Պետական պարտքն ուսումնասիրեք, հետո ավելացրեք

Պետական պարտքն ուսումնասիրեք, հետո ավելացրեք
22.03.2019 | 02:49

Ընդդիմադիր եղած տարիներին մշտապես վարկային միջոցների ներգրավման դեմ արտահայտվող Նիկոլ Փաշինյանը վարչապետի կարգավիճակում կողմ է պետական պարտքի ավելացմանը: Օրերս կայացած ասուլիսում էլ նա չբացառեց, որ կառավարությունը կգնա այդ քայլին: Ըստ վարչապետի, դա անխուսափելի է, քանի որ ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը չեն կարող կյանքի կոչվել առանց ՀՀ պետական միջոցների ներգրավման: «Եվրամիությունը, պատրաստ լինելով աջակցելու, պատրաստ չէ իրականացնելու ֆինանսավորումը հարյուր տոկոսով, և ակնկալում է, որ այդ ծրագրերում լուրջ մասնակցություն կունենա ՀՀ-ն, և այստեղ առաջին խնդիրն է պետական եկամուտների ավելացումը, բայց կարևորվում է նաև արտաքին միջոցների ներգրավումը, և կառավարության ծրագրում գրել ենք, որ առաջնային թիրախ ենք համարում ենթակառուցվածքները»,- ասել է Փաշինյանը:


Շատ փխրուն և խոցելի իրավիճակ է ստեղծվել. մենք կրկին ավելացնում ենք պետական պարտքը, բայց դեռ պատասխան չունենք` 7,5 մլրդ դոլարի հասնող մեր պարտքն ինչպես է գոյացել: Կոռուպցիայի դեմ «անխնա» պայքար հայտարարած իշխանությունը մեկ տարվա ընթացքում չի բացահայտել բյուջետային միջոցների յուրացման մի դեպք, մինչդեռ ակնհայտ է, որ այդպիսիք եղել են։ Ինչու՞ այսօրվա կառավարությունը չի ցանկանում ուսումնասիրել պետական պարտքի ողջ սխեման, ու՞ր են փոշիացել այդ գումարները: Չէ՞ որ նախկիններին թալանի մեջ մեղադրող Փաշինյանը պետք է հասարակությանը բյուջեի յուրացման գոնե մեկ օրինակ «հրամցնի», ապացուցելով հանդերձ, որ դրա հեղինակը նախկին բարձրաստիճան այր է: Սակայն` ոչ մի խոսք այդ մասին:


Իսկ որ անհեթեթ անվանումներով վարկային միջոցներ են բերվել երկիր ու չեն ծառայել որևէ ոլորտի առողջացման նպատակին, կասկածից վեր է: ՈՒրեմն ինչու՞ կառավարությունը հստակություն չի մտցնում այս հարցում նոր վարկային միջոցների ներգրավման ճանապարհով գնալուց առաջ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1928

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ