Նորեկներն անգամ հոգևոր տեքստերն են «խմբագրում»

Նորեկներն անգամ հոգևոր տեքստերն են «խմբագրում»
26.03.2019 | 00:24

Անշուշտ տպավորիչ է, երբ երկրի թիվ մեկ դեմքը լծվում է փողոցը, բակը, շրջապատը մաքրելու գործին ու դա անում է սեփական օրինակով: Շուրջբոլորը աղբը տեսնելու, այն հավաքելու, ձեռքին եղած կոնֆետի թուղթն ու ծխախոտի մնացուկը գետին չշպրտելու ներքին մշակույթը պետք է լինի յուրաքանչյուրիս մեջ: Եթե դա չունենք, նույնիսկ Հռոմի պապի մի քանի ժամանոց քարոզը մեզ չի օգնի: Շաբաթօրյակի հաջորդ օրը Երևանում զբոսնելիս կրկին նույն պատկերն էր՝ ծխախոտի մնացուկներ, պոլիէթիլենային տոպրակներ, շինաղբ և այլն: Կարող ենք արձանագրել. վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ավլեմ, թափեմ փոշին» օպերացիան որևէ ազդեցություն չի ունեցել: Իսկ ունենալու՞ էր: Պատասխանը հստակ է` ոչ, ուղղակի հասարակությանը զբաղեցնելու համար նոր թեմա պետք է հրապարակ նետվեր:

Անհասկանալի է, թե ինչու էր հենց համապետական շաբաթօրյակի օրը որոշվել Համազգային թատրոնի հիմնարկեքը կազմակերպել: Եթե պետական աջակցությամբ գործող ՊՈԱԿ է, ապա ենթադրելի է, որ այդ կառույցի աշխատակազմը նույնպես պետք է շաբաթօրյակով զբաղված լիներ: Եթե օրերի համընկնումը պատահականություն էր, և հիմնարկեքից հետո վարչապետը պետք է Գեղարքունիքի մարզ մեկներ, այդ ինչպե՞ս ստացվեց, որ վարչապետին սպասարկող ավետոմեքենայից միանգամից փոցխ, ավել, տոպրակ ու ձեռնոցներ հանվեցին: Սովորաբար տեխնիկական հարցերի համար առանձին ավտոմքենաներ են հատկացվում, որոնք, ըստ տրամաբանության, վարչապետի թիկնազորի հետ մշակութային միջոցառումների չեն գնում: Հետևաբար, Փաշինյանի մատուցածը հերթական «տեսարանն» էր բացակայող «հացի» պայմաններում:


Տարածքի փոշին մաքրելուց, հասարակության աչքին էլ հերթական «թոզը» փչելուց հետո պետական այրերը, այնուամենայնիվ, հիմնարկեքի արարողությունը գլուխ բերեցին: Ամենից հետաքրքիրը մշակույթի փոխնախարար և նախարարի պարտականություններն իրականացնող Նազենի Ղարիբյանի խոսքն էր: Ըստ տիկնոջ՝ արժեքավոր որևէ մշակութային օջախ հիմնելուց առաջ շուրջբոլորը մաքրելը նոր բան չէ: Ասում է, թե «միջնադարում բոլոր եկեղեցիների հիմնարկեքից առաջ մեր եկեղեցու սուրբ հայրերը մաքրել են տարածքը, այնուհետև հոգևոր ծեսի ժամանակ «մաքրեսցի և սրբեսցի» ասել: Ի գիտություն տիկին Ղարիբյանի՝ ոչ թե «մաքրեսցի ու սրբեսցի», այլ «օրհնեսցի և սրբեսցի»: Ի գիտություն Համազգային թատրոնի ղեկավարության էլ հավելենք, որ հիմնարկեքի արարողությանը հոգևորական չէին հրավիրել: Ամբողջ արարողության ամենաինքնատիպ անակնկալն այն էր, որ մշակույթի ոլորտի թիվ մեկ պատասխանատուն տեղյակ չէր, որ Համազգային թատրոնի համար շենք է կառուցվում: Շրջանառվող «թողեք սովորենք» հորդորն այս դեպքում ավելի քան տեղին է ու Դամոկլյան սրի նման կախվում է մեր գլխավերևում:


Ո՛չ Համազգային թատրոնի շենքի հիմնարկեքի արարողությունը ծաղր ու ծանակի վերածելով ու շինհրապարակում մաքրություն անելով, ո՛չ Երևան-Սևան մայրուղու աղբը հավաքելով ու ֆեյսբուքյան նկարները խանդավառորեն տարածելով` մեծ քանակի աղբը չի վերանալու մեր առօրյայից: Խնդիրը համակարգային լուծում է պահանջում. սկսել մատաղ սերնդի դաստիարակությունից և տուգանքներից, ընդ որում, ոչ միայն մարդկանց, այլև աղբը շենքերի բակերից համառորեն չտեղափոխող ծառայություններին տուգանելուց:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1895

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ