր, բայց նա ռեժիսորի սիրելին չդարձավ, իսկ դա սարսափելի է: Այսօր ռեժիսորն իր հնարքներով և էֆեկտներով է առաջնորդվում, բեմը պտտվում է, դերասանը մթան մեջ է, մեջքին` լույսի բլիթ, ո՛չ աչքերը կան, ո՛չ արցունքը: Դերասանը այլևս չի խաղում: Չկա սցենար, չկա դրամատուրգիա, չկա ռեժիսուրա, այսօրվա ռեժիսուրան, իբր թե, պայմանականի արվեստն է: Փոխվել են արվեստի չափանիշները, ազատություն է, որից օգտվում են միջակությունները: Աստիճանաբար սև մուրը, անկենդան կավը ծանր չոքեց նաև թատրոնի վրա և, որքան էլ ցավալի է, իսկական դերասանը մղվեց հետին պլան: Փոխարենը սկսվեցին կոչումնավազքը, աթոռակռիվը, հաստիքակռիվը, ծանոթ-բարեկամին առաջ մղելու տենդը: Թատրոնում տեր ու տնօրեն դարձավ թատրոնից հեռու վերադասը: Այս պայմաններում գլուխ բարձրացրեց միջակությունը, արհամարհվեցին հանդիսատեսի ճաշակն ու պահանջը, արհամարհվեցին երիտասարդները: Եվ եթե նրանցից մեկը իր տաղանդի ուժով փորձում էր առաջ պոկվել հաստատուն, միապաղաղ ռիթմով թռչող երամից՝ միանգամից կապում էին թևերը: Իր երբեմնի ամուր դիրքերից նահանջեց հայ թատրոնը: ՈՒ՞ր կորան աճեմյանական բարի ավանդույթները… Թատրոնի տեսակի մասին է խոսքը: Հիմա արդեն էս մի 20 տարում ես տեսնում եմ, որ ռեժիսորական արվեստ կոչվածն արդեն դերասանական արվեստի է՜ն գեղեցիկ հմայքը, իմաստը կորցնում է, ավելորդ էֆեկտների մեջ դերասանը մի տեսակ դառնում է ուղղակի ատրիբուտ: Ա՛յ սրանց մասին եմ ես հիմա շատ մտածում: Լուրջ բաներ են սրանք, hարկավոր է ինչ-որ բան անել, ինչ-որ բան ձեռնարկել, վերականգնել աճեմյանական ավանդույթները»:


Քո ցանկությունները, քո ասելիքները իրականացնելու համար էիր խառնվում այդ դժվար գործին, շատ դժվար պրոֆեսիային, որ կոչվում է ռեժիսուրա: Արվեստանոց էիր ուզում բացել, որտեղ իրենց թարգմանեն իսկական արվեստագետները, այլ ոչ թե դառնան Մհեր Մկրտչյաններ: Այնպիսի արվեստանոց էիր ուզում ունենալ, որի շրջանավարտները կարողանան զարդարել ամեն մի թատրոն, այլ ոչ թե զարդարվեն որևէ մի թատրոնով:
Բազում ֆիլմերի դերասանդ, որ համընդհանուր ճանաչումի հասար հենց ա՛յդ ֆիլմերով՝ դարձյալ գերադասեցիր բեմը, թատրոնը. «Թատրոնի մի դերը չեմ փոխի կինոյի հազար դերի հետ: Թատրոնը աղոթքի տեղ է, ծես է, ամենօրյա սխրանք, սրբություն է, թև է, թռիչք։ Թատրոնը քուրմերի իսկական տաճար է, որտեղ ծես է կատարվում, արարողություն է կատարվում, Աստծո հետ, տաղանդի, մուսայի հետ շփում է կատարվում: Իմ դերասանական խողովակը լիքն է, ասելիք շատ ունեմ, իսկ դա միայն դերասանությամբ չեմ կարող ասել, և այնպես չէ, որ ես բացատրեմ, գան ինձ բեմադրեն: Ես ինքս կանեմ, ես հանգիստ կանեմ՝ Սիրանոն էլ, Օթելլոն էլ, մյուսն էլ, մյուսն էլ»:


Քո պատկերացմամբ՝ թատրոնը մարդու հետ ծնված բան է: Հայտնի իրողություն է, նաև, որ ամեն մի իսկական դերասան, իսկական արտիստ, ինչ բեմում էլ ստեղծագործի՝ իր ներսում ունի սեփական թատրոնը: Եվ երբ իրենց հնարավորություններով, նախասիրություններով, ձգտումներով համընկնում, ներդաշնակվում են, այսպես ասած, ներքին ու արտաքին թատրոնները, մեծ բախտավորություն է ստեղծագործողի համար: Այնքան էիր լցված քո գործով, որ միայն դերասանությունը քիչ էր թվում այդ տարիքում։ Այս մտայնությամբ 1992 թվականին հիմնադրեցիր արտիստական թատրոնը: Քո հիմնադրած թատրոնում առաջին բեմադրությունը Մարսել Պանյոլի «Հացթուխին կինն» էր: Դեռևս 1987 թ. հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայում հաջողությամբ բեմադրել էիր «Հատակում»-ը և արդեն փորձառու էիր: Այս անգամ հաջողությունն աննախադեպ էր, բեմադրիչի քո տաղանդն ու ինքնատիպ լուծումները շատերին հիացրին:


Սակայն, երազանքներիդ բարձրակետը «Օթելլո»-ն էր: Դա էր քո երազած այն ամբողջական, կատարյալ դերը, որից մի մաս, մի գիծ, մի հատկանիշ ունեիր քո խաղացած ամեն հերոսի մեջ: ՈՒզում էիր հավաքել, խտացնել, ամբողջացնել այդ բոլոր կերպարների բոլոր գծերն ու կերտել քո ա՜յն երազած դերը, քո կատարյալ կերպարը: Քո Օթելլոն լինելու էր ինքնատիպ, ոչ նման տեսածդ բոլոր մավրերին, նա կլիներ վայրենի, մաքու՜ր, մաքուր, անաղարտ և շատ մենակ: Դու հաճախ էիր մտքիդ մեջ խաղում այն տեսարանը, երբ արդեն խեղդել ես Դեզդեմոնային ու մռնչում ես անհույս ու մենակ, ոռնում բանտարկված գազանի նման: Օթելլոյի կողքին դու սևամորթ, գեղեցիկ, երիտասարդ խափշիկ էիր պատկերացնում, որը ներկայացման ամբողջ ընթացքին ուրվականի պես շրջելու էր բեմում, լուռ հայտնվելու ու աննկատ հեռանալու էր: Քանի որ Օթելլոն մենակ էր նույնիսկ Դեզդեմոնայի հետ սիրո տեսարաններում` իր դժբախտությունների պատճառը ծեր ու սևամաշկ քո Օթելլոն պայմանավորելու էր Դեզդեմոնայի օտար լինելով` երիտասարդ, սպիտակ, գեղեցիկ կին, ու մտքում մշտապես ունենալու էր ա՜յն երիտասարդ, սիրունիկ խափշիկին: Խափշիկի գոյության փաստն ավելի էր սրվելու Դեզդեմոնայի ենթադրյալ դավաճանությունից հետո: Այսպիսին էր լինելու քո երազանքների բարձրակետը` Օթելլոն, նա կլիներ այնպես կատարյալ, ինչպես միայն դու կարող էիր ներկայացնել: Ավա՜ղ...


Դու արտասահմանում խաղում էիր միլիոնատերերի համար, և նույն կերպ խաղում էիր գյուղական բնակչության համար: Հանդիսատեսը քեզ համար հավաքական մի կերպար էր, ում համար ջանում էիր լինել հետաքրքիր, այնպես անել, որ մարդը կարողանա լսել քեզ, իսկ դրա համար վարպետություն էր պետք: Դու գիտեիր, դու հասկանում էիր, թե որն էր հանդիսատեսին պահելու, նրան գրավելու գաղտնիքը` վարակելու ունակությունն է, կարողանալ վարակելը: Երբեմն նկատում էիր. «Ես օր կտխրեմ` իրենք գուլան: Ես որ կծիծաղեմ` իրենք կուշաթափվին»: Արտիստի ու հանդիսատեսի այսպիսի կապվածություն հազվադեպ է լինում, երբ իրար հաղորդվելով` երկուստեք միատեղվում, միակամվում են, երկուսն էլ նույնն են դառնում: Ի՜նչ գեղեցիկ զգացողություն:
Դու երջանիկ էիր քո աշխատանքով, հաճախ խոստովանում էիր. «Ես նորից կընտրեի դերասանի մասնագիտությունը: Դերասանությունը միշտ էլ եղել է իմ տարերքը: Քիչ է պատահում, երբ մարդ հենց մանկուց գտնում է իր ուղին ու առանց վարանելու քայլում առաջ: Թատրոնը սիրել եմ մանկուց, իսկ կինոյի սերը եկել է հետո, հասուն տարիքում՝ իր հետ բերելով որոնումներ ու ստեղծագործական հաջողության ուրախալի պահեր»: Դու չհասցրիր սպառել այն, ինչն ունեիր, ինչն ուզում էիր և կարող էիր: Դու հայ էթնոսի, հայ գիտակցության ամբողջական ամփոփումն ունեիր քո մեջ: Այսօր դժվար է բացել քո բազմաշերտ տաղանդի ծալքերը, քո ներքին երկվությունը: Դու, մեր սիրելի Ֆրունզիկ, եղել և շարունակում ես մնալ հայի կատարյալ տեսակ, քո մեջ ամբողջացնում, ներկայացնում ես հայ մարդու համաշխարհային տիպը: Եթե մարդն իր ազգային հավաքական հիշողության մեջ է ապրում ու խաղում, ապա տեղ ունի համաշխարհային էկրանին: Դու խաղում էիր այնպես, կարծես չէիր խաղում, որովհետև քո մեջ պոռթկում էր այդ խաղը, և այդ խաղը զսպելու ծանրությունն էիր կրում ինքդ: Դու շարունակում էիր խաղն այնպես, կարծես կերպարներից դուրս դեռ էլի ասելիք ունեիր: Իսկ քո լռությունը… Եզակի են այն դերասանները, ում լռությունն այդքան խոսուն է: Հրաշակերտում էիր հայ դերասանի խաղն առանց որևէ ճիգ ու ջանքի: Դու, սովորական դերասանի կեցվածքի մեջ անգամ, խաղում էիր հայ միֆական դերասանին, ինքդ քո կերպարն էիր խաղում, որն անհաս էր, որն առեղծվածային էր: Քո ֆիլմերով ներկայացրիր հայ կինոյի ողջ փիլիսոփայությունը և ճանապարհ ցույց տվեցիր գալիք սերունդներին, իսկ այդ ճանապարհը ազգի հավաքական հիշողությունն է, որը թանձր է քո արվեստում, ինչպես քո պատգամը: Իսկ հրաժեշտի բարեմաղթանքդ, սիրելի Արտիստ, գալիս է լրացնելու, ամբողջացնելու ասելիքդ: Դա ամենևին էլ երկրային կյանքին հրաժեշտ տվող մարդու չարություն կամ ափսոսանք չէ, դա պատգամ է` բոլոր ապրողներին. «Սիրեցեք արվեստը, կապվեք արվեստի հետ: Արվեստը մարդուն կտրում է գետնից, հանում վեր, նրան դարձնում ռոմանտիկ, օգնում է ճանաչել ու հասկանալ կյանքը, ճանաչել գեղեցիկը: Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, հոգով ու սրտով կապվեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին: Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսավոր ժպիտ և մեծ նվիրվածություն դեպի թատրոնը, կինոն, դեպի արվեստը»:


Երկրային կյանքին քո հրաժեշտից հետո էլ ամենօրյա է մեր կապվածությունը քեզ հետ: Մենք հաճությամբ վայելում ենք քո լեցուն ներկայությունը, քո ծիծաղի մեջ մեր ուրախությունն է, քո տխուր աչքերի մեջ՝ մեր թախիծը: Մենք քեզանով թեթևացնում ենք մեր ապրումները, քո մարմնավորած կերպարների մեջ տեսնում մեզ և ինքներս մեզ ավելի լավ ճանաչում: Աշխարհը քեզ ճանաչեց ու սիրեց ու քեզանով մե՛զ ճանաչեց, և երանի է տալիս մեզ, որ այդպիսի Արտիստ ունենք:


Շուշանիկ ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 1055

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao