«Իրական արտաքին թշնամիներին թողած` ինչ-որ ներքին թշնամիներ ենք աճեցնում»

«Իրական արտաքին թշնամիներին թողած` ինչ-որ ներքին թշնամիներ ենք աճեցնում»
14.06.2019 | 10:43

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆՆ ասում է, որ վերջին 10 օրվա ընթացքում Արցախի առաջնագծում սահմանային իրավիճակն աստիճանաբար լարվում է, հայտնի է Ադրբեջանի կողմից առնվազն երկու կորստի մասին, հայկական կողմում նույնպես մարտական կորուստ է եղել: Նշում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած լրատվամիջոցները բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում, ինչը բավական մտահոգիչ է:

«Եվ այս ֆոնին զարմանալի է, որ հայկական պաշտոնական աղբյուրները բավական զուսպ են ներկայացնում այս ամենը, բայց, դրան զուգահեռ, շարունակվում է թշնամիների որոնումը: Ինչ-որ խմբեր անընդհատ ներքին թշնամիներ են փնտրում, որոշ խմբեր են մատնացույց արվում: Վտանգավոր իրավիճակ է, երբ ունենալով ռեալ արտաքին թշնամիներ՝ Հայաստանում ինչ-որ խմբեր ուզում են այլ խմբերի թշնամացնել, թշնամություն սերմանել: Իրական արտաքին թշնամիներին թողած` ինչ-որ ներքին թշնամիներ ենք աճեցնում: Պաթոս չկա, երբ ասում եք՝ արտաքին թշնամի ունենք, դա փաստ է: ՈՒ այս իրավիճակում ցանկացած ներքին թուլություն, պառակտում, փոխադարձ թշնամություն, հատկապես Արցախի մասով, թուլացնում է մեր դիրքերն ու ավելացնում Ադրբեջանի` ինչ-որ արկածախնդրության դիմելու գայթակղությունը»,- մտահոգություն է հայտնում նա:


Վրթանեսյանն անհասկանալի է համարում այն, որ մի կողմից ուղերձներ են հղվում, թե մենք պետք է խաղաղության պատրաստվենք, մյուս կողմից ակնհայտ է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների պատրաստությունը: Ըստ նրա, հանրությանը պարտավոր ենք տեղեկացնել, որ ամեն ինչ այնքան էլ անամպ ու վարդագույն չէ, ինչպես փորձում են ներկայացնել որոշ խմբեր: Ընդգծում է՝ մինչ մենք ադրբեջանցի զինվորի աչքերն ենք քննարկում, ադրբեջանցի զինվորները շատ կոնկրետ, նպատակաուղղված պատրաստվում են ռազմական գործողությունների. «Հայաստանում դեռ 2000-ականների սկզբից կան կազմակերպություններ, որոնք հետևողական ձևով խաղաղասիրական քարոզ են վարել: Լավ եմ հիշում, որ ֆիլմեր են նկարվել, սեմինար է կազմակերպվել և այլն: Ասում էին` դա խաղաղություն կառուցելու մոտեցում է, որ երկու կողմի շարքային քաղաքացիներն իրար հետ շփվեն, թշնամությունը որոշ չափով մեղմվի: Բայց տեսանք, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ նմանատիպ միջոցառումների մասնակցած հարյուրհազարավոր ադրբեջանցիներից և ոչ մեկը որևէ բառ չասաց ընդդեմ պատերազմի: Երևի հատուկենտ` մեկ-երկու մարդ գտնվեց, այն էլ` Ադրբեջանից դուրս բնակվող, որ ապշած ասում էին, թե` այսքան տարի մարդասիրական արժեքներ ենք քարոզել, բայց հասարակությունը երջանիկ էր, որ Ալիևը պատերազմ է սկսել: Այո, նպատակաուղղված է խաղաղության այս քարոզը, որովհետև առնվազն 20 տարի այդ ամենը ֆինանսավորվել է, ու դրա վրա միլիոնավոր դոլարներ են ծախսվել»:


Ռազմական փորձագետը շեշտում է՝ Հայաստանում մարդիկ կան, որ, անտեսելով տարածաշրջանային իրականությունը, արդեն երկար տարիներ բանակի դեմ քարոզչություն են տանում: Ավելին` կազմակերպություններ կան, որ ադրբեջանցու անիրական, գոյություն չունեցող կերպար են ստեղծում, թե նա միայն ու միայն խաղաղության մասին է մտածում։ «Բայց ադրբեջանցու հետ խաղաղության մասին ցանկացած խոսակցություն ավարտվում է այնտեղ, երբ նրանց հարցնում եք` իսկ, հանուն խաղաղության, պատրա՞ստ եք Արցախի` Ադրբեջանի կազմից դուրս մնալուն: Այսքան տարի զբաղվում եմ այս հարցով, շփվում են նրանց հետ ու ոչ միայն սոցցանցերով, և երբևէ չի եղել, որ որևէ ադրբեջանցի ընդունի Արցախն Ադրբեջանից դուրս տարբերակը: Այսօրվա իշխանության ներսում պացիֆիստ չինովնիկներ կան, ու չգիտեմ` այժմ ինչքանով է փոխվել նրանց տեսակետը: Իրական քաղաքականության մեջ են մտել, գուցե որոշակի ինֆորմացիա են ստացել իրականության մասին ու այլևս կախված չեն Ադրբեջանում կոնկրետ շահեր հետապնդող միջազգային շրջանակների ֆինանսավորումից: Բայց ուզում եմ նշել, որ Հայաստանում խաղաղասիրություն քարոզող այդ ուժերն անտեսեցին Ապրիլյան պատերազմը, լռեցին, սպասեցին, անցավ ինչ-որ ժամանակ, ու 2018-ին` իշխանափոխությունից հետո, սկսեցին խոսել խաղաղության ակնկալիքների մասին: Ադրբեջանում նման ակնկալիքներ, տրամադրություններ ընդհանրապես չկան: Հայը նրանց համար, անկախ հանգամանքից` իշխանամետ է, ընդդիմադիր, հին կամ նոր իշխանության ներկայացուցիչ, գյումրեցի, երևանցի, արցախցի, թե գլենդելահայ, ատելության թիրախում է»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1279

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao