«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Մասիս Մայիլյան. 1994 թ. մայիսի 12-ի եռակողմ անժամկետ համաձայնագիրը ԼՂ հակամարտության կարգավորման ողջ գործընթացում միակ շոշափելի ձեռքբերումն է

Մասիս Մայիլյան. 1994 թ. մայիսի 12-ի եռակողմ անժամկետ համաձայնագիրը ԼՂ հակամարտության կարգավորման ողջ գործընթացում միակ շոշափելի ձեռքբերումն է
11.05.2019 | 13:24

Մայիսի 10-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպվել է Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25-ամյակին նվիրված խորհրդաժողով։
Խորհրդաժողովին մասնակցում էին Արցախի Հանրապետության Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը և ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, Հայաստանի Հանրապետությունից՝ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը և ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Արցախի ԱԺ խորհրդարանական խմբակցությունների պատգամավորներ, պաշտոնատար անձինք, փորձագետներ Արցախից, ՀՀ-ից և ՌԴ-ից: Խորհրդաժողովին որպես պատվավոր հյուր մասնակցում էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:


Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։ Նա նշել է, որ Համաձայնագրի 25-ամյակը լավ առիթ է՝ գնահատական տալու իրադարձությանը, ամփոփելու որոշ արդյունքներ և ուրվագծելու անելիքները, որ անհրաժեշտ են հրադադարի ռեժիմի ամրապնդման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացման համար։
Անդրադառնալով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի կարևորությանը՝ Մասիս Մայիլյանը ընդգծել է, որ 1994 թ. մայիսի 12-ի եռակողմ անժամկետ Համաձայնագիրը, փաստորեն, հակամարտության կարգավորման ողջ գործընթացում միակ շոշափելի ձեռքբերումն է, որի շնորհիվ վերջ դրվեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին և հակամարտությունը տեղափոխվեց քաղաքական-դիվանագիտական դաշտ։ Այդպիսով՝ պայմաններ ստեղծվեցին, որ միջազգային միջնորդների աջակցությամբ կողմերը կարողանան իրենց ջանքերը կենտրոնացնել բանակցությունների միջոցով հակամարտության վերջնական լուծման ուղիներ փնտրելու վրա: Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ արցախյան կողմը մշտապես հավատարիմ է եղել 1994 թ. մայիսի 12-ի Համաձայնագրով ստանձնած հանձնառություներին, բազմիցս հանդես եկել խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման տարբեր նախաձեռնություններով: Որպես օրինակ՝ ԱԳՆ ղեկավարը հիշատակել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ միջազգային միջնորդներին տրամադրելու սահմանին տիրող իրավիճակի տեսահսկման համակարգի տվյալները, և հավելել, որ այդ համակարգը կարող է դառնալ զինադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմի բաղկացուցիչ մասը:


Մասիս Մայիլյանը կարևորել է նաև 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում երկու գագաթաժողովների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։
ԱԳ նախարարը առանձնացրել է հակամարտ զորքերի սահմանազատման գծի հարցը, որը բոլոր երեք կողմերը ՌԴ ՊՆ նախարարության միջնորդությամբ ամրագրել են որպես հրադադարի ռեժիմի բաղկացուցիչ մաս: Հետևաբար, հրադադարի մասին համաձայնագրի կատարումը նշանակում է նաև կողմերի միջև համաձայնեցված հրադադարի գծի վերականգնում, որը 2016-ի ապրիլին խախտվել է Ադրբեջանի կողմից:


Մասիս Մայիլյանը համոզմունք է հայտնել, որ ուղիղ եռակողմ բանակցությունների վերականգնման և հրադադարի ռեժիմի ամրապնդման ու խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման միջոցով դիվանագիտական և ռազմաքաղաքական պայմանների համադրումն ու փոխլրացնելիությունն անհրաժեշտ նախապայմաններ կստեղծեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի և Հարավային Կովկասում տևական կայունության ապահովման համար:

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao