Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մարտի 9-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոչեկի հետ: ԱԺ փոխնախագահը ասել է, որ հայ խորհրդարանականների այցը խթան կլինի հայ-չեխական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, միջխորհրդարանական համագործակցության զարգացման համար:
Էդուարդ Շարմազանովն արձանագրել է, որ մեր օրերում ընդգրկուն է խորհրդարանական դիվանագիտության դերը համաշխարհային գործընթացներում, պատգամավորական բարեկամության խմբերի դերը` երկկողմ կապերի զարգացման գործում: Նա գոհ է միջխորհրդարանական հարաբերությունների բարձր մակարդակից, բայց անհրաժեշտ է համարում ավելի աշխուժացնել խորհրդարանական համագործակցությունը երկկողմ ձևաչափով, միջազգային հարթակներում միմյանց աջակցելու տեսանկյունից:
ԱԺ փոխնախագահը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ եվրոպական արժեքներին ու սկզբունքներին, վճռական է եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնել և խորացնել ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը` ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանը:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը կողմնակից է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: Նա անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից խնդրի ռազմական լուծման փորձերը: Նա բարձր է գնահատել հակամարտության հարցում պաշտոնական Պրահայի հավասարակշռված դիրքորոշումը: Չեխիայի Պատգամավորների պալատի փոխնախագահն իր հերթին ընդգծել է, որ կողմնակից է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Պատգամավորների պալատի փոխնախագահը գոհունակությամբ նշել է, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսների շարքը սկսվում է Չեխիայից: Էդուարդ Շարմազանովը Յան Բարտոչեկին հրավիրել է Հայաստան: