Ռուբեն Վարդազարյան. Իրավաբանական համայնքում դատարաններն ու դատավորներն արդեն էլիտա են և կարիք չունեն այլ էլիտայի մեջ ներառվելու

Ռուբեն Վարդազարյան. Իրավաբանական համայնքում դատարաններն ու դատավորներն արդեն էլիտա են և կարիք չունեն այլ էլիտայի մեջ ներառվելու
29.12.2020 | 14:12

Մամուլի ասուլիսում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն անդրադարձավ դատական համակարգի նկատմամբ գործադիր քննադատություններին: Նախ նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե դատարանը պսևդոէլիտայի մաս է: Վարդազարյանը համաձայն չէ այդ գնահատականին:

«Եթե իրավաբանական համայնքը վերցնենք՝ ուսանողից մինչև ամենաբարձր պաշտոնյան ու դա բուրգի ձևով ներկայացնենք, դատավորները և դատարանները բուրգի ամենավերին մասում գտնվողներն են, հետևաբար իրավաբանական համայնքում դատավորները և դատարանները արդեն իսկ էլիտա են և ներառվել որևէ այլ էլիտայի մեջ, ոչ անհրաժեշտությունը, ոչ էլ կարիքը կա»,- ասաց նա: Արդարադատության նախարարի գնահատականի մասին, թե վտանգված է արդարադատությունը, Վարդազարյանը նշեց, որ արդարադատության նախարարն ունի լծակներ: «Եթե վտանգված է, պետք է լինի վարույթների հարուցում, եթե այն աստիճանի է վտանգված, որ քրեական հետապնդում կարող է նախատեսել, Դատախազություն, ՀՔԾ, և ինձ համար ուղղակի անընդունելի է ֆեյսբուքում հնչեցվող արտահայտությունները, որ նսեմացնում և վարկաբեկում են դատական իշխանության հեղինակությունը»,- ասաց նա և հավելեց, որ ճիշտ գործընթացը կլիներ, եթե լիներ կոնկրետ գործ, կոնկրետ բողոք, եռաստիճան դատական համակարգ կամ վարույթ:

Նա նշեց, որ որպես ԲԴԽ նախագահ չի տեսնում որևէ խնդիր այն առումով, որ չունենք որևէ վարույթ որևէ դատավորի նկատմամբ, որի շուրջ ֆեյսբուքյան քննարկումներ են ծավալվում կամ մամուլում է նշվում: «Որպես քաղաքացի՝ ես էլ եմ հետևում մամուլին և ֆեյսբուքյան գրառումներին, ինձ մոտ էլ են հարցեր առաջանում այս կամ այն միջնորդությունը ինչու մերժվեց կամ ինչու բավարարվեց և ինչու այսպիսի ընթացք ստացավ, բայց ես ի պաշտոնե իրավունք չունեմ ծանոթանալ այդ միջնորդություններին և դատավորների որոշումներին, կլինի վարույթ՝ կծանոթանանք, և ԲԴԽ-ն իր գնահատականը կտա»,- շեշտեց ԲԴԽ նախագահը և օրինակ բերեց Դատախազությանը:

«Օրինակ` Դատախազության մամուլի խոսնակը կոնկրետ գործ է վերցնում, ֆեյսբուքյան քննարկում է փորձում ծավալել, իր գրառմանը կից տեսանյութ է դնում որպես ապացույց և վերջում հավելում է՝ ճիշտ է ՝որոշումը դեռ չենք ստացել, բայց մենք վստահ ենք, որ դա ապօրինի է: Ինձ համար անհասկանալի է այդ ձևաչափը՝ ֆեյսբուքում գործ քննարկելու, և որպես իրավաբանի և որպես քաղաքացու անհասկանալի է՝ եթե չեք ստացել որոշումը և ծանոթ չեք հիմնավորումներին, ինչպե՞ս կարելի է առանց որոշմանը ծանոթանալու կոչել ապօրինի կամ այլ խիստ բառերով»,- նշեց նա:

Դիտվել է՝ 8316

Մեկնաբանություններ