Սալոմե Զուրաբիշվիլին կանաչ լույս է վառում Թուրքիայի համար

Սալոմե Զուրաբիշվիլին կանաչ լույս է վառում Թուրքիայի համար
25.12.2020 | 10:30

Ելույթ ունենալով «Վրաստանի դեսպանների կոնֆերանս-2020»-ում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է Թուրքիայի նախագահ Էրդողանի վեցի պլատֆորմ ստեղծելու առաջարկին ու նշել է, որ Վրաստանը չպետք է անմասնակից մնա Կովկասյան պլատֆորմին: Տեսակոնֆերանսի ձևաչափով դեսպանների հետ հանդիպմանը Զուրաբիշվիլին ընդգծել է, որ իր երկրի ինտեգրումը ՆԱՏՕ-ում ու ԵՄ-ում արտաքին քաղաքականության գերակայություն է:

Հիշեցնելով, որ 2020-ին Կովկասում Վրաստանի երկու հարևանները՝ Ադրբեջանն ու Հայաստանը բախվեցին Լեռնային Ղարաբաղի պատճառով, Վրաստանի նախագահը գոհունակություն է հայտնել կողմերի միջև հրադադարի համաձայնությունից: Զուրաբիշվիլին ափսոսանքով արձանագրել է, որ Վրաստանը կոնֆլիկտի կարգավորման մեջ ակտիվ միջնորդ չեղավ՝ հավելելով, որ իր երկիրը միշտ հաշտարար դեր է կատարել Կովկասում և պետք է ակտիվ աշխատել այդ ուղղությամբ: «Այդ պատճառով ես խորապես համոզված եմ, որ Վրաստանը չի կարող պասիվ լինել ու մի կողմ քաշվել կովկասյան պլատֆորմից: Հույս ունեմ, որ 2021-ը այդ տեսակետից կդառնա մեր վերածնունդի տարի»՝ ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները, դժգոհություն արտահայտելով Կովկասյան պլատֆորմի նկատմամբ Զուրաբիշվիլիի դրական վերաբերմունքից, հիշեցրել են, որ իրականում խոսքը 6-ի պլատֆորմի մասին է, որի վերաբերյալ հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դեկտեմբերի 10-ին, Բաքվում: Ընդդիմության ներկայացուցիչները նշել են, որ Ռուսաստանի մասնակցութամբ պլատֆորմն անընդունելի է Վրաստանի համար և մեղադրել են Զուրաբիշվիլիին՝ երկրի ազգային անվտանգությանը հակասող դիրքորոշման մեջ:


Նախագահ Էրդողանը, խոսելով 6-ի պլատֆորմի մասին, ասել է. «Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը և, եթե առաջարկն ընդունի ու համապատասխանի, նաև Հայաստանը կարող է տեղ ստանալ այդ պլատֆորմում: Վեցակողմ պլատֆորմի միջոցով ծրագրվում է ձևավորել տարածաշրջանային խաղաղությունը: Բնականաբար, կան խնդիրներ, որ տարածաշրջանային խաղաղությունը դնում է տարածաշրջանի երկրների առաջ՝ ինֆրակառուցվածքային, քաղաքական, դիվանագիտական և շատ այլ հարցեր: Ես այսօր իմ եղբորն ասել եմ, որ եթե այդ ուղղությամբ ձեռնարկվեն դրական քայլեր, մենք էլ կբացենք դռները: Բավական է, որ այդ դրական քայլերը արվեն: Մենք նույնպես մտադիր չենք դռները փակել Հայաստանի առաջ, որովհետև մենք ուզում ենք խաղաղության աղավնի լինել, խաղաղ քայլեր անել: Մենք ատելություն չունենք հայ ժողովրդի նկատմամբ: Խնդիրը Հայաստանի ղեկավարության հետ է: Իմ երկրում 100000-ից ավելի հայ կա»:
Haber7 (Թուրքիա)


Հ.Գ. Պատկերացնու՞մ եք Էրդողանին՝ խաղաղության աղավնի: Հակառակ իր սիմվոլ լինելուն, աղավնին գիշատիչ կենդանի է, և Էրդողանը լիովին համապատասխանում է այդ սիմվոլին՝ գիշատիչ խաղաղության իր պատկերացումներով: Իհարկե, Կովկասյան պլատֆորմը ընդամենը կեսբերան հնչած առաջարկ է եղել, բայց կարող է զարգանալ, եթե Ռուսաստանն ու Թուրքիան փոխընդունելի բովանդակություն գտնեն: Սալոմե Զուրաբիշվիլին, իհարկե, խմբագրել է Վրաստանի առաջին արձագանքը, որ բացասական էր՝ այնտեղ, որտեղ Ռուսաստանն է, մենք անելիք չունենք: Իրականում Վրաստանն էլ տարածաշրջանի հաշտարար երբեք չի եղել՝ ինչպես Զուրաբիշվիլին է կարծում, պարզապես հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ու մշտական տարաձայնությունների պատճառով Վրաստանը միշտ կառուցողական է ներկայացել միջազգային կառույցներին: Ի՞նչ դիրքորոշում պետք է ունենա Հայաստանը: Առայժմ՝ ոչ մի: Մեղմ ասած՝ չի էլ կարող ունենալ, քանի դեռ հայտնի չեն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները և չկան դիվանագիտական հարաբերություններ: Բայց պետք է ուշադրության կենտրոնում պահել այս թեմայով հնարավոր զարգացումները: Տարածաշրջանի տնտեսական ոչ մի պլատֆորմ չի կարող գոյություն ունենալ առանց Հայաստանի՝ դա փաստ է, որի հետ ոչ մի երկիր չի կարող չհամաձայնել: Համենայն դեպս՝ տրանսպորտային հաղորդակցության առումով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7920

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ