«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

ԱՄՆ-ը Իրանի ափերն է ուղարկում Patriot համակարգեր ու մարտանավեր

ԱՄՆ-ը Իրանի ափերն է ուղարկում Patriot համակարգեր ու մարտանավեր
12.05.2019 | 12:41

ԱՄՆ-ը Պարսից ծոցի տարածաշրջան է ուղարկում Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր և մի քանի մարտանավեր՝ Իրանի հետ սրվող հարաբերությունների պայմաններում: «Աբրահամ Լինկոլն» ավիակրի մարտական խմբին, որ արդեն անցել է Սուեզի ջրանցքը, կմիանա դեսանտային «Առլինգտոն» նավը՝ հաղորդել են ԱՄՆ պաշտոնատար անձինք: Պենտագոնը տեղեկացրել է, որ Կատարի ԱՄՆ ռազմաբազա են ուղարկվել Б-52 կործանիչներ: Այդ քայլերը Պենտագոնը կապում է Իրանի հնարավոր գործողությունների հետ՝ տարածաշրջանում ԱՄՆ ուժերի դեմ: Պենտագոնում չեն ճշտել՝ հատկապես ի՞նչ գործողություններից են զգուշանում: Թեհրանում այդ հայտարարություններն անվանում են անհեթեթություն և «հոգեբանական պատերազմ»՝ Իրանին վախեցնելու նպատակով: Իրանի կիսապաշտոնական ԻՍՆԱ գործակալությունը մեջբերում է ազդեցիկ աստվածաբան Յուսեֆ Թալաբաթայ-Նեժադի խոսքերը՝ «ԱՄՆ-ի ամբողջ նավատորմը կարելի է ոչնչացնել մեկ հրթիռով»:


Պենտագոնի հայտարարությունն ընդգծում է, որ ԱՄՆ-ը չի ձգտում Իրանի հետ կոնֆլիկտի, բայց «պատրաստ է պաշտպանել ԱՄՆ ուժերին ու շահերը տարածաշրջանում»: «Պաշտպանության նախարարությունը շարունակում է ուշադիր հետևել իրանական վարչակարգի գործողություններին»՝ հավելել են Պենտագոնում: Բալիստիկ հրթիռներ ոչնչացնելու ունակ Patriot համակարգը, թևավոր հրթիռներն ու անգամ նոր տեսակի ինքնաթիռները տարածաշրջան են փոխադրվել Իրանի հնարավոր հարձակման դեպքի համար՝ նշել են Պենտագոնում: ԱՄՆ ԶԼՄ-ների աղբյուրները պատմել են, որ «Առլինգտոնի» տարածաշրջան ուղարկելը վաղուց էր ծրագրված, հիմա ավելի վաղ մեկնեց: Նավը զորքերի կառավարման լրացուցիչ հնարավորություններ է տալիս:
Անցած կիրակի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը հայտարարեց, որ բոլոր մանևրները կոչված են «հստակ և անսխալ ազդանշան հղել» Իրանի վարչակարգին, որ ԱՄՆ-ի շահերի դեմ ցանկացած ոտնձգություն տարածաշրջանում «կհանդիպի անխուսափելի ուժային հակահարվածի»: BBC-ի դիվանագիտական ու ռազմական հարցերով մեկնաբան Ջոնաթան Մարկուսը նշում է, որ սկզբունքորեն ԱՄՆ նավերի Պարսից ծոց արշավի մեջ, ներառյալ ավիրակիրները, արտասովոր ոչինչ չկա, բայց նրանց ներկայությունը մեծացնում է հավանականությունը, որ ռազմական բախումը կարող է բռնկվել նույնիսկ պատահականորեն:


Մեկ տարի առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ Իրանի հետ միջուկային համաձայնագրից, որ կնքել էին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանն ու Չինաստանը: Պատժամիջոցների թուլացման դիմաց համաձայնագիրը նախատեսում էր ուրանի հարստացման Իրանի ծրագրի կրճատում և միջազգային տեսուչների մուտք երկիր: Դուրս գալով համաձայնագրից՝ ԱՄՆ-ը վերականգնեց պատժամիջոցները, որ խիստ դժվարացնում են Իրանի ցանկացած արտաքին առևտրական գործարք, իսկ ապրիլին պատժամիջոցները տարածեցին նաև Իրանի նավթի Չինաստան, Հնդկաստան, Հարավային Կորեա, Ճապոնիա ու Թուրքիա մատակարարումների վրա, թեպետ նախկինում բացառություն էր արվել: Վաշինգտոնը ահաբեկչական կազմակերպություն հայտարարեց ԻԻՀ իսլամական հեղափոխության պահնորդների կորպուսը, որ պատասխանատու է նաև միջուկային զենքի, բալիստիկ հրթիռների ու այլ երկրներում զինված միջամտության համար՝ ինչպես Սիրիան: Վաշինգտոնն ակնարկում է, որ ցանկանում է Իրանին պարտադրել նոր երկկողմ գործարք՝ ներառյալ ոչ միայն միջուկային գործունեությունը, այլև հրթիռային ծրագիրն ու արտասահմանում ինտերվենցիան: Պատժամիջոցները ցավոտ հարված են հասցրել Իրանի տնտեսությանը, անկում է գրանցել ազգային տարադրամը, վախեցրել արտասահմանցի ներդրողներին: Ի պատասխան Իրանը սպառնում է փակել Պարսից ծոցն օվկիանոսին միացնող Օրմուզի նեղուցը: Այդ նեղուցով է անցնում աշխարհում օգտագործվող նավթի մեկ հինգերորդը: Այս շաբաթ Թեհրանը հայտարարեց, որ կասեցնում է 2015-ի պայմանագրով ստանձնած պարտավորությունների մի մասի կատարումը և մտադիր է 60 օրում վերականգնել ուրանի հարստացման ծրագիրը:
BBC


Հ․Գ․ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա հանդիպման ժամանակ ակնհայտորեն անդրադառնալու են ԻԻՀ-ԱՄՆ հարաբերությունների սրմանը և իրավիճակի լիցքաթափման հնարավորություններին՝ համաշխարհային ու տարածաշրջանաին կտրվածքով: Թեպետ շատ փորձագետներ նշում են, որ Իրանից նավթի մատակարարումների սահմանափակումը ձեռնտու է Ռուսաստանին, որովհետև բարձրացնում է նավթի համաշխարհային գները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao