Ավարտվել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի երկօրյա այցը Թուրքիա: Թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ընթաքում նա քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության հարցեր՝ թուրքմենական գազը Թուրքիայի տարածքով ԵՄ հասցնելու վերաբերյալ, գրում է Независимая газета-ն: Անկարան հույս ունի մեծացնել իր տարանցիկ նշանակությունը Եվրոպայի էներգամատակարարման հարցում, իսկ առանց թուրքմենական ածխաջրածինների դա հնարավոր չէ: «Թուրքմենստանը հիմնական երկրներից մեկն է Կենտրոնական Ասիայից գազը եվրոպական շուկա հասցնելու համար»,- հայտարարել է նախագահ Էրդողանը՝ Անկարայում Բերդիմուհամեդովի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Նա նշել է, որ Թուրքմենստանը ջանքեր է ներդնում իր գազը Եվրոպա հասցնելու համար: Էրդողանը հիշեցրել է, որ տարածաշրջանի երկրները՝ Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Թուրքիան պարբերաբար հանդիպում են՝ քննարկելու համատեղ նախագծերը:
Նրա խոսքով՝ այս տարի երեք երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա Աշգաբադում: Եվրոպայի համար Ռուսաստանից էներգետիկ անկախության ապահովումը դժվար կլինի առանց թուրքմենական գազի: Օրերս Եվրոպական միության ներկայացրած էներգետիկ նախագծում գազի մատակարարների թվում նշվում են Ադրբեջանն ու Թուրքմենստանը: Եթե Բաքվի հետ ԵՄ-ն արդեն վաղուց է աշխատում, Աշգաբադի հետ դեռ պետք է համաձայնության գա:
Փորձագետների համոզմամբ՝ Թուրքիան տարածաշրջանում բավարար կշիռ, «գազային դաշինքի» բոլոր մասնակիցների հետ լավ հարաբերություններ ունենալով՝ կարող է միջնորդ դառնալ Աշգաբադի և Բաքվի հետ Բրյուսելի բանակցություններում: Անկարայի և Աշգաբադի համագործակցությունը սկսվել է դեռևս 1997 թվականին, երբ կողմերը ստորագրել էին առաջին համաձայնագիրը՝ թուրքմենական 30 մլրդ խորանարդ մետր գազի արտահանման վերաբերյալ: Սակայն համաձայնագիրը կյանքի չէր կոչվել: Հիմնական պատճառը Կասպից ծովի կարգավիճակի անորոշությունն է, ինչը խանգարում է խոշոր նախագծերի իրականացմանը՝ մասնավորապես Տրանսկասպյան գազատարի կառուցմանը: 2 տասնամյակ անց իրավիճակը գրեթե չի փոխվել: Կասպիցի հատակով գազատարի կառուցումը նախկինի պես արգելակված է՝ ջրամբարի կարգավիճակի բացակայության պատճառով: Խնդրի վերացման համար պետք է 5 մերձկասպյան երկրները փոխզիջման գնան, սակայն դա հեռու է: Այժմ Եվրամիությունն ավելի ու ավելի հաճախ է հանդես գալիս պնդմամբ, որ Կասպիցի կարգավիճակի անորոշությունը չպետք է խոչընդոտի Տրանսկասպյան խողովակաշարի կյանքի կոչմանն ու վերսկսել է բանակցություններն Աշգաբադի, Բաքվի և Անկարայի հետ և նախաձեռնել է նրանց երկխոսությունը: